2010
Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին
Մայիս 2010


Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին

Մենք ուրախանում ենք այն բոլոր բաներով, ինչ Փրկիչն արել է մեզ համար: Նա յուրաքանչյուրիս համար հասանելի է դարձրել փրկությունը և վեհացումը:

Նկար
Elder Quentin L. Cook

Մեծ պատասխանատվություն է Զատիկի կիրակի խոսել աշխարհով սփռված Վերջին Օրերի Սրբերի հետ, որոնք սիրում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Այսօր մենք տոնում ենք մահվան հանդեպ Նրա հաղթանակը: Մենք փայփայում ենք մեր իմացությունը և սրտանց երախտագիտություն ենք զգում մեր օգտին կատարած Փրկչի պատրաստակամ քավիչ զոհաբերության համար: Իր Հոր կամքին Նրա լուռ համաձայնությունը գերագույն հաղթանակ բերեց մահվան հանդեպ և ամենագերազանց իրադարձությունը դարձավ մարդկության պատմության մեջ: Ես երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեմ խոսելու Փրկչին հետևելու մասին:

Փրկչի մահկանացու ծառայության վերջին երկու օրերը, Խաչելությունից առաջ, խորապես կարևոր և ինչ-որ առումով հասկացողությունից վեր էին: Մեր հավերժական ճակատագրին վերաբերող չափազանց շատ բաներ տեղի ունեցան հինգշաբթի և ապա ուրբաթ՝ Քրիստոսի խաչելության օրը: Հինգշաբթի երեկոյան եղավ Վերջին ընթրիքը՝ Փեսախի ընթրիքը, «որը գերությունից ազատվելու Իսրայելի հիշատակն էր….»1: Մեծ կարևորության արարողություններ հաստատվեցին և վարդապետություններ ուսուցանվեցին Վերջին ընթրիքի ժամանակ: Ես կնշեմ միայն երեքը: Նախ՝ Փրկիչը ներկայացրեց հաղորդության արարողությունը: Նա վերցրեց հացը, կտրեց այն, օրհնեց այն և փոխանցեց Իր աշակերտներին՝ ասելով. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»2: Այս ձևով նա հաստատեց հաղորդությունը: Երկրորդ՝ Նա չափազանց շատ շեշտեց սեր ուսուցանող վարդապետությունը՝ որպես վեհացմանը նախորդող սկզբունք: Նա ուսուցանեց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն էք, եթէ դուք միմեանց սիրէք»3[[CHAR??U 589]] Երրորդ՝ Քրիստոսի բարեխոսության կամ թելադրանքի շնորհիվ «Սուրբ Հոգին խոստացվեց առաքյալներին»4 որպես ևս մեկ Մխիթարիչ:

Այնուհետև, Փրկիչն իրականացրեց Քավությունը: Նա Իր վրա վերցրեց «մարդկության մեղքերի բեռը» և «սարսափը, որ Սատանան…. կարող էր պատճառել»5: Այդ ընթացքում Նրա հանդեպ կազմակերպված կարճ դատեր անցկացրին և սոսկալի ու ողբերգական իրադարձությունները Նրան տարան դեպի խաչելիության: Գագաթնակետը եղավ Քրիստոսի հաղթական Հարությունը Զատիկի կիրակի օրը: Քրիստոսն իրականացրեց Իր սրբազան առաքելությունը որպես Փրկիչ և Քավիչ: Մենք մահից հարություն կառնենք և մեր հոգին կվերամիավորվի մեր մարմնի հետ: Մեր արժանավորությունից ելնելով, Նրա շնորհով, մենք կարող ենք փառահեղ հնարավորություն ստանալ կրկին մտնելու Աստծո ներկայությունը:6

Մարգարե Ջոզեֆ Սմիթը, խոսելով Զատիկի այս իրադարձությունների մասին, ասել է. «Մեր կրոնի հիմնարար սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին` որ Նա մահացել է, թաղվել է և կրկին, երրորդ օրը, հարություն է առել և համբարձվել երկինք. և մեր կրոնին վերաբերող բոլոր մյուս բաները միայն դրա հավելումն են»:7

Մինչ մենք ուրախանում ենք Գեթսեմանիում և Գողգոթայում կատարվածի արտակարգ կարևոր իրադարձությամբ, մեր հավատքը կենտրոնացած է հարություն առած Տիրոջ վրա: Անգլիացի աստվածաբան և հավատացյալ Ֆրեդերիկ Ֆարարը վկայել է, որ Քրիստոնեական նախնական Եկեղեցու հավատացյալների առաջին սերունդը Քրիստոսին փառաբանում էր որպես «Հարություն առած, Հավերժական, Փառավորված Քրիստոս» և «Նրան պատկերացնում էր ոչ թե Խաչի, այլ Գահի վրա»:8

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է, որ մեր ուղերձն աշխարհին այն է, որ Նա ապրում է: Վերջին Օրերի Սրբերի համար Քրիստոսի խորհրդանիշը կերևա մեր հավատքի և Նրա ավետարանով մեր ապրելու իմաստալից արտահայտմամբ:9

Խորհելով այն մասին, թե այսօր ինչ է նշանակում Քրիստոնյա լինել, մտածենք այն մասին, թե Նրա աշակերտ լինելը ինչ է պահանջում մեզանից: Ես առաջարկում եմ, որ մենք ըմբռնենք և պատշաճ ձևով հետամուտ լինենք նրան, ինչ արեց Փրկիչն Իր մահկանացու կյանքի այդ վերջին երկու օրում:

Նախ՝ մտածենք, թե ինչու Փրկիչը ներկայացրեց հաղորդությունը: Փրկիչը գիտեր, թե ինչ է սպասվում Իրեն: Նրա սրբազան քավիչ առաքելությունը, սկսելով նախամահկանացու գոյության Երկնային Պատերազմից, պետք է բացահայտվեր այդ երեկոյան և հաջորդ օրը: Չնայած Նրա դեմ նյութած հակառակորդի մեծ փորձություններին, չկա վկայության ոչ մի նշույլ, որ Նա պատրաստվում էր պաշտպանվել անարդար մեղադրանքներից: Փոխարենը, Փրկիչը Իր աշակերտներին ներկայացրեց հաղորդության սրբազան արարողությունը: Երբ խորհում եմ այդ հանդիսավոր պահի մասին, ես խորապես ազդվում եմ: Հաղորդության ժողովը Եկեղեցու բոլոր ժողովներից ամենանվիրական և սուրբ արարողությունն է: Իր Հարությունից հետո, Փրկիչը հաստատեց հաղորդությունը Նեփիացիների մեջ10: Որպեսզի մենք լինենք Նրա աշակերտները և Նրա Եկեղեցու նվիրված անդամները, մենք պետք է հիշենք և հարգենք հաղորդությունը: Այն մեզանից յուրաքանչյուրին թույլ է տալիս կոտրված սրտով և փշրված հոգով արտահայտել Փրկչին հետևելու մեր պատրաստակամությունը, որպեսզի ապաշխարենք և դառնանք Սուրբ՝ Քրիստոսի Քավության միջոցով11: Հաղորդությունը մեզ հնարավորություն է տալիս վկայել Աստծուն, որ մենք հիշում ենք Նրա Որդուն և պահում ենք Նրա պատվիրանները՝ նորացնելով մկրտության մեր ուխտը12: Դա ավելացնում է մեր սերը և երախտագիտությունը և՛ Հոր, և՛ Որդու հանդեպ:

Փրկիչը շեշտեց նաև սիրո և միաբանության կարևորությունը և հայտարարեց, որ մեզ կճանաչեն որպես Նրա աշակերտներ, եթե սեր ունենանք միմյանց հանդեպ: Հավերժություն կերտող Քավության առաջ, որ Նա պատրաստվում էր կատարել, նման պատվիրանը պահանջում է, որ մենք նմանվենք Նրան: Աստծո հանդեպ մեր սերը ցույց ենք տալիս, երբ պահում ենք Նրա պատվիրանները և ծառայում ենք Նրա զավակներին: Մենք լիովին չենք ըմբռնում Քավությունը, բայց կարող ենք մեր կյանքն անցկացնել, փորձելով ավելի սիրալիր և բարի լինել, անկախ մեր ունեցած փորձություններից:

Միմյանց սիրելու Փրկչի հանձնարարությունը և Վերջին Ընթրիքին այդ սկզբունքն ուսուցանելու դրամատիկ և զորավոր ձևը Նրա մահկանացու կյանքի վերջին օրերի ամենախորիմաստ և գեղեցիկ տեսարաններից մեկն էր:

Նա էթիկայի հասարակ դաս չէր ուսուցանում: Դա Աստծո Որդին էր, որ խնդրում էր Իր Առաքյալներին և նրանցից հետո եկող բոլոր աշակերտներին, որ հիշեն և հետևեն Իր ուսմունքների այդ առանցքային մասը: Միմյանց հանդեպ մեր վերաբերմունքն ու փոխհարաբերությունները Հիսուս Քրիստոսին հետևելու մեր պատրաստակամության չափանիշն են:

Լսելով այս համաժողովի ուղերձները՝ մեր սրտերը կշարժվեն և մենք ավելի լավը դառնալու վճռականություն և պարտավորություն կզգանք: Սակայն, երկուշաբթի առավոտյան մենք կվերադառնանք աշխատանքի, դասի, հարևանության շրջապատ և աշխարհ, որը շատ դեպքերում խառնաշփոթության մեջ է: Շատերն այս աշխարհում վախենում են միմյանցից և մեկմեկու վրա զայրացած են: Չնայած որ մենք հասկանում ենք այդ զգացումները, մենք պետք է քաղաքավարի լինենք մեր խոսելաձևում և հարգալից մեր փոխհարաբերություններում: Դա հատկապես ճշմարիտ է, երբ մեր կարծիքը տարբերվում է: Փրկիչը մեզ ուսուցանեց սիրել նույնիսկ մեր թշնամուն13: Մեր անդամների մեծամասնությունը հետևում է այս խորհրդին: Այնուամենայնիվ, կան ոմանք, ովքեր զգում են, որ իրենց զայրույթը կամ խորը թաքցրած տարակարծությունը արտահայտելն ավելի կարևոր է, քան այնպես վարվելը, ինչպես Հիսուս Քրիստոսն է ապրել ու ուսուցանել: Ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին, անհատապես, գիտակցել, որ մեր տարաձայնության արձագանքը իրական չափանիշ է, թե ով ենք մենք և արդյոք մենք իսկապես հետևում ենք Փրկչին: Անհամաձայն լինելը պատշաճ է, սակայն անհաշտ լինելը պատշաճ չէ: Բռնությունն ու վայրագությունը մեր տարաձայնությունների լուծումը չեն: Երբ մենք սեր և հարգանք ենք ցուցաբերում անգամ հակասությունների ժամանակ, մենք ավելի շատ ենք նմանվում Քրիստոսին:

Առաքյալներին տրված Սուրբ Հոգու խոստումը Փրկչի կողմից մեծագույն կարևորություն ունի Սուրբ Հոգու՝ Աստվածագլխի երրորդ անդամի նախասահմանված բարձր դերը հաստատելիս: Սուրբ Հոգին ոգեղեն անձնավորություն է՝ Մխիթարիչ, որը վկայում է Հոր և Որդու մասին, բացահայտում է բոլոր բաների ճշմարտությունը և սրբագործում է նրանց, ովքեր ապաշխարել են և մկրտվել: Նրան անվանում են Խոստումի Սուրբ Հոգի, և որպես այդպիսին՝ Նա հաստատում է յուրաքանչյուրիս արդար գործերը, արարողությունները և ուխտերը Աստծո համար14: Նրանք, ովքեր կնքվում են Խոստումի Սուրբ Հոգով, ստանում են այն ամենն, ինչ ունի Հայրը15:

Մենք ապրում ենք աղմկոտ, հակառակություններով լի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր ապրած ժամ, ըստ էության, հնարավոր է, մեր տեսողությունը կամ լսողությունը կլանի տեղեկատվության կամ երաժշտության հաճախ անհեթեթ նյութերով: Եթե ցանկանում ենք ունենալ Սուրբ Հոգու ոգեշնչումը, մենք պետք է ժամանակ գտնենք դադար տալու, խորհելու, աղոթելու և ապրելու այնպես, որ արժանի լինենք ստանալ և գործել ըստ Նրա հուշումների: Մենք կխուսափենք մեծ սխալներից, եթե լսենք Նրա նախազգուշացումներին: Որպես անդամներ՝ մեր արտոնությունն է լույս և գիտելիք ստանալ Նրանից, նույնիսկ մինչև կատարյալ օրը16:

Գեթսեմանիում և խաչի վրա Փրկչի անցած քավիչ փորձությունները մեծ օրինակ են մեզ համար: Նա տարավ մտավոր, ֆիզիկական և հոգևոր չարչարանքներ, որոնք մեր հասկացողությունից վեր են: Պարտեզում Նա աղոթեց Իր Հորը, ասելով. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:17 Որպես Նրա աշակերտներ՝ կլինեն ժամանակներ, երբ մենք կփորձվենք և կհալածվենք և կծաղրվենք անարդար ձևով և կհանդիպենք իրենց մեծությամբ մեզ անտանելի թվացող ֆիզիկական և հոգևոր փոթորիկների և դառը բաժակների, որոնք կաղոթենք, որ մեզանից անցնեն: Ոչ ոք ազատված չէ կյանքի փոթորիկներից:

Մենք պատրաստվում ենք Փրկչի Երկրորդ Գալստին: Սուրբ գրությունները հստակ ասում են, որ ոչ ոք չգիտի, թե երբ է դա լինելու: Սուրբ գրությունները մեզ հուշում են, որ վերջին օրերի դառը բաժակների թվում կլինեն «… երկրաշարժեր տարբեր տեղերում»18 և « … իրենց սահմաններից դուրս եկող ծովի ալիքներ»19:

Վերջերս ավերիչ երկրաշարժեր և ցունամիներ եղան տարբեր վայրերում, այդ թվում Չիլիում, Հայիթիում և Խաղաղ օվկիանոսյան կղզիներում: Մի քանի շաբաթ առաջ Նախագահող Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բրթնը, Երեց Թեդ Ռ. Քալիստերը և ես կարողացանք հանդիպել Սրբերի հետ, որոնք անցյալ սեպտեմբերին Սամոայի արևելքում եղած ցունամիի պատճառով կորցրել էին ընտանիքի անդամների: Հավաքատունը լցված էր և ժողովը շատ զգացմունքային անցավ: Մենք կարողացանք հավաստիացնել այդ ընտրյալ անդամներին, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ նրանք հնարավորություն կունենան վերստին միանալ իրենց կորցրած հարազատների հետ:

Ցցի նախագահը՝ Սոննի Փարսլը, իր մեքենան էր վարում, երբ նկատեց ծովից եկող մի վիթխարի ալիք: Նա ազդանշան տվեց և կանգնեցրեց դպրոց գնացող երեխաներին և զգուշացրեց, որ որքան հնարավոր է արագ բարձրանան բարձր տեղեր՝ ապահովության համար: Երեխաները հետևեցին նրա հրահանգներին: Նա խելահեղ վարեց մեքենան, հասավ և մեքենան նստացրեց իր չորս տարեկան դստերը, և ապա փորձեց հասնել իր մայրիկին: Նախքան իր մայրիկին հասնելը ջրի մի պատ վերցրեց նրա մեքենան և սրբեց տարավ մոտ 100 մետր և դրեց մի ծառի վրա: Նա մագլցեց վեր, դնելով երեխային ապահով տեղում՝ մեքենայի վրա, ապա լողաց, որ փրկի իր մայրիկին, որը փաթաթվել էր իրենց տան մոտի մեկ այլ ծառի ճյուղից: Մեծ ջանքերով նա լողաց իր մոր հետ դեպի մեքենան, որն ավելի ապահով վայր էր: Ոչ բոլորն էին այդքան հաջողակ: Շատերը չէին հասցրել բարձր և անվտանգ տեղեր բարձրանալ: Շատերն էին կորցրել կյանքը, հատկապես, երեխաները և ծերերը:

Մենք հայտնեցինք Սամոայի ընտանիքներին, որ ողջ աշխարհով անդամները սեր և հոգատարություն էին ցուցաբերում և աղոթում էին նրանց համար և ծոմի նվիրատվություններ էին անում և մարդասիրական օգնություն ցուցաբերում անդամների և նրանց հարևանների համար: Նույնը ճշմարիտ է նաև Չիլիի և Հայիթիի անդամների և նրանց հարևանների դեպքում: Մենք դա անում ենք, որովհետև հետևում ենք Հիսուս Քրիստոսին:

Սամոայի ընտանիքների հետ հանդիպումն առավել հստակ դարձրեց ավելի բարձր հոգևոր հարթության բարձրանալու՝ ավելի արդար ապրելու և փրկող արարողություններին կառչած մնալու կարևորությունը: Փրկչի օրինակը և կյանքը մեզ ուսուցանում են հոգևոր առումով խուսափել ցածր ճանապարհներից, որտեղ գերակայում են այս աշխարհի բաները: Հանդիպման վերջում, անդամների հետ ձեռք սեղմելիս, քույրերից մեկն ասաց, որ իրենց ընտանիքը տաճարում չի եղել և նրանք դուստր են կորցրել: Արցունքն աչքերին նա շարունակեց, որ այժմ նրանց նպատակն է պատրաստվել տաճարային սուրբ արարողություններին, որ կարողանան միասին լինել հավերժության մեջ:

Երբ մտածում եմ այդ քրոջ խոսքերի և աշխարհի ներկա վիճակի մասին, ես անհրաժեշտություն եմ զգում յուրաքանչյուրիս զգուշացնելու, որ բարձրանաք դեպի ավելի բարձր հարթություն, որը տաճարի ապաստարանը և հավերժական պաշտպանությունն է:

1836թ. ապրիլի 3-ի Զատիկի կիրակի օրը, Կիրթլենդի տաճարի նվիրագործումից մեկ շաբաթ անց, Տասներկուսը սպասավորում էին և Տիրոջ ընթրիքի հաղորդությունն էին մատուցում անդամներին: Ժողովից հետո՝ հանդիսավոր և լուռ աղոթքից հետո, Փրկիչն իր վեհությամբ հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին և Մովսեսի, Եղիասի և Եղիայի միջոցով ներկայացրեց քահանայության լրացուցիչ բանալիների վերականգնումը, այդ թվում նաև կնքման զորությունը, որը միավորում է ընտանիքները հավերժության համար20:

Այսօր՝ այս Զատիկի առավոտյան, մենք ուրախանում ենք այն բոլոր բաներով, ինչ Փրկիչն արել է մեզ համար: Նա յուրաքանչյուրիս համար հասանելի է դարձրել փրկությունը և վեհացումը: Սակայն մենք, Սամոայի երեխաների նման, պետք է որքան հնարավոր է արագ վազենք դեպի բարձր հարթությունները, որոնք Նա տվել է անվտանգության և խաղաղության համար:

Այս խորհուրդը կատարելու ձևերից մեկը մեր ապրող մարգարեի՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերին հետևելն է: Նա Փրկչի հետևորդ լինելու գերազանց օրինակ է:

Այս փառահեռ Զատկի առավոտյան իմ սրտում արձագանքում է Վերականգնման հավատարիմ ծառաներից մեկի՝ Էլայզա Ռ. Սնոուի գրչի խոսքերը:

Ի՜նչ մեծ է և ի՜նչ կառկառուն

Ծրագիրը քավման,

Ուր սեր, գութ և արդարություն

Դաշն են ու անբաժան:21

Ես բերում եմ իմ առաքելական վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն ապրում է և աշխարհի Փրկիչն ու Քավիչն է: Նա ճանապարհ է հարթել դեպի ճշմարիտ երջանկություն: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. (1916), 594.

  2. Ղուկաս 22.19:

  3. Տես Հովհաննես 13.34–35:

  4. James E. Talmage, Jesus the Christ, 603; see also John 14:16–17.

  5. James E. Talmage, Jesus the Christ, 613.

  6. 2 Նեփի 9.6–24:

  7. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 49, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 20.22–25:

  8. Frederic W. Farrar, The Life of Lives—Further Studies in the Life of Christ (1900), 209.

  9. Sես Gordon B. Hinckley, “This Glorious Easter Morn,” Ensign, May 1996, 65–67; “The Symbol of Our Faith,” Liahona, Apr. 2005, 2–6:

  10. Տես 3 Նեփի 18.1–11:

  11. Տես Մոսիա 3.19:

  12. Տես Մոսիա 18.8–10 և Վարդապետություն և Ուխտեր 20.37, Վարդապետություն և Ուխտեր 20.77–79:

  13. Տես Մատթոս 5.44:

  14. Վարդապետություն և Ուխտեր 132.7:

  15. Վարդապետություն և Ուխտեր 76.51–60; տես Եփեսացիս 1.13–14, Հռովմայեցիս 8.16–17:

  16. Վարդապետություն և Ուխտեր 50.24:

  17. Մատթեոս 26.39:

  18. Մատթեոս 24.7, Ջոզեֆ Սմիթի – Մատթեոս 1.29:

  19. Վարդապետություն և Ուխտեր 88.90:

  20. Տես Վարդապետություն և Ուխտեր 110:

  21. «How Great the Wisdom and the Love». Hymns, no. 195: