2016
Մեր նախնիների հավատքին հավատարիմ
Հուլիս 2016


Առաջին Նախագահության ուղերձ, հուլիս 2016

Մեր նախնիների հավատքին հավատարիմ

Ջոն Լինֆորդը 43 տարեկան էր, երբ նա և նրա կինը՝ Մարիան, և իրենց տղաներից երեքը որոշում կայացրին հեռանալ Անգլիայի Գռավելի քաղաքում գտնվող իրենց տնից և, հազարավոր մղոններ ճամփորդելով, միանալ Սոլթ Լեյքի հովտի Սրբերին։ Նրանք այնտեղ թողեցին իրենց չորրորդ որդուն, ով միսիա էր ծառայում, վաճառեցին իրենց ունեցվածքը և տեղ զբաղեցրին Լիվերպուլի նավահանգստում կայանած Թորնթոն նավում։

Ծովով դեպի Նյու Յորք Սիթի, ապա այնտեղից հարթավայրերով դեպի Այովա ճամփորդությունն անցավ առանց միջադեպերի։ Ինչևէ, դժվարությունները սկսվեցին, երբ Լինֆորդները և այլ Վերջին Օրերի Սրբեր, ովքեր նավարկեցին Թորնթոն նավով, հեռացան Այովա քաղաքից 1856 թվականի հուլիսի 15-ին, որպես Ջեյմս Գ․ Վիլիի տխրահռչակ խմբի անդամներ։

Դաժան եղանակը և դժվարություններով լի ճամփորդությունն իր հետքը թողեց խմբից շատերի վրա՝ ներառելով Ջոնին։ Նա, ի վերջո, այնքան ծանր հիվանդացավ ու թուլացավ, որ նրան ստիպված տանում էին ձեռնասայլակով։ Երբ նրանք հասան Վայոմինգ, նրա վիճակը զգալիորեն վատթարացավ։ Սոլթ Լեյք Սիթիից նրանց օգնություն հասավ հոկտեմբերի 21-ին՝ Ջոնի մահկանացու ճամփորդության ավարտից ընդամենը ժամեր անց։ Նա մահացավ այդ օրը վաղ առավոտյան՝ Սվիթվոթեր գետի ափին։

Արդյո՞ք Ջոնն ափսոսում էր, որ հարմարավետ ու հեշտ կյանքը փոխարինել էր դժվարություններով և զրկանքներով լի կյանքով, որպեսզի տաներ իր ընտանիքը Սիոն։

«Ոչ, Մարիա»,- ասել էր նա իր կնոջը մահից անմիջապես առաջ։ «Ես ուրախ եմ, որ մենք եկանք։ Ես կմահանամ մինչև Սոլթ Լեյք հասնելը, բայց դու և տղաները կհասնեք,և ես չեմ զղջում այն ամենի համար, ինչի միջով անցել ենք հանուն այն բանի, որ մեր տղաները կարողանան մեծանալ և ընտանիքներ կազմել Սիոնում»։1

Մարիան ու իր որդիները տեղ հասան։ Երբ Մարիան մահացավ մոտ 30 տարի անց, նա և Ջոնը թողեցին հավատքի, ծառայության, նվիրվածության ու զոհաբերության ժառանգություն։

Վերջին Օրերի Սուրբ լինելը նշանակում է լինել ռահվիրա, քանի որ ռահվիրան «այն մարդն է, ով գնում է առջևից, որպեսզի ճանապարհ պատրաստի կամ բացի մյուսների համար»:2 Եվ ռահվիրա լինելը նշանակում է լավ իմանալ, թե ինչ է նշանակում զոհաբերել։ Չնայած Եկեղեցու անդամներին այլևս չեն խնդրում թողնել իրենց տները և ճամփորդել դեպի Սիոն, նրանք հաճախ պետք է անցյալում թողնեն հին սովորությունները, վաղեմի սովորույթները և փայփայած ընկերներին։ Ոմանք կայացնում են խիստ ցավոտ որոշումներ՝ հեռանալու ընտանիքի անդամներից, ովքեր դեմ են լինում իրենց Եկեղեցու անդամությանը։ Այնուամենայնիվ, Վերջին Օրերի Սրբերն առաջ են շարժվում, աղոթելով, որ թանկագին էակները մի օր կհասկանան ու կընդունեն։

Ռահվիրայի ճանապարհը հեշտ չէ, սակայն մենք հետևում ենք մեծն Ռահվիրային՝ Փրկիչին, ով քայլեց մեզանից առաջ՝ ցույց տալով մեզ ճանապարհը, որով պետք է հետևենք։

«Եկ, հետեւիր ինձ»,3 - հրավիրել է Նա։

«Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»,4 - հայտարարել է Նա։

«Եկեք, ինձ մոտ»,5 - կանչել է Նա։

Ճանապարհը կարող է բարդ լինել։ Ոմանք գտնում են, որ դժվար է դիմակայել հիմարների ծաղր ու ծանակին, ովքեր ծաղրում են մաքրաբարոյությունը, ազնվությունը և Աստծո պատվիրաններին հնազանդվելը։ Աշխարհը նվաստացուցիչ է համարում սկզբունքին հավատարիմ մնալը։ Երբ Նոյին պատվիրվեց տապան կառուցել, անմիտները նայեցին անամպ երկնքին, ապա ծիծաղեցին ու ծաղրեցին, մինչև անձրև սկսվեց։

Դարեր առաջ Ամերիկյան մայրցամաքում մարդիկ կասկածեցին, վիճաբանեցին և չհնազանդվեցին, մինչև որ կրակը պատեց Զարահեմլան, երկիրը ծածկեց Մորոնիհահը և ջրերը ծածկեցին Մորոնին։ Այլևս չկար ծաղր ու ծանակ, զազրախոսություն և մեղք։ Դրանք փոխարինվեցին մռայլ լռությամբ, ապա թանձր խավարով։ Աստծո համբերության բաժակը լցվել էր, Նրա սահմանած ժամանակը լրացել։

Մարիա Լինֆորդը երբեք չկորցրեց իր հավատքը՝ անկախ Անգլիայում հանդիպած հալածանքներից, և դժվարություններից, որոնց հանդիպեց դեպի «Աստծու նշած տեղը»6 ճամփորդելիս, և դրանց հաջորդող փորձություններից, որոնք նա տարավ հանուն իր ընտանիքի և Եկեղեցու։

1937 թվականին Մարիայի հուղարկավորության ժամանակ Երեց Ջորջ Ալբերտ Սմիթը (1870–1951) հարցրեց նրա ժառանգներին․ «Դուք հավատարիմ կմնա՞ք ձեր նախնիների հավատքին։ … Ձգտեք արժանի լինել բոլոր զոհաբերություններին, որոնք [նրանք] կատարել են ձեզ համար»։7

Մինչ մենք կձգտենք կառուցել Սիոնը մեր սրտերում, մեր տներում, մեր համայնքներում և մեր երկրներում, եկեք հիշենք վճռական քաջությունը և հաստատուն հավատքը նրանց, ովքեր տվեցին ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք վայելել վերականգնված ավետարանի օրհնությունները և դրանից բխող հույսը և խոստումը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։

Ուսուցում այս ուղերձից

Խնդրեք նրանց, ում ուսուցանում եք, մտածել մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքում անցել են իրենցից առաջ և ռահվիրաներ են եղել իրենց համար։ Ապա հարցրեք նրանց, թե երբ են նրանք ռահվիրաների դերում եղել և ուղի պատրաստել ուրիշների համար: Հրավիրեք նրանց խորհել այն պահերի մասին, երբ զոհաբերել են ինչ-որ բան, և, ըստ իրենց, ինչու արժեր դա անել։ Ապա կարող եք խրախուսել նրանց գրել իրենց վկայությունը «մեծագույն Ռահվիրայի»՝ Փրկիչի մասին։