Երիտասարդներին զորացնելու համար
Երիտասարդներին զորացնելու համար. Փրկչի ուղերձը ձեզ
Մարտ 2024


«Երիտասարդներին զորացնելու համար. Փրկչի ուղերձը ձեզ», Երիտասարդներին զորացնելու համար, Մարտ 2024։

Դեպի Նրա զորությունը տանող ուղեցույց

Երիտասարդներին զորացնելու համար. Փրկչի ուղերձը ձեզ

Այս ուղեցույցն օգնում է ձեզ կապել ձեր ընտրությունները Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության հետ։

Նկար
Հիսուս Քրիստոս

Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ, Ջ. Քըրք Ռիչարդս

Պատկերացրեք, որ ապրում եք հին Գալիլեայում՝ սրանից 2000 տարի առաջ։ Դուք և ձեր ընկերները հրավիրվել եք երիտասարդների հոգևոր հավաքի ձեր տեղական աղոթատանը, որտեղ ելույթ է ունենում հատուկ հյուրը՝ Հիսուս Նազովրեցին։ Եվ Իր ելույթի որոշակի պահի Հիսուսը հրավիրում է երիտասարդ ունկնդիրներին հարցեր տալ իրեն։

Ձեր կարծիքով, ի՞նչ հարցեր կհնչեն։

Ենթադրում եմ, որ որոշ հարցեր կարտացոլեն ժամանակի մշակույթն ու հանգամանքները։ Բայց ես իսկապես հավատում եմ, որ դրանցից շատերը նման կլինեն այսօր մեր ունեցած հարցերին։

Օրինակ, Նոր Կտակարանում մարդիկ Փրկչին տալիս էին նման հարցեր.

  • Ի՞նչ պետք է անեմ հավերժական կյանքը ժառանգելու համար։1

  • Արդյո՞ք ես ընդունված եմ։ Արդյո՞ք ես պատկանում եմ։2

  • Եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան։3

  • Ի՞նչ է տեղի ունենալու այս աշխարհի հետ ապագայում։ Արդյո՞ք ես ապահով կլինեմ։4

  • Կարո՞ղ եք բժշկել իմ սիրելի մարդուն։5

  • Ի՞նչ է ճշմարտությունը։6

  • Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյո՞ք գնում եմ ճիշտ ճանապարհով։7

Մի՞թե մենք բոլորս ժամանակ առ ժամանակ նույն բանը չենք մտածում։ Դարերի ընթացքում հարցերը շատ չեն փոխվել։ Եվ ոչ էլ Փրկչի կարեկցանքն է փոխվել նրանց հանդեպ, ովքեր դիմում են իրեն։ Նա գիտի, թե որքան մտահոգիչ և շփոթեցնող կարող է լինել կյանքը։ Նա գիտի, թե որքան հեշտ է կորցնել մեր ճանապարհը։ Նա գիտի, որ մենք երբեմն անհանգստանում ենք ապագայի համար։ Եվ Նա ասում է ինձ և ձեզ, ինչպես վաղուց ասել է Իր հետևորդներին․

  • «Ձեր սրտերը թող չխռովվեն»։8

  • «Ես եմ ճանապարհը [և] ճշմարտությունը»։9

  • «Ի՛նձ հետևիր»։10

Երբ դուք կարևոր ընտրություններ ունեք կատարելու, Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը լավագույն ընտրությունն են: Երբ հարցեր ունեք, Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը լավագույն պատասխանն են:

Ահա թե ինչու եմ ես սիրում Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց-ը։ Այն ուղղում է մեզ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի մենք կարողանանք ստանալ Նրա զորությունը։ Ես միշտ մի օրինակ պահում եմ գրպանումս։ Երբ ես հանդիպում եմ մարդկանց ամբողջ աշխարհում, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչու մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, անում ենք այն, ինչ անում ենք, ես նրանց հետ կիսվում եմ այս ուղեցույցով։

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն ուսուցանում է հավերժական ճշմարտություններ Փրկչի և Նրա ճանապարհի մասին։ Այն հրավիրում է ձեզ ընտրություն կատարել՝ հիմնվելով այդ ճշմարտությունների վրա։ Եվ այն կիսվում է խոստացված օրհնություններով, որ Նա տալիս է նրանց, ովքեր հետևում են Իրեն։ Խնդրում ենք կարդալ, խորհել և տարածել այս ուղեցույցը։

Հրավիրեք Նրան

Հիսուս Քրիստոսը ցանկանում է լինել ձեր կյանքի մի մասը՝ մշտական, ամենօրյա ներկայություն՝ լավ և վատ ժամանակներում։ Նա պարզապես կանգնած չէ ճանապարհի վերջում՝ սպասելով, որ դուք հասնեք Նրան։ Նա ձեզ հետ է ճանապարհի ամեն քայլին։ Նա է Ճանապարհը։

Բայց Նա չի պարտադրի Իր ճանապարհի առկայությունը ձեր կյանքում։ Դուք եք հրավիրում Նրան ձեր ընտրությունների միջոցով։ Ահա թե ինչու ընտրություններ կատարելու ուղեցույցը, ինչպիսին Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն է, շատ արժեքավոր է։ Ամեն անգամ, երբ դուք արդար ընտրություն եք կատարում, հիմնված Փրկչի հավերժական ճշմարտությունների վրա, դուք ցույց եք տալիս, որ ցանկանում եք Նրա ներկայությունը ձեր կյանքում։ Այդ ընտրությունները բացում են երկնքի դռները, և Նրա ուժը հորդում է ձեր կյանք։11

Ամուր կապ հաստատեք

Դուք թերևս հիշում եք, որ Փրկիչը համեմատեց նրանց, ովքեր լսում և կատարում են Իր խոսքերը, իմաստուն մարդու հետ, որն «իր տունը կառուցեց ժայռի վրա»։ Նա բացատրել է.

«Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված»։12

Փոթորկի ժամանակ տան ապահովության պատճառը տան ամրությունը չէ։ Դրա ապահովության պատճառը նաև պարզապես ժայռի ամրությունը չէ։ Տունը դիմանում է փոթորկին, քանի որ այն անքակտելիորեն հաստատված է այդ ամուր ժայռի վրա։ Կարևորն այստեղ ժայռի հետ ամուր կապն է։

Նմանապես, երբ մենք կառուցում ենք մեր կյանքը, կարևոր է լավ ընտրություններ կատարելը։ Եվ կարևոր է հասկանալ Փրկչի հավերժական ճշմարտությունը։ Սակայն կյանքի փոթորիկներին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ ուժը գալիս է, երբ մենք մեր ընտրությունները կապում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության հետ։ Այս հարցում մեզ օգնում է Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը։

Օրինակ՝ ձեր ընկերները կարող են իմանալ, որ դուք փորձում եք վիրավորական կամ անարգալից արտահայտություններ չօգտագործել։ Նրանք կարող են տեսնել, թե ինչպես եք շփվում դպրոցի այն երեխայի հետ, ում շատերն ուղղակի անտեսում են կամ նույնիսկ ծաղրում։ Բայց գիտե՞ն նրանք արդյոք, որ դուք կատարում եք այս ընտրությունները, քանի որ Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ «բոլոր մարդիկ ձեր եղբայրներն ու քույրերն են, ներառյալ … մարդիկ, որոնք տարբերվում են ձեզանից»։13

Ձեր ընկերները կարող են իմանալ, որ դուք եկեղեցի եք գնում ամեն կիրակի։ Նրանք կարող են նկատել, որ դուք անջատում եք որոշակի երգ կամ մերժում եք որոշակի ֆիլմ դիտելու հրավերը։ Բայց գիտե՞ն արդյոք նրանք, որ դուք կատարում եք այս ընտրությունները, քանի որ «ուրախ ուխտի հարաբերությունների մեջ եք մտնում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ», և որ որպես Փրկչին հետևելու այդ պարտավորության մաս՝ դուք երախտապարտ եք «Սուրբ Հոգին որպես ձեր մշտական ուղեկից ունենալու» համար։14

Մարդիկ կարող են իմանալ, որ դուք չեք խմում կամ ծխում կամ այլ վնասակար դեղամիջոցներ չեք օգտագործում։ Բայց գիտե՞ն նրանք արդյոք, որ դուք կատարում եք այս ընտրությունները, քանի որ Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ «ձեր մարմինը սուրբ է», «զարմանալի նվեր է ձեր Երկնային Հորից»՝ ստեղծված Նրա պատկերով։15

Ձեր ընկերները կարող են իմանալ, որ դուք չեք խաբում կամ ստում, և որ լուրջ եք վերաբերվում կրթությանը։ Բայց արդյոք նրանք գիտե՞ն, որ դա այն պատճառով է, որ Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ «ճշմարտությունը կազատի ձեզ»։16

Ամենակարևորը, արդյոք ձեր ընկերները գիտե՞ն, որ դուք կատարում եք այս երբեմն ոչ հանրաճանաչ ընտրությունները՝ Քրիստոսի չափանիշներին հավատարիմ մնալու համար, քանի որ գիտեք, որ «Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է»։17

Նա ձեր ուժն է

Ես վստահաբար վկայում եմ ձեզ, որ Հիսուս Քրիստոսն է Ճանապարհը դեպի պայծառ ու փառավոր ապագան՝ ձեր ապագան։ Եվ Նա նաև Ճանապարհն է դեպի պայծառ ու փառավոր ներկան։ Քայլեք Նրա ճանապարհով, և Նա կքայլի ձեզ հետ։ Դուք կարող եք դա անել:

Իմ թանկագին երիտասարդ ընկերներ, Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է։ Շարունակեք քայլել Նրա հետ, և Նա կօգնի ձեզ սավառնել «արծիվների պես թևերով»18 դեպի հավերժական ուրախությունը, որը Նա պատրաստել է ձեզ համար։