2008
Վկայություն ձեռք բերել Հայր Աստծո, Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին
Մայիս 2008


Վկայություն ձեռք բերել Հայր Աստծո, Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին

Այն, ինչ ասվել է ինձ, կարող է ասվել ձեզ` Սուրբ Հոգու կողմից … ձեր հնազանդության և ցանկությունների համեմատ:

Նկար
Elder Robert D. Hales

Ձեզ նման ես գնահատում եմ այս հանդիսավոր հավաքին իմ մասնակցությունը: Սակայն կարծում եմ կարող եմ վարդապետական մի կետ մեջբերել և օգնել: Երբ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը հանդիսավոր ժողովի ժամանակ, դա ոչ միայն քվեարկություն էր, որի ժամանակ մենք անհատական պարտավորություն ստանձնեցիք, այլև ուխտ` հաստատելու և հետևելու օրենքներին, արարողություններին, պատվիրաններին ու Աստծո մարգարեին` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին: Ես բարձր եմ գնահատում ձեզ հետ միասին իմ մասնակցությունը և իմ աջ ձեռքը բարձրացնելը:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, վերջին մի քանի ամիսների ընթացքում, ես խոնարհեցնող փորձառություն եմ ունեցել, որն ինձ հնարավորություն տվեց երախտագիտությամբ խորհել կյանքի պարգևի մասին: Այդ փորձառության ընթացքում, ես շարունակ քննել եմ իմ վկայությունը Աստծո` մեր Հավերժական Երկնային Հոր, և Նրա ավագ Որդու` մեր Փրկչի և Քավիչի, Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես նաև այն, թե ինչպես եմ ձեռք բերել Հոր և Որդու մասին իմ վկայությունը:

Ամբողջ աշխարհում, ամեն դավանանքի ու հավատի մարդիկ, ձգտում ու պայքարում են իմանալու, թե «Ո՞վ է Աստված»: Ի՞նչ կապ ունի Նա Հիսուս Քրիստոսի հետ: Եվ ի՞նչ կապ ունենք մենք Նրանց հետ:

Ես հաստատ գիտեմ, որ մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ապրում են: Քավությունն իրական է: Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը առանձին անմահ էակներ են: Նրանք գիտեն մեզ որպես անհատների, և Նրանք լսում ու պատասխանում են մեր անկեղծ աղոթքներին: Փրկիչը վկայել է Նոր Աշխարհի բնակիչներին. «Ես վկայում եմ Հոր մասին, և Հայրը վկայում է իմ մասին, և Սուրբ Հոգին վկայում է Հոր և իմ մասին»:1 Սուրբ Հոգին վկայել է ինձ, որ այդ բաները ճշմարիտ են:

Ես սկսեցի իմ վկայությունը ձեռք բերել դեռ պատանի հասակում, երբ խորհում էի մարգարեական 13 սահմանումների շուրջ, որոնք կոչվում են Հավատո Հանգանակ և գրվել են Ջոզեֆ Սմիթի կողմից: Երեխաների Միությունում էր, որ մենք մտապահեցինք դրանք: Դրանք ներկայացնում են մեր հիմնական հավատալիքները Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին: Այդ սահմանումներից առաջինն ասում է. «Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն»:2

Ջոզեֆ Սմիթն իր անձնական փորձով գիտեր Աստվածագլխի երեք անդամների էությունը: 14-ամյա պատանին ցանկանում էր իմանալ, քրիստոնյա բազմաթիվ եկեղեցիներից որին պետք է միանար: Աստվածաշնչում` Նոր Կտակարանի Հակոբոսի գրքում, նա կարդաց. «Եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:3 Հնազանդվելով, նա ծնկի իջավ աղոթքով և նրան այցելեցին Հայր Աստվածն ու Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը: Նա նկարագրել է Նրանց որպես Անձնավորություններ, [Ջոզեֆից] վերև օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից [Հորից և Որդուց] մեկը խոսեց [նրա] հետ, դիմելով նրան անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»:4

Պատանեկության տարիներից ի վեր Ջոզեֆ Սմիթի փորձառությունն ուղեցույց է եղել ինձ համար, և կարող է լինել բոլորիս համար: Երիտասարդ մարգարեն իմացավ ճշմարտությունը մեր Երկնային Հոր և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի մասին, որովհետև ձգտում էր սուրբ գրություններից իմանալ իր Երկնային Հոր կամքը, և ապա հավատարմորեն հնազանդվեց:

Այս օրինակը հաստատվեց, և կատարյալ օրինակը հանդիսացավ Փրկիչը, ինչպես գրված է Աստվածաշնչում: Երբ Հիսուսը 12 տարեկան պատանի էր, Նրա մայրը` Մարիամը, և Նրա երկրային հայրը` Հովսեփը, գտան Նրան տաճարում ուսուցանելիս: Հիսուսը նրանց հարցրեց. «Չգիտեի՞ք թե պետք է, որ ես իմ Հոր գործին լինեմ»:5 Սակայն Հիսուսը չէր խոսում Հովսեփի գործի մասին: Նա խոսում էր Իր Հավերժական Երկնային Հոր գործի մասին:

Նշանակալից է այն, թե ինչպես է տարբեր առիթներով Հայր Աստվածը ներկայացրել Իր Որդուն. « Եվ մկրտուելուց հետո, Հիսուսը շուտով դուրս եկավ ջրիցը… և ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»:6 Եվ կրկին կերպարանափոխման սարի վրա, «որտեղ ձայն եղավ ամպիցն, որ ասեց. դա է իմ սիրելի Որդին, Նրան լսեցեք»:7

Երբ Հիսուսը հայտնվեց Ամերիկայի մայրցամաքում, Նա նույն ձևով ներկայացվեց Իր Հոր կողմից. «Ահա իմ Սիրելի Որդին, որից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը, լսեցե՛ք Նրան»:8 Եվ ապա մոտ երկու հազար տարի անց, նույն խոսքերը ասվեցին Ջոզեֆ Սմիթին. «Սա է իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»: 9

Հատուկ նշանակություն ունի այն, որ երբ Երկնային Հայրը ցանկանում է մեզ ներկայացնել Իր Որդուն, Նա պատվիրում է մեզ «լսել» Հիսուսի խոսքերը: Ո՞վ է Հիսուսը: Նա մասնակցել է Իր Հոր հետ աշխարհի Արարմանը և Իր Հոր ղեկավարության ներքո պատասխանատու էր ստեղծելու այն ամենը, ինչ կա երկրի վրա: «Եվ անթիվ աշխարհներ եմ ես ստեղծել, և դրանք նույնպես ես ստեղծել եմ իմ անձնական նպատակի համար. և Որդու միջոցով եմ ես ստեղծել դրանք, որն իմ Միածինն է»:10 Հիսուս Քրիստոսը Հոր Միածինն է մարմնում: Նա մեր Միջնորդն է Հոր մոտ: Նա է Փրկիչը, որը դրեց Իր կյանքը մեզ համար և Հոր առաջ պաշտպանում է մեր դատը: Ուստի, մենք աղոթում ենք Երկնային Հորը Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի անունով: Հիսուսը` Որդին և Նրա Հայրը նույն էակը չեն, սակայն Նա Իր Հոր նման է: Նա ևս փառահեղ էակ է` զորություն և իշխանություն ունեցող:

Լուսավորվածություն և հուզում եմ ապրում, երբ մտածում եմ, թե ինչպես էր Հիսուսը հաղորդակցվում Իր Հոր հետ: Նրա մեծ միջնորդական աղոթքում, որը գտնվում է Աստվածաշնչի Հովհաննեսի գրքում, ակնհայտորեն հստակ է, որ Հիսուսն ընդունում է, որ Ինքը Որդին է: Լսեք Նրա խոսքերը, երբ Իր Երկնային Հորը հաղորդում է, որ հնազանդ ավարտում է Իր երկրային առաքելությունը:

«Ես քեզ փառավորեցի երկրի վրա. այն գործը կատարեցի, որ տվիր ինձ` որ անեմ»:

«Այն խոսքն որ ինձ տվիր, ես նրանց [աշակերտներին] տվի … և նրանք հավատացին, թե դու ուղարկեցիր ինձ»:

«Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհք, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհք»:

«Եվ ես այն փառքն` որ ինձ տվիր` նրանց տվի, որ մեկ լինեն` ինչպես մենք էլ մեկ ենք»:11

Փրկչի ծառայության ընթացքում աշակերտներն իսկապես դարձել էին մեկ, բայց ոչ իրենց ֆիզիկական մարմիններով: Նրանք դարձել էին մեկ նպատակով և սիրով: Սա Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի մեկ լինելն է, որի մասին խոսվում է սուրբ գրքերում: Նրանք նույնպես առանձին էակներ են, սակայն Նրանք միասնական են նպատակով, մեր հանդեպ Իրենց սիրով, և մեզ համար կատարող Իրենց գործով:

Փրկիչը շարունակեց աղոթել.

«Փառավորիր ինձ դու, Հայր, քեզ մոտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունեի քեզ մոտ:

… Որպեսզի աշխարհքը գիտենա, թե դու ուղարկեցիր ինձ. և սիրեցիր նրանց, ինչպես ինձ սիրեցիր:

… որովհետև աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ»:12

Օ՜, որքան էր Հիսուսը ցանկանում, որ մենք ճանաչեինք Հորը, ինչպես Ինքն էր ճանաչում: Նա աղոթեց.

Արդար Հայր, աշխարհքը չճանաչեց քեզ. բայց ես ճանաչեցի քեզ, և սրանք [աշակերտները] ճանաչեցին որ դու ուղարկեցիր ինձ:

Եվ ես քո անունը ճանաչեցրի նրանց, և կճանաչեցնեմ. որ այն սերն, որով ինձ սիրեցիր` նորանցում լինի, և ես էլ նորանցում»:13

Հիսուսն Իր մեծ սերը ցույց տվեց նրանց հանդեպ, ովքեր ընտրեցին հետևել Իրեն, երբ Նա աղոթեց նրանց պաշտպանության համար. «Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը»:14 Նա աղոթում է մեզ համար, եղբայրներ և քույրեր:

Իսկ հետո մեր Փրկիչը մեղմորեն խնդրում է, որ նրանք, ի նկատի ունենալով մեզ, Իր հետ լինեն կրկին. «Հայր, նրանք, որ ինձ տվիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ` նրանք էլ ինձ հետ լինեն»:15

Քավող զոհաբերությանը պատրաստվելիս, Հիսուսն աղոթեց Իր Հորը Գեթսեմանի Այգում, երբ Իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքերը, տառապանքներն ու չարչարանքները: Այդ ժամերին Նա կրկին պարզ դարձրեց, որ Նա Իր գործը չէր կատարում: Նա աղոթեց. «Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»:16 Իր և մեր բոլորի համար ամենակարևոր այդ պահերին, Նա չէր խոսում Իր հետ կամ ապավինում Իր զորությանը: Նա կանչում էր Իր Հորը, Ամենազոր Աստծուն, որպեսզի օգներ Իրեն և կարողանար կատարել Իր Հոր կամքը, և Նրա Հայրը հրեշտակ ուղարկեց «երկնքիցը, և զորացնում էր նրան»:17 Ես այնքան եմ սիրում այն սերը, որ Իր Որդու և մեր բոլորի հանդեպ տածում է Հայրը:

Նախքան աշխարհի հիմնադրումը և մինչև խաչի վրա վերջին պահերը, Փրկիչը կատարել է Իր Հոր գործը: Նա ավարտեց այն գործը, որի համար ուղարկվել էր: Հետևաբար, մենք չենք զարմանում, թե ում հետ էր Նա խոսում, երբ խաչի վրա էր. «նա ասաց. Կատարուած է»,18 և «մեծ ձայնով կանչեց, … Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում. և այս ասելով հոգի տվավ»:19 Մենք գիտենք, որ Նա աղոթում էր Իր Երկնային Հորը:

Ես վկայում եմ, որ մեր Փրկիչն ապրում է: Նա է Հոր Միածինը, և Նա կրկին կգա թագավորելու այս աշխարհում: Նա է Հիսուս Քրիստոսը, Իսրայելի Սուրբը, «լի շնորհով, և ողորմությամբ, և ճշմարտությամբ … Այդ Նա է, որ գալիս է վեր առնելու աշխարհի մեղքերը, այո, յուրաքանչյուր մարդու մեղքերը, որը հաստատակամորեն հավատում է իր անվանը»:20 Նա բառացիորեն Աստծո Որդին է, որն երրորդ օրը հարություն առավ մահացածներից` հարությունը իրականություն դարձնելով բոլորի համար, ովքեր կգան երկիր: Ես նաև վկայում եմ, որ Աստված` մեր Հավերժական Հայրը ապրում է և սիրում է մեզանից յուրաքանչյուրին, քանի որ մենք Նրա զավակներն ենք: Այնքան մեծ է Նրա սերը, որ Նա ուղարկեց Իր Միածին Որդուն աշխարհ, «որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»:21

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, ես վկայում եմ սուրբ գրությունների ճշմարտացիության մասին: Այն, ինչ ասվել է ինձ, կարող է ասվել ձեզ` Սուրբ Հոգու կողմից: Դա կհայտնվի ձեր հնազանդության և ցանկությունների համեմատ: Փրկիչն ուսուցանել է մեզ Իր մահկանացու կյանքի ընթացքում այս մեծ ճշմարտությունը, որը վերաբերում է մեզ բոլորիս. «Ինչ որ դուք խնդրեք Հորը` իմ անունով, ինչը որ ճիշտ է` հավատալով, որ դուք կստանաք, ահա այն կտրվի ձեզ»:22 Ես վկայում եմ, որ գիտեմ այն ամենը, ինչի մասին խոսեցի, և ես հաստատապես գիտեմ, որ այն ամենը, ինչի մասին ես խոսեցի, ճշմարիտ է: Իմ աղոթքն է, որ դուք փնտրեք դա նույն վստահությամբ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. 3 Նեփի 11.32

  2. Հավատո Հանգանակ 1.1

  3. Հակոբոս Ա.5

  4. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17

  5. Ղուկաս Բ.49

  6. Մատթեոս Գ.16–17

  7. Ղուկաս Թ.35

  8. 3 Նեփի 11:7.

  9. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17

  10. Մովսես 1.33

  11. Հովհաննես ԺԷ.4, 8, 18, 22:

  12. Հովհաննես ԺԷ.5, 23–24:

  13. Հովհաննես ԺԷ.25–26

  14. Հովհաննես ԺԷ.15

  15. Հովհաննես ԺԷ.24

  16. Մատթեոս ԻԶ.39

  17. Ղուկաս ԻԲ.43

  18. Հովհաննես ԺԹ.30

  19. Ղուկաս ԻԳ.46

  20. Ալմա 5.48

  21. Հովհաննես Գ.16

  22. 3 Նեփի 18.20