2020
Տիրոջը երաշխավորված
Նոյեմբեր 2020


Տիրոջը երաշխավորված

«Տիրոջը երաշխավորված» դառնալու գործընթացը սկսեք այժմ, որ Նրա Հոգին առատորեն ձեզ հետ լինի։

Բարի լույս, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Որպես մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտ, ես անհամբեր սպասել եմ այս համաժողովի համաշխարհային վիրտուալ հավաքին։

Նկար
Դուրբանի տաճար (Հարավային Աֆրիկա)

Սա շատ անսովոր տարի էր։ Ինձ համար այն սկսվեց Առաջին Նախագահության հանձնարարությամբ՝ Տիրոջը նվիրագործել մի սուրբ տաճար Դուրբանում (Հարավային Աֆրիկա)։ Ես երբեք չեմ մոռանա շենքի վեհությունը։ Բայց դրանից առավել ես միշտ կգնահատեմ այն մարդկանց արժանապատվությունը, ովքեր այնքան լավ էին պատրաստվել՝ մուտք գործելու այդ սրբազան կառույցը։ Նրանք պատրաստված եկել էին՝ ճաշակելու Վերականգնման մեծագույն օրհնություններից մեկը՝ Տիրոջ տան նվիրագործումը։ Նրանք եկել էին Նրա և Նրա Քավության հանդեպ սիրով լի սրտերով։ Նրանք եկել էին մեր Երկնային Հոր հանդեպ երախտագիտությամբ լի սրտերով՝ սուրբ արարողությունները կատարելու համար, որոնք առաջնորդելու են նրանց դեպի վեհացում։ Նրանք արժանի էին այդ այցելությանը։

Նկար
Անդամները Դուրբանի (Հարավային Աֆրիկա) տաճարի մոտ

Տաճարները, որտեղ էլ լինեն, վեր են աշխարհի ուղիներից։ Վերջին Օրերի Սրբերի 168 տաճարներից յուրաքանչյուրը աշխարհում կանգնած են որպես հավերժական կյանքում ունեցած մեր հավատքի և ուրախության վկայություն, որը պիտի անցկացնենք մեր ընտանիքների և Երկնային Հոր հետ։ Տաճար այցելելով՝ մենք մեծացնում ենք մեր հասկացողությունը Աստվածագլխի և հավերժական ավետարանի վերաբերյալ, ճշմարտության համաձայն ապրելու և այն ուսուցանելու պարտավորությունը, և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակին հետևելու պատրաստակամությունը։

Նկար
Սրբություն Տիրոջը

Եկեղեցու յուրաքանչյուր տաճարի վրա գրված են հետևյալ բառերը՝ «Սրբություն Տիրոջը»։ Տաճարը Տիրոջ տունն է և ապաստան աշխարհից։ Նրա Հոգին պարուրում է նրանց, ովքեր երկրպագում են այդ սրբազան պատերի ներքո։ Նա սահմանում է չափանիշներ, որոնցով մենք մուտք ենք գործում որպես Նրա հյուրեր։

Նկար
Բլեյն Թվիթչել

Իմ աները՝ Բլեյն Թվիթչելը, լավագույն մարդկանցից մեկը, ում ես երբևէ ճանաչել եմ, ինձ հրաշալի դաս է ուսուցանել։ Ես և Քույր Ռասբանդը գնացինք նրան այցելության նրա մահկանացու ճամփորդության մայրամուտին։ Երբ մենք մտանք նրա սենյակ, նրա եպիսկոպոսը պատրաստվում էր դուրս գալ։ Երբ ողջունեցինք եպիսկոպոսին, ես մտածեցի․ «Ի՜նչ հրաշալի եպիսկոպոս է։ Ահա նա այստեղ է՝ սպասավորելով իր ծխի հավատարիմ անդամին»։

Ես ասացի Բլեյնին. «Ի՜նչ հաճելի էր տեսնել, որ եպիսկոպոսը եկել էր այցելության»։

Բլեյնը նայեց ինձ ու պատասխանեց. «Դա ավելին էր, քան այցելություն։ Ես խնդրել էի եպիսկոպոսին գալ, քանի որ ուզում էի տաճարային երաշխավորագրի հարցազրույց անցնել։ Ես ուզում եմ գնալ՝ Տիրոջը երաշխավորված»։ Եվ նա արեց դա։

Այդ արտահայտությունը՝ «Տիրոջը երաշխավորված», մնաց իմ հուշերում։ Դա միանգամայն նոր հեռանկար է տվել մեր Եկեղեցու ղեկավարների պարբերաբար անցկացվող հարցազրույցներին։ Տաճարային երաշխավորագիրն այնքան կարևոր է, որ Եկեղեցու վաղ շրջանից մինչև 1891 թվականը տաճարային յուրաքանչյուր երաշխավորագիր հաստատվում էր Եկեղեցու Նախագահի կողմից։ 1

Լինեք պատանի, թե չափահաս, ձեր տաճարային երաշխավորագրի հարցազրույցը ինչ-որ բաներ անելու կամ չանելու մասին չէ։ Երաշխավորագիրը ստուգաթերթիկ, անցաթերթիկ կամ հատուկ նստատեղերի տոմս չէ։ Այն ունի շատ ավելի վեհ ու սրբազան նպատակ։ Տաճարային երախավորագիր ստանալու պատվին արժանանալու համար դուք պետք է ներդաշնակ ապրեք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուսմունքների հետ։

Ձեր հարցազրույցի ընթացքում դուք հնարավորություն ունեք քննելու ձեր հոգին՝ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ ձեր անձնական հավատքի վերաբերյալ։ Դուք օրհնվում եք` արտահայտելով ձեր վկայությունը վերականգնված ավետարանի մասին, ձեր պատրաստակամությունը` աջակցելու նրանց, ում Տերը կանչել է Իր Եկեղեցին ղեկավարելու համար, արտահայտելով ձեր հավատքը ավետարանի վարդապետության հանդեպ, վկայելով ձեր ընտանեկան պարտականությունների կատարման, ազնվության, մաքրաբարոյության, հավատարմության, հնազանդության ձեր հատկությունների, Իմաստության Խոսքի, տասանորդի օրենքի և հանգստության օրը սրբությամբ պահելու մասին։ Դրանք Հիսուս Քրիստոսին և Նրա գործին նվիրված կյանքի հիմնարար սկզբունքներն են։

Ձեր տաճարային երաշխավորագիրը արտացոլում է խորը, հոգևոր միտում, որ դուք ձգտում եք ապրել Տիրոջ օրենքներով և սիրել այն, ինչ Նա է սիրում․ խոնարհություն, հեզություն, անսասանություն, գթություն, քաջություն, կարեկցանք, ներողամտություն և հնազանդություն։ Եվ դուք պարտավորվում եք ապրել այդ չափանիշներով, երբ ստորագրում եք այդ սուրբ փաստաթղթի տակ։

Ձեր տաճարային երաշխավորագիրը ձեր և ուրիշների համար բացում է երկնքի դարպասները՝ հավերժական նշանակություն ունեցող իրավունքներով և արարողություններով, ներառելով մկրտությունները, օժտումները, ամուսնությունները և կնքումները։

«Տիրոջը երաշխավորված» լինել՝ նշանակում է հիշել, թե ինչ է ակնկալվում ուխտեր պահող Վերջին Օրերի Սրբից։ Իմ աները՝ Բլեյնը, դա համարում էր անգնահատելի նախապատրաստություն այն օրվա համար, երբ նա խոնարհաբար կկանգներ Տիրոջ առջև։

Նկար
Վառվող թուփը

Խորհեք այն դեպքի մասին, երբ Մովսեսը բարձրացավ Քորեբ լեռը, և Տեր Եհովան նրան հայտնվեց այրվող թփի մեջ։ Աստված ասաց նրան․ «Կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է»։ 2

Տաճարի դռան մոտ մեր կոշիկները հանելով՝ մենք թողնում ենք աշխարհիկ ցանկություններն ու հաճույքները, որոնք շեղում են մեզ հոգևոր աճից, մի կողմ ենք դնում այն ամենը, ինչը շեղում է մեր ուշադրությունը թանկագին մահկանացության ընթացքում, հրաժարվում ենք վիճահարույց վարքագծից և ժամանակ տրամադրում սուրբ լինելու համար։

Մեր ֆիզիկական մարմինը Աստծո արարումն է աստվածային տեսքով, տաճար է մեր հոգու համար և պետք է ակնածանքով վերաբերվել դրան։ Որքա՜ն ճշմարիտ են Երեխաների միության երգի բառերը․ «Իմ մարմինը տաճար է, [որն] ունի ամենալավ հոգածության կարիք»։ 3 Երբ Տերը հայտնվեց Նեփիացիներին, Նա պատվիրեց․ «Սրբագործվեք՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը»։ 4 «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել». հարցրել է Տերը և ապա պատասխանել․ «Ճիշտ ինչպես ես եմ»։ 5 «Տիրոջը երաշխավորված» լինելու համար մենք ձգտնում ենք նմանվել Նրան։

Ես հիշում եմ Նախագահ Հովարդ Վ․ Հանթերի առաջին գերագույն համաժողովի ելույթը՝ որպես Եկեղեցու 14-րդ Նախագահ։ Նա ասաց․ «Իմ սրտի ամենանվիրական ցանկությունն է, որ Եկեղեցու ամեն մի անդամ արժանի լինի մտնելու տաճար։ Տիրոջը կգոհացներ, եթե յուրաքանչյուր չափահաս անդամ արժանի լիներ և կրեր ընթացիկ տաճարային երաշխավորագիր»։ 6 Ես կավելացնեմ, որ այդ ժամանակավոր երաշխավորագիրը հստակ ճանապարհ ցույց կտա մեր թանկագին պատանիներին։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն անդրադարձել է Նախագահ Հանթերի խոսքերին․ «Այդ օրը՝ 1994 թ․ հունիսի 6-ին, տաճարային երաշխավորագիրը, որը մենք կրում ենք, մեկ այլ իմաստ ստացավ ինձ համար։ Մինչ այդ այն ինձ համար ընդամենը մի թերթիկ էր, որը թույլ էր տալիս, որ մուտք գործեմ Տիրոջ սուրբ տունը։ Սակայն նրա այդ հայտարարությունից հետո այն ավելի մեծ իմաստ ստացավ ինձ համար։ Այն դարձավ Աստծո մարգարեին հնազանդ լինելու իմ գրավականը»։ 7

Նկար
Նավուի տաճարը

Եթե դուք դեռ չեք ստացել երաշխավորագիր կամ, եթե լրացել է ձեր երաշխավորագրի ժամկետը, հերթ կանգնեք եպիսկոպոսի դռան մոտ, ճիշտ ինչպես վաղ օրերի Սրբերը հերթ էին կանգնել Նավուի Տաճարի դռան մոտ 1846 թվականին։ 8 Իմ նախնիները եղել են այդ հավատարիմների շարքերում։ Նրանք ստիպված էին լքել իրենց գեղեցիկ քաղաքը և գնալ էին դեպի արևմուտք, բայց նրանք գիտեին, որ տաճարում իրենց սուրբ փորձառություններ էին սպասվում։ Սարա Ռիչը Այովայի դժվարանցանելի հովտում գրել է․ «Եթե չլիներ հավատը և գիտելիքը, որ մեզ տրվեց այդ տաճարում …, մեր ճանապարհը նման կլիներ… մթության մեջ թռիչք կատարելուն»։ 9 Դա այն է, ինչը մեզ պակասում է, երբ այս կյանքն անցնում ենք միայնակ՝ առանց տաճարում խոստացված ոգեշնչման և խաղաղության։

«Տիրոջը երաշխավորված» դառնալու գործընթացը սկսեք այժմ, որ Նրա Հոգին առատորեն ձեզ հետ լինի, և Նրա չափանիշները ձեզ «խղճմտանքի խաղաղություն» բերեն։ 10

Ձեր երիտասարդների ղեկավարները, երեցների քվորումի նախագահը, Սփոփող միության նախագահը և սպասավորող եղբայրներն ու քույրերը կօգնեն ձեզ նախապատրաստվել, իսկ ձեր եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը սիրով կառաջնորդեն ձեզ։

Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ տաճարները փակ են կամ սահմանափակումներով են գործում։ Նախագահ Նելսոնի և նրա կողքին ծառայողներիս համար տաճարները փակելու ոգեշնչված որոշումը «ցավոտ» և «անհանգստացնող» էր։ Նախագահ Նելսոնն ինքն իրեն հարց էր տվել․ «Ես ի՞նչ եմ ասելու Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Ես ի՞նչ եմ ասելու Բրիգամ Յանգին, Վիլֆորդ Վուդրոֆին և մյուս նախագահներին՝ մինչև նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը»։ 11

Այժմ մենք աստիճանաբար և երախտագիտությամբ վերաբացում ենք տաճարները կնքումների և օժտումների համար՝ սահմանափակ մասշտաբներով։

Տաճար այցելելու համար արժանի լինելը, ինչևէ, չի կասեցվել։ Թույլ տվեք շեշտել․ անկախ այն բանից՝ դուք տաճար մուտք գործելու հնարավորություն ունեք, թե ոչ, ձեզ հարկավոր է ունենալ ընթացիկ տաճարային երաշխավորագիր, որպեսզի ամուր մնաք ուխտի արահետի վրա։

Նկար
Խումբ Նոր Զելանդիայում

Անցած տարվա վերջին ես և Քույր Ռասբանդը հանձնարարությամբ այցելել էինք Նոր Զելանդիա և զրուցել երիտասարդ ամուրիների մի մեծ խմբի հետ։ Տաճար գնալը նրանց համար հեշտ բան չէր․ Համիլթոնում գտնվող տաճարը վերանորոգվում էր, և նրանք դեռ սպասում էին Օքլենդի տաճարի կառուցմանը։ Ինչևէ, ես ոգեշնչում զգացի խրախուսել նրանց վավերացնել կամ ստանալ տաճարային երաշխավորագրեր։

Չնայած նրանք չէին կարողանալու ներկայացնել դրանք տաճարում, նրանք կարող էին իրենց ներկայացնել Տիրոջ առաջ՝ մաքուր և պատրաստված ծառայելու Նրան։ Ընթացիկ տաճարային երաշխավորագրին արժանի լինելը և՛ պաշտպանություն է հակառակորդից, քանի որ դուք հստակ պարտավորություններ եք ստանձնել Տիրոջ առաջ՝ կապված ձեր կյանքի հետ, և՛ խոստում, որ Հոգին կլինի ձեզ հետ։

Մենք կատարում ենք տաճարային աշխատանք, երբ փնտրում ենք մեր նախնիներին և ներկայացնում նրանց անունները արարողությունների համար։ Մինչ մեր տաճարները փակ էին, մենք հնարավորություն ենք ունեցել փնտրելու մեր նախնիներին։ Մեր սրտում ունենալով Աստծո Հոգին՝ որպես փոխարինողներ, մենք կանգնում ենք նրանց համար «Տիրոջը երաշխավորված» լինելով։

Երբ ես ծառայում էի Տաճարային բաժնի գործադիր տնօրեն, լսել եմ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի անդրադարձը այս սուրբ գրությանը, որտեղ Տերը խոսում է Նավուի Տաճարի մասին․ «Թող իմ տաճարի աշխատանքը, և բոլոր գործերը, որոնք ես նշանակել եմ ձեզ, շարունակվեն և չդադարեն. և թող ձեր ջանասիրությունը, և ձեր հետևողականությունը, և համբերությունը, և ձեր աշխատանքները կրկնապատկվեն, և դուք ոչ մի դեպքում չեք կորցնի ձեր վարձքը, ասում է Զորաց Տերը»։ 12

Տաճարում կատարած մեր աշխատանքը կապված է մեր հավերժական պարգևի հետ։ Վերջին ժամանակներում մենք ենթարկվում ենք փորձության։ Տերը կանչել է մեզ աշխատել տաճարներում՝ հիշելով «ջանասիրությունը … հետևողականությունը և համբերությունը»։ 13 «Տիրոջը երաշխավորված» լինելը պահանջում է այդ որակները։ Մենք պետք է ջանասիրաբար ապրենք պատվիրաններով, հետևողականորեն մեր ուշադրության կենտրոնում պահենք մեր տաճարային ուխտերը, երախտապարտ լինենք այն ամենի համար, որ Տերը շարունակում է ուսուցանել մեզ դրանց մասին և համբերատար լինենք, մինչ սպասում ենք տաճարների լիարժեք վերաբացմանը։

Երբ Տերը կանչում է մեզ «կրկնապատկել» մեր ջանքերը, Նա խնդրում է, որ մենք ավելի արդարակյաց լինենք։ Օրինակ, մենք կարող ենք ավելի շատ ժամանակ տրամադրել սուրբ գրությունների ուսումնասիրությանը, մեր ընտանեկան պատմության աշխատանքին և հավատքով լի աղոթքներին, որպեսզի կարողանանք Տիրոջ տան հանդեպ մեր սիրով կիսվել նրանց հետ, ովքեր պատրաստվում են ստանալ տաճարային երաշխավորագիր՝ հատկապես մեր ընտանիքի անդամների հետ։

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալ, ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք կրկնապատկեք ձեր արդար ջանքերը, Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր նվիրվածությունը կնորոգվի, լիուլի կզգաք Սուրբ Հոգու առաջնորդությունը, դուք երախտապարտ կլինեք ձեր սուրբ ուխտերի համար, և խաղաղություն կզգաք, իմանալով, որ «Տիրոջը երաշխավորված» եք։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։