2012
Ինչու՞ մենք մարգարեների կարիք ունենք
Մարտ 2012


Առաջին Նախագահության ուղերձ, մարտ 2012

Ինչու՞ մենք մարգարեների կարիք ունենք

Քանի որ Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին, Նա թույլ չի տալիս, որ նրանք քայլեն այս մահկանացու կյանքում առանց ղեկավարման և առաջնորդության: Մեր Երկնային Հոր ուսմունքները սովորական, կանխատեսելի, անհետաքրքիր բաներ չեն, որոնք դուք կարող եք վերցնել մոտակա գրադարանից: Դրանք Իր զավակներին սիրող ամենազոր, ամենագետ երկնային Էակի իմաստություններն: Նրա խոսքերի մեջ ներառված է բոլոր ժամանակների գաղտնիքը` այս կյանքի և գալիք աշխարհի երջանկության բանալին:

Երկնային Հայրը հայտնում է այս իմաստությունը աշխարհում գտնվող Իր զավակներին Իր ծառաների` մարգարեների միջոցով (տես Ամովս Գ.7): Ադամի ժամանակներից ի վեր Աստված խոսել է Իր զավակների հետ ընտրյալ խոսնակների միջոցով, ովքեր պատասխանատու են հայտնելու Նրա կամքը և խորհուրդը ուրիշներին: Մարգարեները ոգեշնչված ուսուցիչներ են և միշտ Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներն են (տես ՎևՈՒ 107.23): Մարգարեները խոսում են ոչ միայն իրենց ժամանակի, այլ նաև բոլոր ժամանակների մարդկանց համար: Նրանց ձայները արձագանքում են դարերի միջով որպես Աստծո կամքի վկայություն` ուղղված Իր զավակներին:

Մեր ժամանակները չեն տարբերվում անցած դարերից: Տերն ավելի քիչ չի սիրում մեր օրերի մարդկանց, քան անցյալի: Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման փառահեղ ուղերձներից մեկն այն է, որ Աստված շարունակում է խոսել Իր զավակների հետ: Նա թաքնված չէ երկինքներում, այլ խոսում է այսօր այնպես, ինչպես հին օրերում:

Մեծամասամբ այն, ինչ Տերը հայտնում է Իր մարգարեներին, նպատակ է հետապնդում կանխելու մեր վիշտը որպես անհատներ և որպես հասարակություն: Երբ Աստված խոսում է, Նա դա անում է Իր զավակներին սովորեցնելու, ոգեշնչելու, կատարելագործելու և նախազգուշացնելու համար: Երբ անհատները և հասարակությունները անտեսում են իրենց Երկնային Հոր ցուցումները, նրանք կանգնում են դժվարության, տառապանքի և ծանր աշխատանքի հավանական վտանգի առաջ:

Աստված սիրում է Իր բոլոր զավակներին: Ահա թե ինչու է Նա այնքան պատրաստակամ հաղորդակցվում մեզ հետ Իր մարգարեների միջոցով: Ճիշտ ինչպես մենք ենք լավագույնը կամենում մեր սիրելիների համար, Երկնային Հայրը կամենում է այն, ինչը լավագույնն է մեզ համար: Ահա թե ինչու են Նրա ցուցումները շատ վճռական և, երբեմն, շատ հրատապ: Դա է պատճառը, որ Նա չի լքել մեզ այսօր, այլ շարունակում է հայտնել մեզ Իր կամքը Իր մարգարեների միջոցով: Մեր ճակատքագիրը և մեր աշխարհի ճակատագիրը կախված է Իր զավակներին Աստծո հայտնած խոսքին մեր լսելուց և ուշադիր վերաբերմունք ցուցաբերելուց:

Մարդկությանն ուղղված Աստծո անգին ցուցումները գտնվում են Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի մեջ: Ի հավելումն, Տերը խոսում է մեզ հետ Իր ծառաների միջոցով, ինչպես Նա կանի կրկին առաջիկա գերագույն համաժողովի ժամանակ:

Բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե արդյո՞ք նման բան հնարավոր է, ովքեր կարող է հարցնեն. «Կարելի՞ է, որ Աստված խոսի մեզ հետ այսօր», իմ ողջ սրտով ես հրավիրում եմ՝ «գալ և տեսնել» (Հովհաննես Ա.46): Կարդացեք Աստծո խոսքը, ինչպես որ գրված է սուրբ գրություններում: Լսեք գերագույն համաժողովը ականջներով, որոնք կամենում են լսել Աստծո ձայնը՝ Նրա վերջին օրերի մարգարեների միջոցով: Եկեք, լսեք և տեսեք ձեր սրտով: Քանզի եթե դուք փնտրեք «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, [Աստված] կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին` Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4): Այս զորությամբ և դրա միջոցով ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում և առաջնորդում է Իր Եկեղեցին ապրող մարգարե` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի միջոցով:

Եղբայրներ և քույրեր, Աստված խոսում է մեզ հետ այսօր: Եվ Նա կամենում է, որ Իր բոլոր զավակները լսեն և ուշադրություն դարձնեն Իր ձայնին: Երբ մենք անենք դա, Տերը մեծապես կօրհնի և կպաշտպանի մեզ՝ և այս կյանքում, և գալիք աշխարհներում: