2015
Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել
Հունիս 2015


Առաջին Նախագահության Ուղերձ, հունիս 2015

Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Հավերժորեն ընտանիքները միավորելու քահանայության զորությունը Աստծո ամենամեծ պարգևներից մեկն է: Ամեն ոք, ով հասկանում է փրկության ծրագիրը, փափագում է ունենալ այդ հարատև օրհնությունը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նվիրագործված տաճարներում տեղի ունեցող կնքման արարողությունների ժամանակ է միայն, որ Աստված խոստում է տալիս, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել:

Քահանայության բանալիները, որոնք դա հնարավոր են դարձնում, վերականգնվել են երկրի վրա Եղիա մարգարեի կողմից` շնորհվելով Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Քահանայության այս բանալիները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարգարեների միջոցով առանց ընդհատվելու փոխանցվել են մինչև ներկայիս օրերը:

Փրկիչն Իր մահկանացու կյանքի ծառայության ընթացքում խոսել է ընտանիքները կնքելու զորության մասին, երբ Պետրոսին` Իր ավագ Առաքյալին, ուղղել է այս խոսքերը. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կլինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք երկնքումն էլ արձակուած կլինի» (Մատթեոս ԺԸ.18):

Միայն սելեստիալ արքայությունում է, որ մենք կարող ենք հավերժ ապրել ընտանիքներով: Այնտեղ մենք կարող ենք ընտանիքներով գտնվել Երկնային Հոր և Փրկչի ներկայության մեջ: Մարգարե Ջոզեֆ Սմիթն այսպես է նկարագրել այդ հրաշալի փորձառությունը Վարդապետություն և Ուխտերում.

«Երբ Փրկիչը հայտնվի, մենք կտեսնենք նրան, ինչպիսին որ կա: Մենք կտեսնենք, որ նա մեզ նման մարդ է:

Եվ միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ, միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով, փառք, որը մենք այժմ չենք վայելում» (ՎևՈՒ 130.1–2):

Այս սուրբ գրությունը ներշնչում է այն միտքը, որ մենք կարող ենք մեր ընտանեկան հարաբերություններում վստահաբար ձգտել երկնային չափանիշների: Մենք կարող ենք բավականաչափ մտահոգվել մեր ընտանիքի անդամների` ապրողների և մահացածների համար, անելու այն ամենը, որ կարող ենք, որպեսզի առաջարկենք նրանց քահանայության արարողությունները, որոնք կմիավորեն մեզ երկնքում:

Ձեզանից շատերը` երիտասարդ և մեծահասակ, անում են դա: Դուք փնտրել եք նախնիների անունները, ովքեր դեռևս չեն ստացել արարողությունները, որոնք կարող են կնքել ձեզ միասին:

Դուք գրեթե բոլորդ էլ ունեք ապրող բարեկամներ, ովքեր ընտանիքներով չեն կնքվել քահանայության զորությամբ: Շատերն ունեն ապրող բարեկամներ, ովքեր ստացել են քահանայության արարողությունները, սակայն չեն պահում ուխտերը, որոնք կապել են Աստծո հետ: Աստված կօրհնի ձեզ, որ դուք կարողանաք օգնության հասնել այդ բոլոր բարեկամներին հավատքով: Դուք խոստում ունեք, որը Տերը տալիս է Իր աշակերտներին, ովքեր գնում են ուրիշներին Նրա մոտ բերելու.

«Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (ՎևՈՒ 84.88):

Իմ գրասենյակի պատուհանից ես ամեն օր տեսնում եմ հարսնացուների և փեսացուների, ովքեր լուսանկարվում են գեղեցիկ ծաղիկների և խոխոջուն շատրվանների մոտ: Փեսացուն հաճախ տանում է իր հարսնացուին ձեռքերի վրա առնվազն մի քանի քայլ, մինչդեռ լուսանկարողը հարսանեկան նկարներ է նկարում: Ամեն անգամ նման տեսարանի հանդիպելիս ես մտածում եմ ինձ ծանոթ զույգերի մասին, ովքեր ժամանակին, երբեմն իրենց ամուսնության օրվանից շատ կարճ ժամանակ անց, տարել են միմյանց իրենց ձեռքերի վրա այլ առումներով, երբ կյանքը դժվարին է դարձել: Մենք կարող ենք կորցնել մեր աշխատանքը: Երեխաները կարող են ծնվել մեծ խնդիրներով: Հիվանդությունը կարող է անակնկալի բերել մեզ: Եվ ապա, ուրիշների հանդեպ այնպես վարվելու սովորությունը, ինչպես կցանկանայինք, որ մեզ հետ վարվեին, երբ դա ավելի հեշտ էր, մեզ կդարձնի հերոսներ և հերոսուհիներ այն փորձելու պահերին, երբ այն վերցնում է մեզանից ավելին, քան մենք կարծում էինք, թե ունենք մեր մեջ:

Մենք մեր ընտանիքներին պարտական ենք այնպիսի հարաբերություններ, որոնք մենք կարող ենք տանել Աստծո ներկայության մեջ: Մենք պետք է փորձենք չվիրավորել և չվիրավորվել: Մենք կարող ենք որոշել ներել արագ և ամբողջովին: Մենք կարող ենք փորձել փնտրել երջանկություն ավելի շատ ուրիշների, քան մեզ համար: Մենք կարող ենք լինել սիրալիր մեր խոսքում: Երբ մենք փորձենք անել այս բոլոր բաները, մենք կհրավիրենք Սուրբ Հոգին մեր ընտանիքներ և մեր կյանք:

Ես վստահեցնում եմ ձեզ, որ Տիրոջ օգնությամբ և ապաշխարող սրտերով մենք կարող ենք այս կյանքում տեսնել այնպիսի կյանքի նշույլներ, ինչպիսին կցանկանանք ունենալ հավերժ: Երկնային Հայրը սիրում է մեզ: Նա ուզում է, որ մենք վերադառնանք Իր մոտ: Իր Քավության զորությամբ Փրկիչը հնարավոր է դարձնում փոփոխությունը, որը մենք պիտի կատարենք մեր սրտերում, որպեսզի մտնենք սուրբ տաճարները, կապենք ուխտեր, որոնք այնուհետև կարող ենք պահել, և ժամանակին հավերժ ապրենք ընտանիքներով սելեստիալ փառքի մեջ` կրկին լինելով տանը:

Ուսուցանում այս ուղերձից

Երբ դուք կիսվեք հավերժական ընտանիքների վարդապետությամբ, խորհեք այն մասին, թե ինչ է ասել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն այս իր խոսքերում. «Միշտ ձգտեք ամրացնել ընտանիքները: Ուսուցանեք՝ ունենալով ընտանիքները տաճարում կնքելու կարևորության տեսլականը: … Երբ դուք ունենաք տաճարային կնքման արարողության մտապատկերը, դուք կօգնեք կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա» («Ես ձեզ օրինակ տուի», Լիահոնա, մայիս 2014, 32): Ինչպե՞ս դուք կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, զարգացնել տաճարում կնքվելու կարևորության տեսլականը: Հրավիրեք նրանց, ովքեր դեռևս չեն կնքվել, քննարկել քայլերը, որոնք նրանք կարող են կատարել դեպի այդ արարողությունը: Հրավիրեք նրանց, ովքեր կնքվել են, քննարկել, թե ինչպես նրանք կարող են պահել իրենց հավերժական ընտանիքի մտապատկերը և աշխատել լավացնել իրենց հարաբերությունները միմյանց հետ: