Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Երանի խաղաղություն անողներին


Երանի խաղաղություն անողներին

2021 թ. Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

Կիրակի, 5 դեկտեմբերի 2021 թ․

Մեկ անգամ ևս մեր սիրելի Առաջին Նախագահությունը հրավիրել է մեզ հավաքվել միասին, քանի որ մենք սկսում ենք Սուրբ ծննդյան տոնակատարությունը: Թեև տարբեր ազգերի մոտ մեր ավանդույթներն ու սովորույթները տարբեր են, մենք բոլորս երախտապարտ և օրհնված ենք միասնական լինելու համար՝ մեկ մարդու նման երկրպագելով մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին և տոնելով Նրա ծնունդը, որը տեղի ունեցավ ավելի քան երկու հազարամյակ առաջ:

Բասեթների տանը, ինչպես նաև ձեզանից շատերի տներում, սիրելի ավանդույթներից մեկը ծննդյան պատմության վերարտադրումն է: Մեզ համար Եսայիայի, Ղուկասի, Մատթեոսի, Նեփիի և Մորմոնի պատմությունների ընթերցումը՝ Սուրբ ծննդյան հիմների ուղեկցությամբ, ինչպես նաև Մարիամին, Հովսեփին և մանուկ Հիսուսին պատկերող կենդանի ներկայացումը ոգեշնչող և հոգևոր է եղել, բայց ոչ միշտ:

Օրինակ՝ մի անգամ Սուրբ ծննդյան նախօրեին մեր գառների հոտը հանկարծ վերածվեց լացող մանուկների երգչախմբի: Նրանց ողբին արագ միացան հովիվները և հրեշտակները և նույնիսկ՝ բարուրված մանկիկը: Հաջորդ տարի մենք հոտ չունեինք: Ոչ ոք չէր համարձակվում ոչխարի դեր խաղալ՝ վախենալով, որ ավելի շուտ ոչխարներն էին սարսափելի և աղեկտուր ողբի պատճառը։ Մեկ այլ տարի հովիվների գավազանները դարձան թեթև [միմյանց հարվածող] թրեր, իսկ մի ուրիշ տարի ոչ ոք չէր կամենում լինել Մոգ կամ հրեշտակ, դրա փոխարեն պնդում էին Հելոուինի տոնի դինոզավրի և դելֆինի հագուստներ կրել: Թերևս մեր ամենահիշարժան բեմականացումն էր, երբ հենց նորածին երեխան շուռ եկավ իր բարձր և անկայուն մսուրից՝ վայր ընկնելով դեպի քարքարոտ օջախը, նրան բռնեցի հատակից ընդամենը մի մատնաչափ բարձրության վրա. Ես պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում այդ սուզորդի ցատկը կատարելիս, չնայած ընկնելը նույնպես ամբողջովին իմ սխալի պատճառով էր։

Լուռ գիշե՞ր: Շուրջն ամեն ինչ խաղա՞ղ է: Մեր Սուրբ ծննդյան տեսարանները գուցե ավելի լավ կլիներ կոչել «Խառնաշփոթը մսուրում»: Պետք է խոստովանեմ, որ երբ մոտենում է Սուրբ ծնունդը, ես հաճախ մտածում եմ, որ մենք, գուցե, պետք է փորձենք Սուրբ ծննդյան մի այնպիսի ավանդույթ, որը փաստորեն հրավիրում է խաղաղություն:

Խաղաղություն` այն քաղցր և հուսալի վիճակը, որը մենք բոլորս ենք ցանկանում՝ ոչ միայն Սուրբ ծնունդին, այլև մշտապես: Սակայն թվում է, որ այսօր ողջ աշխարհում ավելի է դժվարանում խաղաղություն գտնելը: Երբ այս տարի ուսումնասիրում էինք Վարդապետություն և Ուխտերը, ես հիշեցի մի հայտնություն, որը նկարագրում է մեր օրերը:

«Եվ այդ օրը … ողջ երկիրը խառնաշփոթի մեջ կլինի, և մարդկանց սրտերը կնվաղեն»:1

Այսօրվա երկրային խառնաշփոթի մեջ որտե՞ղ կարելի է գտնել այդ ավելի մեծ խաղաղությունը, որը ցանկանում է ամբողջ աշխարհը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է.

«Հիսուս Քրիստոսի ավետարանը հենց այն է, ինչ անհրաժեշտ է այս խառնաշփոթ, հակասական և հոգնած աշխարհում:

Աստծո յուրաքանչյուր զավակ արժանի է լսելու և ընդունելու Հիսուս Քրիստոսի բժշկող, փրկագնող ուղերձը: Ոչ մի այլ ուղերձ ավելի կարևոր չէ մեր երջանկության համար՝ այժմ և հավիտյան»:2

Վերականգնման ուղերձը Սուրբ ծննդյան ուղերձն է : Աստղի լույսը, որը հովիվներին առաջնորդում էր դեպի մսուրում գտնվող մանկիկը, նման էր լույսի այն սյունին, որն աստիճանաբար իջավ Ջոզեֆի վրա՝ նախորդելով մեծ ուրախության ավետիքին և աշխարհին հայտարարելով Քրիստոսի մասին:

Եսայիայի պատգամը մեր անհանգիստ աշխարհին շարունակում է մնալ նույնը. «Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կկոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան»:3

Երեց Քվենթին Լ. Քուքը ուսուցանել է. «Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ամենանվիրական տիտղոսներից մեկն է «Խաղաղության Իշխանը» [Եսայիա 9.6]: … Ի վերջո, Նրա թագավորությունը կհաստատվի՝ ներառելով խաղաղություն և սեր»։4

Երբ կարդանք Ղուկասի գրքում գտնվող խոսքերն այս տարի, հուսով եմ դուք կխորհեք այս խոսքերի շուրջ՝ «երկնաւոր զօրքի մի բազմության»,- որ Աստուծուն օրհնում էին եւ ասում. «Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»:5: Ես խորհել եմ այս խոսքերի շուրջ և կարծում եմ, որ մեզ համար պատշաճ կլինի համարել սա որպես մի հայտարարություն, որ «երկրի վերայ խաղաղութիւն է այժմ»: «Խաղաղությունը եկել է», - գուցե բացականչեցին նրանք: Քանի որ բառացիորեն, այդ երեկո՝ այդ անշուք ախոռում հենց «Խաղաղության Իշխանն» էր աշխարհ եկել:

Այդ առաջին Սուրբ ծննդյան օրը հրեշտակները հայտարարեցին, որ խաղաղությունը եկել է: Նրանցից առաջ Հակոբը հայտարարեց. «Մենք գիտեինք Քրիստոսի մասին, և մենք ունեինք նրա փառքի մի հույս՝ նրա գալստից շատ հարյուրավոր տարիներ առաջ. և ոչ միայն մենք ինքներս ունեինք նրա փառքի մի հույս, այլ նաև բոլոր սուրբ մարգարեները, որոնք մեզանից առաջ էին»:6

Եսայիան կրկին մարգարեացել է մեր օրերի մասին, երբ գրել է. «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը նրա կամ [նրանց], որ բարիք է աւետում և խաղաղութիւն է քարոզում»:7

Այսպիսով, ովքե՞ր են այդ գեղեցիկ մարդիկ, որ խաղաղություն են քարոզում: Փրկիչը հայտարարել է Իր աշակերտներին՝ ինչպես Գալիլեայում, այնպես էլ Լիառատ երկրում, որ․ «երանելի են բոլոր խաղաղարարները, քանզի նրանք Աստծո զավակներ կկոչվեն»:8

Բացի այդ Բենիամին թագավորն ուսուցանել է. «Եվ այժմ, ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը, քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար, դուք ծնվել եք նրանից և դարձել եք նրա որդիներն ու նրա դուստրերը»:9

Ես և դուք Հիսուս Քրիստոսի ուխտի զավակներն ենք` Նրա զավակներից յուրաքանչյուրը: Հիշեք, որ Նա հայտարարել է, որ խաղաղարարները պետք է կոչվեն Աստծո զավակներ: Ուստի, մենք` Աստծո զավակներս,պետք է լինենք խաղաղարարներ: Սա մեր ուխտի պարտականությունն է: Ես և դուք փոփոխություն ենք կատարում այսօրվա անհանգիստ աշխարհում, երբ ձգտում ենք խաղաղարարներ լինել մեր տներում, մեր ժողովներում, մեր համայնքներում, նույնիսկ ամբողջ աշխարհում՝ մեր բարությամբ, մեր բարի գործերով և մեր խոսքերով՝ դեմ առ դեմ և հեռավար ձևաչափով: Եկեք հավատարմորեն «քարոզենք խաղաղություն», երբ վկայենք Նրա մասին խոսքերով և գործերով:

Կրկին, Ղուկասի գրքում մենք կարդում ենք.

«Եւ եղաւ երբոր հրեշտակները նորանցից վերացան երկինքը, այն հովիւ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ եւ տեսնենք այս եղած բանը, որ Տերը ցույց տուաւ մեզ:

Եւ շտապելով եկան եւ գտան Մարիամին եւ Հովսէփին, եւ երեխային մսուրի մէջ դրած:

Եւ երբոր տեսան, իմացրին այն բանն, որ այս երեխայի համար ասուեցաւ նորանց»:10

Նմանապես, «եկեք այժմ մենք էլ գնանք» և «իմացնենք այս բանն» ամենուր` խաղաղության ուղերձը «այս երեխայի համար»: Սա է այն ուղերձը, որ մեր միսիոներներն ուսուցանում են մեր սիրելի մարդկանց և ընկերներին, սա է այն կենդանի ուղերձը, որով ծառայող միսիոներները կիսվում են, երբ ծառայում են՝ ինչպես Փրկիչը կծառայեր: Սա է այն ուղերձը, որը մենք հայտարարում ենք, երբ սիրում ենք, կիսվում և հրավիրում մեզ շրջապատող մարդկանց՝ ճաշակելու հույսից և խաղաղությունից, որը գտնվում է Հիսուս Քրիստոսի ավետիքում:

Այսպիսով, վերադառնալով Բասեթների սուրբ ծննդյան բեմականացումներին, որոնք մենք քաոսային ձևով փորձում ենք անել ամեն Սուրբ ծննդյան տոնին, պետք է հարցնեմ՝ մենք ինչո՞ւ ենք շարունակում պահել այդ ավանդույթը, խրախուսելով մեր երեխաներին և թոռներին վերարտադրել բոլոր գիշերներից այդ գեղեցիկ գիշերը, երբ հրեշտակները եկան՝ մեծ ուրախության ավետիքով:

Պատասխանը պարզ է և բերկրալի «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:11

Այո, մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհը խառնաշփոթի մեջ է, և մարդկանց սրտերը նվաղում են: Այնուամենայնիվ, չնայած մարտահրավերներին, ի դեմս ընդդիմության և իրարանցման, եկեք հաստատակամորեն քարոզենք խաղաղությունը այս տոներին և մշտապես, մինչ մենք և մեզ շրջապատող մարդիկ պատրաստվում ենք Խաղաղության Իշխանի, այսինքն` Տիրոջ, Փրկիչի և Քավիչի` Հիսուս Քրիստոսի մեծ վերադարձին: Կրկնելով Նախագահ Նելսոնի խոսքերը. «Աստծո յուրաքանչյուր զավակ արժանի է լսելու և ընդունելու Հիսուս Քրիստոսի բժշկող, փրկագնող ուղերձը»:

Թող որ մենք խաղաղություն հրապարակողներ լինենք, երբ մենք տոնում ենք մեր Փրկիչի ծնունդը, կյանքը և առաքելությունը այս Սուրբ Ծննդյան ժամանակ և մշտապես` իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: