2008
Համաժողովի հետ կապված փորձառություններ
Մայիս 2008


Համաժողովի հետ կապված փորձառություններ

Գերագույն համաժողովին հաջորդող երկուշաբթի օրը ամենօրյա ոգեշնչում տվող LDS Gems-ի էլեկտրոնային փոստի բաժանորդներին կոչ արվեց կիսվել իրենց փորձառություններով համաժողովի նիստերի վերաբերյալ: Ստացված էլեկտրոնային նամակները ներկայացնում են ավելի քան 1,200 պատասխան, որոնք ստացել են Եկեղեցու ամսագրերը:

Շաբաթ առավոտյան, համաժողովից առաջ, մեր տունը լցված էր շաբաթօրյա եռուզեռով, երբ հանկարծ հեռուստացույցով սկսվեց եթեր հեռարձակվել Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի տեսարաններով և երաժշտությամբ, որով բացվում էր գերագույն համաժողովը: Մենք կանչեցինք մեր երկու փոքր տղաներին և «նրանց հանգիստ պահեցինք», մինչև բացման աղոթքն ասվեց: Ապա, երբ Նախագահ Ուխդորֆը մոտեցավ ամբիոնին հավաքը սկսելու համար, մեր տան մթնոլորտը փոխվեց: Մենք չորսով ծնկի իջանք հեռուստացույցի առաջ, Հոգին լցրեց մեր տունը: Ես անմիջապես ամոթ զգացի, որ այս սուրբ պահին մենք սովորական հագուստով էինք, առավոտյան խաղերից հետո թափթփված սենյակում: Սակայն, երբ մենք կանգնեցինք բարձրացնելու մեր ձեռքերը` հաստատման համար, սիրտս լցվեց անսահման ուրախությամբ: Ի վերջո, մենք կանգնած էինք ողջ ընտանիքով, անգամ ամենափոքրը բարձրացրեց իր ձեռքը, և դրանում կար սրբության զգացում, որը մարդ կարող է զգալ տաճարում: Մենք կանգնեցինք միասին, վկա լինելով նրան, ինչը Հոգին հաստատում էր, որ ճիշտ է:

Վայրկյաններ անց երեխաները կրկին «պտտահողմ» դարձան, և մենք ստիպված էինք բարձրացնել ձայնը խոսնակներին լսելու համար, սակայն խաղաղության այդ կարճ պահը մնաց մեր տներում և սրտերում:

Կրիստինա Ն., Յուտա, ԱՄՆ

Ես չեմ կարող նկարագրել այն, ինչ զգացի այդ համաժողովին: Հոգին այնքան ուժեղ էր: Ես կարողացա դիտել իմ տնից և կարող էի զգալ Հոգին իմ շուրջը: Վերջերս ես այդքան էլ ակտիվ չէի, և տեսնելով, թե ինչպես է Նախագահ Մոնսոնը ինձ հրավիրում վերադառնալ հոտ, ես զգացի, թե նա խոսում է հենց ինձ հետ: Ինձ այնքան դուր եկան բոլոր ելույթները: Երկնային Հայրը խոսում էր նրանց միջոցով, և ես իսկապես կարող էի զգալ դա: Ես գիտեմ, որ ես կատարյալ չեմ, սակայն ես իսկապես զգացի, որ պետք է վերադառնամ եկեղեցի, որպեսզի սնուցվեմ և կրկին սկսեմ: Ես այս անգամ չէի հագենում համաժողովից: Ես այն կրկին լսեցի ինտերնետով: Ես հուսով եմ, որ հաջորդ շաբաթ կայցելեմ իմ ծուխ:

Ջին Ու.

Հիանալի էր լսել համաժողովի ուղերձները, հատկապես ապրող մարգարե Նախագահ Մոնսոնին, թեև ես աշխարհի մյուս կողմում եմ` մի երկրում, ուր ավետարանը դեռ չի կարող քարոզվել: Սակայն տեխնոլոգիաների շնորհիվ ես կարողանում եմ մասնակցել և զգալ Հոգին և լուսավորվել: Լսելով տրված խորհուրդները և բերված վկայությունները, ես ցանկություն ունեցա, որ մեր եղբայրներից և քույրերից ավելի շատերը կարողանան ճաշակել ավետարանի առատ օրհնություններից: Ես աղոթում եմ, որ դա շուտ տեղի ունենա:

Ջանրիլ Ֆ.

Համաժողովի ամենազորեղ պահը ինձ համար Նախագահ Ուխդորֆի ելույթն էր ավիավթարի մասին, որը տեղի էր ունեցել Անտարկտիկայում: Ինձ վրա խորապես ազդեց այն, որ նման չնչին շեղումը կարող է այդքան տևական ազդեցություն ունենալ, որը կարող է անդառնալի լինել իր երկարատև հետևանքներով: Այն նաև ցույց տվեց, որ, անկախ նրանից, թե որքան հեռու կարող ենք գնալ նեղ ու անձուկ ճանապարհից, մենք պետք է ընդունենք, որ սխալվել ենք և ներում փնտրենք հավերժ սիրող Երկնային Հորից: Նա խորապես մտահոգվում է մեր բարօրության համար և սիրում է մեզ, երբ մենք ընդունում ենք մեր սխալները, սովորում դրանցից և հոգեպես աճում դրանց արդյունքում:

Օրիոն Հ., Կոլորադո, ԱՄՆ

Դպրոցի իմ լավ ընկերուհիներից մեկը հարցրեց, թե ինչ եմ ես արել շաբաթ-կիրակի: Ես նրան պատմեցի, իսկ գերագույն համաժողովի թեման ճանապարհ բացեց նրա հարցերի համար իմ համոզմունքների և Մորմոնի Գրքի վերաբերյալ: Ես կարողացա օգտվել Հավատո Հանգանակից` կիսվելու այն էական տարբերություններով, որը մեր Եկեղեցին առանձնացնում է Քրիստոնյա մյուս եկեղեցիներից, և ես կարողացա նաև հստակ բացատրել, թե ինչ է Մորմոնի Գիրքը և ինչպես է այն կապված Աստվածաշնչի հետ:

Ես այնքան երախտապարտ եմ իմ ունեցած հնարավորության համար: Ես գիտեմ, որ Հոգին առաջնորդում էր ինձ, երբ ես պատասխանում էի նրա հարցերին, և եթե չլիներ գերագույն համաժողովը, ես մի գուցե չլինեի համապատասխան ոգով լցված` պատասխաններ տալու համար:

Էլլի Վ., Անգլիա

Լինելով նորադարձ 1972 թվից, ես ավելի քան 20 տարի ակտիվ չէի: Ես կրկին ակտիվ դարձա մոտ 10 տարի առաջ և կնքվեցի տաճարում իմ ամուսնու հետ, որը նույնպես նորադարձ է: Ես սիրում էին Նախագահ Հինքլիին և կարծում էի, որ ոչ մի մարգարե չի կարող զբաղեցնել նրա տեղը: Երբ Նախագահ Մոնսոնն առաջարկվեց մեր հաստատմանը, ես զայրացած էի և մի փոքր դառնացած, որովհետև կարծում էի, թե նա չի կարող կատարել այդ աշխատանքը: Օ՜, որքան կարծրասիրտ էի ես: Երբ Նախագահ Մոնսոնը բարձրացավ խոսելու, ես նայում էի նրա աչքերի մեջ և հետևում յուրաքանչյուր շարժմանը: Նրա աչքերում կար այն նույն կայծն ու փայլը, որն ես տեսնում էի իմ սիրելի Նախագահ Հինքլիի մոտ: Ես լցված էի ուրախությամբ և երախտագիտությամբ այդ մարդու մեջ Սուրբ Հոգու ներկայության համար, իմ նոր մարգարեի, տեսանողի և հայտնողի:

Մերի Լու Ռ., Նյու Մեխիկո, ԱՄՆ

Համաժողովի ժամանակ Սուրբ Հոգին ինձ դրդեց փոխել իմ կյանքը: Թեև ես «ակտիվ» էի Եկեղեցում իմ ողջ կյանքի ընթացքում, ես այնքան չէի ոգեշնչվել Հոգով, որքան այս համաժողովին: Ես զգում էի, թե ամեն ելույթ ուղղված է հենց ինձ: Ես պատրաստվում եմ խոսել իմ ընտանիքի և ընկերների հետ և ներում խնդրել բոլոր վիրավորանքների համար, որ պատճառել եմ նրանց, և նաև ներել նրանց, ովքեր վիրավորել են ինձ: Ես պատրաստվում եմ վերաբերվել մյուսներին այնպես, ինչպես կցանկանայի, որ ինձ վերաբերվեին, և որքան հնարավոր է խստորեն հետևել Փրկչի օրինակին:

Դելբերտ Ս., ԱՄՆ

Մեր ընտանիքում հերթով է փոխանցվում ընտանեկան երեկո անցկացնելու պարտականությունը: Համաժողովին հաջորդող երկուշաբթի օրը ամուսնուս հերթն էր: Կիրակնօրյա ցերեկային նիստի ժամանակ Երեց Զվիքը դաս տվեց մեր չափանիշները պահելու մասին: Ամուսինս օգտագործեց այդ ելույթը` շեշտելու համար մեր չափանիշները պահելու կարևորությունը: Ես ինտերնետային կայքից բեռնավորեցի MP3 ֆայլը: Մենք ընտանիքով նստեցինք և մեկ անգամ ևս լսեցինք ելույթը: Սա մեզ օգնեց առաջ քաշել այնպիսի հարցեր, ինչպիսիq են` ընկերներ ընտրելը, լավ որոշումներ կայացնելը և մեր 14-ամյա որդու համար ծրագրեր կազմելը:

Գվեն Դ., Վաշինգտոն, ԱՄՆ

Պաշտոնական հավաքի ժամանակ ես ինձ այնքան արտոնյալ, խոնարհ և երախտապարտ էի զգում, որ կարող էի մասնակցել իմ տնից, կանգնել ու բարձրացնել ձեռքս մեր նոր մարգարե Նախագահ Մոնսոնին հաստատելու համար: Իմ աչքերին արցունքներ հայտնվեցին, երբ որդիս, որը վերջերս է դարձել 12 տարեկան, կարող էր նույնը անել Ահարոնյան Քահանայության հետ կանգնելով, իսկ դուստրս` Երիտասարդ Կանանց հետ: Հոգու քաղցրությունն այնքան ուժեղ էր, որ հաստատեց իմ սրտում, որ Թոմաս Ս. Մոնսոնն այն տղամարդն է, որին Տերն ուզում է տեսնել որպես Իր Եկեղեցու գլուխն այսօր: Իմ մտքում անգամ կասկած չկա նրա սուրբ կոչման աստավածային աղբյուրի մասին:

Մերիդի Հ., Նյու Մեխիկո, ԱՄՆ

Միայնակ լինելով, Երեց Բալլարդի ելույթի ժամանակ, մտքով ու սրտով զգացի, թե ինչպես ես կարող եմ պատրաստվել սիրել իմ ապագա կնոջը և լավ ծառայել նրան, թեթևացնել նրա բեռը: Այսօր իմ կյանքում չկա ավելի կարևոր բան, քան կին գտնելը, որի հետ ես կարող եմ ամուսնանալ տաճարում, և որի հետ կարող եմ ընտանիք մեծացնել, գնահատելով և մեծարելով նրան: Ես ոգեշնչված եմ և անհամբեր սպասում եմ, որ սիրեմ նրան իմ ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով:

Մայք Ս., Ֆլորիդա, ԱՄՆ