Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
«Եկեք պաշտենք Նրան»


«Եկեք պաշտենք Նրան»

2023 թվականի Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

3 դեկտեմբերի 2023 թ․, կիրակի

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ինչպիսի ուրախություն է բացել Սուրբ ծննդյան տոների ևս մեկ շրջան, երբ մենք նշում ենք մեր Փրկչի և Քավիչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը:

Ամեն անգամ, երբ երեխա է ծնվում, դա սուրբ իրադարձություն է։ Եկեք դիտենք մեր ծոռներից մեկի արձագանքը, երբ նա առաջին անգամ գրկում է իր փոքրիկ եղբորը:

[տեսանյութը]

Զարմանալի չէ, որ այդ ամենասուրբ գիշերը ավելի քան 2000 տարի առաջ՝ Բեթլեհեմ փոքրիկ քաղաքի մոտ, երկնային զորքերն ուրախությունից երգեցին։ Հրեշտակը հովիվներին սովորեցրեց այս վեհաշուք ճշմարտությունը.

«Ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու։

Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը»:1

Եվ հիմա, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, «Եկեք, պաշտենք Նրան»։2

Ինչպես ձեզանից շատերի դեպքում, Սուրբ ծնունդն ինձ համար տարիների ընթացքում փոխվել է: Իմ մանկության հիշողությունները դաջվել են 1930-ականների Մեծ դեպրեսիայի ֆոնին: Փողը սուղ էր։ Հատկապես թանկ էին նվերները։

Ծնողներս Սուրբ ծննդյան օրը կախարդական էին դարձնում ինձ և քույր ու եղբայրներիս համար: Ամեն տարի մենք դառնում էինք «ձմեռ պապիկին փոխարինող» ընտանիք մեկ այլ ընտանիքի համար: Մենք պատրաստում էինք համապատասխան նվերներ և առաքում դրանք Սուրբ ծննդյան նախօրեին։ Երբ մենք հեռանում էինք նրանց տնից, նրանց վեր մեկնած ձեռքերն ու արցունքոտ դեմքերը մեզ պարգևում էին նվիրելու իրական բերկրանքը:

Այն ժամանակ ինձ դուր էր գալիս և դեռ դուր է գալիս Սուրբ ծննդյան երաժշտությունը: Ամեն տարի ես և քույր Նելսոնը սիրում էինք լսել և միասին երգել Հենդելի Մեսիա օրատորիան: Ինձ դուր է գալիս ալելուիա բառի եբրայերեն իմաստը: Այն բառացի նշանակում է «փառք Տեր Աստծուն՝ Եհովային»:3 Այս օրատորիայի խոսքերը վերաբերում են ոչ միայն Տիրոջ ծնունդին, այլև Նրա հազարամյա թագավորությանը.

Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց,

մեզ համար մի որդի տրվեց.

Իշխանությունը կլինի նրա ուսի վրա,

Եվ նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական,

Հզոր Աստված,

Հավիտենական Հայր,

Խաղաղության Իշխան:4

Իմ երիտասարդության տարիներին էր, որ ես սկսեցի խոր վկայություն ձեռք բերել Հայր Աստծո և Նրա սիրելի Որդի Հիսուս Քրիստոսի մասին: Ես անձամբ հասկացա, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է կույս Մարիամից, որն «արժեքավոր և ընտրյալ անոթ» էր:5 Ես գիտեի, որ Նա իսկապես Աստծո Որդին է6 և ողջ մարդկության պատմության կենտրոնական դեմքը:

Պարզապես մտածեք Հիսուս Քրիստոսի կատարած գործի աներևակայելի մեծության մասին՝ ամեն ինչ Իր Հոր կամքի համաձայն: Հիսուսն արդեն Աստված էր, երբ նա բարեհաճեց գալ երկիր՝ իրագործելու ամենակարևոր սխրանքը բոլորիս համար: Մի սխրանք, որը բառացիորեն կյանքեր է փրկում և կյանքեր է փոխում: Մի սխրանք, որը մեզանից ոչ մեկը չէր կարող անել մեզ համար:

Փրկիչը «տարավ ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»,7 որ Նա իմանա, թե ինչպես սատարի [մեզ] ըստ [մեր] թուլությունների»։8

Անցած մի քանի ամիսների ընթացքում ես շատ ավելին սովորեցի ցավի և դրա մաքրագործող ազդեցության մասին: Ես ավելի մոտեցա մեր Փրկչին, երբ փորձեցի պատկերացնել Նրա տառապանքի չափը: Իմ մահկանացու միտքը պարզապես չի կարողանում հասկանալ, թե Նա ինչպես Իր վրա վերցրեց բոլոր ցավերը, բոլոր մեղքերը, բոլոր վշտերը և բոլոր տառապանքները այն բոլոր մարդկանց, որոնք երբևէ ապրել են:

Դրսևորելով մեծագույն կարեկցանք, որը հասու չէ մարդկային հասկացողությանը կամ նկարագրությանը, Փրկիչն Իրեն ենթարկեց հոգևոր և ֆիզիկական անօրինակ տառապանքի:

Մենք պատվում ենք Բեթլեհեմի Մանուկին հենց այն պատճառով, որ Նա հետագայում մատուցեց աներևակայելի, անսահման զոհաբերություն Գեթսեմանիի այգում և Գողգոթայի խաչի վրա: Երբ մենք ընտրում ենք ապաշխարել և հետևել Նրան, այդ զոհաբերությունը փրկագնում է մեզանից յուրաքանչյուրին: Այնուհետև, երկրի վրա գերագույն գործողությունն այն էր, որ Նա երրորդ օրը բարձրացավ գերեզմանից՝ յուրաքանչյուր մարդու շնորհելով հարության և հետմահու կյանքի աննախադեպ օրհնությունը:

Այս օրերին մենք հաճախ ենք ուրախ երգում կամ ասում. «Մաղթում ենք ուրախ Սուրբ ծնունդ»: Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այս երեկո բոլորիդ ուղղված իմ սրտի ցանկությունը մի քանի բաղադրիչ ունի։ Իրականում, դա իմ ցանկությունը չէ ձեզ համար, դա իմ աղոթքն է ձեզ համար՝ այս սուրբ Սուրբ ծննդյան տոներին:

Նախ, ես աղոթում եմ, որ դուք զգաք այն խոր, հավերժական սերը, որ մեր Փրկիչն ունի անձամբ ձեր հանդեպ: Հիսուս Քրիստոսը ձեզ ճանաչում է նախամահկանացու արքայությունից ի վեր: Նա ճանաչում և տեսնում է ձեզ հիմա: Նա տեսնում է ձեր ուրախությունը և ձեր տխրությունը: Նա զգացել է դրանցից յուրաքանչյուրը։

Նա կատարելապես կարեկցում է ձեզ ձեր տառապանքների համար և ուրախանում է ամեն անգամ, երբ դուք առաջ եք շարժվում արդարությամբ՝ լավ և վատ ժամանակներում:

Ես աղոթում եմ, որ դուք ձեռք բերեք ձեր անձնական վկայությունն առ այն, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, որ Նա լցված է աստվածային զորությամբ, և Նրա մեծ քավիչ զոհաբերության շնորհիվ դուք երբևէ կարիք չեք ունենա զգալու, որ պետք է միայնակ դիմակայեք կյանքի դժվարին մարտահրավերներին: Երբ դուք ջանասիրաբար խնդրեք, փնտրեք և թակեք9, դուք միշտ կստանաք Նրա զորությունը, որը կօգնի, կզորացնի և կբժշկի ձեզ:10

Ես աղոթում եմ, որ դուք լիովին օգտվեք Փրկչի Քավությունից՝ ամեն օր ապաշխարելով, ձեր կյանքը ավելի մաքուր դարձնելով և փնտրելով երկնային առաջնորդություն այն ամենում, ինչ անում եք: Այլ կերպ ասած, ես աղոթում եմ, որ դուք միշտ զգաք սելեստիալ մտածելակերպի բերկրանքը:

Ես նաև աղոթում եմ, որ դուք այս տոնական օրերին ավելի շատ ժամանակ հատկացնեք երկրպագությանը։ Սկսեք նորից ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը: Ոչ ոք այս երկրի վրա չի սիրում ձեզ այնպես, ինչպես Նա է սիրում: Այստեղ ոչ ոք ձեզ ավելի լավ չի հասկանում և չգիտի ձեր վշտերն ու թուլությունները: Երկրի վրա ոչ ոք չունի այնպիսի զորություն, ինչպիսին Հիսուս Քրիստոսն ունի: Այստեղ ոչ ոք չի ցանկանում, որ դուք դառնաք այն անձնավորությունը, որը ձեր ներուժի լավագույն իրագործումն է: Ոչ ոք այնպես չի աղոթում Հորը ձեզ համար, ինչպես Նա է աղոթում:

Տեր Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է։ Նա Աստծո Որդին է՝ Սուրբն Իսրայելի։ Նա է Օծյալը։11 Իր Հոր ղեկավարության ներքո Նա Արարիչն է բոլոր բաների։12 Հիսուս Քրիստոսը Մեծ Եհովան էր՝ Հին Կտակարանի Աստվածը:13 Նա խոստացված Էմմանուելն էր։14 Նա մեր մեծ Օրինակն է15 և մեր Բարեխոսը Հոր մոտ:16 Նրա վերականգնված ավետարանի շնորհիվ Նրա քահանայության բոլոր օրհնությունները հասանելի են ողջ մարդկությանը, եթե մարդիկ գալիս են դեպի Քրիստոսը և կատարելագործվում Նրանում:

Եղբայրներ և քույրեր, եկեք ապրենք «ալելուիայի» ոգով, միշտ փառաբանելով Տեր Աստծուն՝ Եհովային։ Սուրբ ծննդյան այս փառահեղ տոներին եկեք պաշտենք Նրան՝ Օծյալ Տիրոջը:

Ես գիտեմ, որ Աստված ապրում է։ Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Նա ղեկավարում է Իր ավետարանի շարունակական Վերականգնումը: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: