Գրադարան
Դաս 23․ Հաջորդականությունը Նախագահությունում


Դաս 23

Հաջորդականությունը Նախագահությունում

Նախաբան

Իր կյանքի վերջին օրերին Ջոզեֆ Սմիթը այս տնտեսության քահանայության բանալիները հաստատեց Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների վրա։ Մարգարեի նահատակությունից հետո 1844 թվականի օգոստոսի 8-ին բազմաթիվ Սրբեր ստացան հոգևոր ապացույց, որը հաստատեց, որ Բրիգամ Յանգը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, պետք է առաջնորդեր Եկեղեցին։ Երբ ուսանողները սկսեն հասկանալ Եկեղեցու Նախագահության հաջորդականության հետ կապված սկզբունքները, նրանք վստահություն ձեռք կբերեն, որ Տերը ընտրել և նախապատրաստել է յուրաքանչյուր անհատի, ով դառնում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • “Succession in the Presidency,” chapter 3 in Teachings of the Living Prophets Student Manual (Church Educational System manual, 2010), 28–41.

  • “The Twelve to Bear Off the Kingdom,” chapter 23 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 286–96.

  • Brent L. Top and Lawrence R. Flake, “‘The Kingdom of God Will Roll On’: Succession in the Presidency,” Ensign, Aug. 1996, 22–35.

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 107․33, 112․30–32

Առաքյալները կրում են այս տնտեսության բանալիները

Տվեք հետևյալ հարցը.

  • Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում նոր Նախագահ ընտրելու գործընթացն ինչպե՞ս է տարբերվում այլ կազմակերպություններում ղեկավարներ ընտրելու եղանակից։

Տեղեկացրեք ուսանողներին, որ այս դասի ընթացքում ուսումնասիրելու են Եկեղեցու ղեկավարության փոխանցումը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո: Բացատրեք, որ իր մահից տարիներ առաջ մարգարեն հայտնություններ էր ստացել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի վերաբերյալ։ Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 107․33 և 112․30–32 հատվածները, փնտրելով Տիրոջ նկարագրությունը քահանայության իշխանության վերաբերյալ, որ կրում էին Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի անդամները։

  • Ինչպե՞ս է Տերը նկարագրել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի իշխանությունը։ (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ սկզբունքը․ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները կրում են այս տնտեսության քահանայության բանալիները, և Տասներկուսը գործում են Առաջին Նախագահության ղեկավարության ներքո։)

Նկար
թերթիկ, Հաջորդականությունը Նախագահությունում

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք թերթիկի մեկական օրինակ, որը գտնվում է այս դասի վերջում։ Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթն իր կյանքի վերջին ամիսներին հաճախ է հանդիպել Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների հետ, որպեսզի նախապատրաստի նրանց առաջնորդելու Եկեղեցին։ Թող ուսանողներից մեկը բարձրաձայն կարդա թերթիկի «Ժողով Տասներկու Առաքյալների հետ, մարտ 1844 թվական» վերնագրով հատվածը։ Ասացեք ուսանողներին, որ սա Առաքյալների և Եկեղեցու այլ ղեկավարների հետ Մարգարե Ջոզեֆ Սմիթի անցկացրած ժողովի հակիրճ պատմությունն է, որը շարադրել է Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը, ով այդ ժամանակ Առաքյալ էր։ Ընթերցումից հետո հարցրեք.

  • Ինչպե՞ս է Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին բանալիների այս շնորհումն օգնել նախապատրաստելու նրանց այն ժամանակի համար, երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթն այլևս չէր լինելու նրանց հետ։ (Նրանք ստացան նույն քահանայության բանալիները, որոնք կրում էր Մարգարե Ջոզեֆը:)

  • Ինչո՞ւ էր Ջոզեֆ Սմիթը կարևորում նախքան իր մահը քահանայության այս բանալիների շնորհումը Առաքյալներին։ (Այդ ժամանակ Ջոզեֆ Սմիթը միակ մարդն էր, ով կրում էր այս տնտեսության քահանայության բոլոր բանալիները։ Եթե նա ուրիշներին չշնորհեր այդ բանալիները, ապա հրեշտակները պետք է կրկին այցելեին երկիր` դրանք վերականգնելու համար։)

Վարդապետություն և Ուխտեր 124․127-28

Բրիգամ Յանգը հաջորդեց Ջոզեֆ Սմիթին որպես Եկեղեցու Նախագահ

Բացատրեք, որ երբ 1835 թվականին առաջին անգամ կազմավորվեց Տասներկու Առաքյալների Քվորումը, ավագության կարգը որոշվում էր տարիքով։ Թոմաս Բ․ Մարշը, ով այդ ժամանակ ենթադրվում էր, որ ամենատարեց Առաքյալն էր, նշանակվեց որպես ավագ Առաքյալ (այդ ժամանակ իմացվեց, որ իրականում Դեյվիդ Վ․ Փաթենն էր ամենատարեց Առաքյալը):

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124․127-28 հատվածները: Բացատրեք, որ 1838 թվականի հոկտեմբերին Նախագահ Մարշը ուխտադրուժ եղավ և հեռացավ Եկեղեցուց, իսկ Դեյվիդ Վ․ Փաթենը մահացավ։ Բրիգամ Յանգն այդ ժամանակ դարձավ ավագ Առաքյալ, ինչպես բացատրված է այս հատվածներում։ Առաքյալների սկզբնական ընտրությունից հետո մինչ այժմ Տասներկու Առաքյալների Քվորումում ավագությունը որոշվում է կարգման ամսաթվով։

Բացատրեք, որ երբ 1844 թվականի հունիսի 27-ին Ջոզեֆ և Հայրում Սմիթները նահատակվեցին, Տասներկուսը, բացառությամբ Ջոն Թեյլորից և Վիլլարդ Ռիչարդսից, ծառայում էին միսիայում` Միացյալ Նահանգների արևելյան մասում։ Այնուամենայնիվ, երեք շաբաթների ընթացքում բոլոր Առաքյալները լսեցին ողբեգական լուրը և շտապ վերադարձան Նավու։ Երբ Առաքյալները վերադարձան, նրանք շփոթություն գտան Եկեղեցու անդամների մեջ այն հարցի շուրջ, թե ով պետք է առաջնորդեր Եկեղեցին։ Եկեղեցու որոշ անդամներ կարծում էին, որ ղեկավարությունը իրավամբ անցել է Տասներկու Առաքյալների Քվորումին։ Հաջորդ մի քանի ամիսները ընթացքում մի շարք մարդիկ հայտարարեցին, որ իրենք իրավունք ունեին առաջնորդելու Եկեղեցին։ Խնդրեք երկու ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Սիդնի Ռիգդոնի պահանջը» և «Ջեյմս Սթրենջի պահանջը» վերնագրով հատվածները։ Մինչ դասարանը լսում է, հրավիրեք նրանց խորհել մտահոգությունների մասին, որ գուցե նրանք ունենային այս պահանջների վերաբերյալ, եթե իրենք այդ ժամանակ լինեին Նավու քաղաքում։

Այնուհետև ուսանողներին հարցրեք.

  • Այս մարդկանց պահանջներն ինչո՞ւ արդարացի չէին։ (Դուք կարող եք շեշտել, որ չնայած Սիդնի Ռիգդոնը Առաջին Նախագահության անդամ էր, Ջոզեֆը նրան չէր շնորհել քահանայության բանալիները:)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Օգոստոսի 7,1844 թվական» վերնագրով հատվածը։ Դասարանով քննարկեք հետևյալ հարցը.

  • Ինչո՞ւ էր կարևոր Բրիգամ Յանգի վկայությունը առաքյալների բանալիների վերաբերյալ։ (Ուսանողների պատասխանները լսելուց հետո գրատախտակին գրեք հետևյալ վարդապետությունը. Առաքյալները կրում են քահանայության բոլոր բանալիները, որոնք անհրաժեշտ են Եկեղեցում նախագահելու համար։)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Օգոստոսի 8,1844 թվական, 10․00» վերնագրով հատվածը։

  • Ինչպե՞ս է Տերն օրհնել Սրբերին իմանալու, թե ու՞մ էր Նա նշանակել առաջնորդելու Եկեղեցին։

  • Ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ, որ Եկեղեցու ղեկավարներն այսօր կանչված են Աստծո կողմից: (Ուսանողների պատասխանները լսելուց հետո գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք վկայություն ստանալ, որ նրանք, ովքեր առաջնորդում են Եկեղեցին, կանչված են Աստծո կողմից։)

  • Ե՞րբ եք դուք զգացել Հոգու վկայությունը, որ Եկեղեցու Նախագահն այսօր կանչված է Աստծո կողմից։

Բացատրեք, որ օգոստոսի 8-ին ժամը 14․00-ին անցկացված ժողովի ընթացքում Բրիգամ Յանգը և մյուս Առաքյալները ելույթ ունեցան։ Թող ուսանողներից մեկը բարձրաձայն կարդա թերթիկի «Օգոստոսի 8,1844 թվական, 14․00» վերնագրով հատվածը։

Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը մահացավ, Բրիգամ Յանգը` որպես ավագ Առաքյալ, անմիջապես հնարավորություն ունեցավ կիրառելու քահանայության բոլոր բանալիները։ Մարգարեի նահատակությունից հետո ավելի քան երեք տարիների ընթացքում Տասներկու Առաքյալների Քվորումը նախագահում էր Եկեղեցում Բրիգամ Յանգի ղեկավարության ներքո։ Ապա 1847 թվականի դեկտեմբերի 5-ին Բրիգամ Յանգը հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ և վերակազմավորվեց Առաջին Նախագահությունը։

Սիդնի Ռիգդոնը տեղափոխվեց Փիթսբուրգ՝ Պենսիլվանիա և կազմակերպեց Քրիստոսի Եկեղեցի՝ առաքյալներով, մարգարեներով, քահանաներով և թագավորներով։ Այդ եկեղեցին անկում ապրեց 1847 թվականին։ Եվ չնայած Ջեյմս Սթրենջի պահանջները նախագահության վերաբերյալ կեղծ էին, Վիլյամ Ի․ Մակլելլին, Ջոն Ի․ Փեյջը և Վիլյամ Սմիթը, ովքեր նախկինում Տասներկու Առաքյալներից էին, աջակցում էին նրան։ Սթրենջը սպանվեց 1856 թվականին դժգոհ հետևորդների կողմից։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հաջորդականության գործընթացը Եկեղեցու Նախագահությունում այսօր, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ հայտարարությունն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի մահից հետո։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Անկասկած գիտեինք, թե ինչ պետք է անել: Մենք գիտեինք, որ ավագ Առաքյալը Եկեղեցու Նախագահն է: Եվ սրբազան ժողովում Թոմաս Ս. Մոնսոնը` Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից, հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ: … Այժմ, ինչպես սուրբ գրություններն են ասում, նա միակ մարդն է երկրի վրա, ով այդ բոլոր բանալիները գործադրելու իրավունքն ունի: Սակայն մենք բոլորս` որպես Առաքյալներ, կրում ենք դրանք: Մեր մեջ մեկն է կանչվում և կարգվում և դառնում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ» («Տասներկուսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 83)։

  • Եկեղեցու Նախագահի մահից հետո ո՞վ սովորաբար կդառնա Եկեղեցու հաջորդ Նախագահը։ (Ավագ Առաքյալը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն է։)

Որոշ ուսանողներ կարող են ցանկանալ իմանալ, թե երբ է Եկեղեցու Նախագահը ստանում Եկեղեցում նախագահելու համար անհրաժեշտ բանալիները։ Բացատրեք, որ յուրաքանչյուր Առաքյալի տրվում են բոլոր բանալիները հենց այն ժամանակ, երբ նա կարգվում է որպես Առաքյալ։ Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910–2008) հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Սակայն այդ բանալիները գործածելու իշխանությունը տրված է Եկեղեցու Նախագահին։ Երբ նա մահանում է, այդ իշխանությունը գործում է ավագ Առաքյալի միջոցով, ով այնուհետև կոչվում, ի սպաս է դրվում և կարգվում է որպես մարգարե և Նախագահ Տասներկուսի Խորհրդի իր գործընկերների կողմից» (“Come and Partake,” Ensign, May 1986, 47)։

  • Դուք ի՞նչ զգացողություններ ունեք, երբ հասկանում եք, որ Եկեղեցու Նախագահի մահից հետո Տիրոջ արքայությունը երկրի վրա առաջ կշարժվի մի փոքր ընդհատումից հետո։

Դասի վերջում կարող եք վկայել, որ քահանայության նույն բանալիները, որոնք Ջոզեֆ Սմիթը շնորհեց Բրիգամ Յանգին և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին, այսօր կրում են Եկեղեցու Նախագահը, Առաջին Նախագահության նրա խորհրդականները և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները։ Դուք կարող եք նաև կիսվել, թե ինչպես եք ձեռք բերել ձեր վկայությունն այն մասին, որ Եկեղեցու անդամները կանչված են Աստծո կողմից։ Հրավիրեք ուսանողներին աղոթքով փնտրել ձեռք բերելու կամ ամրացնելու իրենց վկայություններն այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկել են այսօր։

Ուսանողի ընթերցարան

Հաջորդականությունը Եկեղեցու Նախագահությունում

Վերականգնման հիմքերը. Դաս 23

Տասներկու Առաքյալների ժողով, մարտ 1844 թվական

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը (1807-98) հիշել է․

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

«Հիշում եմ վերջին խոսքը, որ [Ջոզեֆ Սմիթը] այդ առիթով տվեց մեզ իր մահվանից առաջ։ … Նա ոտքի էր կանգնած մոտ երեք ժամ: Սենյակը կարծես լցված էր սպառող կրակով, նրա դեմքը սաթի պես պայծառ էր և նա զինված էր Աստծո զորությամբ: Նա մեզ բացատրեց մեր պարտականությունը: Նա բացատրեց մեզ Աստծո այս մեծ աշխատանքի լրիվությունը և մեզ արված դիտողություններում նա ասաց. «Ես կնքել եմ իմ գլխին յուրաքանչյուր բանալին, յուրաքանչյուր զորությունը, կյանքի և փրկության յուրաքանչյուր սկզբունքը, որն Աստված երբևէ տվել է որևէ մարդու, ով երբևէ ապրել է երկրի երեսին: Եվ այս սկզբունքներն ու այս Քահանայությունը և զորությունը պատկանում են այս մեծ և վերջին տնտեսությանը, որին երկնքի Աստվածը մեկնել է Իր ձեռքը՝ երկրի վրա հաստատելու համար: Այժմ,- ասաց նա, դիմելով Տասներկուսին,- ես կնքել եմ ձեր գլխին յուրաքանչյուր բանալի, յուրաքանչյուր զորություն և յուրաքանչյուր սկզբունք, որոնք Տերը կնքել է իմ գլխի վրա»: …

Մեզ այս ձևով դիմելուց հետո նա ասաց. «Ես ասում եմ ձեզ, այս արքայության բեռն այժմ ձեր ուսերին է դրված, դուք պետք է կրեք այն ողջ աշխարհում» (մեջբերում․ Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 564

Սիդնի Ռիգդոնի պահանջը

Սիդնի Ռիգդոնը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, 1844 թվականի օգոստոսի 3-ին Փիթսբուրգից՝ Պենսիլվանիա, եկավ Նավու։ Նա առաջարկեց, որ հատուկ ժողով հրավիրվեր օգոստոսի 6-ին՝ երեքշաբթի օրը, որպեսզի Եկեղեցու անդամները կարողանային վերակացու ընտրել Եկեղեցու համար։ Կարծես Սիդնի Ռիգդոնը փորձում էր անցկացնել այս ժողովը, որպեսզի Եկեղեցու անդամները կարողանային հաստատել իր պաշտոնը որպես Եկեղեցու վերակացու` նախքան բոլոր Տասներկու Առաքյալները կվերադառնային Միացյալ Նահանգների արևելքում կատարած իրենց միսիաներից։ Բարեբախտաբար, Երեց Վիլլարդ Ռիչարդսի և Երեց Փարլի Պ․ Պրատի ջանքերի շնորհիվ ժողովը տեղափոխվեց հինգշաբթի օրը՝ 1844 թվակաին օգոստոսի 8-ը։ Մինչ այդ Առաքյալների մեծ մասը վերադարձան Նավու։

Սիդնի Ռիգդոնը հայտարարեց, որ քանի որ ինքը նախկինում կանչված և կարգված է եղել որպես Ջոզեֆ Սմիթի խոսնակ (տես ՎևՈւ 100․9), ապա նրա պարտավորությունն էր «հսկելու, որ եկեղեցին կառավարվեր պատշաճ կերպով» (History of the Church, 7:229)։

Ջեյմս Սթրենջի պահանջը

Ջոզեֆ Սմիթի մահից հետո Ջեյմս Սթրենջը, ով մկրտվել էր 1844 թվականի փետրվարին, հայտարարեց, որ ինքը նամակ էր ստացել Ջոզեֆ Սմիթից, որում նշվում էր, որ Ջոզեֆը նշանակել էր Սթրենջին որպես իր հաջորդը։ Նամակը կեղծ էր, սակայն այն ներառում էր Ջոզեֆ Սմիթի ստորագրությունը և մոլորության մեջ գցեց Եկեղեցու որոշ անդամների, երբ Սթրենջն այն ցույց տվեց նրանց։ Սթրենջը նաև ասաց, որ իրեն այցելել էր մի հրեշտակ, ով տվել էր նրան բանալիներ։

7 օգոստոսի, 1844 թվական

Երեց Ջոն Թեյլորը, Վիլլարդ Ռիչարդսը, Փարլի Պ․ Պրատը և Ջորջ Ա․ Սմիթն արդեն Նավու քաղաքում էին, երբ Սիդնի Ռիգդոնը ժամանեց։ Մնացած Առաքյալների մեծ մասը, ներառյալ Բրիգամ Յանգը, Նավու վերադարձան 1844 թվականի օգոստոսի 6-ին։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, Առաքյալները խորհրդի հանդիպում ունեցան Ջոն Թեյլորի տանը։ Ավելու ուշ` այդ օրը կեսօրին, Տասներկու Առաքյալները, բարձրագույն խորհուրդը և քահանայապետերը հավաքվեցին միասին։ Նախագահ Յանգը խնդրեց Սիդնի Ռիգդոնին ներկայացնել իր ուղերձը Սրբերին։ Սիդնի Ռիգդոնը հանդուգն կերպով հայտարարեց, որ նա տեսիլք էր տեսել և, որ ոչ մի մարդ չէր կարող հաջորդել Ջոզեֆ Սմիթին որպես Եկեղեցու Նախագահ։ Ապա նա պնդեց, որ ինքը նշանակվել էր որպես մարդկանց վերակացու։

Երբ Սիդնի Ռիգդոնն ավարտեց իր մեկնաբանությունները, Բրիգամ Յանգն (1801–77) ասաց․

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Ինձ չի մտահոգում, թե ով կառաջնորդի եկեղեցին, … բայց մի բան ես պետք է իմանամ, և դա այն է, թե ինչ է Աստված ասում այդ մասին։ Ես ունեմ բանալիները և միջոցները` իմանալու Աստծո կարծիքն այս հարցի շուրջ։ …

Ջոզեֆը շնորհեց մեզ Առաքյալներին պատկանող բոլոր բանալիները և զորությունները, որն ինքն էլ կրում էր մինչև մահը, և ոչ մի մարդ կամ մի քանի մարդիկ չեն կարող կանգնել Ջոզեֆի և Տասներկուսի միջև այս աշխարհում կամ գալիք աշխարհում։

Որքան հաճախ է Ջոզեֆն ասել Տասներկուսին․ «Ես դրել եմ հիմքը և դուք պետք է կառուցեք դրա վրա, քանի որ ձեր ուսերին է դրված արքայությունը» (History of the Church, 7:230)։

8 օգոստոսի, 1844 թվական, 10․00

1844 թվականի օգոստոսի 8-ին Սրբերը Նավու քաղաքում հավաքվեցին առավոտյան ժամը 10․00-ին՝ լսելու Սիդնի Ռիգդոնի պահանջները որպես Եկեղեցու վերակացու։ Նա մեկ ժամ ու կես խոսեց հավաքված հազարավոր Սրբերի հետ, բացատրելով, թե ինչու ինքը պիտի լիներ Եկեղեցու վերակացուն։ Մի շարք մարդիկ նկարագրեցին նրա ելույթը որպես չոգեշնչող։

Նախագահ Բրիգամ Յանգը հակիրճ խոսեց և ասաց, որ նա կնախընտրեր վերադառնալ Նավու՝ սգալու Մարգարեի համար, և դրանից հետո նշանակվեր նոր ղեկավար։ Նա հայտարարեց, որ ղեկավարների և անդամների հանդիպում տեղի կունենա այդ օրը մի փոքր ուշ՝ ժամը 14․00-ին։ Եկեղեցու մի շարք անդամներ հետագայում վկայեցին, որ երբ Բրիգամ Յանգը խոսում էր, նրանք ականատես եղան նրա կերպարանքի փոփոխությանը և լսեցին նրա ձայնի փոփոխությունը, և նա ստացավ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կերպարանքը և ձայնը։

Էմիլի Սմիթ Հոյթը հիշել է․ «Դատողություններ անելու եղանակը, դեմքի արտահայտությունը, ձայնի ելևէջը հուզեց ինձ մինչև հոգուս խորքը։ … Ես գիտեի, որ Ջոզեֆը մահացել էր։ Սակայն ես հաճախ ցնցվում էի և ակամայից նայում հարթակին, որպեսզի տեսնեի, թե արդյո՞ք դա Ջոզեֆը չէր։ Ոչ, դա նա չէր, դա Բրիգամ Յանգն էր» (quoted in Lynne Watkins Jorgensen, “The Mantle of the Prophet Joseph Passes to Brother Brigham: A Collective Spiritual Witness,” BYU Studies, vol. 36, no. 4 [1996–97], 142)։

Վիլֆորդ Վուդրուֆը գրել է․ «Եթե ես նրան իմ սեփական աչքերով չտեսնեի, չկա մեկը, ով կկարողանար համոզել ինձ, որ դա Ջոզեֆ Սմիթը չէր, և ցանկացած մարդ կարող է վկայել այդ մասին, ով ճանաչում էր այս երկու մարդկանց» (History of the Church, 7:236)։

8 օգոստոսի, 1844 թվական, 14․00

Ժամը 14․00-ին հազարավոր Սրբեր հավաքվեցին մասնակցելու մի ժողովի, որը գիտեին, որ շատ կարևոր էր լինելու։ Բրիգամ Յանգն անկեղծորեն խոսեց Սիդնի Ռիգդոնի առաջարկած վերակացության և վերջին երկու տարիների ընթացքում Ջոզեֆ Սմիթից նրա հեռանալու մասին և ապա ասաց․

«Եթե մարդիկ ուզում են Նախագահ Ռիգդոնն առաջնորդի իրենց, նրանք կարող են ընդունել նրան, սակայն ես ասում եմ ձեզ, որ Տասներկուսի Քվորումն ունի Աստծո արքայության բանալիները ողջ երկրի վրա։

Տասներկուսը նշանակվել են Աստծո ձեռքով։ Ահա Բրիգամը, տեսե՞լ եք, որ նրա ծնկները երբևէ երերան։ Նրա շուրթերը երբևէ դողացե՞լ են։ Ահա Հեբեր [Ս. Քիմբալը] և մնացած Տասներկուսը, առանձին էակներ, ովքեր ունեն քահանայության բանալիները՝ Աստծո թագավորության բանալիները, որ հանձնեն ողջ աշխարհին․ սա ճշմարիտ է, ուստի օգնիր ինձ, Աստված։ Նրանք կանգնած են Ջոզեֆի կողքին և ներկայացնում են Եկեղեցու Առաջին Նախագահությունը» (History of the Church, 7:233)։

Բազմաթիվ Սրբեր ակնարկել են, որ Բրիգամ Յանգի կերպարանքը և ձայնը նման էր Ջոզեֆ Սմիթին, մինչ նա խոսում էր այդ կեսօրին։ Ի լրացում այս հրաշքի, Սրբերից շատերը նաև զգացին Սուրբ Հոգու վկայությունը, որ Բրիգամ Յանգը և Տասներկուսի Քվորումը կանչված էին Աստծո կողմից՝ առաջնորդելու Եկեղեցին։ Այս ժողովի ավարտին Սրբերը Նավուում միաձայն քվեարկեցին` հաստատելով, որ Բրիգամ Յանգի գլխավորությամբ Տասներկու Առաքյալների Քվորումը առաջնորդեր Եկեղեցին։ Այնուամենայնիվ, ի վերջո Եկեղեցու ոչ բոլոր անդամներն ընտրեցին հետևել Առաքյալներին։ Որոշ մարդիկ ընտրեցին դրա փոխարեն հետևել Սիդնի Ռիգդոնի և Ջեյմս Սթրենջի նման անհատների, ովքեր կազմավորեցին իրենց սեփական եկեղեցիները։