Սպասավորություն
Ինչպե՞ս կարող ենք ստեղծել եկեղեցում ներգրավելու մշակույթ։
սկզբունքները


Նկար
ministering

Սպասավորության սկզբունքները, հուլիս 2019

Ինչպե՞ս կարող ենք ստեղծել եկեղեցում ներգրավելու մշակույթ։

Երբ նայում ենք մեր ծխերի և ճյուղերի շուրջը, տեսնում ենք մարդկանց, ովքեր, կարծես, հեշտությամբ կարող են ներգրավվել Եկեղեցում։ Սակայն մենք չենք գիտակցում, որ հենց նրանց մեջ, ովքեր, թվում է, կարող են հեշտությամբ ներգրավվել, կան շատերը, ովքեր անտեսված են զգում իրենց։ Ուսումնասիրություններից մեկը, օրինակ, վերջերս պարզեց, որ Միացյալ Նահանգներում չափահասների գրեթե կեսն իրեն միայնակ, անտեսված կամ ուրիշների կողմից լքված է զգում։1

Ներգրավված զգալը կարևոր է։ Դա մարդկային հիմնարար կարիք է, և երբ մենք անտեսված ենք զգում, դա մեզ ցավ է պատճառում։ Անտեսված լինելը կարող է առաջ բերել տխրություն կամ բարկություն։2 Երբ մեզ ներգրավված չենք զգում, մենք հակված ենք փնտրելու մի վայր, որտեղ մենք ավելի հարմարավետ ենք զգում։ Մենք պետք է օգնենք յուրաքանչյուրին զգալ, որ նրանք ներգրավված են եկեղեցում։

Ներգրավել Փրկիչի նման

Փրկիչը ուրիշներին գնահատելու և ներգրավելու կատարյալ օրինակ է։ Երբ Նա ընտրեց Իր Առաքյալներին, Նա ուշադրություն չդարձրեց դիրքին, բարեկեցությանը կամ հարգի մասնագիտությանը։ Նա արժևորեց ջրհորի մոտ գտնվող սամարացի կնոջը, վկայելով նրան Իր աստվածայնության մասին, հաշվի չառնելով այն փաստը, թե ինչպես էին հրեաները վերաբերվում սամարացիներին (տես Հովհաննես 4)։ Նա նայում է սրտին և անաչառ է անձանց հանդեպ (տես Ա Թագավորաց 16․7, Վարդապետություն և Ուխտեր 38․16, 26

Փրկիչն ասել է․

«Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. Ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։

Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Հովհաննես 13․34-35

Ի՞նչ կարող ենք մենք անել

Երբեմն դժվար է ասելը՝ արդյո՞ք մարդն իրեն անտեսված է զգում։ Շատերը չեն խոսում այդ մասին, կամ առնվազն պարզ չեն արտահայտվում։ Սակայն, սիրող սրտով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ և տեղյակ լինելու ջանքերով մենք կարող ենք հասկանալ, երբ մեկն իրեն ներգրավված չզգա Եկեղեցու ժողովներում և միջոցառումներում։

Հնարավոր նշաններ, որ մարդն իրեն անտեսված է զգում․

  • Մարմնի փակ լեզու, ինչպես օրինակ՝ ամուր խաչաձևված ձեռքեր կամ ներքև ուղղված հայացք։

  • Նստում է սենյակի վերջում կամ մենակ է նստում։

  • Եկեղեցի չի հաճախում կամ անկանոն է հաճախում։

  • Ժողովներից կամ միջոցառումներից շուտ է հեռանում։

  • Չի մասնակցում զրույցներին կամ դասերին։

Սրանք կարող են լինել նաև այլ զգացողությունների նշաններ, ինչպիսիք են՝ ամաչկոտությունը, անհանգստությունը կամ անհարմար զգալը։ Անդամները կարող են անսովոր զգացողություններ ունենալ, երբ Եկեղեցու նոր անդամներ են, մեկ այլ երկրից կամ մշակույթից են, կամ վերջերս իրենց կյանքում ունեցել են անհաջող փոփոխություններ, ինչպես օրինակ՝ ամուսնալուծություն, ընտանիքի անդամի մահ կամ միսիայից վաղաժամ վերադարձ։

Անկախ պատճառից, մենք չպետք է հետաձգենք և պետք է սիրով օգնության հասնենք։ Մեր խոսքերը և արարքները կարող են այնպիսի զգացողություն առաջացնել, որ բոլորն էլ բարով են եկել և բոլորի կարիքն էլ զգացվում է։

Որոշ եղանակներ ներգրավող և ողջունող լինելու համար․

  • Եկեղեցում միշտ մի նստեք նույն մարդկանց կողքին։

  • Նայեք մարդկանց արտաքին տեսքից այն կողմ, որպեսզի տեսնեք իրական մարդուն։ (Այս թեմայի մասին ավելին իմանալու համար տես «Սպասավորել նշանակում է՝ տեսնել ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանց տեսնում է Փրկիչը», Լիահոնա, հունիս 2019, 8-11։)

  • Ներգրավեք ուրիշներին զրույցի մեջ։

  • Հրավիրեք ուրիշներին լինել ձեր կյանքի մի մասը։ Կարող եք ներգրավել նրանց միջոցառումներում, որոնք արդեն ծրագրել եք։

  • Գտեք ընդհանուր հետաքրքրություններ և կառուցեք դրանց վրա։

  • Մի խուսափեք ընկերությունից լոկ այն պատճառով, որ մարդը չի համապատասխանում ձեր սպասելիքներին։

  • Երբ ինչ-որ առանձնահատուկ բան եք նկատում մարդու մեջ, հետաքրքրվեք դրանով, այլ ոչ թե անտեսեք այն։

  • Արտահայտեք ձեր սերը և անկեղծ հաճոյախոսություններ արեք։

  • Ժամանակ տրամադրեք և մտածեք, թե իրականում ինչ է նշանակում, երբ մենք ասում ենք, որ Եկեղեցին բոլորի համար է՝ անկախ նրանց տարբերություններից։ Ինչպե՞ս կարող ենք դա իրականություն դարձնել։

Միշտ չէ, որ հեշտ է հարմարավետ զգալ մեզանից տարբերվող մարդկանց շրջապատում։ Սակայն փորձառության միջոցով մենք կարող ենք արժևորել տարբերությունները և երախտապարտ լինենք առանձնահատուկ ներդրումների համար, որ բերում է իր հետ յուրաքանչյուր ոք։ Ինչպես ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը, մեր տարբերությունները կարող են օգնել մեզ դառնալ ավելի լավ, ավելի երջանիկ մարդիկ․ «Եկե՛ք, օգնեք մեզ ապաքինման, բարության և ողորմության մշակույթը ամրացնել և զորացնել Աստծո բոլոր զավակների համար»։3

Օրհնվել ներգրավված լինելու միջոցով

Քրիսթլ Ֆիչթերը տեղափոխվեց մեկ այլ երկիր, երբ պատերազմն ավերեց նրա հայրենիքը։ Նա լավ չէր խոսում նոր լեզվով և չէր ճանաչում իր նոր հարևաններից որևէ մեկին, ուստի, սկզբում իրեն մեկուսացված և միայնակ էր զգում։

Որպես Եկեղեցու անդամ, նա հավաքեց իր ուժերը և սկսեց հաճախել իր նոր ծուխը։ Նա մտահոգվում էր, որ արտասանության հետ ունեցած խնդիրների պատճառով մարդիկ չեն ցանկանա խոսել իր հետ, կամ կքննադատեն իրեն ամուսնացած չլինելու համար։

Սակայն նա հանդիպեց մարդկանց, ովքեր նայեցին տարբերություններից այն կողմ և ողջունեցին նրան իրենց ընկերական շրջապատում։ Նրանք սիրով օգնության հասան, և նա շուտով ներգրավվեց՝ օգնելով ուսուցանել Երեխաների Միության դասը։ Երեխաները ընդունելու մեծ օրինակներ էին, և սիրված ու անհրաժեշտ լինելու զգացողությունն ամրացրեց նրա հավատքը և օգնեց կրկին բոցավառել Տիրոջ հանդեպ նրա մշտնջենական նվիրվածությունը։

Հղումներ

  1. Alexa Lardieri, “Study: Many Americans Report Feeling Lonely, Younger Generations More So,” U.S. News, May 1, 2018, usnews.com.

  2. Carly K. Peterson, Laura C. Gravens, and Eddie Harmon-Jones, “Asymmetric Frontal Cortical Activity and Negative Affective Responses to Ostracism,” Social Cognitive and Affective Neuroscience, vol. 6, no. 3 (June 2011), 277–85.

  3. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հավատացեք, սիրեք, գործեք», Լիահոնա, նոյեմբեր 2018, 49։