Սեմինարիա
Ալմա 37․ «Փոքր և հասարակ բաներով»


«Ալմա 37․ «Փոքր և հասարակ բաներով», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Ալմա 37», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Ալմա 37

«Փոքր և հասարակ բաներով»

Նկար
պատանին ուսումնասիրում է սուրբ գրությունները

Երբեմն մեր խնդիրներն այնքան մեծ ու բարդ են թվում, որ ենթադրում ենք, թե լուծումները նույնպես մեծ ու բարդ պետք է լինեն։ Սակայն Ալման իր որդի Հելամանին ուսուցանում էր, որ մեծ բաներ անելու համար Տերը հաճախ փոքր ու հասարակ բաներ է օգտագործում, օրինակ՝ սուրբ գրությունների միջոցով ցույց է տալիս «ճանապարհը, որով [մենք] պետք է գնանք» մեր կյանքում (Ալմա 37.40)։ Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ սուրբ գրություններում ուսումնասիրեք Նրա խոսքը։

Խրախուսեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը: Սուրբ գրությունների ամենօրյա անհատական ուսումնասիրությունը ուսանողներին մշտական հնարավորություն է տալիս՝ սովորելու ավետարանը, զարգացնելու վկայությունը և լսելու Տիրոջ ձայնը: Ժամանակ առ ժամանակ ուսանողները կարող են հուսահատվել կամ կորցնել կանոնավոր ուսումնասիրության շարժառիթը։ Տիրոջ խոսքերը վկայելու հնարավորություններ փնտրեք և ուսանողներին խրախուսեք ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները։

Ուսանողի նախապատրաստում․ խրախուսեք ուսանողներին սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն կատարելիս մտածել, թե այդ ուսումնասիրությունն ինչ օրհնություններ է բերում իրենց կյանք, հատկապես՝ ինչպես է օգնում իրենց գալ դեպի Քրիստոսը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փոքր և հասարակ բաների մեծությունը

Գրատախտակին գրեք փոքր և հասարակ բառերը։

  • Որո՞նք են այն փոքր ու հասարակ բաները, որոնք մեծ փոփոխություն են բերում իմ կյանք։

Նկար
երիտասարդ աղջիկը մարզվում է
Նկար
սմարթֆոն
Նկար
ատամի խոզանակ
Նկար
երիտասարդները ծառայում են՝ մաքրելով շենքի շրջակայքը

Կարող եք ցուցադրել, օրինակ, ատամի խոզանակի, կարճ հաղորդագրության, մարզանքի կամ պարզ ծառայության նկարներ կամ քննարկում ծավալել դրանց մասին։

Որպես այլընտրանք կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչ փոքր բաներ ունեն իրենց հետ, որոնք մեծ ազդեցություն ունեն իրենց կյանքում, օրինակ՝ ընտանեկան նկար, հեռախոս կամ դրամապանակ։ Առաջարկեք նրանց ցույց տալ իրենց մոտ ունեցածը և խոսել դրա մեծ ազդեցության մասին։

Ինչպես հիշատակվում է Ալմա 37 գլխում, Ալման Հելամանին մի կարևոր պատասխանատվություն վստահեց, որը Տերն օգտագործեց Աստծո զավակների վրա մեծ ազդեցություն ունենալու համար։ Կարդացեք Ալմա 37.1–2, 5–7 հատվածները և գտեք, թե ինչ էր դա, և ինչու էր դա կարևոր։

Եթե ցանկանում եք այդ հատվածների մասին տեսանյութ տեսնել, դիտեք «Ալմայի խորհուրդները որդիներին» տեսանյութի 3:15–5:05 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Պատմությանը հետևեք ձեր սուրբ գրքերում։

Ճշմարտություններից մեկը, որ կարող ենք սովորել Ալմա 37 գլխում, այն է, որ Տերն օգտագործում է սուրբ գրությունները՝ շատ մարդկանց փրկություն բերելու համար։

  • Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ է սուրբ գրությունների միջոցով օգնում մարդկանց ամրացնել հավատքն առ Հիսուս Քրիստոսը և գալ Նրա մոտ՝ փրկության համար։

Ուսումնասիրությունը շարունակելիս խորհեք այս հարցերի շուրջ․ «Սուրբ գրությունները ինչպե՞ս են օգնում բերել մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա փրկությանը»։ Ինչպե՞ս պետք է ուսումնասիրեմ՝ այդ մեծ օրհնությունները ստանալու համար։

Եթե զգում եք, որ սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով մեծ օրհնություններ չեք ստանում, փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որպեսզի իմանաք, թե ինչ պետք է հասկանաք կամ փոխեք։

Կարող եք ուսանողներին բաժանել խմբերի կամ զույգերի և նրանց հանձնարարել հետևյալ վարժություններից մեկը։ Ավարտելուն պես ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով։ Կախված ժամանակից և դասարանի կարիքներից՝ կարող եք երկու վարժությունն էլ դասարանով կատարել։

Վարժություն Ա․ Սուրբ գրությունների մեծ զորությունը

Նկար
Ալման ուսուցանում է որդուն

Ալման հիշեցնում էր Հելամանին, թե սուրբ գրություններն ինչ եղանակներով են մեծ ազդեցություն ունեցել նեփիացիների և լամանացիների վրա։ Կարդացեք Ալմա 37.8–10, 14 հատվածները և փնտրեք, թե սուրբ գրությունների միջոցով ինչ հիանալի օրհնություններ բերեց Տերը։ Կարող եք այդ օրհնությունները նշել կամ թվարկել ձեր օրագրում։

  • Այդ օրհնություններից որո՞նք էին առանձնահատուկ ձեզ համար։ Ինչո՞ւ։

Կարող եք ուսանողների նշած օրհնությունները գրել գրատախտակին։

Ալման ուսուցանում էր, որ սուրբ գրությունները «ընդլայնել են այս ժողովրդի հիշողությունը» (Ալմա 37.8)։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է այս օրհնությունը․

Սուրբ գրություններն ընդլայնում են մեր հիշողությունը՝ օգնելով մեզ միշտ հիշել Տիրոջը և մեր կապը Նրա ու Հոր հետ: Նրանք հիշեցնում են մեզ այն մասին, ինչը մենք գիտեինք մեր նախաերկրային կյանքում: Եվ դրանք ընդլայնում են մեր հիշողությունը նաև այլ իմաստով՝ սովորեցնելով մեզ դարաշրջանների, մարդկանց և իրադարձությունների մասին, որոնց հետ մենք չենք շփվել անձամբ: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010 թ., 33)

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթները ճաշակել սուրբ գրությունների ուսումնասիրության արդյունքում եկած այս օրհնություններից մեկը։

  • Ըստ ձեզ՝ սուրբ գրություններն ինչպե՞ս են մեզ «բերում Տիրոջ իմացությանը … և ցնծալու Հիսուս Քրիստոսով»: (Ալմա 37.9)

Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ կամ որևէ մեկի մասին տեսանյութով, որում ցուցադրվում է վերոգրյալը։ Տեսանյութերի օրինակներ են․ «Մտածելով Աստծո սիրո մասին․ Ինչ նշանակություն ունեն ինձ համար սուրբ գրությունները» տեսանյութի 2:36–3:27 հատվածը կամ «Շարունակական դարձ․ Ինչ նշանակություն ունեն ինձ համար սուրբ գրությունները»։ Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

Վարժություն Բ․ Լիահոնան և Քրիստոսի խոսքերը

Հելամանին լրացուցիչ խորհուրդներ տալուց հետո Ալման Քրիստոսի խոսքերը նմանեցրեց մի յուրահատուկ փոքր և հասարակ բանի՝ Լիահոնային, որն օգտագործում էին Լեքին և նրա ընտանիքը։ Մտածեք, թե ինչ գիտեք Լիահոնայի մասին։

Ցուցադրեք Լիահոնայի որևէ պատկեր, օրինակ՝ հաջորդ էջում պատկերվածի նման մի նկար։ Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ գիտեն Լիահոնայի մասին։

Նկար
Լեքին և նրա ընտանիքը նայում են Լիահոնային

Կարդացեք Ալմա 37.38–46 հատվածները և փնտրեք, թե ինչ փոքր ու հասարակ բաներ պետք է աներ Լեքիի ընտանիքը, որպեսզի Լիահոնան ուղղորդեր նրանց։

Մտածեք, թե Լիահոնայի մասին Ալմայի ուսմունքներն ինչպես են կիրառվում սուրբ գրությունների ուսումնասիրության համար՝ նկարագրելով հետևյալը․

  1. Սուրբ գրություններն ուսումնասիրել Աստծո հանդեպ հավատքով (տես Ալմա 37.40)։ Ինչո՞վ է սա տարբերվում այլ տեսակի ուսումնասիրություններից։

  2. Դառնալ «ալարկոտ» և մոռանալ «գործադրել … հավատքը և ջանասիրությունը» սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով (Ալմա 37.41

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել իրենց այն փորձառություններով, որոնք օգնել են նրանց տեսնել, թե Տերն ինչպես կարող է սուրբ գրությունները որպես «ուղեցույց» օգտագործել, որպեսզի դրանք «ցույց տան ճանապարհը, որով [մենք] պետք է գնանք» մեր կյանքում (Ալմա 37.38, 40

Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն

Մտածեք սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ձեր ներկայիս նպատակների, սովորությունների և փորձառությունների մասին։ Ձեր օրագրում գրանցեք, թե ինչ փոքր ուղղումներ պետք է կատարեք, որպեսզի հնարավորություն տաք Տիրոջը հիանալի եղանակներով օրհնել ձեզ։ Ահա մի քանի առաջարկ․

Ուսումնասիրեք սուրբ գրությունները և փնտրեք «Տիրոջ իմացությունը» կամ «ցնծալ Հիսուս Քրիստոսով» (Ալմա 37.9

  • Օրինակ՝ կարող եք փնտրել հղումներ, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսին, Նրա դերերին և Նրա առաքելությանը։ Այդ հղումները գտնելուց հետո կարող եք մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է նմանատիպ դերեր կատարում ձեր կյանքում։ Դրանք բացահայտելուց հետո կարող եք օրագրում կամ Gospel Library հավելվածում գրի առնել երախտագիտության արտահայտումները։

Ուսումնասիրելիս դրսևորեք հավատք առ Աստված (տես Ալմա 37.40

  • Օրինակ՝ կարող եք փնտրել եղանակներ, թե ինչպես կարող եք գործել ձեր ուսումնասիրածի հիման վրա և գալ դեպի Քրիստոսը։ Կարող եք պարբերաբար պատասխանել հետևյալ հարցին․ «Ինչպե՞ս կարող է իմ ուսումնասիրածը օգնել ինձ գալ դեպի Քրիստոսը՝ Նրա օրհնությունները ստանալու և Նրա օրինակին հետևելու համար»։ Ձեր պատասխանները կարող եք գրել օրագրում։

Որոշեք, թե ինչպես կարող եք խուսափել ուսումնասիրության ժամանակ «ալարկոտ» դառնալուց և չմոռանալ «գործադրել [ձեր] հավատքը և ջանասիրությունը» (Ալմա 37.41

  • Օրինակ՝ կարող եք ամեն օր ձեր սուրբ գրությունները կանոնավոր ուսումնասիրելու ժամ ընտրել։ Կարող եք նաև ձեր ընտանիքի անդամին կամ ընկերոջը խնդրել, որ պարբերաբար հետևի սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ջանքերին։ Եթե հնարավոր է, կարող եք հեռախոսի կամ այլ էլեկտրոնային սարքի օրացույցում ամեն օրվա հիշեցում տեղադրել։

Դասը եզրափակեք՝ կիսվելով, թե Տերն ինչ եղանակներով է սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով մեծ բաներ բերել ձեր կյանք։