2016
Հասկանալ, ինչ բան է ինքնասպանությունը. նախանշաններ և կանխարգելում
October 2016


Հասկանալ ինքնասպանությունը. նախանշաններ և կանխարգելում

Նկար
sitting at the edge of a dock

Photograph © iStock/Thinkstock

Երբ Քեվինը 16 տարեկան էր, նրա ծնողներն ամուսնալուծվեցին։ Միաժամանակ նա դադարեց ընդունել էպիլեպսիայի դեմ դեղորայքը, որն օգնում էր նրան կայունացնել տրամադրությունը: Նա ուներ նաև հոգեկան խանգարում, որն ուղեկցվում էր շիզոֆրենիայով, կպչուն մտքերով և ծանր տեսակի դեպրեսիայով: Դեղերը չէին օգնում: Հասնելով մի կետի, նա այնքան հոգնեց ամեն ինչից, որ որոշեց վերջ տալ իր կյանքին, առանց որևէ մեկին տեղյակ պահելու իր մտադրությունների մասին:

Քեվինը պատմում է այն օրվա մասին, երբ նա ինքնասպանության փորձ կատարարեց. «Ես լաց էի լինում: Ես շատ հոգնած էի և հոգեպես դատարկ: Ես պարզապես նայում էի մարդկանց ու ցանկանում, որ մեկն ինձ ասեր. «Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է»: Որքան էլ ես ցանկանում էի դա, ես լսում էի, թե այդ ձայներն [իմ գլխում] ինչպես էին ասում. «Դու պիտի մեռնես»: … Անգամ երբ ես աղերսում էի ինքս ինձ չանել այդ, միևնույնն է ձայները չափազանց ուժեղ էին, ես ուղղակի չէի կարողանում պայքարել դրանց դեմ»:1

Ցավալիորեն ոչ-ոք չնկատեց նրա վիշտը: Համոզված լինելով, որ ոչ-ոք հոգ չի տանում իր մասին, նա փորձ արեց, բայց հրաշքով փրկվեց:

Կարո՞ղ ենք մենք զգալ առնվազն նրա անհաղթահարելի կսկիծն ու հուսահատությունը, օգնության լուռ կանչը:

Ինքնասպանությունը մահկանացու կյանքի ամենածանր փորձություններից մեկն է` թե նրանց համար, ովքեր տառապում են ինքնասպանություն գործելու մտքերից, թե ընտանիքի անդամների համար: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «Իմ կարծիքով, ընտանիքի համար չկա ավելի դժվար ժամանակ, քան երբ սիրելիներից մեկը ինքնասպան է լինում: Ինքնասպանությունը կործանարար փորձություն է ընտանիքի համար»:2 Հաշվի առնելով այս փորձության լուրջ բնույթը, եկեք քննարկենք, թե մենք (1) ինչ գիտենք ինքնասպանության մասին, ներառյալ նախանշաններն ու այն քայլերը, որոնք մենք կարող ենք կատարել, որպեսզի օգնենք կանխել այն, (2) ինչ կարող են անել ընտանիքի անդամներն ու համայնքները, և (3) մենք բոլորս ինչ պիտի անենք` ամրացնելու մեր հույսն ու հավատը Քրիստոսի հանդեպ, որպեսզի չընկնենք հուսահատության մեջ:

Հասկանալ ինքնասպանությունը

Ողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 800000 մարդ ինքնասպանությամբ հրաժեշտ են տալիս կյանքին:3 Դա նշանակում է, որ յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ ինչ-որ մեկը վերջ է տալիս իր կյանքին: Փաստացի թիվը հավանաբար նույնիսկ ավելի մեծ է, որովհետև ինքնասպանությունը շատ նուրբ խնդիր է որոշ երկրներում, և հետևաբար տվյալները լիարժեք չեն ներկայացվում: Ինքնասպանությունը մահվան պատճառների մեջ երկրորդ տեղում է 15–29 տարեկանների շրջանում: Շատ երկրներում ինքնասպանության տոկոսն ամենաբարձրն է 70-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում: Ուղղակի կամ անուղղակի կերպով ինքնասպանությունն ազդում է մեր հասարակության մի մեծ հատվածի վրա:

Նախազգուշացնող նշաններ

Երբ թվում է, որ կյանքի դժվարությունների հաղթահարումը վեր է մեր ուժերից, մենք կարող ենք ընկնել ծայրահեղ լարված վիճակի մեջ: Երբ հոգեկան տառապանքները դառնում են անտանելի, անհատի գիտակցությունը կարող է մթագնել և հանգեցնել այն մտքին, որ մահը միակ ընտրությունն է: Նրանք կարող են համարել, որ ոչ ոք չի կարող օգնել իրենց, որն էլ կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացման և ավելի խորացնել տառապանքը, իսկ ծայրահեղ անհույս իրավիճակը ի վերջո կարող է հանգեցնել այն մտքին, որ ինքնասպանությունը միակ ընտրությունն է:

Երբ ինչ-որ մեկի մոտ կան այս լուրջ նախազգուշացնող նշաններից որևէ մեկը,4 մենք պիտի անմիջապես դիմենք հոգեկան առողջության մասնագետին կամ շտապ օգնության ծառայություններից որևէ մեկին, օրինակ` ոստիկանությանը.

  • Սպառնում են, որ կվնասեն կամ կսպանեն իրենց

  • Փնտրում են եղանակներ կամ միջոցներ սպանելու իրենց

  • Խոսում կամ գրում են մահվան, մեռնելու կամ ինքնասպանության մասին

Հետևյալ նշանները կարող են ներկայացնել պակաս անհետաձգելի իրավիճակ, բայց չպիտի երկմտենք օգնություն ցուցաբերել այն մարդուն, ում մոտ կա այս նշաններից որևէ մեկը:

  • Նրանց մոտ արտահայտված է անհույս վիճակը և բացակայում է ապրելու նպատակը

  • Արտահայտում են ցասում և բարկություն կամ փնտրում վրեժխնդրություն

  • Դրսևորում են անխոհեմ վարքագիծ

  • Զգում են, ինչպես ծուղակում

  • Օգտագործում են աճող քանակությամբ ալկոհոլ և թմրանյութեր

  • Հեռանում են ընկերներից, ընտանիքից ու հասարակությունից

  • Անհանգիստ են ու հուզված կամ ունենում են տրամադրության կտրուկ փոփոխություններ

  • Չեն կարողանում քնել կամ քնած են ամբողջ ժամանակ

  • Զգում են, որ իրենք բեռ են ուրիշների համար

Ինքնասպանություն գործողներից ոչ բոլորն են մյուսներին տեղյակ պահում իրենց նպատակների մասին, բայց նրանց բոլորի մոտ հիմնականում արտահայտվում են այս նախազգուշացնող նշանները: Ուրեմն այս նշանները լուրջ ընդունեք:

Նույնիսկ եթե մասնագիտական օգնությունը մատչելի չէ, իսկապես հոգատար ընկերների ու ընտանիքի դերը չափազանցված չէ:

Կանխարգելում

Նկար
elderly man with a cane

Երբ ինչ-որ մեկը հակված է ինքնասպանության, ընտանիքի ու ընկերների դերը շատ կարևոր է: Ինչպես Ալման է ուսուցանել, «հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն, … հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության (Մոսիա 18.8, 9):

Ահա մի քանի օգտակար քայլեր, որոնք կարող են կատարել ընտանիքի անդամներն ու ընկերները.

Հասնել ու լսել սիրով: Ինչպես Երեց Բալլարդն է ասել. «Չկա ոչինչ ավելի հզոր, քան սիրո բազուկը, որը կարող է գրկել այն մարդկանց, ովքեր մաքառման մեջ են»:5 «Մենք պիտի տեսնենք նրանց … Երկնային Հոր աչքերով», ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ. Ռենալդը: Միայն այդ ժամանակ մենք կարող ենք զգալ Փրկիչի հոգատար մտահոգությունը նրանց հանդեպ։ … Այդ ընդլայնված հեռանկարը մեր սրտերը զգայուն կդարձնի ուրիշների հիասթափությունների, մտավախությունների և վշտերի նկատմամբ»։6

Օգնեք ռեալ քայլերով: Եթե անձը ճգնաժամի մեջ է, որը ազդում է նրա անվտանգության ու հիմնական կարիքների վրա, առաջարկեք տրամադրել իրական օգնություն, բայց թույլ տվեք, որ մարդն ինքը որոշի` ընդունել այն, թե ոչ: Օրինակ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինքնասպանություն գործել աշխատանքը կորցնելու պատճառով, տվեք նրան աշխատանք գտնելու հնարավորություն, որը կօգնի նրան ազատվել ծայրահեղ անհուսալի վիճակում գտնվելու զգացումից:

Հարցրեք` արդյոք նրանք մտածում են ինքնասպանություն գործելու մասին: Երբ դուք անհանգստացած եք, որ ինչ-որ մեկը հուսահատ է և ցույց է տալիս ինքնասպանության նախանշաններ, հարցրեք` արդյոք նա մտածում է ինքնասպանություն գործելու մասին: Այդպիսի վերաբերմուքը կարող է անհարմարություն առաջացնել, բայց ավելի լավ է ուղղակի հարցնել, արդյոք նրանք մտածում են ինքնասպանություն գործելու մասին: Դա կարող է այդ մարդու համար դուռ բացել խոսելու իր խնդիրների ու մտահոգությունների մասին:

Այդպիսի հարցերի օրինակ կարող են լինել. «Կարծես թե դու մեծ դժվարությունների միջով ես անցնում: Արդյո՞ք մտածում ես ինքնասպանություն գործելու մասին» կամ «Դու մեծ ցավ ես զգում և ուզում եմ հարցնել Քո զգացած ամբողջ ցավով հանդերձ, արդյո՞ք դու ցանկանում ես ինքնասպանություն գործել»: Եթե նա ցանկանում է անել այդ, հավանաբար ձեզ տեղյակ կպահի:

Եթե զգում եք, որ նրանք չեն ցանկանում անկեղծ լինել ձեզ հետ ինքնասպանության հետ կապված իրենց մտքերով, սպասեք Հոգու հուշումներին, որպեսզի իմանաք` ինչ անել: Հնարավոր է, հուշում ստանաք` մնալ նրանց կողքին, մինչև նրանք կարողանան կիսվել ձեզ հետ:

Մնացեք այդ մարդու հետ և օգնություն ցուցաբերեք: Եթե ինչ-որ մեկը ձեզ տեղյակ է պահում այն մասին, որ ցանկանում է ինքնասպանություն գործել, մնացեք այդ մարդու հետ և օգնեք նրան պատմել, թե ինչն է իրեն անհանգստացնում: Եթե նա խոսում է ինքնասպանության որոշակի ձևերի ու ժամանակի ընտրության մասին, ապա օգնեք այդ անձին կապ պահպանել թեժ գծի կամ արտակարգ իրավիճակների տեղական հոգեբուժական ծառայության հետ:

Արձագանքներ ինքնասպանությանը

Արդյոք նրանք ունեն նախազգուշացնող նշաններ, թե ոչ, որոշ մարդիկ իրոք ինքնասպան են լինում: Երբ բախվում են սիրելի մարդու ինքնասպանության ավերիչ փորձության հետ, ընտանիքի անդամներն ու ընկերները հաճախ զգում են խորը, մեծ ու բարդ վիշտ: Այդ արձագանքներից մի քանիսը կարող են ներառել հետևյալը.

  • Ամոթ և խարան ունենալու զգացում

  • Ցնցում և անվստահություն

  • Զայրույթ, թեթևացում կամ մեղք

  • Թաքցնել մահվան պատճառը

  • Սոցիալական մեկուսացում և պառակտում ընտանեկան հարաբերություններում

  • Եռանդուն ու սևեռուն ընդգրկվածություն ինքնասպանությունը կանխարգելող ջանքերում

  • Սպառիչ ցանկություն հասկանալ` ինչու

  • Լքված ու մերժված լինելու զգացում

  • Մեղադրանքներ հանգուցյալի, սեփական անձի, ուրիշների և Աստծո հասցեին

  • Ինքնասպանություն գործելու աճող մտքեր կամ ինքնախարազանման զգացում

  • Ավելացող ընկճվածություն արձակուրդների ընթացքում և մահվան տարելիցի օրը7

Ի՞նչ կարող են անել ընտանիքներն ու համայնքները

Նկար
woman sitting on bench

Խուսափեք դատելուց: Ճիշտ է, ինքնասպանությունը լուրջ խնդիր է, Երեց Բալլարդը մեզ նաև հիշեցնում է. «Ակնհայտորեն մենք չգիտենք յուրաքանչյուր ինքնասպանությանը ուղեկցող բոլոր հանգամանքները: Միայն Տերը գիտի բոլոր մանրամասները, և նա է, որ կդատի մեր գործողություններն այստեղ` երկրի վրա: Երբ [Տերն] իրոք դատի մեզ, ես կարծում եմ, որ նա ամեն բան հաշվի կառնի. մեր ծագումնաբանությունը և քիմիական կառուցվածքը, մեր հոգեվիճակը, մեր մտավոր կարողությունները, մեր ստացած կրթությունը, մեր հայրերի ավանդույթները և այլն»:8

Ընդունեք և հարգեք յուրաքանչյուր անձի յուրահատուկ վիշտը: Մարդիկ վշտանում են տարբեր ձևերով, քանի որ նրանց կապը հանգուցյալի հետ տարբերվում է ուրիշների հետ ունեցած կապից: Ուրեմն ընդունեք և հարգեք յուրաքանչյուր անձի սգալու եղանակը:

Երբ սիրելիները հեռանում են մեզանից, ուժեղ և նույնիսկ ճնշող զգացմունքները կարող են հաղթահարել մեզ: Սակայն, եթե մարդը վիշտ է ապրում, չի նշանակում, որ նա հավատի պակաս ունի: Փրկիչն ասել է. «Ապրեք միասին սիրով, այնպես որ սգաք նրանց կորստի համար, ովքեր մահանում են» (ՎևՈւ 42.45): Սուգը մեր մահացած հարազատների հանդեպ ունեցած մեր սիրո խորհրդանիշն է, և խորհրդանիշն այն բանի, թե այդ կապը ինչ էր նշանակում մեզ համար:

Օգնություն խնդրեք: Երբ դուք սգում եք, ամեն բան կարող է անհաղթահարելի թվալ: Օգնության հասնելը կարող է մյուսներին հնարավորություն տալ սիրել ու ծառայել ձեզ: Եթե նրանց թույլ տաք օգնել ձեզ, ապա այդ օգնությունը կարող է ամոքել ու ուժեղացնել ոչ միայն ձեզ, այլև նրանց:

Պահպանեք կապը նրանց հետ: Որոշ մարդիկ մենակ են սգում և երբեմն կարող են մեկուսանալ, ուրեմն կապ պահպանեք ձեր ընտանիքների ու ընկերների հետ: Պարբերաբար այցելեք սգացող ընտանիքի անդամներին, ազգականներին ու ընկերներին և առաջարկեք օգնություն, քանի որ նրանք երևի չեն գա ձեզ մոտ:

Ապավինեցեք Փրկիչին: Ի վերջո Փրկիչն է բժշկման ու խաղաղության աղբյուրը: Նրա Քավությունը մեզ նաև հնարավորություն է տվել դիմել Նրան, ով զգացել է մեր բոլոր մահկանացու թուլությունները, որ ուժ տա մեզ՝ կրելու մահկանացու կյանքի բեռները: Նա գիտի մեր տառապանքների մասին, և Նա մեզ հետ է: Բարի Սամարացու նման, երբ Նա մեզ գտնի վիրավոր՝ ճանապարհի եզրին ընկած, Նա կկապի մեր վերքերը և հոգ կտանի մեր մասին (տես Ղուկաս 10.34)»:9

Եկեք գիտակցենք, որ մենք բոլորս կարիք ունենք լիովին ապավինել Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը, երբ ձգտում ենք կատարել մեր բաժինը: Խոնարհաբար ընդունելով այդ, եկեք փորձենք հասկանալ վշտի մեջ գտնվող մեր ընտանիքի անդամներին, վերաբերվենք նրանց սիրով և միասին հավատ ու վստահություն զարգացնենք Փրկիչի հանդեպ, ով կվերադառնա և «կջնջէ բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. և մահն այլևս չի լինիլ, ոչ սուգ, և ոչ աղաղակ.և ոչ ցաւ այլևս չի լինիլ» (Հայտնություն 21.4):

Հղումներ

  1. Kevin Hines, in Amanda Bower, “A Survivor Talks About His Leap,” Time, May 24, 2006, Time.com.

  2. M. Russell Ballard, in Jason Swenson, “Elder Ballard Offers Comfort and Counsel to Those Affected by Suicide,” Church News, Dec. 19, 2014, news.lds.org.

  3. See World Health Organization, Preventing Suicide: A Global Imperative (2014), 2.

  4. See M. David Rudd and others, “Warning Signs for Suicide: Theory, Research, and Clinical Applications,” Suicide and Life-Threatening Behavior, vol. 36, no. 3 (2006), 255–62.

  5. M. Russell Ballard, in “Sitting on the Bench: Thoughts on Suicide Prevention” (video), lds.org/media-library.

  6. Dale G. Renlund, “Through God’s Eyes,” Liahona, Nov. 2015, 94.

  7. See John R. Jordan, “Is Suicide Bereavement Different? A Reassessment of the Literature,” Suicide and Life-Threatening Behavior, vol. 31, no. 1 (2001), 91–102.

  8. M. Russell Ballard, “Suicide: Some Things We Know, and Some We Do Not,” Ensign, Oct. 1987, 8.

  9. Դալլին Հ. Օուքս, «Ամրանալով Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով», Liahona, նոյ. 2015, 64։