2016
Մարգարեներն ու Առաքյալները ծառայում են
November 2016


Մարգարեներն ու Առաքյալները ծառայում են

Մարգարեներն ու առաքյալները շարունակում են ծառայել ողջ աշխարհում (տես ՎևՈւ 107.23): Ահա մի համառոտագրություն վերջին համաժողովից ի վեր նրանց իրականացրած որոշ գործունեությունների մասին.

Նախագահ Դիթեր Ֆ. Ուխդորֆը` Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, 2016թ.-ի մայիս ամսվա ընթացքում Անգլիայի, Ֆրանսիայիև Բելգիայի քաղաքներ կատարած իր այցելության ընթացքում հույսի ուղերձ հղեց ահաբեկչությունից տուժած անդամներին: Նա այցելեց փախստականներին, եղավ Ֆրանսիայի Փարիզ Տաճարի շինհրապարակում (որի կառուցումը մոտենում է ավարտին), ինչպես նաև մասնակցեց Չեխիայի Հանրապետության առաջին ցցի կազմավորմանը: Հուլիսին նա ճամփորդեց Իտալիա` Եկեղեցու հիմնադրամից 3 միլիոն դոլար արժողությամբ անդորրագիր տրամադրելով ի աջակցություն փախստականների կարիքները հոգալուն, ինչպես նաև այցելեց փախստականների ճամբարներ Հունաստանում: Սեպտեմբերին նա այցելեց Ռումինիայի, Մոլդովիայի, Սլովակիայի, Նորվեգիայի և Գերմանիայի անդամներին, որտեղ էլ վերանվիրագործեց Գերմանիայի Ֆրայբերգ Տաճարը: Նա ասաց, որ ավետարանը հույս է բերում մարդկանց, որտեղ էլ որ նրանք լինեն, և որ անդամների մեջ «Եկեղեցական եղբայրներ ու քույրեր լինելու իրական զգացում կա»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը հունիսին նախագահեց Ռուսաստանի Մոսկվա Ցցի համաժողովին, մինչ մյուս ցցերը հավաքվեցին Ռուսաստանի Սարատով և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում: Նա նաև հանդիպեց Լատվիայի, Էստոնիայի և Ուկրաինայի անդամների հետ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը հունիս ամսին Անգլիայում Բրիտանական խորհրդարանի անդամներին ասաց, որ կրոնական ազատությունը թույլ է տալիս եկեղեցիներին բարիք գործել աշխարհով մեկ: «Մենք ուզում ենք, որ այս երկրի բոլոր բնակիչները հետամուտ լինեն կրոնական ազատության օրհնություններին, սակայն ներկայումս դեռ հեռու ենք դրան հասնելուց»,- ասել է նա:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը սեպտեմբերին Անգլիայի Ուինդսոր ամրոցում կրոնական հալածանքների և հարկադիր արտագաղթի վերաբերյալ համաժողովի ընթացքում ասաց, որ սովորելու շատ բան կա վաղ շրջանի ՎՕՍ ռահվիրաների փորձառություններից, որը կարող է օգնել մեր օրերի փախստականներին դուրս գալ իրենց ներկայիս վիճակից: «Հնարավորության դեպքում մենք պետք է աջակցենք և հավերժացնենք փախստականների եզակի ինքնությունը և ընդգծենք նրանց անցյալի պատմությունները»,- ասել է նա:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Իսպանիայում, ներառյալ Կանարյան կղզիներում, և Պորտուգալիայում հրավիրեց անդամներին, միսիոներներին և ղեկավարներին խրախուսել ոչ ակտիվ անդամներին վերադառնալ լիարժեք ակտիվության Եկեղեցում:

Քանի որ Վիետնամը Եկեղեցուն լիիրավ և պաշտոնական ճանաչում շնորհեց հունիսին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքը և Երեց Գարի Ի. Սթիվենսոնը հանդիպեցին կառավարության պաշտոնյաների հետ և քննարկեցին Եկեղեցու պատմությունն ու զարգացումը: Նրանք նաև քննարկեցին, թե ինչպես է Եկեղեցին աջակցում սոցիալական ու բարեգործական ծրագրերին և օգնում աղքատներին ու անբարենպաստ պայմաններում գտնվողներին: Նրանք նաև նախագահեցին Գուամում, Միկրոնեզիայում և Ճապոնիայում տեղի ունեցած ժողովներին:

Հունիսին Ավստրալիայի Բրիսբան քաղաքն ու Քուք կղզիներն օրհնվեցին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի այցելությամբ: Երեց Անդերսենն այցելեց նաև Ռարոտոնգա կղզի և դարձավ առաջին Առաքյալը, ով երբևէ ոտք է դրել Մանգայա կղզու վրա:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդը հունիսին Կոլումբիայում, Պերույում, և Էկուադորում վերադասավորեց իր գրաֆիկը զանգվածային երկրաշարժից հետո ապաքինվողներին այցելելու համար: Նա Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի անունից սիրո ուղերձ հղեց և երկրաշարժից հյուծված անդամներին հավաստիացրեց, որ ոչ ոք չի մոռացել նրանց:

Օգոստոսին Գվատեմալայում Երեց Քվենթին Լ. Քուքը կայուն աճ նկատեց ընտանեկան պատմության հետազոտության ու տաճարային աշխատանքի մեջ և ասաց, որ դա ցույց է տալիս անդամների հավատքը:

Երբ հունիսին Տոնգայի թագավորն ու թագուհին հյուրընկալվեցին ԱՄՆ-ի Հավայան կղզիներում տեղի ունեցող Եկեղեցու պոլինեզիական մշակութային կենտրոնում, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Ջ. Ռենլանդը որպես ներածական մաս նշեց ընտանեկան կապերի կարևորության մասին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, և Երեց Մ. Ռասել Բալլարդը ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում այցելեցին ջրհեղեղից տուժածներին, մինչ Մորմոնական օգնող ձեռքեր ծրագրի կամավորներն օգոստոս և սեպտեմբեր ամիսներին օգնեցին կարգի բերել վնաս կրած տները: Երեց Բալլարդը նշեց, որ ավելի քան 11000 կամավորներ էին եկել 13 նահանգներից:

Իսկ սեպտեմբերին, երիտասարդ ամուրիների հոգևոր հավատքի համաշխարհային հեռարձակման ընթացքում, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Վաշինգտոն ԿՇ-ում, Երեց Քուքն ասաց, որ «Մենք չպետք է վախենանք, նույնիսկ երբ ապրում ենք վտանգավոր ու տագնապալի աշխարհում»: Նա երիտասարդ ամուրիներին խորհուրդ տվեց արդար նպատակներ սահմանել ու ծրագիր կազմել դրանք նվաճելու համար և չթերագնահատել իրենց սեփական տաղանդներն ու ունակությունները: Նա նաև հորդորեց նրանց գնահատել հասարակական կայքերից օգտվելու իրենց չափաբաժինը: «Շատ ենք լսում հասարակական կայքերը կիրառելիս հաստատուն լինելու մասին»,- ասաց նա, - սակայն «անկեղծորեն Քրիստոսանման լինելը նույնիսկ ավելի կարևոր նպատակ է, քան հաստատուն լինելը»:

Եկեղեցու այս ղեկավարների ծառայության մասին թարմ տեղեկություններ կարելի է տեսնել իրենց Ֆեյսբուքյան էջերում և prophets.lds.org կայքում: