2007
Երիտասարդներին ուղղված երեք ուղերձ
Ապրիլ 2007թ.


Երիտասարդներին ուղղված երեք ուղերձ

Նկար

Իմ երիտասարդ ընկերնե՛ր, դուք ապրում եք մեծ խոստման ժամանակներում: Աշխարհի պատմության ընթացքում երբևէ չի եղել այդքան շատ հնարավորություններ ընտրության և հաջողությունների համար:

Ես երեք ուղերձ ունեմ ձեզ, մինչ դուք ճանապարհ եք հարթում ձեզ համար աշխարհում` եղեք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ակտիվ անդամ, այսօր նախապատրաստվեք վաղվա կյանքի համար և պատրաստակամ եղեք ընդունել ամուսնական պարտականությունները:

Եղեք ակտիվ Եկեղեցում

Մինչ ձեռք եք բերում որակյալ կրթություն, սկսում եք աշխատել և ձգտում եք ամուսնանալ, դուք միշտ պետք է մտքում պահեք ձեր եկեղեցական գործունեությունը:

Երիտասարդ միայնակները մշտապես տեղափոխությունների մեջ են գտնվում: Դուք հաճախ եք փոխում ձեր հասցեները և հեռախոսահամարները: Որպես Եկեղեցու ղեկավարներ մեզ վշտացնում է, երբ մենք կորցնում ենք ձեզ հետ կապը: Երբ դա տեղի է ունենում, մենք չենք կարողանում կապվել ձեզ հետ առաջարկելու ձեզ եկեղեցական կոչում ընդունել և կիսվել Եկեղեցու անդամակցության բոլոր օրհնություններով:

Մեր ամենամեծ մտահոգություններից մեկն այն է, որ մեր երիտասարդ միայնակներից շատերը չեն հաստատվում մի միավորում, որտեղ նրանք եպիսկոպոս ունեն և նրանց եպիսկոպոսը գիտի, թե ովքեր են նրանք: Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է ճանաչվի որևէ եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի կողմից, և նրանք պետք է պատասխանատու լինեն նրանց համար: Այս փոխահարաբերությունը ձեզ հնարավորություն կտա մասնակցել քահանայության արարողություններին, հարցազրույցներ ունենալ, անհրաժեշտության դեպքում տաճարային երաշխավորագրեր ստանալ և կոչումներ ընդունել Եկեղեցում:

Պետք է հստակ կապ լինի քահանայության բանալիներ կրող որևէ մեկի հետ: Եթե դուք երկու եպիսկոպոս ունեք, դա նշանակում է դուք եպիսկոպոս չունեք: Եթե ձեր անդամակցության արձանագրությունը ծխում չէ, որտեղ դուք հաճախում եք, և հնարավորություն չունեք կոչում ընդունել, դուք հնարավոր է շատ շուտով պարզեք, որ ձեր ղեկավարները կորցրել են ձեր հետքը:

Եկեղեցական կոչումն ամենասքանչելի օրհնություններից է, որ դուք կարող եք վայելել ձեր կյանքի այդ հատվածում: Դուք ներդնելու այնքան շատ բան ունեք ծխում կամ ճյուղում, որտեղ դուք եք ապրում: Ձեր տաղանդներն ու հմտություններն անհրաժեշտ են աճող Եկեղեցուն: Եթե դուք վերադարձած միսիոներ եք, դուք կարող եք ազդել մյուս անդամների վրա ձեր ջերմեռանդությամբ և ձեր վկայությամբ: Կոչումը կարևոր է նաև, երբ դուք դեռ չեք ծառայել միսիայում:

Եթե դուք չեք հաստատվել ծխում կամ ճյուղում և ճանաչված չեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի կողմից, չէի՞ք ընդունի իմ անձնական կոչը` անմիջապես կարգավորեք այդ հարցը: Պատասխանատու դարձեք ձեր քահանայության ղեկավարներին: Քույրեր, ծանոթացեք ձեր տարածքի Սփոփող Միության քույրերի հետ: Ներգրավվեք Սփոփող Միության կազմակերպության մեջ: Երիտասարդ տղամարդիկ, արժանի եղեք ձեր վրա վերցնել լրացուցիչ պարտականություններ և մտնել սրբազան ուխտերի մեջ, որոնք Ահարոնյան քահանայությունից Մելքիսեդեկյան քահանայությանն անցնելու մասն են կազմում: Հաստատվեք ձեր տեղական երեցների քվորումում և դարձեք ակտիվ մասնակից:

Եթե դուք հաստատվել եք ծխում կամ ճյուղում, ես կոչ եմ անում ձեզ մտածել ավետարանի այն ընկերների կամ ծանոթների մասին, ում հետքը քահանայության ղեկավարները կորցրել են: Խրախուսեք այդ ընկերներին վերահաստատվել ավետարանում և դառնալ Եկեղեցու հաճախող անդամներ:

Այսօր նախապատրաստվեք վաղվա կյանքի համար

Երկրորդ ուղերձը, որ ես հղում եմ ձեզ ձեր ապագային նախապատրաստվելու համար, իմաստուն որոշումներ ընդունելն է:

Ես հաղորդակցվել եմ հազարավոր համալսարանական տարիքի ուսանողների հետ: Կարող եմ ազնվորեն ասել, որ այն, ինչ դուք որոշում եք անել կապված ձեր կրթության, աշխատանքի, ամուսնությանը նախապատրաստվելու և Եկեղեցու գործունեության հետ կյանքի այս շրջանում, իր հետքը կթողնի ձեր ապագայի վրա:

Եթե առաջին տեղում դնեք Աստծո բաները, դուք ճիշտ ընտրություններ կկատարեք: Այնքան հեշտ է որոշում ընդունել, որը թվում է գրավիչ այդ պահին, բայց ի վերջո այն կտանի ձեզ հեռու Աստծո արքայությունից: Հավերժության մեջ ոչինչ կարևոր չի լինի, եթե դուք այսօր չպատրաստվեք վերադառնալ ապրելու Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ:

Սուրբ գրքերում մենք գտնում ենք մի քանի մտքեր, որոնք կարող են ձեզ համար օգտակար լինել: Հիսուս Քրիստոսն ասել է. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենը կտրվի ձեզ» (Մատթեոս Զ.33):

Մեկ այլ առիթով Նա ասել է. «Ով որ իր անձը գտնում է` կկորցնի նրան. և ով որ իր անձն ինձ համար կորցրեց` նա կգտնի նրան» (Մատթեոս Ժ.39): Դուք հասկանո՞ւմ եք, որ կորցնելով ձեր կյանքը ուրիշների ծառայության մեջ, թույլ է տալիս ձեզ որպես Աստծո զավակ գտնել ձեր իսկական ինքնությունը: Ճիշտ հակառակը` լինելով եսասեր և չծառայելով Աստծուն կամ ուրիշներին հավերժական իմաստով հանգեցնում է ձեր կյանքը կորցնելուն:

Երբ պատրաստվում եք ձեր ապագային, ձեր ծառայությունը և շփումը Եկեղեցու միջավայրում ամենակարևորն է:

Լավ կրթություն ստացեք

Մենք խրախուսում ենք ձեզ լավ կրթություն ստանալ ու այնպիսի հմտություններ ձեռք բերել, որոնք անհրաժեշտ են հաջողությամբ աշխատանք գտնելու, ընտանիքը պահելու և հասարակության համար պիտանի մարդ դառնալու համար:

Կրթությունը և մասնագիտական ուսուցումը կարող են թանկ լինել: Սովորեք փող խնայել և իմաստուն ձևով օգտագործեք այն գումարները, որոնք մատչելի են ձեզ: Դա կօգնի նվազեցնել այն պարտքերը, որոնք հավանաբար կառաջանան, մինչև ձեր կրթության ավարտը:

Եթե դուք կրթություն եք ձեռք բերում մինչ ամուսնացած եք, անհրաժեշտ կլինի, որ դուք և ձեր կողակիցը կարողանաք ճիշտ որոշումներ ընդունել, երբ դուք զոհաբերություն եք կատարում ձեր ընտանիքի մասին հոգ տանելու համար: Ձեզ անհրաժեշտ կլինի հոգ տանել, որ ձեր ընտանիքի կարիքները, ձեր աշխատանքը և ձեր կրթությունը վտանգի չենթարկվեն:

Անկախ նրանից միայնակ եք, թե ամուսնացած, ձեզանից նրանք, ովքեր աշխատում են, պետք է մշակեն աշխատանքային լավ վարվելակարգ: Եղեք արդյունավետ, ավելացրեք ձեր աշխատանքային հմտությունները: Եղեք հավատարիմ ձեր գործատուին: Որոնեք հնարավորություններ առաջադիմելու և լրացուցիչ պարտականություններ ստանձնելու համար: Վճարեք ձեր տասանորդն ու նվիրատվությունները: Խնայեք ձեր եկամտի մի մասը և զարգացրեք խնայողության և ինքնաապահովման սովորույթ:

Իմացեք փողի իսկական արժեքը

Ձեր կյանքի այս շրջանում մեծ դժվարություններից մեկը` փող ծախսելու հետ կապված որոշում ընդունել գիտենալն է:

Նախագահ Բրիգամ Յանգը սովորեցրել է. «Եթե ցանկանում եք հարստանալ, խնայեք ինչ որ ստանում եք: Հիմարը կարող է փող վաստակել, բայց իմաստուն մարդը խնայում է այն և տնօրինում ի օգուտ իրեն»:1

Մեր հասարակությունում մատչելի են այնքան գրավիչ և հետաքրքիր իրեր: Դրանք հաճույք և զվարճություն են պատճառում: Դրանք թովիչ են և թվում են պետքական:

Մինչդեռ Փրկիչն ասել է.

«Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա. ուր ցեցն ու ժանկն ապականում են, և ուր որ գողերը պատը ծակում են և գողանում:

Բայց ձեզ համար գանձեր դիզեցեք երկնքումը, ուր ոչ ցեց և ոչ ժանկ չեն ապականում, և ուր գողերը պատը չեն ծակում և չեն գողանում:

Որովհետև ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը» (Մատթեոս Զ.19–21):

Զգույշ եղեք, որ դուք անմտորեն չշրջապատեք ձեզ ֆիզիկական, աշխարհիկ խաղալիքներով, որոնք չեն կարող անհրաժեշտ լինել ձեր կյանքի այս շրջանում: Մի կարծեք, որ դուք պետք է անմիջապես ապահովեք ձեզ այն բաներով, ինչ ձեր ծնողներն ունեին, երբ դուք հեռացաք նրանց տնից: Հիմնականում ձեր ծնողներից տասնյակ տարիներ են պահանջվել ժամանակակից տան այդ հարմարությունները ձեռք բերելու համար և իրական չէ ձգտել դրանք ձեռք բերել այժմ, երբ դուք ընտանեկան ձեր նոր օջախն եք հիմնում:

Ես անձնապես կարող եմ վկայել, որ ամենաքաղցր որոշ հիշողությունները, որ կինս և ես ունենք, կապված են այն ժամանակի հետ, երբ մեր աճող ընտանիքն ապրում էր մի փոքրիկ բնակարանում, մինչ ես սովորում էի իրավաբանական համալսարանում: Մենք կյանքի շքեղություններից քիչ բան ունեինք: Բայց մենք չգիտեինք, որ աղքատ ենք, որովհետև մենք ունեինք միմյանց և ավետարանի օրհնությունները: Այդ օրհնությունները լիովին ստվերում էին թողնում ֆիզիկական ունեցվածքների բացակայությունը:

Պատրաստակամ եղեք ընդունել ամուսնական պարտականությունները

Երրորդ ուղերձը, որը ես կկամենայի քննարկել ձեզ հետ, և այն կապված է նախորդ երկու ուղերձների հետ, ամուսնական պարտականությունները պատրաստակամությամբ ընդունելն է:

Եկեղեցու Եղբայրները խորապես և մշտապես հոգ են տանում, որ մեր երիտասարդ միայնակները գիտենան ամուսնության վերաբերյալ Եկեղեցու վարդապետոթյունը: Եկեղեցու վարդապետությունը հավերժական ընտանիքի վերաբերյալ պարզ է: Թույլ տվեք մեջբերել Վարդապետություն և Ուխտերից.

«Հետևաբար, եթե մի տղամարդ ամուսնանում է մի կնոջ հետ այս աշխարհում, և նա չի ամուսնանում ինձանով, ոչ էլ իմ խոսքով, և ուխտ է հաստատում նրա հետ, այնքան ժամանակով, որքան նա այս աշխարհում է նրա հետ, նրանց ուխտը և ամուսնությունն ուժ չունեն, երբ նրանք մահանում են, և երբ նրանք աշխարհից դուրս են. հետևաբար, նրանք կապված չեն որևէ օրենքով, երբ որ աշխարհից դուրս են:

Հետևաբար, երբ նրանք այս աշխարհից դուրս են, նրանք ոչ կին են առնում, ոչ էլ մարդի են գնում. այլ նշանակված հրեշտակներ են երկնքում, հրեշտակներ, որոնք սպասավոր ծառաներ են, որ սպասավորեն նրանց, ովքեր արժանի են ավելի արտակարգ և գերազանց և հավերժական փառքի մեծության» (ՎևՈւ 132.15–16):

Պարզ և հստակ լեզվով ասած, ամուսնությունը ժամանակի և ողջ հավերժության համար կարևոր է վեհացման համար:

Խնդիրներ, որոնք կարող են հետաձգել ամուսնությունը

Մտքում ունենալով սուրբ գրքի այս հատվածը, թույլ տվեք նշել մի քանի գործոններ, որոնք կարող են հետաձգել ամուսնությունը:

  1. Ոմանց կարող է թվալ, որ վերադարձած միսիոներներին ավելի քիչ է խրախուսվում ամուսնանալ: Եթե դա է ձեր կարծիքը, դա կեղծ ենթադրություն է: Բոլոր վերադարձած միսիոներներին պետք է խրախուսվի, երբ նրանք տուն են վերադառնում, ակտիվ մնալ Եկեղեցում, կրթություն ստանալ, տիրապետել աշխատանքային հմտությունների և ձգտել հավերժական ընկերակից գտնել:

  2. Որոշ երիտասարդ տղամարդիկ այնպիսի զգացում ունեն, թե որոշ երիտասարդ կանանց սպասումները չեն կարող արդարացնել: «Բարձր պահանջներ» արտահայտությունը հաճախ օգտագործվում է նկարագրելու նրանց, ովքեր այնպիսի տպավորություն են թողնում, որ իրենք ավելին են սպասում, քան մյուսը կարող է ապահովել: Պատշաճ շփումը կարող է վերացնել այդ անվստահությունը:

  3. Կրթության կամ կարիերայի վրա կենտրոնանալը կարող է ամուսնությանն ավելի քիչ կարևոր դեր հատկացնել: Ամուսնությունը, կրթությունը և կարիերան կարող են միասին քայլել: Կարիերան առանց ընտանիքի, որտեղ ընտանիքը հնարավոր է, ողբերգություն է:

  4. Թույլ մի տվեք ձեր կյանքը պարզապես զվարճալի կամ եսասիրական գոյատևում դառնա: Կյանքն ավելին է, քան զվարճության զբոսայգին: Մի ընկեք ունեցվածքներ ձեռք բերելու թակարդը: Պատասխանատվություն ստանձնեք:

  5. Ամուսնության բացասական ընկալումը, որը կարող է հետևանք լինել տեղեկատվական հաղորդումների կամ ընտանիքի կամ էլ ընկերների փորձառությունների, կարող են մարդուն ետ կանգնեցնել ամուսնության մտադրությունից: Ոմանք ասում են. «Ինչո՞ւ ամուսնանալ, երբ այդքան շատ ամուսնալուծություններ կան»: Ամուսնալուծության առկայությունը չի նշանակում, որ դուք չեք կարող երջանիկ և հաջողակ ամուսնություն ունենալ: Թույլ մի տվեք, որ ուրիշների գործողություններն ազդեն ձեր որոշումների վրա: Վճռեք, որ ձեր ամուսնությունը չի ձախողվի:

  6. Ոմանք հետաձգում են ամուսնությունը ֆինանսական պատճառներով: Հետաձգել ամուսնությունը, մինչև բավականաչափ փող լինի ապահովելու շքեղ կյանք, իմաստուն չէ: Այդ դեպքում, միասին մաքառելու, միմյանց հարմարվելու և կյանքի դժվարությունները միասին հաղթահարել սովորելու այնքան շատ առիթներ են կորչում:

Սրանք և բազմաթիվ այլ մտահոգություններ կարող են հետաձգել ամուսնությունը: Ես միտք չունեմ պատասխանել այդ առարկություններից յուրաքանչյուրին ձեզ անձնապես բավարարելու համար: Ես պարզապես հրապարակում եմ ամուսնության վերաբերյալ Եկեղեցու վարդապետությունը, և ես հորդորում եմ ձեզ բավականաչափ հավատք ունենալ առաջ շարժվելու և ընդունելու այս ամենակարևոր որոշումը ձեր կյանքում:

Վախ

Եթե ես կարողանամ ընտրել մեկ բառ, որը լավագույնս կնկարագրի ամուսնությունը հետաձգելու պատճառներից մեծ մասը, դա կլինի վախ բառը` ապագայի հանդեպ վախը, ձախողման վախը և այլն: Վախ զգալն անսովոր մի բան չէ: Վախը կարելի է հաղթահարել նախապատրաստման և հավատքի միջոցով:

Երբ հին ժամանակների Առաքյալները վախեցան, որ փոթորիկը կխորտակի իրենց նավը, Քրիստոսը «զարթնելով քամուն սաստեց, և ասաց ծովին. Լռիր, պապանձվիր. և քամին դադարեց, և մեծ խաղաղություն եղավ:

Եվ ասաց նրանց. Ինչո՞ւ այդպես վախկոտ եք. ինչպե՞ս հավատք չունեք» (Մարկոս Դ.39–40):

Պողոս Առաքյալը սովորեցրել է. «Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սիրո և զգաստության» (Բ Տիմոթեոս Ա.7):

Ես ազնվորեն կարող եմ ասել, որ իմ սերնդում, երբ ընձեռվում էր ճիշտ անձնավորության հետ ամուսնանալու հնարավորություն, կրթությունը շարունակելու խնդիրը դառնում էր երկրորդական, ճիշտ անձնավորության հետ ամուսնանալու խիստ կարևոր որոշման համեմատությամբ: Երիտասարդներ, ձեզանից շատերն արդեն ընդունել են այդ որոշումը և առաջ են շարժվում իրենց կյանքում, չնայած չունեք բոլոր հարմարությունները, որոնք հակառակ դեպքում հնարավոր է ունենայիք: Բայց դուք առաջ եք շարժվում հավերժական ծրագրի և աստվածային օրինակի համաձայն, որն այս Եկեղեցին առաջարկում է բոլոր անդամներին:

Ընտանիք

Վերջերս Քույր Թինջին և ես, որ այժմ ունենք 4 երեխա և 21 թոռ, հյուրընկալություն էինք կազմակերպել մեր աղջիկ թոռների համար, որոնք նաև պետք է գիշերեին մեր տանը: Մեր թոռներից հինգը` 6-ից 14 տարեկան, եկան մեր տուն: Բացի զարմուհիներ լինելուց, նրանք շատ մտերիմ ընկերուհիներ են:

Մենք հրաշալի կերակուր ճաշակեցինք, որը պատրաստել էր Քույր Թինջին: Այնուհետև մեր թոռնիկները ձեռքի աշխատանքով զբաղվեցին, որը նույնպես Քույր Թինջին էր պատրաստել: Հետո խաղացինք նրանց սիրելի խաղերը, իսկ հետո նրանք նեկայացրեցին տաղանդների մի փոքրիկ ցուցադրում տատիկի և պապիկի համար: Տաղանդների ցուցադրման ընթացքում նրանք երգեցին մի քանի Երեխաների Միության սիրելի երգերից` հարմարեցնելով դրանք տատիկի ու պապիկի համար, ներառյալ հետևյալը.

Այնքան եմ ուրախանում,

Երբ [պապս] է տուն գալիս,

Այնքա՜ն ուրախանում,

Ծափ եմ տալիս,

Ուրախ գոչում,

Հետո նրա ծնկին թռչում,

Վզին փաթաթվում,

Ամուր գրկում,

Ահա այսպես,

Այտերը շոյում,

Հետո ի՞նչ անում,

Ուժեղ համբուրում:2

Իմ հինգ թոռնիկները իմ գրկում էին, երբ նրանք երգեցին այս երգը, վզիս փաթաթված, շոյելով այտերս և ամուր համբուրելով:

Ահա թե ինչի մասին է խոսքը: Սա ընտանիք է: Սա ավետարանն է: Այս ամենը լիովին ստվերում է թողնում բոլոր նյութական ունեցվածքները և այն բաները, որոնք փող արժեն:

Մինչև դուք չհասկանաք, թե ընտանիքի հետ կապված ինչ է պարունակում ձեր ապագան, ձեզ համար դժվար կլինի ձեր ապագայի վրա ազդող իմաստուն որոշումներ ընդունել: Ընտանիքն ամեն ինչ է: Այն ստվերում է թողնում բոլոր մյուս հարաբերություններն ու որոշումները:

Ոչ բոլորը կամուսնանան

Այժմ ես գիտեմ, որ ոչ բոլորը, ովքեր ցանկանում են ամուսնանալ, կանեն դա այս կյանքում: Տիրոջ ծրագիրը կանխատեսել է դա:

Հռութի պատմությունը Հին կտակարանում պատմություն է մի կնոջ մասին, որը կորցրել էր իր ամուսնուն և հետո որոշել հետամուտ չլինել միայն իր աձնական նպատակներին: Հռութը միայնակ էր, բայց նա հավատարիմ մնաց ընտանիքին և Աստծուն:

Երբ նրա սկեսուրը` Նոեմին, հորդորեց նրան առաջ շարժվել իր կյանքով, Հռութը մեծ հավատք առաջացնող մի միտք ասաց. «Ինձ մի ստիպիր որ քեզ թողնեմ, և քեզանից ետ դառնամ. որովհետև ուր որ գնաս գնալու եմ, և ուր որ մնաս` մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է» (Հռութ Ա.16):

Ինչպես հիշում եք, հետագայում Հռութը հանդիպեց Բոոսին, և նրանք ամուսնացան և դարձան Հիսուս Քրիստոսի նախնիների շղթայի մի օղակ: Տիրոջ հավատարիմ հետևորդների բոլոր օրհնությունները նրանն էին:

Ընտանիքը ավետարանի սիրտն ու հոգին է: Ընտանիքի միջոցով մենք առաջադիմում ենք դեպի հավերժություններ: Արժե ամեն ձևի ջանք գործադրել հավերժական ամուսնության ու ընտանիքի համար:

Խնդրում եմ խորհեք այս մտքերի մասին, որոնցով ես կիսվեցի ձեզ հետ: Աղոթեք դրանց մասին: Իմացեք, որ ձեր Երկնային Հայրը կօրհնի ձեզ և կօգնի ձեզ վախը փոխարինել հավատքով, եթե դուք կանչեք առ Նա:

Ես խոնարհաբար բերում եմ իմ վկայությունը, որ Եկեղեցում լինելով ակտիվ, լավ նախապատրաստվելով ձեր ապագայի համար, և կնքված լինելով ձեր կողակցին ժամանակի և ողջ հավերժության համար, կարող է օգնել ձեզ բացահայտել այն ուրախությունը, որը Հիսուս Քրիստոսի ավետարանի խոստումն է:

Եկեղեցու կրթական համակարգի հավաքի ելույթից` տրված Յուտայում, Օգդենի Կրոնի ինստիտուտում 2004թ. մայիսի 2-ին:

Հղումներ

  1. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 229.

  2. “Daddy’s Homecoming,” Children’s Songbook, 210.