Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 10. Մորմոնի Գիրքը․ 1 Նեփի–Մորոնի


«Գնահատեք ձեր գիտելիքները 10․ Մորմոնի Գիրքը․ 1 Նեփի–Մորոնի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Գնահատեք ձեր գիտելիքները 10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Գնահատեք ձեր գիտելիքները 10

Մորմոնի Գիրքը․ 1 Նեփի–Մորոնի

Նկար
մարդը կարդում է Մորմոնի Գիրքը

Հոգևոր գիտելիքիների մասին մտածելը և դրանք գնահատելը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկչին և ամրապնդել ձեր դարձը։ Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել, թե ինչ առաջընթաց և աճ եք ունեցել Մորմոնի Գրքի՝ այս տարի կատարած ուսումնասիրության ընթացքում:

Ուսանողներին առաջարկեք գրել իրենց մտքերն ու տպավորությունները: Հիշեցրեք ուսանողներին, որ Սուրբ Հոգին կարող է դասի ժամանակ ուսուցանել իրենց բաներ, որոնք բարձրաձայն չեն ասվում: Հոգևոր տպավորությունները գրի առնելիս՝ ուսանողները մեծացնում են Հոգով ճանաչելու և սովորելու իրենց կարողությունը: Դա հնարավորություն կտա Տիրոջը շարունակել առաջնորդել նրանց կյանքը:

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են խորհել Մորմոնի Գրքի իրենց ուսումնասիրության շուրջ և պատրաստվել՝ կիսվելու իրենց սովորած գաղափարով կամ ճշմարտությամբ, որն ավելացրել է իրենց սերն առ Հիսուս Քրիստոս:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան խորհելու, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել իրենց զարգացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս և ավելի շատ դարձի գալ դեպի Նա: Եթե օգտակար կլինի կենտրոնանալ որոշակի ճշմարտությունների վրա, որոնք ուսանողները ուսումնասիրել են Մորմոնի Գրքում, կարող եք հարմարեցնել վարժությունները՝ ներառելով այդ ճշմարտությունները: Ուսանողները կարող են կատարել վարժությունները ցանկացած հաջորդականությամբ:

Ի՞նչ եք զգում Մորմոնի Գրքի վերաբերյալ։

Դասի այս հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին մտածել, թե ինչպես է այս տարվա ընթացքում Մորմոնի Գրքի իրենց ուսումնասիրությունն ազդել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իրենց մտքերի և վկայության վրա: Օգտագործեք հետևյալ հարցերը՝ ձեր ուսանողների հետ քննարկում սկսելու համար:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ առաջարկել է մտածել երեք հարցերի մասին, որոնք կապված են Մորմոնի Գրքի հետ.

Կարող եք գրատախտակին ցուցադրել այդ երեք հարցերը նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերից։

Առաջինը՝ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց Մորմոնի Գրքի: Երկրորդը՝ դուք ի՞նչ չէիք իմանա։ Եվ երրորդը՝ դուք ի՞նչ չէիք ունենա։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց այս գրքի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2017 թ, 61)

Ուսանողներին առաջարկեք քննարկել երեք հարցերը նախագահ Նելսոնի խոսքերից: Կախված ձեր ուսանողների հմտություններից, կարող եք նրանց ժամանակ տալ՝ փոքր խմբերով քննարկելու այդ հարցերը, նախքան դա կանեք ամբողջ դասարանով: Երբ ուսանողները պատասխանում են, ուշադիր լսեք և լրացուցիչ հարցեր տվեք, որոնք կօգնեն նրանց ավելի հստակ և խորն արտահայտել իրենց մտքերը:

Ի՞նչ եք իմանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Հետևյալ բաժինը կարող է օգնել ուսանողներին բացատրել բազմաթիվ ուսմունքներ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է Մորմոնի Գրքի հիմնական դերերից մեկը.

Ինչ-որ զորավոր բան է կատարվում, երբ Աստծո որևէ զավակ ջանում է ավելին իմանալ Նրա և Նրա Սիրելի Որդու մասին: Ուրիշ ոչ մի տեղ այդ ճշմարտությունները չեն ուսուցանվում այդքան հստակ ու զորեղ, որքան Մորմոնի Գրքում: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց այս գրքի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր, 2017, 61)

Մի պահ մտածեք, թե ինչ եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, երբ այս տարվա ընթացքում ուսումնասիրել եք Մորմոնի Գիրքը: Դուք կարող եք վերանայել ձեր սուրբ գրությունները և ուսումնասիրել ձեր օրագրում գրված Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունները, որոնք դուք հավանաբար նշել եք կամ գրանցել եք տարվա ընթացքում: Ձեր օրագրում նշեք երեք կամ չորս ճշմարտություն, որոնք առավել նշանակալից էին ձեզ համար:

Իրենց օրագրերը կամ սուրբ գրությունները վերանայելուց հետո ուսանողները կարող են գրատախտակին գրել իրենց համար առավել նշանակալից ճշմարտությունները: Ուսանողները կարող են նաև մտքեր ներառել դասին նախապատրաստվելու իրենց հանձնարարությունից:

Ուսանողների հիշողությունը խթանելու կամ կարդալու դժվարություններ ունեցող ուսանողներին օգնելու համար կարող եք ցուցադրել որևէ տեսանյութ Մորմոնի Գրքի մասին, որը ներառված է «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում։

Սուրբ գրություններից գտեք առնվազն մեկ հատված, որը հաստատում է ձեր օրագրում թվարկած յուրաքանչյուր ճշմարտություն: Գրեք սուրբ գրության հղումը յուրաքանչյուր ճշմարտության կողքին և բացատրեք, թե ինչպես կարող եք օգտագործել սուրբ գրության հատվածն այդ ճշմարտությունն ուսուցանելու համար:

Ուսանողների հետ կարող եք կիսվել հետևյալ հատվածներով, որպեսզի օգնեք նրանց Մորմոնի Գրքից գտնել այնպիսի հատվածներ, որոնք ուսուցանում են ճշմարտություններ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Աչալուրջ և հետամուտ եղեք՝ օգնելու ուսանողներին, որոնք լրացուցիչ օգնության կարիք ունեն:

Ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրեք՝ կիսվելու դասի ժամանակ ընտրած Մորմոնի Գրքի ուսմունքներով: Ուսանողները կարող են կիսվել այդ ուսմունքներով ամբողջ դասարանի կամ փոքր խմբերի հետ:

Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն ազդել ձեր ապրելակերպի վրա:

Հետևյալ բաժինը կարող է օգնել ուսանողներին մտածել և արտահայտել, թե ինչպես են իրենք ձգտում ապրել Մորմոնի Գրքի վարդապետությամբ և ուսմունքներով:

Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–44) հետևյալ խոսքերը և փնտրեք, թե ինչ է նա ուսուցանել Մորմոնի Գրքի զորության մասին.

Նշում ուսանողները կարող են գտնել և կարդալ այդ խոսքերը Մորմոնի Գրքի նախաբանի վեցերորդ պարբերությունում:

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

© 1998 Դեյվիդ Լինդսլի

Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների։ (Մորմոնի Գրքի նախաբան, տես նաև Եկեղեցու պատմություն, 4․461)

«Ապրել այդ ցուցումներով» նշանակում է ապրել Մորմոնի Գրքում պարունակվող սկզբունքներով և ուսմունքներով: Մի պահ մտածեք, թե Մորմոնի Գրքից ձեր սովորածն ինչպես է ազդել ձեր մտքերի, վերաբերմունքի կամ գործողությունների վրա։

Ուսանողներին ժամանակ տրամադրեք իրենց օրագրերում պատասխանելու հետևյալ հարցին: Խրախուսեք նրանց լինել խոհուն և հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի կարողանան տեսնել, թե Մորմոնի Գրքի ուսմունքներն ինչպես են ազդել իրենց կյանքի վրա:

  • Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

  • Հատկապես ո՞ր ուսմունքներն եք դուք կարողացել կիրառել Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունից:

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել՝ Մորմոնի Գիրքը կանոնավոր կերպով ուսումնասիրելիս:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով։ Եթե ժամանակը թույլ տա, կիսվեք ձեր վկայությամբ Մորմոնի Գրքի և այն նշանակալից ուսմունքների մասին, որոնք ազդել են ձեր կյանքի վրա: