2008
Իսկ ո՞վ է իմ հարևանը
Մայիս 2008


Իսկ ո՞վ է իմ հարևանը

Մենք շնորհակալություն ենք հայտնում բազմաթիվ անձանց … ովքեր այսօրվա բարի Սամարացիներն են:

Նկար
Bishop H. David Burton

Բարի երեկո: Այսօր սուրբ գրքերի այս հատվածները` «որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք», (Մատթեոս ԻԵ.40) և «բոլոր բաներում հիշեք աղքատներին ու կարիքավորներին», (ՎևՈւ 52.40) հատուկ իմաստ են ձեռք բերում, երբ մենք վերանայում ենք անցյալ տարվա ընթացքում մարդասիրական ջանքերի հիմնական փաստերը:

Վերջերս Եկեղեցու Բարօրության Գլխավոր Հանձնաժողովին ամփոփագիր տրվեց: Հանձնաժողովի Նախագահն այդ ժամանակ՝ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, իր խորը երախտագիտությունն արտահայտեց անդամների և ոչ մեր հավատքի մարդկանց առատաձեռնության համար, ովքեր հնարավոր էին դարձրել այս օգնությունը: Բարօրության Գլխավոր Հանձնաժողովի կողմից մենք շնորհակալություն ենք հայտնում բազմաթիվ անձանց, ընտանիքների, քվորումների, Սփոփող Միությանը և Երիտասարդ Կանանց խմբերին, ովքեր այսօրվա բարի Սամարացիներն են:

Եկեղեցին 2007 թվականին արձագանքել է մեծ երկրաշարժերի 5 երկրներում, համատարած հրդեհների 6 երկրներում, քաղցի ու սովի 18 երկրներում և ջրհեղեղների և ուժեղ փոթորիկների 34 երկրներում: Ընդհանուր առմամբ Եկեղեցին և նրա անդամները արձագանքել են 170 մեծ պատահարների, ողջ տարվա ընթացքում ամեն երկու օրը մեկ՝ մոտավորապես մեկ դեպքի: Սա ծառայելու բազմաթիվ հնարավորություններով զբաղված տարի էր:

Բացի բնական աղետներին արձագանքելուց, տարվա ընթացքում հազարավոր առողջապահական նախաձեռնություններ են ձեռնարկվել: Ավելի քան 1 միլիոն մարդ օգտվել է 25 երկրներում Եկեղեցու կողմից ֆինանսավորվող մաքուր ջրի ծրագրերից: Ավելի քան 60 500 մարդ ստացել է անվասայլակներ` 60 երկրներում: Այս տարվա սկզբին Քույր Բըրթընը և ես Հարավային Ամերիկայի Հյուսիսային Տարածքի Նախագահության հետ մասնակցեցինք Կոլումբիայի Առաջին Տիկնոջ հետ անվասայլակներ բաժանելու միջոցառմանը: Հեշտությամբ արցունքներ հայտնվեցին, երբ ստացողները և նրանց խնամակալներն արտահայտեցին իրենց երախտագիտությունը: Այժմ 11 երկրներում ավելի քան 54000 անձինք ունեն բարելավված տեսողություն: Ավելի քան 16500 առողջապահության մասնագետներ 23 երկրներում նորածին մանուկների վերակենդանացման ուսուցում են անցել. նրանք իրենց հերթին կուսուցանեն շատ ուրիշների: Կարմրուկի վերացմանն ուղղված ձեռնարկումներում 2.8 միլիոն երեխա և երիտասարդ պատվաստումներ են ստացել: Այս օգնության միավորված ջանքերն ուղղակի ազդեցություն ունեցան մոտ 4 միլիոն մարդու վրա 85 երկրներում:

Օգոստոսին 8.0 բալանոց մի ուժեղ երկրաշարժ Պերույի հարավային մասում 520 մարդու կյանք խլեց և ավերեց ավելի քան 58,000 տուն: Սիրո և մտահոգության մի սքանչելի դրսևորմամբ Պերուի Լիմայի 29 ցցերից յուրաքանչյուրը տուժված շրջանի ծխի տարածքներում կարևոր օգնություն ցույց տվեց:

Միսիոներների հրաշալի օգնությամբ ընթացքի մեջ է մի ծրագիր՝ օգնելու մարդկանց վերակառուցել իրենց տները և կյանքը և վերականգնել մի քանի դպրոցներ: Արդյունքում, աշխատանքի մեծ մասը կատարելով անհատների, ընկերների և ընտանիքի հետ, կկառուցվեն 400 տներ: Երեց և Քույր Ալան Լեյթոնները կղեկավարեն կառավարումը, համակարգումն ու ուսուցումը:

Տարվա վերջում, չոր եղանակի և ուժեղ քամիների պատճառով, հրդեհներ բռնկվեցին հարավային Կալիֆորնիայում, որի պատճառով իրենց տներից դուրս մղվեցին ավելի քան մեկ միլիոն մարդ: Ավերվեցին առնվազն 1500 տներ: Եկեղեցին արձագանքեց՝ ապահովելով մաքրող պարագաների պայուսակներ, վերմակներ, հիգիենիկ պարագաների պայուսակներ և ուտելիք: Ավելի քան 5000 «Մորմոնական Օգնող Ձեռքեր» միսիոներների հետ միասին մաքրեցին, ուտելիք պատրաստեցին, հանգստացրեցին և հոգ տարան տուժվածների համար:

Մի շնորհակալական երկտող ասում էր. «Խնդրում ենք մեծ շնորհակալություն հայտնեք բոլոր Վերջին Օրերի Սրբերին, ովքեր այնքան տքնաջան աշխատեցին մեր շրջակայքում: Մորմոններն անընդհատ այստեղ էին՝ իրենց հետ բերելով ճաշեր, գրկախառնություններ, աղոթքներ, և օգնելով վերանորոգել և մաքրել մեր ունեցվածքը: Նրանք… . բարձրացնում էին իմ համայնքի ոգին, բժշկում սրտեր, և վերանորոգում տներ Սան Դիեգոյի լեռներում»:1

Վերհիշելով այդ փորձառության մասին, մի ցցի նախագահ ասաց. «Մեր ծրագրերից մեկը տեղի Մկրտական եկեղեցու շրջակայքը մաքրելուն օգնելն էր … . Մենք նշանակեցինք 25 երիտասարդների… . Մկրտականներն ասացին, որ նրանք կպատրաստեն շատ փքաբլիթներ և սուրճ մեզ համար: Մենք ասացինք, որ սուրճը հնարավոր է մնա և փչանա, բայց մեր երիտասարդները կարող են ուտել այնքան փքաբլիթներ, որքան կարող եք ապահովել»:2

Հորդառատ անձրևները ջրհեղեղներ առաջացրեցին Միացյալ Նահանգների միջին արևմուտքում` Օրեգոնում և Վաշինգտոնում: Կամավորները եպիսկոպոսի պահեստից ապրանքներ բերեցին կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար:

Երբ Եկեղեցու ներկայացուցիչները Ֆինդլեյում՝ Օհայո, նվիրատվություն կատարեցին տեղի Կարմիր Խաչի բաժանմունքին, մի անցորդ նրանց նկարեց «Մորմոնական Օգնող Ձեռքեր» իրենց դեղին վերնաշապիկներով: Նա ներս մտավ և իր հեռախոս-լուսանկարչական ապարատը բարձր բռնած ցույց տվեց չորս «Օգնող Ձեռքերին» և բացականչեց. «Նրանք փրկել են իմ տունը»:3 Հետո նա գրկեց ներկաներից յուրաքանչյուրին:

Ուտելիքի առաքում կատարվեց տեղական մի մթերային պահեստ: Երբ այն տեղ հասավ, տնօրենի դեմքին ապշած արտահայտություն հայտնվեց և նա ասաց. «Ինչպե՞ս իմացաք: Հենց նոր ես տվեցի իմ վերջին կտոր հացը և պատրաստվում էի փակել դռները: Դուք ինչպե՞ս իմացաք»:

Աշխատելով Համաշխարհային Առողջապահական կազմակերպության հետ, ամեն տարի գրեթե մեկ միլիոն երեխաների կյանք խլող կարմրուկը վերացնելու համար, ավելի քան 54000 Եկեղեցու անդամներ կամավոր օգնեցին կազմակերպել այդ գործը: Մի Եկեղեցու անդամ Նիգերիայից գրել է. «Ես կոչեցի մեր աշխատանքը «անմեղների փրկություն»: Մենք գնում էինք մի տնից մյուսը և մի գյուղական դահլիճից մյուսը: Մի կին պատմեց, որ կարմրուկից նա կորցրել էր երեք երեխա: Նա պատմեց իր պատմությունը այնպիսի գթասրտությամբ և ոգևորությամբ, որ այդ տանը ոչ մի չոր աչք չմնաց, ներառյալ իմը»: Մեր կամավորը նշեց. «Բաները, որ անում ես քեզ համար, անցնում են քո գնալու հետ, բայց բաները, որ անում ես ուրիշների համար, մնում են որպես քո ժառանգություն»:4

Շարունակվում են նաև մեր ջանքերը՝ օգնելու ցունամիից տուժված Ինդոնեզիայի և հարավային Ասիայի երկրներին: Ֆինանսավորում է ապահովվել՝ օգնելու կառուցել 902 տուն, 3 համայնքային կենտրոն, 24 գյուղական ջրի համակարգ, 15 դպրոց և 3 բժշկական կենտրոն: Համայնքի մի ղեկավար ասաց. «Համայնքի անդամները երջանիկ են զգում և օրհնված՝ համայնքի կենտրոն ունենալու համար… . Այն մի վայր է [որտեղ] մենք կարող ենք աղոթել… . սովորեցնել երեխաներին… . Շնորհակալություն [Եկեղեցուն], որ կառուցեց այս կենտրոնը մեր ժողովրդի համար: Մենք կաղոթենք Աստծուն, որ օրհնություններ տա [Եկեղեցուն] և հաջողություն ապագայում: Շնորհակալություն ձեզ»:5

Եթովպիայում համայնքներին օգնություն է ցույց տրվել՝ խմելու մաքուր ջուր ունենալ: Եկեղեցին ջրհորներ փորեց և կառուցեց պահեստավորող ջրամբարներ յուրաքանչյուր գյուղի համար: Համայնքները կազմակերպեցին ջրամատակարարման հանձնաժողով և փորեցին առվափոսեր ջուրը ջրամբարներից դեպի յուրաքանչյուր գյուղ մղելու համար: Որոշ դեպքերում դա 5 կմ հեռավորության վրա էր:

Մի քանի համայնքներ մաքառում էին առվափոսեր պատրաստելու իրենց պարտականությունները կատարելու համար: Հողը կարծր էր, չոր և կավոտ, անչափ դժվարացնելով փորելը: Մի համայնքում 1500 աշակերտներ ունեցող դպրոցում նորմալ դպրոցական միջոցառումները հետաձգվեցին որոշ ժամանակով և բոլորը մասնակցեցին առվափոսերի մնացած հատվածի փորելուն: Երբ նրանք աշխատում էին, համայնքի այլ անդամներ միացան նրանց: Մի պահ եղավ, երբ մարդկանց ավելի քան մեկ մղոն երկարությամբ մի շարան փորում էր:

Շնորհակալություն ձեր կարեկցանքի, ձեր բարության և ձեր առատաձեռնության համար: Թող որ մենք առաջ գնանք թեթևացնելով հարևանների բեռը՝ խրախուսելով և օգնելով ոտնահարվածներին, բացելով մեր դրամապանակները օգնելու աղքատներին և մեկնելու մեր օգնող ձեռքը: Ես բերում եմ իմ վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի աստվածայնության և Նրա ավետարանի մասին և աղոթում, որ մենք կարողանանք շարունակել վայելել ճշմարիտ հետևորդ լինելու օրհնությունները, երբ մենք անաղմուկ օգնության ենք հասնում ուրիշներին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Լաուրա Ռիջ-Քոսբի՝ Կալիֆորնիայի Սան Դիեգոյի Բարօրության Ծառայություններին կամավոր ներկայացված քարտից:

  2. Գարի Սաբին՝ Կալիֆորնիայի Փովեյ ցցի նախագահ, էլ-փոստով ստացված նամակ Գարի Ֆլեյքին:

  3. Ինչպես պատմել է Վինսենթ Ջոնսը՝ Օհայոյի Տոլեդո ցցի Ֆինդլեյ ծխի եպիսկոպոս:

  4. Կալու Իչե Կալու, կարմրուկի դեմ արշավի համակարգող. Աբա՝ Նիգերիա Ցից:

  5. Մոհամեդ Յոհան, Կալանգ, Ինդոնեզիա: