Գրադարան
Դաս 17. Ավետարանի ուսմունքները Նավու քաղաքում


Դաս 17

Ավետարանի ուսմունքները Նավու քաղաքում

Նախաբան

Առաջին մի քանի տարիները, որ Սրբերն անցկացրեցին Նավուում՝ Իլինոյս, աչքի ընկան նկատելի խաղաղությամբ և բարգավաճմամբ։ Այդ ընթացքում Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություններ և ապա ուսուցանեց ու պարզաբանեց որոշ վարդապետություններ, որոնք եզակի են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Այն ներառում է տաճարների նպատակը, Երկնային Հորը նմանվելու մեր աստվածային ներուժը և Հավատո Հանգանակներում ուսուցանված որոշ վարդապետություններ։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մեծությունը, ինչպես նաև մեր իսկ աստվածային ներուժը։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • «Աստված՝ Երկնային Հայրը», գլուխ 2, Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 39–48։

  • “Doctrinal Developments in Nauvoo,” chapter 20 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 251–62.

  • “Becoming Like God,” Gospel Topics, lds.org/topics.

Ուսուցման առաջարկներ

Հավատո Հանգանակներ

Ավետարանի վարդապետությունների կարևոր հայտարարություններ

Բացատրեք, որ Նավուում՝ Իլինոյս, Ջոզեֆ Սմիթը նամակ գրեց Ջոն Վենտվորֆին՝ Chicago Democrat կոչվող թերթի խմբագրին, ով տեղեկություններ էր խնդրել մորմոնների մասին։ Նամակում Մարգարեն նկարագրել էր Վերջին Օրերի Սրբերի պատմությունը՝ վարդապետական համոզմունքների հակիրճ ցանկի հետ միասին, որը հետագայում հայտնի դարձավ որպես Հավատո Հանգանակ։ (Նամակն ամբողջությամբ տրված է Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ գրքում, [2007], 463–75:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

«[Հավատո Հանգանակները] Եկեղեցու վարդապետության առավել կարևոր և, անկասկած, առավել հակիրճ հայտարարությունների թվում են։ Եթե դուք օգտագործեք դրանք որպես ուղեցույց՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսումնասիրելիս, դուք կտեսնեք, որ պատրաստված եք հայտարարելու աշխարհին ձեր վկայությունը վերականգնված ճշմարտության մասին։ Դուք ի վիճակի կլինեք պարզ, հասկանալի և խորաթափանց եղանակով հռչակել ձեր հիմնական հավատամքները, որոնք թանկ են ձեզ՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու անդամի համար» («Հավատո հանգանակներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2013, 48):

  • Ինչպե՞ս դուք կամփոփեք այն, ինչ ուսուցանեց Երեց Փերին։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց հակիրճ պատասխաններով, օգնեք նրանց հասկանալ այս ճշմարտությունը․ Երբ մենք սովորենք Հավատո Հանգանակներում ուսուցանվող վարդապետությունները, մենք ավելի լավ պատրաստված կլինենք հայտարարելու մեր համոզմունքներն ուրիշներին։)

  • Դուք ե՞րբ եք օգտագործել Հավատո Հանգանակները, որպեսզի օգնեք ուրիշներին հասկանալու ավետարանը։

Հրավիրեք դասարանին բացել Հավատո Հանգանակները և մտքում կարդալ դրանք։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ո՞ր հավատո հանգանակն եք դուք հատկապես գնահատում և ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս են Հավատո Հանգանակի վարդապետություններն օգնում առաջնորդել ձեզ և ամրացնել ձեր վկայությունը, որ Ջոզեֆ Սմիթը եղել է Աստծո մարգարեն։

Վարդապետություն և Ուխտեր 124․25–28, 37–42

Տաճարային արարողությունների վերականգնումը

Բացատրեք, որ երբ Սրբերը հաստատվեցին Նավու քաղաքում՝ Իլինոյս, Մարգարե Ջոզեֆ Սմիթը տաճար կառուցելու հրահանգ ստացավ։ Ինչպես Կիրթլանդում՝ Օհայո, կառուցված տաճարի դեպքում, այս հանձնարարությունը ևս Վերջին Օրերի Սրբերից պահանջում էր մեծ զոհաբերություններ։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124․25-28, 37-42: Դասարանին խնդրեք հետևել և գտնել Տիրոջ ուսմունքներն այն մասին, թե ինչու Սրբերն ունեին տաճարի կարիքը: Նախքան այս հատվածների վերլուծումը, բացատրեք, որ դրանք վերաբերում են Մովսեսի և նրա ժողովրդի կողմից կառուցված խորանին։ Մովսեսի ժողովուրդը մկրտություններ չէր կատարում մահացածների համար: Մահացածների համար աշխատանք չէր կատարվում, մինչև այն ժամանակը, երբ Փրկիչն Իր մահից հետո սովորեցրեց այդ աշխատանքի մասին հոգևոր աշխարհում։ Այնուհետև հարցրեք ուսանողներին.

  • Համաձայն այս հատվածներում տրված Տիրոջ ուսմունքների՝ ինչո՞ւ Նավուի Սրբերն ունեին տաճարի կարիքը։ (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք այս վարդապետությունը․ Որոշ փրկարար արարողություններ ընդունելի են Տիրոջ համար միայն այն դեպքում, երբ դրանք կատարվում են տաճարներում։)

Բացատրեք ուսանողներին, որ Կիրթլենդի Տաճարը «հիմնականում կառուցվեց իշխանության բանալիները վերականգնելու համար» (Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:242): Նավուի Տաճարում քահանայության այս բանալիներն օգտագործվեցին ողջերի համար փրկարար արարողություններ և մահացածների համար փոխարինող մկրտություններ կատարելու համար։ Իր կյանքի վերջին երկու տարիների ընթացքում Ջոզեֆ Սմիթը հավատարիմ անդամների մի փոքր խմբի ներկայացրեց տաճարային օժտումը։ Նա նաև ներկայացրեց ամուսնուն և կնոջը հավերժորեն միասին կնքելու արարողությունը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ մեջբերումը. Դասարանին հրավիրեք ուշադիր լսել, թե ինչու են տաճարային արարողությունները կարևոր Երկնային Հոր ծրագրում․

«Ի պատասխան [Նավու քաղաքում տաճար կառուցելու] Տիրոջ հրամանի, Մարգարեն և Սրբերն առաջ շարժվեցին որքան հնարավոր էր արագ` Տիրոջ տան կառուցումը սկսելու համար: Բայց Մարգարեն հասկացավ, որ կառուցումը կխլեր տարիներ, և նա գիտեր, որ Սրբերին անհրաժեշտ էին տաճարային լրիվ օրհնությունները: Հետևաբար 1842 թվականի մայիսի 4-ին, չնայած տաճարն ավարտված չէր, Ջոզեֆ Սմիթը սպասավորեց օժտումը հավատարիմ եղբայրների մի փոքրիկ խմբի համար:

Խումբը հանդիպեց Մարգարեի կարմիր աղյուսից կառուցված վաճառատան վերևի մեծ սենյակում։ …

Մարգարեի պատմությունն արձանագրում է. «Ես անցկացրի օրը վաճառատան վերևի մասում.… խորհրդակցելով գեներալ Ջեյմս Ադամսի հետ` Սփրինգֆիլդսից, հայրապետ Հայրում Սմիթի, եպիսկոպոսներ Նյուել Ք. Ուիթնիի և Ջորջ Միլլերի ու նախագահ Բրիգամ Յանգի ու երեցներ Հեբեր Չ. Քիմբալի և Վիլլարդ Ռիչարդսի հետ՝ հրահանգելով նրանց սկզբունքներում և Քահանայության կարգում՝ նրանց ուշադրությունը հրավիրելով լվացումների, օծումների, օժտումների և Ահարոնյան Քահանայության բանալիների, Մելքիսեդեկյան Քահանյության բարձրագույն կարգի հաղորդման վրա, ներկայացնելով կարգը` կապված Հինավուրցի հետ և այն բոլոր ծրագրերն ու սկզբունքները, որոնց միջոցով որևէ մեկին հնարավորություն է տրվում ապահովել այդ օրհնությունների լրիվությունը, որոնք նախապատրաստվել են Անդրանիկի եկեղեցու համար և գալու ու բնակվելու են էլոհիմի ներկայության մեջ հավերժական աշխարհներում» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ,439-41

Հարցրեք ուսանողներին.

  • Ինչո՞ւ էր անհրաժեշտ տաճարային արարողությունների վերականգնումը։

Երբ ուսանողները պատասխանեն, նրանց գիտելիքները խորացնելու համար կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի հետևյալ խոսքերով.

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Տաճարի հիմնական նպատակն է ծեսեր կատարելը, որոնք անհրաժեշտ են սելեստիալ արքայությունում մեր վեհացման համար: Տաճարի ծեսերը տանում են մեզ դեպի մեր Փրկիչը և տալիս են մեզ այն օրհնությունները, որոնք տրվում են մեզ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով» (“Blessings of the Temple,” Ensign, Oct. 2009, 48)։

  • Ինչպե՞ս է ձեր կյանքն օրհնվել տաճարային արարողությունների վերականգնման միջոցով:

Հրավիրեք ուսանողներին հաջորդ շաբաթվա ընթացքում խորհել, թե ինչպես կարող են Տիրոջ տանը երկրպագելը դարձնել իրենց կյանքի կարևոր առաջնահերթությունը։

Սաղմոս ՁԲ․6, Մատթեոս Ե․48, Հովհաննես Ժ․32–34, Հռովմայեցիս Ը․16–17, Բ Պետրոս Ա․3–4, Ա Հովհաննես Գ․2–3, Վարդապետություն և Ուխտեր 93․11-20, 132․20

Մեր աստվածային ներուժը

Բացատրեք, որ Աստվածաշնչում տրված են հնադարյան մարգարեների խոսքերը, ովքեր գրել են մեր աստվածային ներուժի մասին։ Սուրբ գրությունների հետևյալ հղումները գրեք գրատախտակին և հրավիրեք ուսանողներին կարդալ դրանցից մի քանիսը և ուշադրություն դարձնել, թե ինչ են դրանք ուսուցանում մեր հավերժական ներուժի մասին․ Սաղմոս ՁԲ․6, Մատթեոս Ե․48, Հովհաննես Ժ․32–34, Հռովմայեցիս Ը․16–17, Բ Պետրոս Ա․3–4, Ա Հովհաննես Գ․2–3։ Դուք կարող եք խրախուսել ուսանողներին` զուգահեռներ անցկացնել այս հղումների միջև, մինչ նրանք ուսումնասիրում են դրանք:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել այս սուրբ գրություններից մեր ներուժի մասին: (Տարբեր բառեր օգտագործելու հետ մեկտեղ ուսանողները պետք է հասկանան հետևյալ վարդապետությունը․ Որպես մեր Երկնային Հոր զավակներ` մենք ունենք Նրա նման դառնալու ներուժ:)

  • Այս հատվածների ո՞ր արտահայտություններն են նկարագրում մեր աստվածային ներուժը։

Բացատրեք, որ մեր աստվածային ներուժի մասին նաև ուսուցանվում է ժամանակակից սուրբ գրություններում։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93․11-13, 19-20 և Վարդապետություն և Ուխտեր 132․20 հատվածները: Օգնեք ուսանողներին հասկանալ այս վարդապետությունը․ Ինչպես Փրկիչը, մենք էլ կարող ենք զարգանալ շնորհից շնորհ, մինչև որ ստանանք Հոր լիությունից։

Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի ամենանշանակալից քարոզներից մեկը տրվել է 1844 թվականի ապրիլին` Եկեղեցու գերագույն համաժողովի ընթացքում։ Այս քարոզի ժամանակ Մարգարեն հարգանքի տուրք մատուցեց Եղբայր Քինգ Ֆոլեթի հանդեպ, ով վերջերս էր մահացել։ Այս ելույթը հայտնի դարձավ որպես Քինգ Ֆոլեթին նվիրված ճառ։ Բոլոր ուսանողներին տրամադրեք «Հատվածներ Քինգ Ֆոլեթին նվիրված ճառից» թերթիկի մեկական օրինակ։ Հրավիրեք նրանց կարդալ մեջբերումները և ընդգծել բառերը և արտահայտությունները, որոնք բացատրում են, թե ինչու մենք պետք է ձգտենք հասկանալ Աստծո բնույթը.

Նկար
թերթիկ, Քինգ Ֆոլեթին նվիրված ճառը

Հատվածներ Քինգ Ֆոլեթին նվիրված ճառից

Վերականգնման հիմքերը. Դաս 17

Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Եթե մարդ չի սովորում ավելին, քան ուտելը, խմելը և քնելը և չի ըմբռնում Աստծո նպատակները, ապա գազանից չի տարբերվում: Նա նույնպես ուտում է, խմում, քնում և ոչինչ չգիտի Աստծո մասին. ուրեմն այն մեր չափ գիտելիք ունի, եթե մենք ըմբռնում ձեռք չբերենք Ամենազոր Աստծո ոգեշնչմամբ: Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք: …

Իմ առաջին նպատակն է հասկանալ միակ իմաստուն և ճշմարիտ Աստծո բնութագիրը, և թե ինչպիսի էակ է Նա։ …

Աստված ժամանակին եղել է այնպիսին, ինչպիսին հիմա մենք ենք, և վեհացում ձեռք բերած մարդ է, և նստած է գահին այնտեղ՝ երկնքում: Սա է մեծ գաղտնիքը: Եթե վարագույրը պատռվեր այսօր, և փառահեղ Աստվածը, ով այս աշխարհը պահում է իր ուղեծրում, և ով իր զորությամբ պահում է բոլոր աշխարհները և բոլոր բաները, Ւրեն տեսանելի դարձներ, ասում եմ ձեզ, եթե դուք տեսնեիք նրան այսօր, դուք կտեսնեիք նրան մարդու տեսքով, ինչպես որ դուք եք` ձեր ողջ անձով, պատկերով և տեսքով՝ որպես մարդ. քանի որ Ադամը ստեղծվեց Աստծո անմիջական տեսքով, պատկերով և նմանությամբ, և հրահանգներ ստացավ և քայլեց և խոսեց ու զրուցեց Նրա հետ, ինչպես մի մարդ հաղորդակցվում է մեկ ուրիշի հետ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 43):

«Սրանում է, ուրեմն, հավերժական կյանքը՝ ճանաչել միակ իմաստուն և ճշմարիտ Աստծուն, և դուք պետք է սովորեք, թե ինչպես ինքներդ աստվածներ դառնաք, և թագավորներ ու քահանաներ Աստծո համար.… գնալով մի փոքր աստիճանից մյուսը և մի փոքր կարողությունից դեպի ավելի բարձրը, շնորհից շնորհ՝ վեհացումից վեհացում, մինչև որ հասնեք մեռելների հարությանը և կարողանաք բնակվել հավիտենական բոցերում և նստեք փառքի մեջ, ինչպես նրանք, ովքեր նստած են գահերի վրա հավիտենական զորությամբ» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 235):

Օգնեք ուսանողներին վերլուծել այս ուսմունքները՝ հարցնելով.

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք սովորենք Աստծո բնության և էության մասին և Նրա հետ մեր հարաբերությունների մասին՝ որպես մեր Երկնային Հայր:

  • Ո՞րն է մեր Երկնային Հորը նմանվելու գործընթացը։

Իրենց աստվածային ներուժի վերաբերյալ ուսանողների հասկացողությունը խորացնելու համար ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910–2008) հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Ավետարանի ողջ նպատակն է առաջնորդել մեզ դեպի ավելի մեծ ձեռքբերումներ, նույնիսկ, ի վերջո, մինչև աստվածություն։ Այս մեծ հնարավորության մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է Քինգ Ֆոլեթին նվիրված քարոզի ժամանակ [տես History of the Church, 6:302–17] և այն շեշտվել է Նախագահ Լորենզո Սնոուի կողմից։ Ահա այդ մեծ և անզուգական հասկացությունը․ Ինչպիսին Աստվածն է այժմ, մարդն էլ կարող է դառնալ։ [Տես The Teachings of Lorenzo Snow, comp. Clyde J. Williams (1984), 1։]

«Մեր թշնամիները քննադատում են մեզ այս գաղափարին հավատալու համար։ Մեր պատասխանը կայանում է նրանում, որ այս վեհ գաղափարը ոչ մի կերպ չի նվաստացնում Աստծուն՝ Հավերժական Հորը։ Նա Ամենազորն է: Նա Արարիչն է և ողջ տիեզերքի Կառավարիչը։ Նա մեծագույնն է և միշտ էլ կլինի այդպիսին: Բայց ճիշտ, ինչպես ցանկացած երկրային հայր ցանկանում է իր որդիներին ու դուստրերին ամենայն հաջողություններ կյանքում, ուստի, ես հավատում եմ, որ մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ իր զավակները հասնեն իր փառքին և կանգնեն իր կողքին՝ փառավորված աստվածային ուժով ու իմաստությամբ» (“Don’t Drop the Ball,” Ensign, Nov. 1994, 48)։

Ամփոփելու համար ուսանողներին տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կարող է փոխվել մեր կյանքում, երբ իմանանք այս կարևոր ճշմարտությունները Երկնային Հոր և մեր աստվածային ներուժի մասին։

  • Երբ դուք խորհում եք մեր այսօրվա քննարկումների շուրջ (Հավատո Հանգանակը, տաճարային արարողությունները և մեր աստվածային ներուժը), ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունների ըմբռնումն օգնել ձեզ` գնահատել Մարգարե Ջոզեֆ Սմիթին։ Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունների ըմբռնումն օգնել ձեզ` հասկանալ Աստծո բնույթը և որպես ձեր Երկնային Հայր՝ Նրա հետ ձեր հարաբերությունները։ (Ժամանակ տվեք ուսանողներին իրենց տպավորությունները գրի առնելու համար:)

Հրավիրեք ուսանողներին վկայել կամ կիսվել իրենց գրի առած մի քանի տպավորություններով, եթե դրանք խիստ անձնական չեն։ Վերջում կիսվեք այս դասին ուսուցանված վարդապետությունների և որպես զորեղ հայտնող Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ ձեր վկայությամբ:

Ուսանողի ընթերցարան