2010–2019 թթ․
Ապրենք հավատքին հավատարիմ
Ապրիլ 2014


Ապրենք հավատքին հավատարիմ

Նկար

Մենք բոլորս մեծապես կօրհնվենք, եթե իմանանք հավատքի և զոհաբերության պատմությունները, որոնց արդյունքում մեր նախահայրերը միացել են Տիրոջ Եկեղեցուն:

Ես սիրում եմ Եկեղեցու պատմությունը: Թերևս ձեզանից շատերի նման իմ հավատքը կոփվում է, երբ ես սովորում եմ մեր նախահայրերի հրաշալի նվիրվածության մասին, ովքեր ընդունեցին ավետարանը և ապրեցին հավատքին հավատարիմ:

Մեկ ամիս առաջ Գիլբերտ Արիզոնա Տաճարի շրջանից 12000 հրաշալի երիտասարդներ տոնում էին իրենց նոր տաճարի կառուցման ավարտը ոգեշնչված ներկայացումով, արտահայտելով արդար ապրելու իրենց պարտավորվածությունը: Նրանց տոնակատարության թեման էր՛ «Ապրենք հավատքին հավատարիմ»:

Արիզոնայի այդ հավատարիմ երիտասարդների պես յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ պետք է պարտավորվի «ապրել հավատքին հավատարիմ»:

Օրհներգի խոսքերն ասում են. «Հավատարիմ հավատքին, որ մեր ծնողներն են փայփայել» (“True to the Faith,” Hymns, no. 254):

Մենք կարող ենք ավելացնել՛ «Հավատարիմ հավատքին, որ մեր պապիկներն ու տատիկներն են փայփայել»:

Ինձ հետաքրքիր է, թե արդյո՞ք Արիզոնայի այդ խանդավառ երիտասարդները գիտեին Եկեղեցու իրենց անձնական պատմությունը, արդյո՞ք գիտեին ինչպես է իրենց ընտանիքը միացել Եկեղեցուն: Հրաշալի կլիներ, եթե Վերջին Օրերի յուրաքանչյուր Սուրբ իմանար իր նախահայրերի դարձի պատմությունը:

Անկախ նրանից, դուք հանդիսանում եք պիոներների հետնորդ, թե ոչ, մորմոն պիոներների հավատքի և զոհաբերության ժառանգությունը ձեր ժառանգությունն է: Դա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ազնվազարմ ժառանգությունն է:

Եկեղեցու պատմության ամենահրաշալի գլուխներից մեկը գրվեց, երբ 1840 թվին, Եկեղեցու կազմավորումից 10 տարի անց, Տիրոջ Առաքյալ Վիլֆորդ Վուդրուֆը Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն էր ուսուցանում Մեծ Բրիտանիայում:

Վիլֆորդ Վուդրուֆը և մյուս Առաքյալները իրենց աշխատանքը կենտրոնացրել էին Անգլիայի Լիվերպուլ և Պրեստոն տարածքներում, զգալի հաջողությունների հասնելով: Երեց Վուդրուֆը, ով ավելի ուշ դարձավ Եկեղեցու Նախագահ, մշտապես աղոթում էր Աստծուն, որ ուղղորդի իրեն այդ շատ կարևոր գործում: Նրա աղոթքները իրեն ոգեշնչեցին ավետարանն ուսուցանելու համար գնալ մեկ այլ վայր:

Նախագահ Մոնսոնն ուսուցանել է, որ երբ մենք երկնային ոգեշնչում ենք ստանում ինչ-որ բան անելու համար, մենք անում ենք անհապաղ, և չենք հետաձգում: Հենց այդպես վարվեց Վիլֆորդ Վուդրուֆը: «Հարավ գնալու» համար Հոգու կողմից հստակ հրահանգ ստանալով, Երեց Վուդրուֆը անմիջապես ճանապարհ ընկավ դեպի Հիըրֆորդշայր, որն Անգլիայի գյուղատնտեսական շրջան է: Այնտեղ նա հանդիպեց Ջոն Բենբոու անունով մի հաջողակ ֆերմերի, որտեղ նրան ընդունեցին «ուրախ սրտով և գոհաբանությամբ» (Wilford Woodruff, in Matthias F. Cowley, Wilford Woodruff: History of His Life and Labors as Recorded in His Daily Journals [1909], 117):

Ավելի քան 600 հոգուց բաղկացած խումբը, ովքեր իրենց կոչում էին Միացյալ Եղբայրներ, «աղոթել էին լույսի և ճշմարտության համար» (Wilford Woodruff, in Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 91): Տերն ուղարկեց Վիլֆորդ Վուդրուֆին որպես նրանց աղոթքների պատասխան:

Երեց Վուդրուֆի քարոզն անմիջապես իր պտուղները բերեց, և շատերը մկրտվեցին: Բրիգամ Յանգը և Վիլլարդ Ռիչարդսը միացան նրան Հիըրֆորդշայրում, և երեք Առաքյալները մեծ հաջողություն ունեցան:

Արդեն մի քանի ամսից նրանք 33 ճյուղ կազմակերպեցին Եկեղեցուն միացած 541 անդամների համար: Նրանց հրաշալի աշխատանքը շարունակվեց և, ի վերջո, Միացյալ Եղբայրներից գրեթե բոլորը մկրտվեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Իմ նախա-նախա-տատիկը՛ Հաննա Մարիա Իգլս Հարիսն առաջիններից մեկն էր, որ ունկնդրեց Վիլֆորդ Վուդրուֆին: Նա տեղեկացրեց իր ամուսնուն՛ Ռոբերտ Հարիս րտ.-ին, որ լսել էր Աստծո խոսքը և ցանկանում էր մկրտվել: Ռոբերտին ուրախություն չպատճառեցին կնոջ խոսքերը: Նա ասաց, որ կնոջ հետ ներկա կգտնվի մորմոն միսիոների հաջորդ քարոզին և կուղղի նրան:

Նա նստեց հավաքատան առաջին շարքում՛ խիստ վճռական, որ ոչ մի ազդեցության տակ չի ընկնելու, և, հնարավոր է, պատրաստ դիտողություններ անելու հյուրընկալված քարոզչին, բայց Ռոբերտն անմիջապես ներգործվեց Հոգու կողմից, ճիշտ ինչպես իր կինը: Նա հասկացավ, որ Վերականգնման ուղերձը ճշմարիտ էր, և կնոջ հետ նրանք մկրտվեցին:

Նրանց հավատքի և նվիրվածության պատմությունը նման է հազարավոր մարդկանց պատմությանը. երբ լսեցին ավետարանի ուղերձը, նրանք գիտեին, որ այն ճշմարիտ է:

Ինչպես Տերն է ասում. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում են նորանց, և իմ ետևից գալիս են» (Հովհաննես 10.27):

Լսելով Հովվի ձայնը, նրանք ամբողջովին իրենց կյանքը նվիրեցին ավետարանով ապրելուն և Տիրոջ մարգարեի հրահանգներին հետևելուն: Արձագանքելով Սիոնում հավաքվելու կոչին, նրանք թողեցին իրենց տունն Անգլիայում, հատեցին Ատլանտյան օվկիանոսը և հավաքվեցին Սրբերով Նավույում, Իլլինոյս:

Նրանք ողջ սրտով ընդունեցին ավետարանը: Մինչ փորձում էին հաստատվել իրենց նոր երկրում, նրանք օգնեցին Նավույի տաճարի կառուցմանը՛ տասանորդ տալով իրենց աշխատանքով, այսինքն՛ յուրաքանչյուր 10-րդ օրը աշխատում էին տաճարի շինարարության վրա:

Նրանք սրտի ցավով ընդունեցին իրենց սիրելի Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրա եղբոր Հայրումի մահվան լուրը: Բայց անսանան առաջ գնացին: Նրանք հավատարիմ մնացին հավատքին:

Երբ Սրբերին հալածում և քշում էին Նավույից, Ռոբերտն ու Մարիան մեծապես օրհնված էին իրենց զգում, որ ստացել էին տաճարային օժտումները, նախքան կհատեին Միսիսիպի գետը և կշարժվեին դեպի արևմուտք: Թեպետ նրանց ապագան անորոշ էր թվում, նրանք վստահ էին իրենց հավատքի և վկայությունների մեջ:

Վեց երեխաների հետ նրանք հազիվհազ շարժվելով ցեխի միջով անցան Այովան: Նրանք իրենց համար մի ապաստան սարքեցին Միսսուրի գետի ափին, որը հայտնի դարձավ որպես Վինթեր Քուորթերս:

Այդ քաջարի պիոներները սպասում էին առաքելական հրահանգի, թե ինչպես և երբ կարող էին շարժվել դեպի արևմուտք: Բոլորի ծրագրերը փոխվեցին, երբ Տասներկուսի Քվորումի Նախագահ Բրիգամ Յանգը տղամարդկանց կոչ արեց կամավոր ծառայել Միացյալ Նահանգների բանակում, որը հայտնի դարձավ որպես մորմոնական գումարտակ:

Ռոբերտ Հարիս Կրտ-ը 500 մորմոն պիոներների թվին էր պատկանում, ովքեր արձագանքեցին Բրիգամ Յանգի այդ կոչին: Նա զինվորագրվեց, չնայած որ դա նշանակում էր գաղթի ճանապարհին թողնել իր հղի կնոջը վեց երեխաների հետ միասին:

Ինչո՞ւ նա և մյուս տղամարդիկ արեցին դա:

Պատասխանը կարող ենք գտնել իմ նախա-նախա-պապիկի խոսքերում: Նամակում, որը նա գրել էր իր կնոջը, երբ գումարտակը շարժվում էր դեպի Սանտաֆե, նա գրել է. «Իմ հավատքը առավել քան երբևէ ամուր է [և երբ մտածում եմ այն ամենի մասին, ինչ Բրիգամ Յանգն ասել է մեզ], ես հավատում եմ դրան այնպես, ասես դա Մեծ Աստվածն է ինձ ասել»:

Այսինքն, նա գիտեր, որ լսում էր Աստծո մարգարեին, ինչպեսև՛ մյուս տղամարդիկ: Այդ պատճառով նրանք արեցին դա: Նրանք գիտեին, որ առաջնորդվում են Աստծո մարգարեի կողմից:

Այդ նույն նամակով նա իր քնքուշ զգացմունքներն էր հայտնում իր կնոջն ու զավակներին և մշտապես աղոթում, որ կինն ու երեխաները օրհնվեին:

Ավելի ուշ այդ նամակում նա զորավոր խոսքեր է ասում. «Մենք չպետք է մոռանանք այն ամենը, ինչ դու և ես լսել և [զգացել] ենք Տիրոջ Տաճարում»:

Իր նախկին վկայության հետ միասին, որ «մենք ղեկավարվում ենք Աստծո մարգարեի կողմից», այդ երկու սուրբ հորդորներն ասես սուրբ գրություն են դարձել ինձ համար:

Գումարտակի հետ մեկնելուց տասնութ ամիս անց Ռոբերտ Հարիսն ապահով վերադարձավ իր սիրելի Մարիայի մոտ: Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանք հավատարիմ և նվիրված մնացին վերականգնված ավետարանին: Նրանք ունեցան 15 զավակ, որոնցից 13-ը ապրեցին մինչև ծերություն: Իմ տատիկը՛ Ֆանի Վոքերը Ալբերտայի Ռեյմոնդից, Կանադա, նրանց 136 թոռներից մեկն էր:

Վոքեր տատիկը հպարտ էր, որ իր պապիկը ծառայել էր մորմոնական գումարտակում, և նա ուզում էր, որ իր բոլոր թոռներն իմանային այդ մասին: Այժմ, երբ ես արդեն պապիկ եմ, հասկանում եմ, թե ինչու էր դա այդքան կարևոր նրա համար: Նա ուզում էր զավակների սրտերը դարձնել դեպի իրենց հայրերը: Նա ուզում էր, որ իր թոռներն իմանային իրենց արդար ժառանգության մասին, քանի որ համոզված էր, որ դա կօրհներ նրանց կյանքը:

Որքան ավելի մեզ կապված զգանք մեր արդարակյաց նախահայրերին, այնքան ավելի իմաստուն և արդար որոշումներ կկայացնենք:

Եվ դա այդպես է: Մենք բոլորս մեծապես կօրհնվենք, եթե իմանանք հավատքի և զոհաբերության պատմությունները, որոնց արդյունքում մեր նախահայրերը միացել են Տիրոջ Եկեղեցուն:

Առաջին անգամ Ռոբերտն ու Մարիան, լսելով Վիլֆորդ Վուդրուֆի քարոզը և Վերականգնված ավետարանի մասին նրա վկայությունը, իմացան, որ ավետարանը ճշմարիտ է:

Նրանք նաև գիտեին, որ փորձությունների կամ դժվարությունների պահին իրենք կօրհնվեն, եթե հավատարիմ մնան հավատքին: Կարծես, նրանք լսել էին մեր այսօրվա մարգարեի խոսքերը, ով ասել է. «Ոչ մի զոհաբերություն այդքան մեծ չէ … տաճարային օրհնությունները ստանալու համար» (Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ Տաճարը՝ լույս աշխարհին», Լիահոնա, մայիս 2011, 92):

Միացյալ Թագավորության երկու ֆունտանոց դրամի եզրին գրված է. «Կանգնած հսկաների ուսերին»: Մեր հրաշալի պիոներ նախահայրերի մասին մտածելիս ինձ զգում եմ, կարծես, բոլորս կանգնած ենք հսկաների ուսերին:

Չնայած որ Ռոբերտ Հարիսի նամակով է գալիս հորդորը, ես հավատում եմ, որ բազմաթիվ նախահայրեր կուղարկեին այդ նույն ուղերձն իրենց զավակներին և թոռներին. նախ, մենք չպետք է մոռանանք տաճարում ունեցած մեր զգացողությունները, և մենք չպետք է մոռանանք խոստումներն ու օրհնությունները, որ գալիս են մեզանից յուրաքանչյուրին տաճարի շնորհիվ: Երկրորդը, մենք չպետք է մոռանանք, որ ղեկավարվում ենք Աստծո մարգարեի կողմից:

Ես վկայում եմ, որ մենք ղեկավարվում ենք Աստծո մարգարեի կողմից: Տերը վերջին օրերին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնեց Իր Եկեղեցին, և մենք չպետք է մոռանանք, որ ղեկավարվում ենք Աստծո մարգարեների անխախտ շղթայով՛ Ջոզեֆից Բրիգամ և հաջորդող Եկեղեցու մյուս Նախագահները մինչև մեր այսօրվա մարգարե Թոմաս Ս. Մոնսոնը: Ես գիտեմ նրան, ես հարգում և սիրում եմ նրան: Ես վկայում եմ, որ նա այսօր Տիրոջ մարգարեն է երկրի վրա:

Իմ սրտի իղձն է, որ իմ զավակների և թոռների հետ միասին մենք պատվենք ժառանգությունը մեր արդար նախահայրերի, այն հավատարիմ Մորմոն պիոներների, ովքեր պատրաստակամ էին ամեն ինչ դնելու զոհասեղանին, զոհաբերություններ կատարելու և պաշտպանելու իրենց Աստծուն և իրենց հավատքը: Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն ապրի հավատարիմ հավատքին, որ մեր ծնողներն են փայփայել: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: