2010
Մեր Քավիչի վեմը
Մայիս 2010


Մեր Քավիչի վեմը

Ես վկայում եմ, որ նրանք ովքեր պահում են Նրա պատվիրանները կաճեն հավատքով և հույսով: Նրանց ուժ կտրվի հաղթելու կյանքի բոլոր փորձությունները:

Նկար
Elder Wilford W. Andersen

Տարիներ առաջ ընտանիքիս հետ ես այցելեցի Նավու, Իլլինոյս: Առաջին Սրբերը այդտեղ էին եկել ապաստան փնտրելու: Շատերը կորցրել էին իրենց տները և իրենց ագարակները, իսկ ոմանք աճող հալածանքների պատճառով կորցրել էին իրենց սիրելիներին: Նավույում նրանք հավաքվեցին և կառուցեցին նոր և գեղեցիկ քաղաք: Բայց հալածանքը անողորմ էր և մինչև 1846 թվականը, նրանք կրկին բռնի տեղահանման ենթարկվեցին, այս անգամ ձմռան կեսին: Նրանք Փարլի փողոցի վրա հերթով շարվեցին իրենց սայլերով՝ սպասելով դեպի անհայտ ապագան Միսիսիպի գետի սառցակալող ջրերն անցնելու իրենց հերթին:

Երբ մենք կանգած էինք Փարլի փողոցի վրա՝ խորհելով նրանց հուսահատ պայմանների մասին, մեր աչքն ընկավ փայտյա, ցանկապատի ցցերին մեխված մի շարք նշանների վրա, որոնք մեջբերումներ էին այդ տառապյալ Սրբերի օրագրերից: Երբ կարդացինք յուրաքանչյուր մեջբերումը, ի զարմանս մեզ, այն ինչ գտանք նրանց խոսքերում, հուսահատություն չէր և հուսալքություն, այլ վստահություն և պարտավորվածություն, և նույնիսկ ուրախություն: Նրանք լցված էին հույսով, այն հույսով, որն արտացոլված էր Սարա ԴեԱրմոն Ռիչի 1846 թվականի փետրվարի օրագրից վերցված այս մեջբերման մեջ. «Ձմռանը այդպիսի ճանապարհուրդություն սկսելը … նման էր դեպի մահվան երախը քայլելուն, բայց մենք ունեինք հավատք … [և] մենք ուրախություն էինք զգում, որ մեր ազատման օրը հասել էր»:1

Այս առաջին Սրբերն իսկապես անտուն էին, բայց նրանք անհույս չէին: Նրանց սրտերը կոտրված էին, բայց նրանց հոգիներն ուժեղ էին: Նրանք սովորել էին մի խորը և կարևոր դաս: Նրանք սովորել էին որ հույսը, նրան ուղեկցող խաղաղության օրհնություններով, կախված չէին հանգամանքներից: Նրանք պարզել էին, որ հույսի ճշմարիտ աղբյուրը հավատքն է, հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս և Նրա անսահման Քավությունը՝ այն միակ հաստատուն հիմքը, որի վրա կարող ենք կառուցել մեր կյանքը:.

Այսօր պիոներների մեկ այլ խումբ խորհրդանշում է այս կարևոր սկզբունքը: Երեքշաբթի, հունվարի տասներկուսին, մի ուժգին երկրաշարժ հարվածեց Հայիթի երկրին: Երկրաշարժը ավերակների վերածեց մայրաքաղաք Պորտո-Պրինսը: Դրա ազդեցությունը կործանարար էր, 1000000 մարդ անտուն են, ավելի քան և 200000 մարդ երկրաշարժի զոհ դարձան:

Մինչ աշխարհը հետևում էր աննախադեպ միջազգային արձագանքին, մեկ այլ նշանավոր և ոգեշնչված փրկարար ջանք ընթացքի մեջ էր դեպի Պորտո-Պրինս, այս մեկը ղեկավարվում էր Հայիթիի Եկեղեցու ղեկավարներից կազմված հանձնաժողովի կողմից, որը կազմակերպվել էր ըստ քահանայության ձևի և գործում էր ոգեշնչմամբ: Մյուսների հետ հանձնաժողովի անդամների մեջ էին մտնում երկու ցցերի նախագահներ և երկու ցցերի Սփոփող Միության նախագահներ Պորտո-Պրինսում, և միսիայի նախագահը, որը 30 տարեկանում ղեկավարում է 74 լիաժամկետ միսիոներների Հայիթիի Պորտո-Պրինսի Միսիայում: Բոլոր նրա միսիոներները հայիթցի են, և հրաշքով, նրանցից ոչ մեկը չէր վնասվել այս կործանարար երկրաշարժի ժամանակ:

Տեղի այս ոգեշնչված ղեկավարների ձեռքում դրվեցին Եկեղեցու ռեսուրսները, ռեսուրսներ, որոնք ներառում էին ձեզանից շատերի առատաձեռն նվիրատվությունները: Այդ նվիրատվությունների համար Հաիթիի ժողովուրդը խորապես շնորհակալ է: Հանձնաժողովի ղեկավարության ներքո Դոմինիկյան Հանրապետությունից, գրեթե անմիջապես, բեռնատարներով մթերքներ մատակարարվեցին: Երկրաշարժի օրերի ընթացքում բեռնատար ինքնաթիռներով սննդի, ջրի մաքրման սարքավորումների, վրանների, վերմակների, բժշկական պարագաների և բժիշկների մի խումբ ժամանեց:

Պորտո–Պրինսի և շրջակա ինը ժողովատները մեծամասամբ անվնաս էին, որը մեկ այլ նշանավոր հրաշք էր: Երկրաշարժին հաջորդող շաբաթների ընթացքում, դրանք դարձան ապաստան ավելի քան 5000 հայիթցիների համար և հենակետեր, որտեղից ուտելիք, ջուր և բժշկական օգնություն էր բաժանվում: Հիմնական կարիքները բավարարվեցին և քաոսը սկսեց կարգուկանոնի վերածվել:

Չնայած հավատարիմ հայիթցի Սրբերը շատ են տուժվել, նրանք լցված են հույսով ապագայի հանդեպ: 1846 թվականի պիոներների նման, նրանց սրտերը կոտրված են, բայց նրանց ոգին ուժեղ է: Նրանք նույնպես ուսուցանում են մեզ, որ այդ հույսը, երջանկությունն ու ուրախությունը ոչ թե հանգամանքների, այլ Տիրոջ հանդեպ հավատքի արդյունք են:

Մորմոն մարգարեն, որին ևս օտարոտի չէին դժվարին հանգամանքները, հասկացել էր և հստակորեն սովորեցրել այս վարդապետությունը.

«Եվ բացի դրանից, իմ սիրելի եղբայրներ, ես կկամենայի խոսել ձեզ հետ հույսի վերաբերյալ:…

… Ահա ես ասում եմ ձեզ, որ դուք կունենաք հույս Քրիստոսի քավության միջոցով.… և դա ձեր հավատքի շնորհիվ առ նա՝ խոստումի համաձայն:

Ուստի, եթե մարդ ունի հավատք, նա անպայման պետք է ունենա հույս, քանզի առանց հավատքի չի կարող լինել որևէ հույս»:2

Հույսը գալիս է առ Հիսուս Քրիստոս հավատքից: Նա արդեն հաղթել է աշխարհին և խոստացել, որ Նա կսրբի մեր արցունքները եթե միայն մենք դառնանք դեպի Նա և հավատանք ու հետևենք Իրեն:3

Ոմանք, ովքեր իրենց հենց այս պահին զգում են հուսահատ և բարոյալքված, գուցե զարմանան, թե ինչպես է հնարավոր վերգտնել հույս: Եթե դուք նրանցից մեկն եք, հիշեք, որ հույսը գալիս է որպես հավատքի արդյունք: Եթե մենք կամենում ենք կառուցել մեր հույսը, մենք պետք է կառուցենք մեր հավատքը:

Փրկչի հանդեպ հավատքը պահանջում է ավելին, քան միայն հավատալը: Հակոբոս Առաքյալն ուսուցանել է, որ նույնիսկ դևերն են հավատում և դողում:4 Բայց ճշմարիտ հավատքը գործ է պահանջում: Դևերի և Եկեղեցու այս հավատարիմ անդամների միջև տարբերությունը հավատքը չէ, այլ գործը: Հավատքն աճում է պատվիրանները պահելով: Մենք պետք է աշխատենք պահել պատվիրանները: Սուրբ Գրքերի Ուղեցույցում մենք կարդում ենք, որ «հրաշքները հավատք չեն առաջացնում, այլ ամուր հավատքը զարգանում է Հիսուս Քրիստոսի ավետարանին հնազանդվելով: Այլ կերպ ասած հավատքը գալիս է արդար ապրելուց…»:5

Երբ ձգտում ենք պահել Աստծո պատվիրանները՝ ապաշխարելով մեր մեղքերից և խոստանալով Փրկչին հետևելու մեր լավագույն ջանքերը, մենք սկսում ենք աճել վստահության մեջ, որ Քավության միջոցով ամեն ինչ լավ կլինի: Այդ զգացումները հաստատվում են Սուրբ Հոգու կողմից, որը մեզանից հեռացնում է այն, ինչ մեր պիոներ մայրերն ու հայրերը կոչում էին «իզուր ողբալ»: Չնայած մեր փորձություններին, մենք լցված ենք լավ լինելու զգացումով և կամենում ենք երգել նրանց հետ, որ իսկապես «լավ է, լավ ամեն բան»:6

Ես չեմ ուզում նվազեցնել կլինիկական դեպրեսիայի իրողությունը: Ոմանց համար դեպրեսիայի և սրտնեղությունների դեմ լուծումներ կգտնվեն գիտակ մասնագետի հետ խորհրդակցելու միջոցով: Բայց մեզանից շատերի համար տխրությունը և վախը սկսում են անցնել և փոխարինվում երջանկությամբ և խաղաղությամբ, երբ մենք դնում ենք մեր վստահությունը երջանկության ծրագրի Հեղինակի վրա և երբ մենք հավատք ենք զարգացնում Խաղաղության Իշխանի հանդեպ:

Վերջերս քաղցկեղից մի սիրելի ընկեր հեռացավ կյանքից: Նա և նրա ընտանիքը մեծ հավատքի տեր մարդիկ են: Ոգեշնչող էր տեսնել, թե ինչպես նրանց հավատքը անցկացրեց նրանց այդ շատ դժվար ժամանակի միջով: Նրանք լցված էին ներքին խաղաղությամբ, որն աջակցում և զորացնում էր նրանց: Նրանց թույլտվությամբ ես կկամենայի կարդալ ընտանիքի մի անդամի նամակից, որը գրվել էր իր հոր մահից հենց մեկ օր առաջ:

«Վերջին մի քանի օրերը առանձնապես դժվար էին:… Անցած գիշեր, երբ մենք հավաքվեցինք Հայրիկի մահճակալի կողքին, Տիրոջ Հոգին զգացվում էր և իսկապես գործում էր որպես մխիթարիչ մեզ համար: Մենք խաղաղ ենք:… Դա ամենադժվար բանն էր, որ մեզանից որևէ մեկը երբևէ տարել էր, բայց մենք խաղաղություն ենք զգում այն գիտակցությամբ, որ.… մեր Երկնային Հայրը խոստացել է, որ մենք որպես ընտանիք նորից կապրենք միասին: Հետո, երբ բժիշկը հիվանդանոցում ասաց Հայրիկին, որ էլ ոչ մի բան հնարավոր չէր անել, նա նայեց մեզ բոլորիս կատարյալ հավատքով և համարձակորեն հարցրեց. «Այս սենյակում որևէ մեկը արդյոք խնդիր ունի՞ փրկության ծրագրի վերաբերյալ»: Մենք չունենք և երախտապարտ ենք մեր հոր և մոր համար, որոնք սովորեցրել են մեզ կատարյալ վստահություն ունենալ ծրագրի հանդեպ»:

Ես խոսում եմ բոլոր նրանց հետ, ովքեր տառապում են, բոլոր նրանց հետ, ովքեր սգում են, բոլոր նրանց հետ, ովքեր դեռ կդիմակայեն փորձությունների և մարտահրավերների այս կյանքում: Իմ ուղերձն ուղղված է բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են կամ վախեցած կամ էլ հուսալքված: Իմ ուղերձն ուղղակի մի արձագանք է՝ մի հիշեցում սիրառատ Հոր կողմից Իր զավակներին ուղղված, մի մշտական մխիթարիչ խորհուրդ՝ այն ժամանակից ի վեր ինչ աշխարհի սկիզբը դրվեց:

«Հիշեք, հիշեք, որ մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»:7

Ես վկայում եմ Նրա մասին, որ Նա հաղթել է աշխարհին, որ Նա երբեք չի մոռանա կամ լքի մեզ, քանի որ Նա փորագրել է մեզ Իր ձեռքերի ափերի մեջ:8 Ես վկայում եմ, որ նրանք ովքեր պահում են Նրա պատվիրանները, կաճեն հավատքով և հույսով, և նրանց ուժ կտրվի հաղթելու կյանքի բոլոր փորձությունները: Եվ նրանք խաղաղություն կզգան, որն ամեն մտքից վեր կլինի: 9 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Sarah DeArmon Rich, in Carol Cornwall Madsen, Journey to Zion: Voices from the Mormon Trail (1997), 173–74; ուղղագրությունը արդիացված է:

  2. Մորոնի 7.40–42:

  3. Տես Հայտնություն Է.14–17:

  4. Տես Հակոբոս 2.19:

  5. Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հավատք»:

  6. «Եկեք Սրբեր», Հիմներ և մանկական երգեր, էջ 2:

  7. Հելաման 5.12:

  8. Տես 1 Նեփի 21.16:

  9. Տես Փիլիպպեցիս Դ.7: