Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Ավելի քիչ տեսանելի պարգևներ


Ավելի քիչ տեսանելի պարգևներ

2021 թվականի Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

5 դեկտեմբերի 2021 թ․

Նախաբան

Երբ ես փոքր էի, Սուրբ ծննդյան գլխավոր իրադարձությունը տատիկ և պապիկ Լունդգրենների այցելությունն էր: Ամեն տարի նրանք երկար ճանապարհ էին կտրում իրենց հին մեքենայով, որպեսզի այցելեն մեզ: Մենք սիրում էինք նրանց, նաև սիրում էինք տատիկի շվեդական նրբաբլիթները՝ պատրաստված թարմ թթվասերով, որը նա գնում էր իր հարազատ քաղաքի տեղացի մի գյուղացուց: Նա ժամերով կանգնում էր ջեռոցի մոտ և այնքան շատ բլիթներ էր պատրաստում, որ մենք այլևս չէինք կարողանում ուտել: Այսօր արդեն երկու սերունդ է մեծացել այդ շվեդական նրբաբլիթները ճաշակելով: Եվ ամեն անգամ, երբ պատրաստում ենք դրանք, մենք հիշում ենք Լունդգրեն տատիկին և նրա սիրո պարգևը:

Լավագույն պարգևներից մի քանիսը մեր ժամանակի ու տաղանդների պարգևներն են: Ես հավատում եմ, որ նման պարգևները սուրբ են:

Նվերներ

Այս օրերը նոր նվերներ ակնկալելու ժամանակաշրջան է: Բայց այս երեկո, եկեք դադար տանք և քննարկենք այն պարգև-նվերները, որոնք ձեզ արդեն տրվել են․ քննարկենք, թե ո՞վ է դրանք տվել և ինչո՞ւ է տվել:

Աստված մեզանից յուրաքանչյուրին նվերներ կամ պարգևներ է տվել: Գուցե դուք մտածեք, որ պարգևներ չունեք, բայց դուք հոգևոր պարգևներ ունեք Աստծուց, որ կարողանաք օրհնել ուրիշներին և ավելի մոտենալ Նրան:1

Աստված ձեզ ի՞նչ պարգևներ է տվել:

Անկեղծ ասած, ես ինձ երբեք շնորհալի մարդ չեմ համարել։ Ես լավ չեմ երգում ու պարում, լավ մարզիկ, նկարիչ կամ մաթեմատիկոս չեմ, կամ … կամ … կամ։ Պարզապես սովորական մարդ եմ։

Երբեմն ես տեսնում էի ուրիշների մեծ պարգևները և ինձ աննշան էի զգում: Բայց ես սովորում եմ, թե որքան անիմաստ և նույնիսկ կործանարար են նման համեմատությունները։ Ամենակարևորն այն է, որ ես սկսում եմ տեսնել Աստծո «ավելի քիչ տեսանելի պարգևների» սուրբ զորությունը և ուրախանալ դրանցով՝ որպես Նրա սիրո և վստահության ապացույց:

Երեց Մարվին Ջ. Էշթոնն ուսուցանել է, որ Աստծո հոգևոր պարգևները ներառում են այն պարգևները, որոնք «ավելի քիչ տեսանելի են», ներառյալ՝ «խնդրելու պարգևը, լսելու պարգևը, ականջ դնելու և մեղմ, ցածր ձայնով խոսելու պարգևը, լաց լինելու պարգևը, հակառակությունից խուսափելու պարգևը, համերաշխ լինելու պարգևը, պարգև` փնտրելու այն, ինչն արդար է, չդատելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, աշակերտ լինելու պարգևը, մյուսների մասին հոգ տանելու պարգևը, խորհելու ընդունակություն ունենալու պարգևը, աղոթք ասելու պարգևը»։2

Արդյո՞ք այս ցանկն օգնեց, որ դուք տեսնեք ձեր պարգևները նոր լույսի ներքո: Այն օգնում է ինձ այդ առումով:

Այս քիչ տեսանելի պարգևները նույն չափով են ոգեշնչում Աստծո զավակներին, որքան մյուս պարգևները, որոնք մենք ավելի հաճախ ենք ընդունում և գովեստի արժանացնում․3 դրանք քիչ տեսանելի պարգևներն են, որոնք օգնում են մեզ կյանքի կոչել մեր ամենակարևոր նպատակները: Բայց, ցավոք, մենք երբեմն զսպում ենք և չենք կարողանում գնահատել կամ կիսվել մեր պարգևներով՝ վախենալով, որ դրանք թերի են, կատարյալ կամ այնքան գեղեցիկ չեն, որքան մենք կցանկանայինք, որ լինեն:

Երբ մենք չենք գնահատում այս քիչ տեսանելի պարգևները, մենք բաց ենք թողնում Աստծո զավակներին բարձրացնելու հնարավորությունը և բաց ենք թողնում Նրա սերը զգալու հնարավորությունը:4

Նվագեք ձեր պարգևների երգը

Թույլ տվեք ձեզ ցույց տալ ևս մեկ պարգև իմ Լունդգրեն պապիկից: Պապիկը միշտ ցանկանում էր ջութակ նվագել։ Սակայն այս ջութակը երկար տարիներ առանց օգտագործելու և փոշոտ դրված էր նրա դարակում, իսկ հետո՝ իմ դարակում. այս լարերի երաժշտությունը լուռ էր։

Համեմատեք սա իմ վեց տարեկան թոռնուհու՝ Սքարլեթի ջութակի հետ։ Նա մի պարգև ունի, որով այս երեկո կկիսվի մեզ հետ։

[Սքարլեթը ջութակ է նվագում]

Շնորհակալությո՛ւն, Սքարլե՛թ։ Շատ գեղեցիկ էր։ Ես սիրում եմ քեզ:

Երկնային Հոր կողմից տրված մեր պարգևները նախատեսված են կիսվելու համար: Սքարլեթի ջութակը թանկարժեք չէ, և մենք կարող ենք նկատել գործիքի կամ հմտությունների թերություններ, բայց քանի որ նա ամբողջ սրտով է նվագում, նա պարգև է շնորհում և ուրախություն է բերում:

Թույլ մի տվեք, որ ձեզ տրված Աստծո պարգևները, նույնիսկ, Նրա տված քիչ տեսանելի պարգևները, մնան առանց օգտագործելու կամ գնահատվելու: Վերցրեք Նրա տված այդ պարգևները ձեր դարակից։ Եթե դրանք պահել եք անինքնավստահության պատճառով, թափ տվեք փոշին և փորձեք օգտագործել դրանք։ Մատուցեք դրանք Աստծուն և Նրա զավակներին: Երկնային Հոր տված մեր բոլոր պարգևները նախատեսված են կիսվելու համար։ Աստծո տված ձեր բոլոր պարգևները, որքան էլ անկատար լինեն, ուրախություն են պատճառում և, երբ մատուցվում են Նրան, գովաբանության օրհներգ են դառնում:

Սիրով լսելու ձեր պարգևով այցելեք միայնակ ընկերոջը: Ունե՞ք հակառակությունից խուսափելու և համերաշխ լինելու պարգև։ Այդ պարգևներն ավելի քան անհրաժեշտ են այսօր։ Կիսվեք դրանցով ձեր ընտանիքի, ընկերների և հարևանների հետ: Ասեք մոլորվածին, որ սիրում եք նրան և հրավիրեք նրան ձեր խոհանոցի սեղանի մոտ: Ոգեշնչված դաս ուսուցանեք: Գրեք բարի խոսքեր։ Օգտագործեք ձեր պարգևները՝ օգնության հասնելու, Սիոնը կառուցելու և ձեր շրջապատի մարդկանց ամրապնդելու համար: Աստծուն պետք են ամեն տեսակի մարդիկ։ Նա բոլոր պարգևները տվել է՝ Իր զավակներին ոգեշնչելու համար: Թույլ մի տվեք, որ ձեր ներսի երաժշտությունը լռի, գրկախառնումը մարի, իսկ ներումը՝ չտրվի:

Ընդունենք Նրա պարգևը

1832 թվականի Սուրբ ծննդյան ժամանակ մաքառող վաղ օրերի Սրբերը բախվեցին քաղաքացիական և քաղաքական անկարգությունների: Մարգարե Ջոզեֆ Սմիթը նոր էր մարգարեացել քաղաքացիական պատերազմի մասին:5 Դա այդքան էլ ուրախ Սուրբ ծնունդ չէր։

Սակայն դեկտեմբերի 27-ին Ջոզեֆը մեկ այլ հայտնություն ստացավ՝ «խաղաղության ուղերձ» Տիրոջից։6 Այս դժվարին ժամանակներում Տերը հիշեցրեց Ջոզեֆին այն պարգևների մասին, որոնք Նա տվել էր Իր Սրբերին․ ամենակարևորը՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի պարգևի և հավերժական կյանքին արժանանալու հույսի մասին:

Սուրբ ծննդյան այդ ժամանակաշրջանում ուրախանալու միջոցը Աստծո պարգևները տեսնելն ու ընդունելն էր, որոնցից առաջինը և ամենակարևորը Փրկիչի «անզուգական պարգևն» է։7 Նույնը ճշմարիտ է Սուրբ ծննդյան այս ժամանակաշրջանի համար։

Ջոզեֆի ստացած հայտնության մեջ Տերը հետևյալ հարցը տվեց նրան․

«Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը։ Ահա, նա չի ուրախանում այն ամենով, ինչ տրված է իրեն, ոչ էլ ուրախանում է այդ պարգևը տվողով»:8

Եզրակացություն

Ես հուսով եմ, որ մենք կարող ենք տեսնել և ընդունել այն պարգևները, որոնք Աստված տվել է մեզ, բայց հատկապես ես հույս ունեմ, որ բոլորս կարող ենք հրճվել Աստծով՝ այս պարգևները տվողով:

Ես երախտապարտ եմ Նրա Որդու անզուգական պարգևի համար. Որդի, ով Երկիր եկավ որպես մանուկ, երիտասարդ մոր կողմից բարուրված և մսուրի մեջ պառկած: Մի մանուկ, ով սովորեց տող առ տող և հասակ առավ շնորհ շնորհի տեղ, մինչև որ Իր կյանքը զոհեց իմ մեղքերի համար: Ձեր մեղքերի համար: Բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր երբևէ ապրել են և երբևէ կապրեն երկրի վրա:

Մենք երգում ենք սիրված օրհներգի խոսքերը.

«Ուրախություն աշխարհին, Տերն է եկել. Թող երկիրն ընդունի իր թագավորին»։9

Հիսուս Քրիստոսի պարգևը տրվել է և այն տրվել է մեծ գնով: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք կընդունենք Նրան։ Արդյո՞ք մենք թույլ կտանք Նրան մտնել մեր կյանք և թույլ կտա՞նք, որ Նա տնօրինի: Ինչպե՞ս։

Ես վկայում եմ, որ ընդունելով մեր Թագավորին և Նրա պարգևները, մենք ուրախություն կգտնենք՝ ուրախություն աշխարհին և ուրախություն աշխարհում:

«Շնորհակալություն Աստծուն [Իր Որդու] անպատմելի պարգևի համար»,10 Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։