Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Քրիստոսը ծնվեց փրկելու համար


Քրիստոսը ծնվեց փրկելու համար

2023 թվականի Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

3 դեկտեմբերի 2023 թ․

Ես սիրում եմ Սուրբ ծնունդը։ Սուրբգրային պատմությունը, երաժշտությունը, բարի կամքի և առատաձեռնության զգացումները կարծես հեղեղում են երկրագնդի մեծ մասը այս սուրբ տոներին:

Տարիներ շարունակ՝ Սուրբ ծննդյան տոներին, ես և կինս եղել ենք մի քանի երկրներում: Մեզ դուր են եկել տարբեր սովորույթներն ու տարբեր ձևերը, որոնցով տոնվում է Սուրբ ծնունդը: Այս փորձառությունների մասին մտածելն օգնեց ինձ հասկանալ, որ Սուրբ ծնունդը բոլորի համար է: Այն երեխաների, ծնողների, տատիկ-պապիկների, մորաքույրների, հորեղբայրների և զարմիկների համար է: Այն մարդկանց համար է, որոնց կյանքը հարթ է ընթանում, և նրանց համար, ովքեր հիվանդ են, աղքատ են և փորձությունների մեջ են: Նրանց համար է, ովքեր տառապում են պատերազմի սարսափներից և նրանց համար, ովքեր ապրում են խաղաղ, բարեկեցիկ պայմաններում: Այն նրանց համար է, ովքեր փորձում են հետևել Փրկչին, նրանց համար, ովքեր երբեք չեն լսել Նրա անունը, և նույնիսկ նրանց համար, ովքեր մերժել են Նրան: Այն նաև նրանց համար է, ովքեր ապրել են մինչև Նրա ծնվելը: Սուրբ ծնունդը բոլորի համար է:

Սուրբ ծնունդը բոլորի համար է, որովհետև Աստված ուղարկեց Իր Որդուն բոլորիս և մեզանից յուրաքանչյուրի համար:է «Քանզի մեզ համար մի երեխա է ծնվել»։2

Քանի որ Փրկիչը ծնվեց, ապրեց անմեղ կյանքով, քավեց մեր մեղքերը և հարություն առավ, մեզանից յուրաքանչյուրը ստանում է մեռելներից հարություն առնելու մեծ պարգևը: Որևէ մարդ, որը երբևէ ապրել է երկրի վրա, զրկված չէ այս ուշագրավ պարգևից: Բացի այդ պարգևից՝ «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց … այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար»։3

Անկախ ժամանակաշրջանից կամ հանգամանքներից, Փրկչի ծնունդը միշտ ուրախանալու առիթ է եղել: Նա եկավ՝ Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրին առաջարկելու «խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»:4

Ադամի և Եվայի ժամանակներից ի վեր արդար մարդիկ սպասում էին Փրկչի ծնունդին, որը հնարավոր դարձրեց Հոր ծրագրի իրականացումը Իր զավակների համար:5 Եսայիան և Նեփին մարգարեացել են Նրա ծննդյան մասին՝ Նրա առաքելության համատեքստում:6 Նրա ծնունդը չի կարող առանձնացվել այն պատճառից, որի համար Նա եկավ երկիր:

Մտածեք Աննայի և Սիմեոնի մասին, որոնք տեսան մանուկ Հիսուսին և հասկացան, որ այս երեխան «լույս է՝ լուսավորելու»7 ողջ աշխարհը և փրկագնման հույսն է:8 Զարմանալի չէ, որ հրեշտակն այդ ուղերձն անվանեց․ «մեծ ուրախության ավետիք, որ ամբողջ ժողովրդինն է լինելու»։9 Մենք ուրախանում ենք, երբ որևէ երեխա է ծնվում, բայց այս ծնունդն ու այս երեխան տարբեր էին:

Հիսուս Քրիստոսը՝ աշխարհի լույսն ու կյանքը, որպես մի փոքրիկ մանկիկ ծնվեց համեստ ախոռում, սակայն մի նոր աստղ ազդարարեց նրա ծնունդը: Մորոմնի Գիրքը պատմում է մի շրջադարձային իրադարձության մասին`մի օր, մի գիշեր և մի ցերեկ առանց խավար, որն ազդարարեց Նրա գալուստը: Այս հրաշափառ նշանները տրվեցին՝ ազդարարելու Աշխարհի Լույսի գալուստը,10 որն ազատելու էր մեզ մեղքի և մահվան խավարից: Մենք կարող ենք օգնել աշխարհի հետ կիսվել Նրա լույսով:

Սուրբ ծնունդին նույնիսկ փոքր երեխաները կարող են զգալ մեր Փրկչի սիրո ներգործությունն ու ազդեցությունը: Շատ տարիներ առաջ մեր դուստրերից մեկը՝ Սոնյան, գրել էր իր հինգամյա որդու հետ ունեցած զրույցի մասին։

Նա գրել է. «Էնդրյուն ասաց ինձ այս երեկո, երբ ես նրան քնեցնում էի. «Հաջորդ տարի ես այդքան չեմ կենտրոնանալու նվերների վրա, այլ կենտրոնանալու եմ նրա վրա, թե ես ինչ եմ տալիս Հիսուսին»: Ես հարցրի նրան, թե որտեղի՞ց նրան նման միտք, և նա ասաց, որ Երեխաների միության իր ուսուցիչն է ասել: Կեցցե Երեխաների միությունը»:11

Այո: Կեցցե Երեխաների միությունը: Այժմ՝ 14 տարի անց, Էնդրյուն ծառայում է միսիայում և Սուրբ ծննդյան տոներն անցկացնում է՝ Հիսուս Քրիստոսի ուղերձը փոխանցելով ուրիշներին: Նա վերջերս գրել է. «Հիսուսը տվել է մեզ ամեն ինչ… [և] կվերցնի մեր բոլոր մեղքերը: Ահա թե ինչու եմ ես այստեղ՝ միսիայում»։12

Սուրբ ծննդյան տոները հատուկ ժամանակ է՝ մտածելու, թե ինչն է ամենից կարևորը տալու համար: Մենք կարող ենք օգնել ուրիշներին զգալ «հույսի հուզմունքը»,13 որը բխում է Փրկչին ճանաչելուց և մեր սրտերը Նրան առաջարկելուց:

Մեր դուստր Ալիսան մի քանի տարի առաջ մահացավ քաղցկեղից, և ես սիրում եմ նրա տեսակետը Սուրբ ծնունդի վերաբերյալ, նույնիսկ, երբ նա բախվել էր առողջական վատ կանխատեսումների: Մի տարի նա գրեց.

«Ես անակնկալ ստացա Սուրբ ծնունդի կապակցությամբ: Մի մեծ անակնկալ: … Ես նամակ ստացա Սուրբ ծնունդից անմիջապես առաջ՝ իմ ուռուցքաբանի գրասենյակի բուժքրոջից: Նա գրել էր. «Շնորհավոր Սուրբ ծնունդ. ձեր ուռուցքը դրական է [հատուկ գենետիկ] մուտացիայի համար»: … Ի՞նչ է դա նշանակում ինձ համար: Նրանք հաստատել են … մի դեղամիջոց…, որը խանգարում է քաղցկեղի բջջի ազդանշանային ուղիներին [ոմանց համար, ովքեր ունեն այդ մուտացիան]: Դա բուժում չէ, այլ հրաշք դեղամիջոց, որը կարող է արագ կրճատել … ուռուցքները: … Ցավոք, ի վերջո, մարմինը ճանապարհ է գտնում դրա շուրջը, և քաղցկեղը վերադառնում է: … Բայց ինձ թվաց, որ ինչ-որ մեկը ինձ տվեց կյանքի լրացուցիչ ամիսներ։ Եվ ի՞նչ կարող էր դա լինել: … Մեկ լրացուցիչ ամա՞ռ: Եվս մեկ արձակո՞ւրդ իմ փոքրիկների հետ: Ես լաց եղա, երբ բացեցի է-փոստը և շնորհակալություն հայտնեցի Աստծուն՝ լավագույն անակնկալի համար, որ երբևէ ունեցել եմ»:14

Ալիսան իր ընտանիքի հետ լինելու համար ավելի շատ թանկ ժամանակ ստացավ: Նա կիսվել է մի փորձառությամբ, որն ունեցել է, երբ իրենց ընտանիքը հարևանին Սուրբ ծննդյան մի անանուն նվեր է մատուցել: Այն ցույց է տալիս, որ մեր կողմից նվեր մատուցելու յուրաքանչյուր մանրուք ոչ միշտ կարող է կատարյալ լինել: Նա գրել է.

«Նախորդ գիշեր … մենք մի գաղտնի նվեր թողեցինք: Տղաները ծրագրեցին իրենց փախուստի լավագույն ուղղություններն ու թաքստոցները:

«Բայց ամեն դեպքում, եթե նրանք մեզ տեսնեն …», - լրջորեն ասաց Սեմը, իսկ մյուս երկուսը հուզված միացան: «Մենք ավելի լավ է մեր ձեռքում մի քանի ձնագնդի ունենանք»։

Ջեյմսը հասկացավ: «Լավ, Ճիշտ է: Խփենք դռանը որ փակվի»:

«Ոչ», - [պատասխանեց Սեմը], «մենք նրանց դեմքին կխփենք»:15

Ալիսան պատմել է մի ավելի քնքուշ զրույցի մասին, որը նա ունեցել էր կրտսեր որդու՝ Լյուկի հետ, որն այդ ժամանակ ընդամենը վեց տարեկան էր: Նա գրել է.

«Այսպիսով, այս գիշեր, երբ մենք պառկած էինք նրա անկողնում, որը լուսավորված էր նրա պատուհանի վերևում գտնվող լույսերի գունավոր շարանով, ես նրան հարցրի…. «Դե, ի՞նչ ես ուզում խնդրել …»:

«Դե, ես կարող եմ ինչ-որ բան մտածել»:

«Դե՞»:

«Այն կարող է օգտագործվել բոլոր տոներին»:

«Դե՞»:

Ազդեցիկ դադար: «Գրկախառնություն և համբույր մայրիկից»:

«Դա արժեցավ 100 փոքրիկ համբույրներ և մեծ արջի գրկախառնություններ հենց տեղում: «Հիմարիկ Լյուկ, դու կարող ես դա ունենալ ցանկացած պահի»:

«Բայց երբ դռնից դուրս եկա, մի քիչ տխրեցի: Կարծում եմ, գուցե պարտադիր չէ, որ դա ճիշտ լինի: Ես շատ երախտապարտ եմ, որ այս տարի նա կարող է ունենալ դա և նաև նվերներ»:16

Ինձ հատկապես ապշեցրին Ալիսայի մտքերը Սուրբ ծննդյան հետ կապված հույսի մասին: Նա գրել է.

«Այս տոներին ես տոգորված եմ հույսով։ Երբ մտածում եմ Քրիստոսի հրաշքի և Աստծո բազմաթիվ պարգևների մասին, ես հույս եմ զգում ամեն ինչի և բոլորի համար: Պարտադիր չէ այնպիսի հույս, որ ամեն ինչ կատարյալ կլինի, այլ ամեն ինչ լավ կլինի, և ի վերջո, բարությունը կհաղթի: Մեր բոլորիս կյանքում: Չեմ կարծում, որ երբևէ ուշ է հրաշքների համար, փոփոխության համար, խաղաղության համար։ Ես իսկապես հավատում եմ դրան՝ ներքուստ և ամբողջապես: Խոստովանում եմ, որ կարծես ավելի հեշտ է զգալ այդ հույսը ուրիշների համար, և ավելի դժվար է կիրառել այն ինձ համար: Բայց ես սովորում եմ: «Ամեն բանի հավատա, ամեն բանի համար հույս ունեցիր, ամեն բանի համբերիր»։ Պարզ է: Գեղեցիկ է»:

Խոսելով իր որդու մասին, նա շարունակել է. «Սուրբ ծննդյան նախօրեին Ջեյմսը նվագում էր ինձ համար [Սուրբ ծննդյան երգ, և ես] սիրում եմ այս երգի խոսքերը.

Բարի քրիստոնյա տղամարդիկ, ուրախացեք

Սրտով, հոգով և ձայնով.

Այժմ դուք չպետք է վախենաք գերեզմանից.

Խաղաղություն: Խաղաղություն:

Հիսուս Քրիստոսը ծնվել է փրկելու համար:

Կանչում է ձեզ մեկ, և կանչում է ձեզ բոլորիդ,

Նրա հավիտենական ներկայության մեջ լինելու համար.

Քրիստոսը ծնվեց Փրկելու համար,

Քրիստոսը ծնվեց փրկելու համար»:17

Նա ծնվեց Փրկելու համար. Փրկելու ձեզ և փրկելու ինձ: Ինչ անհամեմատելի պարգև, որը կարող է տրվել միայն Նրա կողմից: Անկախ մեր ներկա հանգամանքներից՝ թող որ մենք լիովին զգանք Նրա պարգևները մեր կյանքում՝ այս Սուրբ ծննդյան տոներին:

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։