2010–2019 թթ․
Վկայություն
Ապրիլ 2014


Վկայություն

Նկար

Ուզում եմ կիսվել ձեզ հետ այն ճշմարտություններով, որոնք արժե իմանալ:

Պատերազմի կամ անորոշության պահերին մեր ուշադրությունը կենտրոնանում է կարևոր բաների վրա:

Ինձ համար Երկրորդ Համաշխարհային Պատերազմը հոգևոր մեծ խառնաշփոթ էր: Ես պատերազմ էի մեկնել Բրիգամ Սիթիի մեր տնից, ինձ հետ ունենալով վկայության լոկ անթեղներ և զգալով ավելին ունենալու անհրաժեշտությունը: Փաստորեն մի քանի շաբաթվա ընթացքում մեր ողջ ավարտական դասարանը ուղևորվեց պատերազմական գոտի: Տեղակայվելով Ճապոնիայում՛ Օկինավայից հյուսիս Լեշիմա կղզում, ես կասկածանքի և անորոշության մաքառումների մեջ էի: Ես ուզում էի ավետարանի մասին անձնական վկայություն ունենալ: Ես ուզում էի իմանալ:

Մի անքուն գիշեր դուրս գալով վրանից մտա բունկեր, որը պատրաստված էր 190 լիտրանոց վառելիքի տակառներից, որոնք լցված էին ավազով և շարված մեկը մյուսի վրա, կազմելով պարիսպ: Կտուր չկար և ես ներս սողալով՛ նայեցի աստղալից երկնքին և ծնկի իջա աղոթելու:

Նախադասության կեսից մի բան տեղի ունեցավ, որը ցանկության դեպքում անգամ չեմ կարող նկարագրել: Դա արտահայտելու իմ ուժից վեր է, բայց դա այսօր այնքան հստակ է, որքան 65 տարի առաջ այդ գիշեր: Ես գիտեի, որ դա շատ անձնական հայտնություն էր: Համենայնդեպս, վստահ էի դրանում: Ես գիտեի հաստատ, որ դա ինձ էր տրվել: Մի փոքր անց, ես սողալով դուրս եկա բունկերից և քայլելով, կամ թռչելով, վերադարձա իմ վրան: Այդ գիշերն ես անցկացրեցի ուրախությամբ և ակնածանքով պարուրված:

Չմտածելով, որ ես հատուկ մարդ եմ, կարծեցի, որ եթե նման բան տեղի է ունենում ինձ հետ, կարող է տեղի ունենալ ցանկացած հոգու հետ: Ես դեռևս այդպես եմ մտածում: Հաջորդող տարիներին ես հասկացա, որ նման փորձառությունը լույս է, որին պետք է հետևել, և բեռ, որ պետք է կրել:

Ուզում եմ կիսվել ձեզ հետ այն ճշմարտություններով, որոնք արժե իմանալ, ճշմարտություններ, որ ես սովորել և զգացել եմ կյանքիս գրեթե 90 տարիների և որպես Բարձրագույն Իշխանություն՝ ավելի քան 50 տարիների ընթացքում: Իմ ստացած գիտելիքը, հիմնականում, այնպիսի գիտելիք է, որը հնարավոր չէ ուսուցանել, բայց հնարավոր է սովորել:

Արժեքավոր շատ բաների պես հավերժական արժեք ունեցող գիտելիքը գալիս է միայն անձնական աղոթքի և մտորումների արդյունքում: Ծոմի և սուրբ գրությունների ուսումնասիրության հետ համակցելով, այն Սուրբ Հոգու կողմից կբերի տպավորություններ, հայտնություններ և հուշումներ: Դա հնարավորություն է տալիս ստանալու հրահանգներ բարձրյալից՛ սովորելով ցուցում առ ցուցում:

Հայտնությունները խոստանում են, որ «բանականության ինչ աստիճանի որ մենք հասնենք այս կյանքում, այն կբարձրանա մեզ հետ հարության ժամանակ» և որ «գիտելիք և բանականություն ձեռք է բերվում … ջանասիրության և հնազանդության միջոցով» (ՎևՈւ 130.18–19):

Առաջին հավերժական ճշմարտությունը, որ ես հասկացել եմ, այն է, որ Աստված ապրում է: Նա մեր Հայրն է: Մենք Նրա զավակներն ենք: «Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը, և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն» (Հավատո Հանգանակ 1.1):

Մյուս բոլոր տիտղոսներից, որ կարող էր օգտագործել, Նա ընտրեց «Հայր» կոչվելը: Փրկիչը պատվիրել է. «Այս ձևով հետևաբար աղոթեք դուք. Հայր մեր, որ երկնքում ես» (3 Նեփի 13.9; տես նաև Մատթեոս 6.9): Նրա կողմից «Հայր» անվան օգտագործումը դաս է բոլորի համար, որի շնորհիվ մենք հասկանում ենք, թե ինչն է առավել կարևոր այս կյանքում:

Ծնող լինելը սուրբ արտոնություն է և, կախված հավատարմությունից, այն կարող է հավերժական օրհնություն լինել: Եկեղեցու ողջ գործունեության վերջնական նպատակն այն է, որ տղամարդը, կինը և նրանց զավակները երջանիկ լինեն տանը:

Նրանք, ովքեր չեն ամուսնանում, կամ նրանք, ովքեր չեն կարողանում երեխաներ ունենալ, անմասն չեն հավերժական օրհնություններից, որ փնտրում են, բայց որոնք այժմ իրենց համար հասու չեն: Մենք միշտ չէ, որ գիտենք, թե ինչպես կամ երբ օրհնությունները կգան, բայց հավերժական աճի խոստումը չի մերժվի ոչ մի հավատարիմ անհատի, ով սուրբ ուխտեր է կապում և պահում:

Ձեր գաղտնի իղձերն ու արտասվալից աղերսները կդիպչեն Հոր և Որդու սրտին: Դուք անձնական հավաստիացում կստանաք Նրանցից, որ ձեր կյանքը կլինի լիարժեք և ոչ մի կարևոր օրհնություն չի կորչի ձեզ համար:

Որպես Տիրոջ ծառա, որ ծառայում է մի պաշտոնում, որին կարգվել է, նման իրավիճակում գտնվողներին ես խոստանում եմ, որ ձեր փրկության և վեհացման համար կարևոր ամեն ինչ կտրվի ձեզ իր ուրույն ժամանակին: Ձեռքերը, որ այժմ դատարկ են, կլցվեն, սրտերը, որ այժմ ցավում են անկատար երազանքներից և իղձերից, կամոքվեն:

Մյուս ճշմարտությունը, որ ես գիտեմ, դա այն է, որ Սուրբ Հոգին իրական է: Նա Աստվածագլխի երրորդ անդամն է: Նրա առաքելությունն է՛ վկայել ճշմարտության և արդարակեցության մասին: Նա հայտնվում է բազում եղանակներով, այդ թվում՛ խաղաղություն և հավաստիացում պարգևելով: Նա կարող է պարգևել նաև սփոփանք, առաջնորդություն, անհրաժեշտության դեպքում՛ ուղղում: Մեր կյանքում Սուրբ Հոգու ընկերակցությունը պայմանավորված է արդարակյաց կյանքով:

Սուրբ Հոգու պարգևը շնորհվում է ավետարանի արարողությամբ: Իշխանություն ունեցողը դնում է ձեռքերը Եկեղեցու նոր անդամի գլխին և ասում հետևյալ խոսքերը. «Ստացիր Սուրբ Հոգին»:

Այս արարողությունն ինքնին ակնհայտորեն չի փոխում մեզ, բայց եթե մենք լսում և հետևում ենք հուշումներին, ստանում ենք Սուրբ Հոգու օրհնությունը: Մեր Երկնային Հոր յուրաքանչյուր որդին կամ դուստրը կհասկանա, որ իրական է Մորոնիի խոստումը. «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5; շեշտադրումն ավելացված է):

Գերագույն ճշմարտությունը, որ ես ձեռք եմ բերել իմ կյանքում, իմ վկայությունն է Տեր Հիսուս Քրիստոսի մասին:

Ամենագլխավորը և մեր գործերի հիմքը, խարսխված հայտնություններով, Տիրոջ անունն է, որն այն իշխանությունն է, ըստ որի մենք գործում ենք Եկեղեցում: Յուրաքանչյուր աղոթք, նույնիսկ մանուկների կողմից ասված, վերջանում է Հիսուս Քրիստոսի անունով: Յուրաքանչյուր օրհնություն, յուրաքանչյուր արարողություն, կարգում, պաշտոնական գործողություն կատարվում է Հիսուս Քրիստոսի անունով: Սա Նրա Եկեղեցին է, և այն անվանվել է Նրա անունով՛ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի (տես ՎևՈւ 115.4):

Մորմոնի գրքում տրված է այն մեծ միջադեպը, երբ նեփիացիները «աղոթում էին Հորը [Տիրոջ] անունով»: Տերը հայտնվեց և հարցրեց.

«Ի՞նչ եք կամենում, որ ես ձեզ տամ:

Եվ նրանք ասացին նրան. Տե՛ր, մենք կամենում ենք, որ դու ասես մեզ այն անունը, որով մենք պիտի կոչենք այս եկեղեցին. քանի որ ժողովրդի մեջ վիճաբանություններ կան այս հարցի առնչությամբ:

Եվ Տերն ասաց նրանց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչո՞ւ պիտի ժողովուրդը տրտնջա և վիճի այս բանի պատճառով:

Մի՞թե դուք չեք կարդացել սուրբ գրքերը, որոնք ասում են՝ դուք պետք է վերցնեք ձեզ վրա Քրիստոսի անունը, որն իմ անունն է: Քանզի այս անունով պիտի դուք կոչվեք վերջին օրը.

Եվ ով որ վերցնում է իր վրա իմ անունը և համբերում մինչև վերջ, նույնը պիտի փրկվի …

Հետևաբար, ինչ որ դուք անեք, դուք դա պիտի անեք իմ անունով. հետևաբար, դուք պիտի կոչեք եկեղեցին իմ անունով. և դուք պիտի կանչեք առ Հայրը իմ անունով, որպեսզի նա օրհնի եկեղեցին՝ հանուն ինձ» (3 Նեփի 27.2–7):

Դա Նրա՛ Հիսուս Քրիստոսի անուն է, «որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ» (Գործք 4.12):

Եկեղեցում մենք գիտենք, թե ով է Նա. Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին: Նա Հոր Միածինն է: Նա սպանվեց և Նա ապրում է կրկին: Նա մեր Բարեխոսն է Հոր մոտ: «Հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՛ Աստծո Որդին, որ [մենք] պիտի կառուցենք [մեր] հիմքը» (Հելաման 5.12): Նա այն խարիսխն է, որ պահում ու պաշտպանում է մեզ և մեր ընտանիքները կյանքի փոթորիկների ժամանակ:

Յուրաքանչյուր կիրակի ողջ աշխարհում, երբ հավաքվում են տարբեր ազգությունների կամ լեզուների անդամները, հաղորդությունը օրհնվում է նույն խոսքերով: Մենք մեզ վրա ենք վերցնում Քրիստոսի անունը և միշտ հիշում ենք Նրան: Դա դրոշմված է մեզ վրա:

Նեփի մարգարեն հայտարարել է. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26):

Մեզանից յուրաքանչյուրը պետք է հանգի Տեր Հիսուս Քրիստոսի մասին իր անձնական վկայությանը: Մենք այնուհետև կիսվում ենք այդ վկայությամբ մեր ընտանիքի և մյուսների հետ:

Այդ ամենում, եկեք հիշենք, որ կա հակառակորդ, ով անձնապես փորձում է խափանել Տիրոջ աշխատանքը: Մենք պետք է ընտրենք՛ ում պետք է հետևենք: Մեր պաշտպանությունը նույնքան պարզ է, որքան Փրկչին հետևելու անհատական որոշումը, համոզված, որ հավատարմորեն մնալու ենք Նրա կողքին:

Նոր Կտակարանում Հովհաննեսը հիշատակում է, որ եղան այնպիսիք, ովքեր չկարողացան նվիրվել Փրկչին և Նրա ուսմունքներին, և «սորանից հետո նորա աշակերտներից շատերը ետ գնացին և այլևս ման չէին գալիս նորա հետ:

Հիսուսն էլ ասեց այն տասներկուսին. Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ:

Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց նրան. Տեր ո՞ւմ մոտ գնանք. հավիտենական կյանքի խոսքերն ունիս դու:

Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը՛ կենդանի Աստծո Որդին» (Հովհաննես 6.66–69):

Պետրոսը ստացել էր այն, ինչը կարող է սովորել Փրկչի յուրաքանչյուր հետևորդ: Հիսուս Քրիստոսին հավատարմորեն նվիրվելու համար մենք ընդունում ենք Նրան որպես մեր Քավիչ և մեր ուժերի ներածին չափով անում ամեն ինչ Նրա ուսմունքներով ապրելու համար:

Իմ ապրած բոլոր տարիներից հետո, երբ սովորել և ծառայել եմ, ողջ աշխարհով մեկ միլիոնավոր մղոններ ճամփորդել, իմ ձեռք բերած ողջ փորձառությունից հետո, կա մեկ մեծ ճշմարտություն, որով կուզենայի կիսվել: Դա Տեր Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությունն է:

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը սուրբ փորձառությունից հետո գրել են հետևյալը.

«Եվ արդ, բազմաթիվ վկայություններից հետո, որ տրվել են նրա մասին, սա է վկայությունը, ամենավերջինը, որ մենք տալիս ենք նրա մասին. Որ, նա աապրո՛ւմ է:

Քանզի մենք տեսանք նրան» (ՎևՈւ 76.22–23):

Նրանց խոսքերն իմ խոսքերն են:

Ես հավատում եմ և ես վստահ եմ, որ Հիսուսը Քրիստոսն է՛ Աստծո Որդին, որ Նա ապրում է: Նա Հոր Միածին Որդին է, և «նրանով, նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո» (ՎևՈւ 76.24):

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Փրկիչն ապրում է: Ես ճանաչում եմ Տիրոջը: Ես Նրա վկան եմ: Ես գիտեմ Երկնային Հոր բոլոր զավակների համար Նրա կատարած մեծ զոհաբերության և Նրա տածած հավերժական սիրո մասին: Ամենայն հեզությամբ, սակայն անկաշկանդ վստահությամբ, ես բերում եմ իմ հատուկ վկայությունը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: