2020
Սպասավորություն Եկեղեցու միջոցառումների միջոցով
Հուլիս 2020


«Սպասավորություն Եկեղեցու միջոցառումների միջոցով», Լիահոնա, հուլիս 2020

Նկար
սպասավորություն

Վրան տեղադրող երիտասարդ տղամարդիկանց լուսանկար` Բադ Քորկինի, Սեղան պատրաստող աղջկա լուսանկար` Շերի Փրայս Մաքֆարլանդի, ֆոնը` Getty Images-ից

Սպասավորության սկզբունքները, հուլիս 2020

Սպասավորություն Եկեղեցու միջոցառումների միջոցով

Խմբագրի նշումը. Այս համարի նյութը պատրաստվել է COVID-19 համավարակից առաջ։ Ստորև գտնվող առաջարկներից մի քանիսը չեն կարող կիրառվել սոցիալական հեռավորության պահպանման ընթացքում, բայց կիրառելի կդառնան, երբ վերսկսվեն Եկեղեցու ժողովներն ու միջոցառումները: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք հարմարեցնել առաջարկները համաձայն Եկեղեցու և պետական ընթացիկ ուղեցույցների։

Ուղիներից մեկը, որով մենք կարող ենք սպասավորել մեր ծխի ընկերակից անդամներին, հարևաններին և ընկերներին, Եկեղեցու միջոցառումների միջոցով է: Անկախ նրանից, դուք ծրագրում եք միջոցառում որևէ մեկի կարիքները կամ հետաքրքրությունները սպասավորելու համար, թե հրավիրում եք նրանց մասնակցել միջոցառումների կամ մյուսների համար ծառայության հնարավորություններ ընձեռելու ծխի, ցցի կամ նույնիսկ բազմաթիվ ցցերի մակարդակով, միջոցառումները կարող են ապահովել իմաստալի և զվարճալի ուղիներ` միաբանություն խթանելու և անդամներին ամրապնդելու համար:

Եկեղեցու միջոցառումները կարող են նաև դուռ բացել ծառայելու բազմաթիվ հնարավորությունների համար: Օրինակ, Եկեղեցու միջոցառումները կարող են հնարավորություններ ընձեռել մասնակցելու ծառայողական նախագծերին, որոնք օրհնում են մյուսներին և կառուցում դրական փոխհարաբերություններ հասարակության մեջ: Եկեղեցու միջոցառումները կարող են նաև հնարավորություն հանդիսանալ օգնության հասնելու Եկեղեցու անդամներին և այլ հավատքի պատկանող ընկերներին կամ ոչ մի կրոնի չպատկանող ընկերներին:

Եկեղեցու միջոցառումներին շատ մարդկանց ընդգրկումը հնարավորություն է ստեղծում Տիրոջ համար օրհնել և զորացնել մեր ծխերը և ճյուղերը, մեր շրջապատը և մեր հասարակությունը:

Դրական փոխհարաբերությունների ձևավորում

Ձմեռը մոտենում էր և Դեյվիդ Դիքսոնը գաղափար չուներ, թե իր տան տաքությունը ինչպես ապահովեր:

Դեյվիդը, նրա կինն ու երկու դուստրերը հենց նոր էին տեղափոխվել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆրեդոնիա գյուղաքաղաքը, որը շրջապատված էր բարձր անապատային բնապատկերով, վեհասքանչ կարմիր ժայռերով, օշինդրով և մշտադալար բույսերով:

Դիքսոնների վարձած տունը տաքացվում էր փայտ վառող վառարանով՝ որպես ջերմության հիմնական աղբյուր: Դեյվիդը արագ սովորեց, որ վառելափայտ հավաքելը անհրաժեշտ հմտություն էր, որովհետև Ֆրեդոնիայում ձմեռները ձնառատ էին և ամենուր սառույց էր:

«Ես չունեի վառելափայտ, սղոց և նույնիսկ չգիտեի, թե ինչպես օգտագործեմ այն»,- ասում է Դեյվիդը: «Ես չգիտեի, թե ինչ էի անելու»:

Ծխի մի քանի անդամներ հարցրին Դեյվիդին, թե նրա ընտանիքն ունե՞ր բավականաչափ փայտ ձմեռն անցկացնելու համար: «Երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ ես չունեի»,- ասում է Դեյվիդը: «Երեցների քվորումը շուտով առաջարկեց ինձ օգնել վառելափայտ հավաքելու գործում: Երախտագիտությամբ լցված՝ ես ընդունեցի նրանց առաջարկը:

Դեյվիդը շուտով պարզեց, որ այդ փայտահավաքի ուղևորությունը բազմաթիվ լավ կազմակերպված և լավ հաճախվող ծխի բնորոշ միջոցառումներից էր: Մի շաբաթ առավոտ Դեյվիդը, երեցների քվորումը և ծխի մյուս անդամները բեռնատարների և կցասայլերի մի քարավանով ճամփա ընկան դեպի լեռները:

«Մի կեսօրվա ընթացքում նրանց գործիքների և հմտության շնորհիվ ծխի անդամներն ապահովեցին իմ ընտանիքին վառելափայտի մի կույտով, որը բավարարեց մեզ երկու ձմեռ»,- ասում է Դեյվիդը: «Եվ ամենակարևորը, ես ուսուցանվեցի այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ինքնուրույն փայտ հավաքելու համար: Մինչև Ֆրեդոնիայից մեկնելը, ես իմացա, թե ինչպես գործածել սղոցը և օգնեցի ծխի վառելափայտ հավաքելու այնքան շատ միջոցառումների, որքան կարող էի հաշվել»:

Ծխի այդպիսի միջոցառումները կառուցում էին դրական փոխհարբերություններ ոչ միայն Եկեղեցու անդամների միջև, այլ նաև դրական փոխհարաբերություններ ստեղծում ամենքի հետ համայնքում:

Ես հիշում եմ մի կնոջ, ոչ Եկեղեցու անդամ, ով նորեկ էր տարածքում»,- ասում է Դեյվիդը: «Նա ստիպված էր վառել իր տան փայտյա միջնապատերը տաքանալու համար: Երբ իմացանք նրա վիճակի մասին, մենք հոգ տարանք, որ նա ունենար բավականաչափ վառելափայտ ձմեռն անցկացնելու համար: Նա այնքան շնորհակալ էր, որ չէր կարողանում խոսել»:

Սպասավորության ջանքերը Ֆրեդոնիայում ապահովում էին յուրաքանչյուրի անվտանգ և տաք ձմեռը:

Օգնության հասնել ուրիշներին

Ռումինիայում միսիա ծառայելու ընթացքում Մեգ Յոսթը և նրա զուգընկերը կանոնավոր այցելում էին մի ընտանիքի, ովքեր եկեղեցի չէին հաճախում երկար ժամանակ: Ստանիկաները Ռումինիայի Եկեղեցու ամենավաղ շրջանի անդամների թվում էին»,- ասում է Մեգը,- և մենք սիրում էինք նրանց»:

Երբ եկավ ճյուղի միջոցառում ծրագրելու և կազմակերպելու ժամանակը, ղեկավարները որոշեցին, որ ճյուղը պետք է «Ռահվիրաներին նվիրված երեկո» կազմակերպեր: Դա լինելու էր մի երեկո, երբ փառաբանելու էին քաջարի ռահվիրաներին, ովքեր կտրեցին անցան Միացյալ Նահանգները, որ հասնեն Սոլթ Լեյք Սիթի: Դա նաև հնարավորություն կլիներ պատվելու Ռումինիայի Եկեղեցու ռահվիրաներին:

Մենք կարծում էինք, որ դա հրաշալի միջոց կլիներ որոշ անդամների համար՝ վկայություն բերելու իրենց դարձի մասին, և թե ինչպես են տեսել Եկեղեցու աճը Ռումինիայում»,- ասում է Մեգը: Մենք անմիջապես մտածեցինք, որ Ստանիկաների ընտանիքը պետք է ներգրավվեր: Մենք հրավիրեցինք նրանց, և նրանք հուզվեցին:

Այդ երեկո միջոցառումը սկսելու ժամանակն էր, բայց Ստանիկաները դեռ չէին ժամանել:

Մենք անհանգստանում էինք, որ նրանք գուցե չգային»,- հիշում է Մեգը: «Բայց նրանք ճիշտ ժամանակին մտան դռնից: Ստանիկաները բերեցին գեղեցիկ վկայություն ավետարանի և Եկեղեցու վերաբերյալ: Նրանք նաև սկսեցին շփվել մյուս անդամների հետ, որոնց չէին տեսել երկար ժամանակ»:

Ճյուղի անդամները գրկաբաց ընդունեցին և ողջունեցին Ստանիկաներին: Հաջորդ կիրակի Մեգը հաճելիորեն զարմացավ` տեսնելով քույր Ստանիկային եկեղեցում:

«Երբ ես մի քանի ամիս անց այցելեցի ճյուղ, նա դեռ գալիս էր»,- ասում է Մեգը: «Կարծում եմ, ճյուղում իր վկայությունը բերելու և ներգրավված ու կարևոր զգալու հնարավորությունը իսկապես օգնեց նրան:

4 գաղափար Եկեղեցու միջոցառումների միջոցով սպասավորելու համար

  • Ծրագրեք միջոցառումներ, որոնք բավարարում են կարիքները. Միջոցառումները հիանալի ուղի են բազմազան կարիքները բավարարելու համար: Դրանք կարող են ծրագրվել՝ որևէ անհատի կամ խմբի հատուկ կարիքները բավարարելու համար: Դրանք պետք է նաև բավարարեն մասնակիցների կարիքները, լինի դա միմյանց ավելի լավ ճանաչելը, ավետարանի մասին ավելի շատ բան սովորելը, թե Հոգին զգալը:

  • Հրավիրեք բոլորին. Երբ դուք ծրագրում եք միջոցառումներ, հատուկ ջանք գործադրեք հրավիրելու նրանց, ովքեր օգուտ կքաղեն մասնակցելուց: Ձեր մտքում պահեք քիչ ակտիվ անդամներին, նոր անդամներին, երիտասարդներին, միայնակ չափահասներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց և այլ հավատքների մարդկանց: Հրավեր տարածեք, նրանց լավագույն հետաքրքրություններն ունենալով ձեր մտքում, և ասեք, որ շատ կցանկանայիք, որ նրանք գան:

  • Խրախուսեք մասնակցություն. Նրանք, ում հրավիրում եք, ավելի շատ բան կստանան միջոցառումից, եթե մասնակցելու հնարավորություն ունենան: Մասնակցություն խրախուսելու ուղիներից մեկն է՝ մղել մարդկանց իրենց պարգևները, հմտություններն ու տաղանդները օգտագործել միջոցառման ժամանակ:

  • Ողջունեք բոլորին. Եթե ձեր ընկերները մասնակցում են միջոցառմանը, արեք ամեն բան, ինչ կարող եք` նրանց զգալ տալով, որ իրենք ընդունված են: Նմանապես, եթե տեսնում եք մարդկանց, ում չեք ճանաչում, եղեք ընկերական և նրանց ևս ողջունեք: