Գրադարան
Դաս 16. Մահացածների փրկությունը


Դաս 16

Մահացածների փրկությունը

Նախաբան

Ժամանակների լրության տնտեսությունում` որպես բոլոր բաների Վերականգնման մաս, Տերը վերականգնեց մահացածների փրկության վարդապետությունը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այս վարդապետությունը վերականգնվեց «տող առ տող»։ Մահացածներին փրկելու աշխատանքը խիստ կարևոր է թե ապրողների, և թե մահացածների համար, և Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է այս աշխատանքին մասնակցելու կարևորության մասին. «Մեծագույն պատասխանատվությունն այս աշխարհում, որ Աստված դրել է մեզ վրա, մեր մահացածներին որոնելն է» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 505):

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 137

Մարգարե Ջոզեֆ Սմիթի տեսիլքը սելեստիալ արքայության վերաբերյալ

Ուսանողների հետ կիսվեք հետևյալ պատմական փաստերով.

«1823 թվականի նոյեմբերին Ալվին Սմիթը` Լյուսի Մակ Սմիթի և Ջոզեֆ Սմիթ Ավագի անդրանիկ որդին, հանկարծ լուրջ հիվանդացավ և մահամերձ պառկած էր: Ալվինը 25 տարեկան էր` ուժեղ և ընդունակ երիտասարդ, ում ծանր աշխատանքը մեծապես նպաստում էր ընտանիքի ֆինանսական կայունությանը: Նրա մայրը նկարագրել է նրան որպես «առանձնահատուկ բարի բնավորության» տեր երիտասարդի, ում «ազնվությունն ու առատաձեռնությունը» օրհնում էին նրա շրջապատի մարդկանց «նրա գոյության յուրաքանչյուր ժամին»: …

Իմանալով, որ ինքը մահանում է, Ալվինը կանչեց իր եղբայրներին և քույրերին իր մոտ և խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ: Ջոզեֆին, ով մոտ 18 տարեկան էր և դեռ չէր ստացել ոսկյա թիթեղները, Ալվինն ասաց. «Ես ուզում եմ, որ դու լավ տղա լինես և անես այն ամենը, ինչ քեզանից է կախված` հիշատակարանները ձեռք բերելու համար: Հավատարիմ եղիր հրահանգներ ստանալիս և պահիր յուրաքանչյուր պատվիրան, որ տրվում է քեզ»: …

Երբ Ալվինը մահացավ, ընտանիքը խնդրեց Երիցական եկեղեցու մի ծառայողի Պալմիրայում` Նյու Յորք, նրա թաղմանը ժամերգություն կատարել: Քանի որ Ալվինն այդ սպասավորի ծխական համայնքի անդամ չէր, իր քարոզում նա պնդեց, որ Ալվինը չէր կարող փրկվել: Վիլյամ Սմիթը` Ջոզեֆի փոքր եղբայրը, հիշում է. «[Ծառայողը ].… ազդարարեց շատ խստորեն, որ [Ալվինը] գնացել է դժոխք, քանի որ Ալվինը եկեղեցու անդամ չէր, բայց նա լավ տղա էր և հորս դա դուր չեկավ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 429, 430

  • Քանի որ մահացածների փրկագնման վարդապետությունը վերականգնված չէր Ալվինի մահվան ժամանակ, ի՞նչ մտահոգություններ կարող էր ունենալ Սմիթների ընտանիքը Ալվինի փրկության վերաբերյալ։

Ասացեք ուսանողներին, որ այս դասը կօգնի նրանց հասկանալ, որ Տերը հայտնեց մահացածների փրկագնման վարդապետությունը աստիճանաբար, տող առ տող։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137 բաժնի նախաբանը: Բացատրեք, որ այս հայտնությունը տրվել է Կիրթլենդի Տաճարի նվիրագործումից ընդամենը մի քանի ամիս առաջ։ (Դուք կարող եք շեշտել, որ Վարդապետություն և Ուխտերի 2013 թվականի հրատարակությունում որոշ փոփոխություններ են կատարվել 137 բաժնի նախաբանում:)

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137․1-6 հատվածները և խնդրեք դասարանին հետևել նրան։ Քննարկեք հետևյալը.

  • Ո՞ւմ տեսավ Ջոզեֆ Սմիթը սելեստիալ արքայությունում: (Ուսանողները կցանկանան իմանալ, որ Ջոզեֆ Սմիթի հայրը և մայրը ողջ էին, երբ նա ստացավ այս հայտնությունը․ փաստորեն Ջոզեֆ Սմիթի հայրը նրա հետ միասին նույն սենյակում էր, երբ տրվեց այդ հայտնությունը։)

  • Ըստ հատված 6-ի, ինչո՞ւ Ջոզեֆ Սմիթը զարմացավ, որ իր եղբայր Ալվինը սելեստիալ արքայությունում էր։ (Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ այս տեսիլքը տրվել է մահացածների փրկագնման վարդապետության վերաբերյալ Ջոզեֆ Սմիթին ուսուցանելուց մի քանի տարի առաջ։)

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 137․7-9 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և փնտրել վարդապետությունը, որ օգնեց Վերջին Օրերի Սրբերին ավելի լավ հասկանալ Իր զավակներին փրկելու Աստծո ծրագիրը։

  • Աստծո ծրագրում ի՞նչ դրույթ գոյություն ունի այնպիսի մարդկանց համար, ինչպիսին էր Ալվին Սմիթը, ով մահացել էր առանց հնարավորության` Հիսուս Քրիստոսի ավետարանը ընդունելու կամ մկրտության արարողությունը ստանալու։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, օգնեք նրանց ներկայացնել հետևյալ վարդապետությունը․ Բոլոր մարդիկ, ովքեր մահանում են առանց ավետարանի իմացության, ովքեր կընդունեին այս գիտելիքը, եթե նրանք լսեին այն, կժառանգեն սելեստիալ արքայությունը։)

  • Ի՞նչ է ձեզ ուսուցանում այս վարդապետությունը Երկնային Հոր էության և Իր զավակների հանդեպ Նրա սիրո մասին։

  • Դուք ե՞րբ եք մխիթարվել այս վարդապետությամբ: Ե՞րբ եք տեսել ուրիշներին, հավանաբար նրանց, ում դուք ուսուցանել եք որպես միսիոներ, մխիթարություն ստանալիս՝ այս վարդապետության վերաբերյալ իրենց հասկացողության շնորհիվ։

Վարդապետություն և Ուխտեր 124․30–34, 127․5–8, 128․1–18, 138․28–37

Փոխարինող արարողություններ մահացածների համար

Մահացածների համար մկրտության վարդապետության մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթն առաջին անգամ խոսել է Սեյմոր Բրունսոնի հուղարկավորության ժամանակ 1840 թվականի օգոստոսի 15-ին, Նավուում՝ Իլինոյս, Սրբերի հաստատվելուց հետո կարճ ժամանակ անց։ Եկեղեցու անդամները զարմացան և ոգևորվեցին, երբ իմացան այս վարդապետւոթյան հայտնության մասին։ Հայտարարությունից մի քանի ամիս անց Սրբերը մկրտություններ էին կատարում իրենց սիրելի մահացածների համար Միսիսիպի գետի մոտակայքում (տես Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 429, Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 251

  • Այս քարոզն ինչպե՞ս օգնեց ավելի լավ հասկանալ Իր զավակներին փրկելու Երկնային Հոր ծրագիրը։ (Մինչ ուսանողները պատասխանում են, հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Մկրտության փրկող արարողությունը կարող է կատարվել նրանց համար, ովքեր չեն ընդունել ավետարանը մահկանացու կյանքի ընթացքում։)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս դուք կարձագանքեիք, եթե լսեիք Մարգարե Ջոզեֆ Սմիթին այս տնտեսությունում առաջին անգամ մահացածների համար մկրտության վարդապետության մասին խոսելիս։

Բացատրեք, որ Նավուում՝ Իլինոյս, Եկեղեցու 1841 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ընթացքում, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, որ Տերը ցանկանում էր, որ Սրբերը դադարեցնեին մահացածների համար մկրտություններ կատարելը, մինչև որ մկրտությունները կարողանային կատարվել Իր տանը (տես ՎևՈւ 124․29-34): 1841 թվականի նոյեմբերին Բրիգամ Յանգը, ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, նվիրագործեց Նավուի անավարտ Տաճարի նկուղում գտնվող ավազանը, և Եկեղեցու անդամները սկսեցին փոխարինող մկրտություններ կատարել մահացածների համար։

Ուսանողներին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 127-րդ բաժնի նախաբանը, որտեղ բացատրվում է, որ 127 բաժինը Ջոզեֆ Սմիթի կողմից Սրբերին ուղղված նամակ է, որտեղ նրանց հրահանգվում է պահել մահացածների համար կատարվող մկրտությունների գրառումները։ Բացատրեք, որ մոտ մեկ շաբաթ անց Ջոզեֆը մեկ այլ նամակ գրեց մահացածների համար մկրտության վերաբերյալ, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտեր 128 բաժնում։

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. (Մի ներառեք փակագծերի նյութերը․ այն նախատեսված է ձեր` ուսուցիչներիդ համար:)

Վարդապետություն և Ուխտեր 127․5-7, 128․8 (Երբ արարողությունը կատարվում է քահանայության իշխանությամբ և պահվում է դրա պատշաճ արձանագրությունը, արարողությունը կապվում է երկրի վրա և երկնքում։)

Վարդապետություն և Ուխտեր 128․6-7 (Փոխարինող արարողությունների արձանագրությունը ներառված կլինի գրքերի մեջ, որոնք բացվել են մահացածներին դատելու համար։)

Վարդապետություն և Ուխտեր 128․15, 17-18 (Մեր մահացած նախնիների փրկությունը կարևոր է մեր փրկության համար։)

Ուսանողներին հանձնարարեք կարդալ գրատախտակին գրված յուրաքանչյուր հատվածը: Խնդրեք նրանց փնտրել վարդապետությունները, որոնք մեծացրել են Աստծո ծրագրի մեր հասկացողությունը մահացածների փրկագնման վերաբերյալ։ Հրավիրեք ուսանողներին ամփոփել մահացածների փրկագնման վարդապետությունը, որն ուսուցանված է սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածում։ Խնդրեք մի քանի ուսանողների գրել վարդապետությունները գրատախտակի հատվածների կողքին: Նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 127 և 128 բաժիններում տրված հայտնությունները լուսաբանում են ավետարանի Վերականգնման ընդունված օրինաչափությունը․ Տերը հայտնի է դարձնում ճշմարտությունները տող առ տող, և ոչ թե բոլորը միանգամից։

Բացատրեք ուսանողներին, որ այս հայտնությունների տրվելուց հետո շատ տարիներ անց Տերը հավելյալ գիտելիքներ տվեց մահացածներին փրկագնելու Իր ծրագրի մասին։ 1918 թվականին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հայտնություն ստացավ մահացածների փրկագնման մասին։ Հայտնությունը տրվեց, երբ նա սգում էր իր որդու՝ Հայրում Մ․ Սմիթի կորուստը, ով մահացել էր այդ տարվա սկզբին և մինչ այդ ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ։

Խնդրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․28-37 հատվածները, փնտրելով ճշմարտություններ, որոնք հայտնի էին դարձվել Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթին` մահացածների փրկագնման վերաբերյալ։

  • Ի՞նչ ճշմարտություններ են ուսուցանվում այս հատվածներում մահացածների փրկագնման վերաբերյալ։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած ճշմարտություններով, համոզվեք, որ նրանք հասկանում են այս ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսի ղեկավարությամբ արդար սուրհանդակներն ուսուցանում են ավետարանը հոգևոր բանտում։)

  • Ինչպե՞ս են այս լրացուցիչ ճշմարտություններն օգնում մեզ հասկանալ, թե ինչպես կարող է Ալվին Սմիթի նման մարդը, ով մահացել է առանց ավետարանի արարողությունները ստանալու` ժառանգություն ստանալ սելեստիալ արքայությունում։

Բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Որպես Քրիստոսի վերականգնված Եկեղեցու անդամներ, մենք ուխտի միջոցով պարտավորվել ենք փնտրել մեր նախնիներին և նրանց համար կատարել ավետարանի փրկարար արարողությունները: Առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ (Եբրայեցիս ԺԲ.40, տես նաև Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 504)։ Եվ «ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների» (ՎևՈւ 128․15)» («Զավակների սրտերը կդառնան», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 25)։

  • Ինչո՞ւ պետք է մահացածներին փրկագնելու աշխատանքն առաջնահերթություն լինի մեր կյանքում։

  • Ինչպե՞ս է մեր մահացած ազգականների համար փրկարար արարողություններ կատարելն օգնում մեզ և նրանց դառնալու կատարյալ։

Բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը զորություն ունի օրհնելու ոչ միայն նրանց, ովքեր վարագույրի այն կողմում են, այլ նաև նրանց, ովքեր ապրում են։ Այն կատարելագործող ազդեցություն ունի նրանց վրա, ովքեր զբաղվում են դրանով։ Նրանք բառացիորեն օգնում են իրենց ընտանիքներին վեհանալ» («Սիրով կապված սերունդներ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 93)։

  • Ինչպե՞ս է մահացածների փրկագնման վարդապետությունը վկայում Հիսուս Քրիստոսի Քավության անսահմանության մասին։

Բարձրաձայն կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ․ Սքոթի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնել է մկրտության սրբազան ծեսի երկնային վարդապետությունը։ Այդ լույսը տրվեց, երբ քրիստոնեական մյուս եկեղեցիները ուսուցանում էին, որ մահը անվերադարձ, հավերժորեն վճռում է հոգու ճակատագիրը։ Դրանք ուսուցանում էին, որ մկրտվածներին պարգևվում է անվերջ ուրախություն, մինչ մնացածները արժանանում են հավերժական տանջանքների՝ առանց փրկագնման հույսի։ …

Այս փառավոր վարդապետությունը մեկ այլ վկայություն է Հիսուս Քրիստոսի Քավության համապարփակ էության մասին։ Նա փրկությունը մատչելի է դարձրել յուրաքանչյուր ապաշխարող հոգու համար։ Նրա Քավությունը հաղթել է մահը, և Նա թույլ է տալիս, որ արժանի մահացածները ստանան փրկության բոլոր ծեսերը փոխարինողների կողմից» («Մահացածներին փրկագնելու ուրախությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 93)։

  • Ի՞նչ փորձառություններ են ձեզ ուսուցանել մահացածներին փրկագնելու աշխատանքին մասնակցելու կարևորության մասին:

  • Ինչպե՞ս է մեծացել ձեր վկայությունը մահացածների փրկագնման աշխատանքին մասնակցելու շնորհիվ: (Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց վկայություններով։)

Խրախուսեք ուսանողներին խորհել, թե ինչպես կարող են նրանք մասնակցել մահացածներին փրկագնելու մեծ աշխատանքին` ընտանեկան պատմության հետազոտության կամ տաճարային արարողությունները կատարելիս` որպես փոխանորդ ծառայելու միջոցով։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ մեր օրերի տաճարներում կատարվող աշխատանքի միջոցով Երկնային Հոր բոլոր զավակները կարող են ստանալ փրկության համար անհրաժեշտ բոլոր արարողությունները։

Ուսանողի ընթերցարան