Գերագույն համաժողով
Միավորելով իրենց սրտերը
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


Միավորելով իրենց սրտերը

Երբ ուրիշների հանդեպ վերաբերվեք բարությամբ, հոգատարությամբ և կարեկցանքով, ես խոստանում եմ, որ կբարձրացնեք թուլացած ձեռքերը և կբժշկեք սրտերը:

Նախաբան

Մի՞թե հետաքրքիր չէ, որ նշանակալի գիտական հայտնագործությունները երբեմն ոգեշնչվում են այնպիսի իրադարձություններից, որոնք պարզ են, ինչպես ծառից ընկած խնձորը:

Այսօր թույլ տվեք կիսվել մի հայտնագործությամբ, որը կատարվել է փորձնական ճագարների մի խմբի շնորհիվ:

1970-ական թվականներին հետազոտողները փորձ են կազմակերպել՝ ուսումնասիրելու սննդակարգի ազդեցությունը սրտի առողջության վրա: Մի քանի ամիսների ընթացքում նրանք ճագարների վերահսկվող խմբին կերակրեցին ճարպերով հագեցած սննդակարգով և վերահսկեցին արյան ճնշումը, սրտի զարկերի թիվն ու խոլեստերինը:

Ինչպես սպասվում էր, շատ ճագարների զարկերակի ներքին պատերին ճարպային կուտակումներ կային: Բայց սա դեռ բոլորը չէր: Հետազոտողները հայտնաբերեցին մի բան, որն անհասկանալի էր թվում: Չնայած բոլոր ճագարները կուտակումներ ունեին, մի խմբի մոտ դրանք զարմանալիորեն 60 տոկոսով պակաս էին մյուսներից: Կարծես թե նրանք հետազոտում էին նապաստակների երկու տարբեր խմբերի:

Գիտնականներին այսպիսի արդյունքները հանգիստ չէին տալիս: Ինչպե՞ս կարող էր դա պատահել: Բոլոր ճագարները Նոր Զելանդիայից բերված նույն գենոֆոնդի նույն ցեղատեսակից էին: Նրանցից յուրաքանչյուրը նույն սննդից հավասար քանակությամբ էր ստացել:

Դա ի՞նչ կարող էր նշանակել:

Արդյո՞ք այս արդյունքներն անվավեր էին դարձրել ուսումնասիրությունը: Արդյո՞ք փորձի նախագծման մեջ կային թերություններ:

Գիտնականները պայքարում էին այս անսպասելի արդյունքը հասկանալու համար:

Ի վերջո, նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացրին հետազոտական անձնակազմի վրա: Հնարավո՞ր էր, որ հետազոտողները ինչ-որ բան էին արել արդյունքների վրա ազդելու համար: Հետևելով դրան՝ նրանք պարզեցին, որ ավելի քիչ ճարպային կուտակումներ ունեցող բոլոր ճագարները եղել էին մեկ հետազոտողի խնամքի տակ: Նա իր ճագարներին կերակրել էր նույն սնունդով, ինչպես բոլորը: Բայց, ինչպես հայտնում է մի գիտնական, «նա անսովոր բարի և հոգատար անհատ էր»: Երբ նա կերակրում էր ճագարներին, «խոսում էր նրանց հետ, գրկում ու շոյում էր նրանց: … Նա չէր կարող այլ կերպ վարվել: Պարզապես նա այդպիսին էր»:1

Նկար
Բարի հետազոտողը ճագարի հետ

Նա անում էր ավելին, քան պարզապես ճագարներին կերակրելը: Նա նրանց սե՛ր էր տալիս:

Առաջին հայացքից անհավանական է թվում, որ դա կարող էր լինել զգալի տարբերության պատճառը, բայց հետազոտական թիմը այլ հավանականություն չկարողացավ տեսնել:

Այսպիսով, նրանք կրկնեցին փորձը՝ այս անգամ ուշադիր վերահսկելով յուրաքանչյուր այլ փոփոխություն: Երբ նրանք վերլուծեցին արդյունքները, նույն բանը կրկնվեց: Սիրալիր հետազոտողի խնամքի տակ գտնվող նապաստակները զգալիորեն ավելի բարձր առողջական արդյունքներ էին դրսևորել:

Այս ուսումնասիրության արդյունքները գիտնականները հրապարակեցին հեղինակավոր Science ամսագրում:2

Տարիներ անց այս փորձի արդյունքները դեռևս ազդեցիկ են թվում բժշկական հանրության շրջանում: Վերջին տարիներին դոկտոր Քելլի Հարդինգը հրատարակեց Ճագարների էֆեկտը վերնագրով գիրքը, որի անունը վերցված է այդ փորձից: Նրա եզրակացությունը հետևյալն էր. «Վերցրեք մի նապաստակ անառողջ ապրելակերպով: Խոսեք նրա հետ: Գրկեք նրան: Տվեք նրան քնքշություն: … Հարաբերությունները փոփոխություն ստեղծեցին: … Ի վերջո, - եզրափակում է նա, - այն ինչը նշանակալիորեն ազդում է մեր առողջության վրա, մեծապես կապված է այն բանի հետ, թե մենք ինչպես ենք վերաբերվում միմյանց, ինչպես ենք ապրում, և ինչ ենք մտածում այն մասին, թե ինչ է նշանակում մարդ լինել»:3

Այս աշխարհում գիտությունը ավետարանական ճշմարտությունների հետ կապող կամուրջները երբեմն սակավաթիվ են թվում: Սակայն, մեզ՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդների և Վերջին Օրերի Սրբերի, այս գիտական ուսումնասիրության արդյունքները կարող են թվալ ավելի շատ կռահողական, քան ապշեցուցիչ: Ինձ համար սա բարության հիմքում դնում է ևս մեկ աղյուս՝ որպես ավետարանական հիմնարար, բժշկող սկզբունք. մարդը կարող է բուժել սրտերը հուզական, հոգևոր առումներով և, ինչպես ցույց է տրված այստեղ, նույնիսկ՝ ֆիզիկապես:

Միավորելով իրենց սրտերը

Երբ Փրկիչին հարցրին. «Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը», Փրկիչը պատասխանեց. «Սիրիր Տիրոջը քո Աստծուն քո ողջ սրտով» և «Սիրիր քո ընկերին քո անձի պես»:4 Փրկիչի պատասխանը ամրապնդում է մեր երկնային պարտականությունը: Հնադարյան մարգարեն պատվիրել է, որ. «չպետք է լինի ոչ մի հակառակություն մեկը մյուսի հետ, այլ որ [մենք] պետք է նայեն[ք] դեպի ապագան … միավորելով [մեր] սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ»:5 Ապա մեզ ուսուցանում են, որ «ուժը կամ ազդեցությունը … պետք է պահպանվեն … մեղմությամբ և հեզությամբ, … բարությամբ, … առանց խորամանկության»:6

Կարծում եմ, որ այս սկզբունքը համընդհանուր կիրառություն ունի Վերջին Օրերի Սրբերի՝ մեծահասակների, երիտասարդների և երեխաների համար:

Հաշվի առնելով դա, թույլ տվեք մի պահ ուղղակիորեն խոսել ձեզ հետ՝ Երեխաների միության տարիքի երեխաներ:

Դուք արդեն հասկանում եք, թե որքան կարևոր է բարի լինելը: Երեխաների միության ձեր երգերից մեկի՝ «Ես փորձում եմ նմանվել Հիսուսին»-ի կրկներգը, սովորեցնում է.

«Սի-րեք մի-մյանց, ինչ-պես Նա է սի-րում:

Բա-րի ե-ղեք ձեր բո-լոր գոր-ծե-րում:

Սի-րող ե-ղեք ձեր գոր-ծում և ձեր մըտ-քում.

Քանզի սրանք են այն բաները, որ Հիսուսը սովորեցրեց:7

Նույնիսկ դա անելուց հետո դուք կարող եք երբեմն դժվար ժամանակներ ունենալ: Ահա մի պատմություն, որը կարող է ձեզ օգնել ճանաչելու Երեխաների միությունից Մինչան Քիմ անունով մի տղայի՝ Հարավային Կորեայից: Նրա ընտանիքը Եկեղեցուն է միացել մոտ վեց տարի առաջ:

Նկար
Մինչան Քիմ

«Մի օր դպրոցում իմ դասընկերներից մի քանիսը ծաղրում էին մեկ այլ աշակերտի՝ նրան մականուններ կպցնելով: Դա զվարճալի էր թվում, այնպես որ մի քանի շաբաթ ես ևս միացա նրանց:

Մի քանի շաբաթ անց տղան ասաց ինձ, որ չնայած ինքը ձևացնում էր, թե իրեն միևնույն է, սակայն վիրավորվում էր մեր խոսքերից և ամեն օր լաց էր լինում: Ես համարյա լաց եղա, երբ նա ասաց ինձ այդ մասին: Ես շատ էի ցավում և ցանկանում էի օգնել նրան: Հաջորդ օրը ես մոտեցա նրան, ձեռքս դրեցի նրա ուսին և ներողություն խնդրեցի՝ ասելով. «Ես իսկապես ցավում եմ, որ ծաղրել եմ ձեզ»: Նա գլխով հաստատեց իմ խոսքերը, և նրա աչքերը լցվեցին արցունքներով:

Բայց մյուս երեխաները դեռ ծաղրում էին նրան: Հետո, ես հիշեցի այն, ինչ սովորել եմ Երեխաների միության դասարանում՝ ընտրիր ճիշտը: Ուստի, ես իմ դասընկերներին խնդրեցի դադարեցնել ծաղրը: Նրանց մեծ մասը որոշեց չփոխել իր վարքագիծը, և նրանք զայրացած էին ինձ վրա: Բայց մյուս տղաներից մեկն ասաց, որ ցավում է, և մենք երեքով լավ ընկերներ դարձանք:

Չնայած մի քանի հոգի դեռ ծաղրում էին նրան, նա իրեն ավելի լավ էր զգում, քանի որ մեզ նման ընկերներ ուներ:

Ես ընտրեցի ճիշտը՝ օգնելով կարիքի մեջ գտնվող ընկերոջը»:8

Նկար
Մինչան Քիմի դիմանկարը

Մի՞թե սա լավ օրինակ չէ ձեզ համար, որպեսզի փորձեք նմանվել Հիսուսին:

Այժմ, երիտասարդ տղամարդի՛կ և երիտասարդ կանա՛յք, մեծանալուն զուգընթաց, ձեզ համար ուրիշներին ծաղրելը կարող է շատ վտանգավոր զարգացումներ ունենալ: Անհանգստությունը, ընկճախտը և վատթար երևույթները հաճախ ծանակի հետևանք են: «Չնայած ծանակումը նոր հասկացություն չէ, սոցիալական ցանցերն ու տեխնոլոգիան փոխել են դրա իրականացման ձևերը և ավելի դաժան դարձրել այն: Ծանակումը կիբերհարթությունում դառնում է մշտապես առկա սպառնալիք»:

Ակնհայտ է, որ հակառակորդը դա օգտագործում է ձեր սերնդին վնասելու համար: Սրա համար տեղ չկա ձեր կիբերտարածքում, թաղամասերում, դպրոցներում, քվորումներում և դասարաններում: Խնդրում եմ, արեք ամեն ինչ, որպեսզի այս վայրերն ավելի բարի և անվտանգ լինեն: Եթե դուք անտարբերությամբ դիտում եք կամ մասնակցում եք սրանցից որևէ մեկին, ես ավելի լավ խորհուրդ չգիտեմ, քան նախկինում երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի կողմից տրված խորհուրդը.

«Երբ գործը հասնում է ատելությանը, բամբասանքին, արհամարհելուն, ծաղրելուն, վիրավորանքը ներսում պահելուն կամ վնաս պատճառելուն, խնդրում եմ կիրառեք հետևյալը.

Կա՛նգ առեք»:10

Լսու՞մ եք: Կա՛նգ առեք: Երբ ուրիշներին վերաբերվեք բարությամբ, հոգատարությամբ և կարեկցանքով, նույնիսկ թվային հարթակներում, ես խոստանում եմ, որ կբարձրացնեք թուլացած ձեռքերը և կբժշկեք սրտերը:

Խոսելով Երեխաների միության երեխաների և երիտասարդների հետ՝ ես այժմ իմ խոսքն ուղղում եմ Եկեղեցու մեծահասակներին: Մենք ունենք առաջնային պատասխանատվություն բարության, ներառման և քաղաքավարության օրինակելի օրինակ հանդիսանալու համար, որպեսզի աճող սերնդին ուսուցանենք Քրիստոսանման վարք՝ մեր ասածի և գործելակերպի միջոցով: Դա հատկապես կարևոր է, քանի որ մենք նկատում ենք հասարակության կողմից նկատելի բաժանում քաղաքականության, սոցիալական դասի և գրեթե յուրաքանչյուր այլ տեխնածին ոլորտներում:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը նաև ուսուցանել է, որ Վերջին Օրերի Սրբերը ոչ միայն պետք է բարի լինեն միմյանց հանդեպ, այլև՝ մեզ շրջապատող բոլոր մարդկանց հանդեպ: Նա նկատել է. «Ժամանակ առ ժամանակ ես լսում եմ, որ անդամները վիրավորում են այլ դավանանքի մարդկանց՝ անտեսելով նրանց և չհրավիրելով միջոցառումների»: Դա կարող է տեղի ունենալ հատկապես այն համայնքներում, որտեղ մեր անդամները մեծամասնություն են կազմում: Ես լսել եմ սահմանափակ մտածելակերպով ծնողների մասին, ովքեր ասում են երեխաներին, որ նրանք չեն կարող խաղալ հարևանությամբ ապրող որևէ երեխայի հետ պարզապես այն պատճառով, որ նրա ընտանիքը չի պատկանում մեր Եկեղեցուն: Նման վարքագիծը չի համապատասխանում Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքներին: Ես չեմ կարող հասկանալ, թե մեր Եկեղեցու որևէ անդամ ինչպես է թույլ տալիս, որ այսպիսի բաներ պատահեն:… Ես երբեք չեմ լսել, որ այս Եկեղեցու անդամները պարտադրված լինեն անելու այլ բան, քան սիրող, բարի, հանդուրժող և բարեսիրտ վերաբերմունքի դրսևորումը մեր ընկերների և այլ հավատքի պատկանող հարևանների հանդեպ»:11

Տերն ակնկալում է, որ մենք ուսուցանենք, որ ներառումը դրական միջոց է, որը տանում է դեպի միասնություն, իսկ բացառումը հանգեցնում է հակասության և անհամաձայնության:

Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, մենք անհանգստանում ենք, երբ լսում ենք, թե ինչպես են Աստծո զավակներին վատ վերաբերվում՝ ելնելով նրանց ռասայական պատկանելությունից: Մենք խորը հիասթափություն ապրեցինք՝ լսելով վերջին ժամանակներս սևամորթ, ասիացի, լատինական կամ որևէ այլ խմբի մարդկանց վրա հարձակումների մասին: Նախապաշարմունքը, ռասայական լարվածությունն ու բռնությունը երբեք չպետք է տեղ ունենան մեր թաղամասերում, համայնքներում կամ Եկեղեցու ներսում:

Մեզանից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, թող ձգտի հասնել կատարելության:

Սիրեք ձեր թշնամիներին

Երբ դուք ձգտեք մյուսներին վերաբերվել սիրով, հարգանքով և բարությամբ, դուք անկասկած կտուժեք կամ ձեզ վրա բացասաբար կանդրադառնան ուրիշների վատ ընտրությունները: Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել: Մենք հետևում ենք Տիրոջ հորդորին ՝ «սիրեք ձեր թշնամիներին… և աղոթեք ձեզ նեղացնողների վերայ»։12

Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք այն դժվարությունները, որոնք դրված են մեր ճանապարհին: Մենք ձգտում ենք համբերել մինչև վերջ, շարունակ աղոթելով, որ Տիրոջ կամոք մեր հանգամանքները փոխվեն: Մենք երախտագիտություն ենք հայտնում նրանց համար, ում Նա ուղարկում է, որ օգնեն մեզ մեր ճանապարհին:

Նկար
Հրաշք Իլինոյսի Քուինսի քաղաքում

Ինձ հուզել է այդպիսի մի օրինակ մեր Եկեղեցու վաղ շրջանի դեպքերից: 1838–1839 թթ. ձմռանը Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ կալանքի տակ էին պահվում Լիբերթիի բանտում, երբ Վերջին Օրերի Սրբերին բռնի ուժով քշեցին Միսսուրի նահանգի իրենց տներից: Սրբերն ունեզուրկ էին, անընկեր էին և տառապում էին ցրտից ու միջոցների բացակայությունից: Իլինոյս նահանգի Քուինսիի բնակիչները տեսան նրանց հուսահատ վիճակը և կարեկցանքով ու բարեկամությամբ օգնության ձեռք մեկնեցին:

Քուինսիի բնակիչ Ուանդլ Մեյսը հետագայում հիշել է, որ ինքը Սրբերին առաջին անգամ տեսավ Միսիսիպի գետի երկայնքով ձգվող ժամանակավոր վրաններում. «Ոմանք սավանները ձգել էին՝ քամուց մի փոքր պատսպարվելու համար,… երեխաները դողում էին կրակի շուրջը նստած, որտեղ քամին այնպես էր փչում, որ դա նրանց շատ քիչ օգուտ էր տալիս: Խեղճ Սրբերն ահավոր տառապում էին»:13

Տեսնելով Սրբերի ծանր դրությունը՝ Քուինսիի բնակիչները հավաքվել էին միասին՝ օգնություն տրամադրելու համար, ոմանք նույնիսկ օգնում էին գետի այն կողմ տեղափոխել իրենց նոր ընկերներին: Մեյսը շարունակել է. «[Նրանք] նվիրաբերում էին առատորեն, վաճառականները միմյանց հետ մրցում էին, թե ով կարող էր լինել ավելի առատաձեռն՝ մատակարարելով խոզի միս,… շաքար,… կոշիկներ, հագուստ և այն ամենը, ինչի կարիքն այդքան ունեին այս աղքատ տեղահանվածները»:14 Շատ չանցած՝ փախստականները թվով գերազանցեցին Քուինսիի բնակիչներին, ովքեր բացում էին իրենց տները և իրենց սուղ միջոցներից կիսվում էին նրանց հետ:15

Վերջին Օրերի Սրբերից շատերը դաժան ձմռանը գոյատևեցին միայն Քուինսիի բնակիչների կարեկցանքի և առատաձեռնության շնորհիվ: Այս երկրային հրեշտակները բացեցին իրենց սրտերն ու տները՝ տառապող Սրբերին բերելով կյանքի համար փրկարար սնունդ, ջերմություն և, թերևս, ամենակարևորը՝ իրենց բարեկամությունը: Չնայած Սրբերը համեմատաբար կարճ ժամանակ մնացին Քուինսիում, նրանք երբեք չէին մոռանում իրենց երախտագիտության պարտքը իրենց սիրելի հարևանների հանդեպ, և Քուինսին հայտնի դարձավ որպես «ապաստանի քաղաք»:16

Երբ ձախորդություններն ու տառապանքները մեզ վրա են գալիս քննադատական, բացասական, նույնիսկ ստոր գործողությունների արդյունքում, մենք կարող ենք մեր հույսը դնել Քրիստոսի վրա: Այս հույսը ծագում է Նրա հրավերից և խոստումից՝ «ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ»,17 և Նա կնվիրագործի ձեր չարչարանքները ձեր օգտի համար:18

Բարի Հովիվը

Եկեք եզրափակենք՝ որտեղից սկսել ենք. մի կարեկից խնամողից, ով բարությամբ ու բարեհոգությամբ էր վերաբերվում կենդանիներին, և մի անսպասելի արդյունքից՝ բուժելով կենդանիների հոգիները, ում տնտեսն էր ինքը: Ինչո՞ւ: Որովհետև նա հենց այդպիսին էր:

Նայելով ավետարանի տեսանկյունից, մենք գիտակցում ենք, որ մենք նույնպես գտնվում ենք կարեկից խնամողի հսկողության ներքո, Ով բարությամբ ու բարեհոգությամբ է վերաբերվում մեզ: Բարի Հովիվը մեզանից յուրաքանչյուրին գիտի անունով և «անհատապես հետաքրքրված է մեզանով»:19 Տեր Հիսուս Քրիստոսն ասել է. «Ես եմ բարի Հովիվը, և ես իմ ոչխարներին ճանաչում եմ»: … Եվ իմ անձը [կդն]եմ ոչխարների համար»։20

Նկար
Գտնելով կորած գառին

Այս սուրբ Զատիկի օրերին ես հաստատուն խաղաղություն եմ գտնում՝ իմանալով, որ «Տերն է իմ հովիվը»,21 և որ Նա ճանաչում է յուրաքանչյուրիս, ու մենք գտնվում ենք Նրա բարի հսկողության ներքո։ Երբ դիմակայենք կյանքի քամիներին ու փոթորիկներին, հիվանդություններին ու վնասվածքներին, Տերը՝ մեր Հովիվը, կսնուցի մեզ սիրով ու բարությամբ: Նա կբժշկի մեր սրտերը և կվերականգնի մեր հոգիները:

Ես վկայում եմ այդ մասին, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես մեր Փրկիչ ու մեր Քավիչ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. See Kelli Harding, The Rabbit Effect (2019), xxiii–xxiv.

  2. Տես Robert M. Nerem, Murina J. Levesque, and J. Frederick Cornhill, “Social Environment as a Factor in Diet-Induced Atherosclerosis,” Science, vol. 208, no. 4451 (June 27, 1980), 1475–76:

  3. Harding, The Rabbit Effect, xxiv, xxv.

  4. Տես Մատթեոս 22.36-39։

  5. Մոսիա 18.21, շեշտադրումն ավելացված է:

  6. Վարդապետություն և Ուխտեր 121․41-42։

  7. “I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 79.

  8. Adapted from Minchan K., “The Apology,” Friend, Jan. 2020, 35.

  9. Frances Dalomba, “Social Media: The Good, the Bad, and the Ugly,” Lifespan, lifespan.org.

  10. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ողորմածները ողորմություն են գտնում», Լիահոնա, մայիս 2012, 75:

  11. Մ. Ռասսել Բալլարդ, «Ներառման վարդապետություն», Լիահոնա, նոյեմբեր 2002, 41։

  12. Ղուկաս 6.27-28:

  13. Wandle Mace, Autobiography, circa 1890, typescript, 32–33, Church History Library, Salt Lake City.

  14. Wandle Mace autobiography, 33, Ուղղագրությունն ու մեծատառերը ստանդարտացված են:

  15. Տես Richard E. Bennett, “‘Quincy—the Home of Our Adoption’: A Study of the Mormons in Quincy, Illinois, 1838–40,” Mormon Historical Studies, vol. 2, no. 1 (Spring 2001), 110–11:

  16. See Susan Easton Black, “Quincy–A City of Refuge,” Mormon Historical Studies, vol. 2, no. 1 (Spring 2001), 83–94:

  17. Վարդապետություն և Ուխտեր 78․18:

  18. Տես 2 Նեփի 2․2։

  19. Տես James E. Talmage, Jesus the Christ (1916), 417:

  20. Հովհաննես 10.14. 15:

  21. Սաղմոս 23․1: