2010–2019 թթ․
Աշակերտության հաճելի բեռը
Ապրիլ 2014


Աշակերտության հաճելի բեռը

Նկար

Մեր ղեկավարներին հաստատելը արտոնություն է, որը գալիս է անձնական պարտավորության հետ միասին՛ կիսելու նրանց բեռը և լինելու Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտները:

Անցած տարի մայիսի 20-ի վիթխարի պտտահողմը հարվածեց Օկլահոմա Սիթիի արվարձաններին Ամերիկայի սրտում, ավերելով մեկ մղոնից ավելի (1.6 կմ) լայնություն և 17 մղոն (27 կմ) երկարություն ունեցող տարածք: Այս փոթորիկը՛ ավերիչ պտտահողմերի հորձանքը, իր ճանապարհին փոխեց երկրի պատկերը և մարդկանց կյանքը:

Վիթխարի փոթորկի հարվածից ընդամենը մեկ շաբաթ անց ինձ հանձնարարեցին այցելել այն տարածքը, որտեղ տներն իրենց ողջ ունեցվածքով ցիրուցան էին եղել գետնին հավասարված, ավերված շրջակայքերով մեկ:

Նախքան մեկնելը ես խոսեցի մեր սիրելի մարգարե՛ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետ, ով հաճույքով է կատարում նման հանձնարարություններ Տիրոջ համար: Հարգանքով, որն իմ մեջ առաջացել է ոչ միայն նրա պաշտոնից, այլ նաև նրա բարությունից ելնելով, ես հարցրեցի. «Ի՞նչ եք ուզում, որ ես անեմ: Ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ»:

Նա քնքշորեն բռնեց իմ ձեռքը, ինչպես նա կաներ տուժածներից և ավերվածությունների ժամանակ օգնության հասածներից յուրաքանչյուրի հետ, եթե նա այնտեղ լիներ, և ասաց.

«Առաջինը, ասեք, որ ես սիրում եմ նրանց:

Երկրորդը, ասեք, որ ես աղոթում եմ նրանց համար:

Երրորդը, խնդրում եմ, շնորհակալություն հայտնեք բոլոր նրանց, ովքեր օգնում են»:

Որպես Յոթանասունի Նախագահության անդամ ես կարողացա իմ ուսերի վրա զգալ Մովսեսին ասված Տիրոջ խոսքերի զորությունը.

«Ինձ համար Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի ժողովիր, որոնք որ դու գիտես թէ ժողովրդի ծերերն ու գլխաւորներն են. …

Եվ ես այնտեղ կիջնեմ եւ կխօսեմ քեզ հետ. եւ քեզ վերայ եղած հոգուցը կառնեմ եւ նորանց վերայ կդնեմ եւ ժողովրդի բեռը վեր կառնեն քեզ հետ, եւ դու մենակ չես վեր առնիլ»»:1

Սրանք հնում ասված խոսքեր են, սակայն Տիրոջ ուղիները չեն փոխվել:

Ներկայումս Եկեղեցում Տերը կանչել է 317 Յոթանասունականների, ովքեր ծառայում են 8 քվորումներում, որպեսզի աջակցեն Տասներկու Առաքյալներին կրելու այն բեռը, որ դրված է Առաջին Նախագահության վրա: Ես ուրախությամբ զգում եմ այդ պարտականությունը իմ հոգու խորքում, ինչպես զգում են իմ ընկերակից Եղբայրները: Այնուամենայնիվ, միայն մենք չէ, որ աջակցում ենք այս փառահեղ գործին: Որպես Եկեղեցու անդամներ մենք բոլորս էլ հիանալի հնարավորություն ունենք օրհնելու ուրիշների կյանքն ամենուր:

Ես սովորեցի մեր թանկագին մարգարեից, թե ինչ է պետք փոթորկից տուժածներից՛ սեր, աղոթքներ և երախտագիտություն օգնող ձեռքերի համար:

Այսօր մեզանից յուրաքանչյուրը կբարձրացնի իր աջ ձեռքը և կհաստատի Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Սա սոսկ ընդունված կարգ չէ, ոչ էլ այն առանձնացված է նրանց համար, ովքեր կանչված են բարձրագույն ծառայության: Մեր ղեկավարներին հաստատելը արտոնություն է, այն գալիս է անձնական պարտավորության հետ միասին՛ կիսելու նրանց բեռը և լինելու Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտները:

Նախագահ Մոնսոնն ասել է.

«Մեր շրջապատում կան կարիքի մեջ գտնվող մարդիկ, ովքեր մեր ուշադրության, մեր քաջալերման, մեր աջակցության, մեր սփոփման և մեր բարյացակամության կարիքն ունեն՛ լինեն ընտանիքի անդամներ, ընկերներ, ծանոթներ, թե անծանոթներ: Մենք այստեղ՝ երկրի վրա Տիրոջ ձեռքերն ենք՛ Իր զավակներին ծառայելու և բարձրացնելու պարտավորությամբ: Նա կախված է մեզանից յուրաքանչյուրից, …

«… որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» [Մատթեոս ԻԵ.40]»»:2

Մենք սիրով կարձագանքե՞նք, երբ մեր առջև հնարավորություն կլինի այցելություն կատարել կամ զանգահարել, գրել երկտող կամ մեկ օր տրամադրել մեկ ուրիշի կարիքները հոգալու համար: Թե՞ մենք կլինենք երիտասարդի նման, ով խուսափեց հետևել Աստծո բոլոր պատվիրաններին.

«Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահեցի. Էլ ի՞նչ բանով եմ պակաս:

Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ»:3

Երիտասարդը Տիրոջ կողմից կանչվում էր ավելի մեծ ծառայության, անելու Աստծո արքայության աշխատանքը երկրի վրա, սակայն նա հեռացավ, «որովհետեւ շատ ստացուածք ունէր»:4

Ի՞նչ կասենք մեր աշխարհիկ հարստությունների մասին: Մենք կարող ենք տեսնել, թե ինչ կարող է անել պտտահողմը դրանց հետ ընդամենը րոպեների ընթացքում: Շատ կարևոր է մեզանից յուրաքանչյուրի համար, որ փորձենք մեր գանձերը դիզել երկնքում՛ օգտագործելով մեր ժամանակը, տաղանդները և ազատ ընտրությունը՝ Աստծուն ծառայելով:

Հիսուս Քրիստոսը շարունակում է կանչել՛ «Եկ հետեւիր ինձ»:5 Նա Իր հետևորդների հետ քայլում էր Իր հայրենիքում անձնուրաց կերպով: Նա շարունակում է քայլել մեզ հետ, կանգնել մեր կողքին և առաջնորդել մեզ: Նրա կատարյալ օրինակին հետևելը նշանակում է ճանաչել և պատվել Փրկչին, ով տարել է մեր բոլոր բեռները Իր սուրբ և փրկարար Քավության միջոցով, որը ծառայության գերագույն դրսևորումն էր: Նա մեզանից յուրաքանչյուրից խնդրում է, որ կարողանանք և հոժար լինենք վերցնելու աշակերտության հաճելի «բեռը»:

Մինչ Օկլահոմայում էի, ես հնարավորություն ունեցա հանդիպել մի քանի ընտանիքների հետ, ովքեր տուժել էին հզոր պտտահողմից: Երբ ես այցելեցի Սորրելս ընտանիքին, ինձ հատկապես հուզեց նրանց դստեր՛ Թորիի փորձառությունը, ով այդ ժամանակ հինգերորդ դասարանի աշակերտուհի էր Պլազա Թովերս Տարրական Դպրոցում: Նա և նրա մայրը այստեղ մեզ հետ են այսօր:

Թորին և նրա մի քանի ընկերները պատսպարվելու համար խմբվել էին զուգարանում, երբ պտտահողմն անցավ դպրոցի միջով: Լսեք, մինչ ես կկարդամ Թորիի խոսքերը այդ օրվա իրադարձությունների մասին.

«Ես լսեցի, որ ինչ-որ բան հարվածեց տանիքին: Կարծեցի, որ պարզապես կարկուտ էր տեղում: Ձայնը գնալով ավելի ու ավելի էր բարձրանում: Ես աղոթեցի, որ Երկնային Հայրը պաշտպաներ մեզ բոլորիս և ապահովության մեջ պահեր: Հանկարծ մենք լսեցինք փոշեկուլի բարձր ձայն և տանիքն անհայտացավ հենց մեր գլխավերևից: Մեծ քամի և շինարարական աղբ էր պտտվում մեր շուրջբոլորը և հարվածում մարմնիս բոլոր մասերին: Դրսում շատ մութ էր և թվում էր, թե երկինքը սև էր, սակայն դա այդպես չէր. դա պտտահողմն էր: Ես պարզապես փակեցի իմ աչքերը, հուսալով և աղոթելով, որ այն շուտով ավարտվեր:

Հանկարծ ամեն ինչ լռեց:

Երբ բացեցի աչքերս, անմիջապես իմ առջև տեսա կանգառի նշանը: Այն գրեթե դիպչում էր իմ քթին»:6

Թորին, նրա մայրը, նրա քույրերից ու եղբայրներից երեքը և ընկերներից շատերը, ովքեր նույնպես դպրոցում էին նրա հետ, հրաշքով փրկվեցին այդ պտտահողմից. նրանց դասընկերներից յոթը՛ ոչ:

Այդ շաբաթվա վերջում քահանայության եղբայրները շատ օրհնություններ տվեցին այն անդամներին, ովքեր տուժել էին փոթորկից: Ես հնարավորություն ունեցա օրհնություն տալու Թորիին: Երբ ես ձեռքերս դրեցի նրա գլխին, սուրբ գրություններից մի սիրած հատված եկավ միտքս. «Ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՛ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:7

Ես Թորիին խորհուրդ տվեցի հիշել այն օրը, երբ Տիրոջ ծառան դրեց իր ձեռքերը նրա գլխին և ասաց, որ նա փոթորկի ժամանակ պաշտպանվել էր հրեշտակների կողմից:

Ցանկացած իրավիճակում իրար օգնության հասնելը սիրո հավերժական չափանիշ է: Սա է ծառայությունը, որին ես ականատես եղա Օկլահոմայում այդ շաբաթ:

Հաճախ մեզ հնարավորություն է տրվում օգնել ուրիշներին իրենց կարիքի պահին: Որպես Եկեղեցու անդամներ մեզանից յուրաքանչյուրն ունի սրբազան պարտավորություն՝ «կրելու մեկը մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն»,8 «սգալու նրանց հետ, ովքեր սգում են»9 և «բարձրացնելու ընկած ձեռքերը և ամրացնելու տկար ծնկները»:10

Եղբայրներ և քույրեր, որքան շնորհակալ է Տերը ձեզանից յուրաքանչյուրին ծառայության համար անհարմար ժամերին և գործերի համար, լինեն դրանք մեծ, թե՝ փոքր, որ դուք շատ առատաձեռնորեն և գթասրտորեն տալիս եք ամեն օր:

Բենիամին թագավորը Մորմոնի Գրքում սովորեցրել է. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:11

Մեր եղբայրներին և քույրերին ծառայելու վրա կենտրոնանալը օգնում է մեզ աստվածային որոշումներ կայացնել մեր ամենօրյա կյանքում և նախապատրաստում է մեզ գնահատել և սիրել այն, ինչ Տերն է սիրում: Սա անելով, մենք վկայում ենք մեր իսկ կյանքով, որ մենք Նրա աշակերտներն ենք: Երբ մենք ներգրավվում ենք Նրա աշխատանքում, մենք զգում ենք Նրա Հոգին մեզ հետ: Մեր վկայությունը, հավատքը, վստահությունը և սերն աճում են:

Ես գիտեմ, որ իմ Փրկիչը՛ Հիսուս Քրիստոսը, ապրում է, և որ Նա խոսում է Իր մարգարեի՛ մեր սիրելի Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետ և նրա միջոցով մեր օրերում:

Թող որ մենք բոլորս էլ ուրախություն գտնենք, որը գալիս է իրար բեռները՝ նույնիսկ, հասարակ և փոքր բեռները կրելու սրբազան ծառայությունից, իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: