Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Ուսուցանեք վարդապետությունը


«Ուսուցանեք վարդապետությունը», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

«Ուսուցանեք վարդապետությունը», Ուսուցանել Փրկչի ձևով

Նկար
Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր տաճարում, երբ Նա 12 տարեկան էր

Քրիստոսը տաճարում, Հայնրիխ Հոֆման

Ուսուցանեք վարդապետությունը

Թեև Հիսուսն իր ողջ կյանքի ընթացքում աճեց իմաստությամբ և գիտելիքով, Նա պաշտոնապես կրթություն չէր ստացել՝ ինչպես իր օրերի մյուս կրոնական առաջնորդները: Եվ այնուամենայնիվ, երբ Նա ուսուցանում էր, մարդիկ զարմանում էին և ասում. «Սա ի՞նչպէս գիտէ գիրքերը առանց սովորած լինելու»: Ինչո՞ւ էին Նրա ուսմունքներն այդքան զորավոր: Փրկիչը բացատրել է. «Իմ վարդապետությունն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է» (Հովհաննես 7․15–16)։ Վարդապետությունը հավերժական ճշմարտություն է, որը գտնվում է սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում․ այն մեզ ցույց է տալիս մեր Երկնային Հորը նմանվելու և Նրա մոտ վերադառնալու ճանապարհը: Անկախ նրանից, թե որքան փորձառու եք որպես ուսուցիչ, դուք կարող եք զորությամբ ուսուցանել, ինչպես Փրկիչն արեց՝ ուսուցանելով Հոր վարդապետությունը: Դուք և նրանք, ում ուսուցանում եք, կզարմանաք Աստծո ուղարկած օրհնություններից, երբ ձեր ուսուցումն ու ուսումնառությունը հիմնված լինեն Նրա խոսքի վրա:

Ինչպես ուսուցանել վարդապետությունը

  • Սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը ինքներդ ձեզ համար:

  • Ուսուցանեք սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից:

  • Օգնեք սովորողներին փնտրել, ճանաչել և հասկանալ սուրբ գրությունների ճշմարտությունները:

  • Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս:

  • Օգնեք սովորողներին անձնական համապատասխանություն գտնել Հիսուս Քրիստոսի վարդապետության մեջ:

Փրկիչը սովորեց վարդապետությունը

Պարզ է, որ Փրկիչն իր պատանեկության տարիներին սովորել է սուրբ գրություններից, երբ նա զարգացել է «իմաստութիւնով եւ ․․․ շնորհքով՝ Աստուծոյ ․․․ մօտ» (Ղուկաս 2.52): Հոր վարդապետության Նրա խորը ըմբռնումը բացահայտվեց, երբ Նրա ծնողները փոքր տարիքում գտան Նրան տաճարում՝ հրեա ուսուցիչներին ուսուցանելիս և նրանց հարցերին պատասխանելիս (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ղուկաս 2.46 [Ղուկաս 2.46, ծանոթագրություն գ]): Ավելի ուշ, երբ սատանան անապատում սաստիկ գայթակղեց նրան, սուրբ գրությունների վարդապետության մասին Հիսուսի գիտելիքը օգնեց Նրան դիմակայել գայթակղությանը (տես Ղուկաս 4.3–12):

Դուք նույնպես կարող եք ձգտել ավելի խորը սովորել ճշմարիտ վարդապետությունը՝ նախքան այն ուսուցանելը: Երբ պատրաստվում եք ուսուցանել և սովորել ուրիշների հետ, ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչ է ասել այն ճշմարտությունների մասին, որոնք դուք ուսուցանում եք: Ուսումնասիրեք սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը՝ մեկնաբանություն և խորհուրդ ստանալու համար։ Ապրելով ձեր ուսումնասիրած ճշմարտություններով ու կիրառելով դրանք՝ դուք կհրավիրեք Հոգուն խորապես ուսուցանել ձեզ վարդապետությունը և հաստատել վարդապետության ճշմարտացիությունը նրանց սրտերում, ում ուսուցանում եք:

Խորհելու հարցեր. Ինչո՞ւ է կարևոր, որ ինքներդ ձեզ համար հասկանաք ավետարանի ճշմարտությունները: Ինչպե՞ս եք դուք ավելի խորը հասկացողություն ձեռք բերել ավետարանի ճշմարտությունների մասին: Ի՞նչ ոգեշնչում եք ստանում՝ սուրբ գրությունների և ապրող մարգարեների խոսքերի ձեր ուսումնասիրությունը բարելավելու համար:

Սուրբ գրություններից․ Առակաց 7․1–3, 2 Նեփի 4․15–16, Վարդապետություն և Ուխտեր 11․21, 88․118

Փրկիչը ուսուցանեց սուրբ գրություններից

Փրկչի մահից հետո Նրա աշակերտներից երկուսը քայլում և խոսում էին՝ տխրելով ու զարմանալով իրենց սրտերում: Ինչպե՞ս կարող էին նրանք իմաստավորել այն, ինչ հենց նոր տեղի ունեցավ: Հիսուս Նազովրեցին, այն մարդը, ում վստահում էին, որ կլինի իրենց Քավիչը, արդեն երեք օր էր, ինչ մահացած էր: Եվ հետո եղան լուրեր, որ Նրա գերեզմանը դատարկ է, իսկ հրեշտակները հայտարարեցին, որ Նա կենդանի է: Աշակերտների հավատքի այս կարևոր փուլում մի անծանոթ միացավ նրանց ճամփորդությանը: Նա մխիթարեց նրանց՝ «մեկն[ելով] նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր [Փրկչի] մասին»։ Ի վերջո, ճամփորդները հասկացան, որ իրենց ուսուցիչը Ինքը՝ Հիսուս Քրիստոսն էր, և որ Նա իսկապես հարություն էր առել: Նրանք ինչպե՞ս ճանաչեցին Նրան: Ավելի ուշ նրանք ասացին. «Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար» (Ղուկաս 24․27, 32

Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնն ուսուցանել է․ «Բոլոր սուրբ գրությունների առանցքային նպատակն է լցնել մեր հոգիները հավատքով առ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը» («Սուրբ գրությունների օրհնությունը», Լիահոնա, մայիս 2010, 34)։ Իր ողջ ծառայության ընթացքում Հիսուսն օգտագործում էր սուրբ գրությունները՝ ուրիշներին ուսուցանելու, ուղղելու և ոգեշնչելու համար: Համոզվեք, որ ձեր ուսուցումը չի շեղվում սուրբ գրություններից և մարգարեների խոսքերից: Երբ ձեր ուսուցման մեջ հավատարմորեն ապավինեք Աստծո խոսքին, դուք կկարողանաք ուրիշների համար անել այն, ինչ Փրկիչն արեց: Դուք կօգնեք նրանց ճանաչել Փրկչին, քանի որ մենք բոլորս կարիք ունենք, որ մեր հավատքը Նրա հանդեպ կանոնավորապես ամրապնդվի: Սուրբ գրությունների հանդեպ ձեր սերը կզգան նրանք, ում ուսուցանում եք, և ձեր ուսմունքը կհրավիրի Հոգուն, որպեսզի նրանց սրտերն այրվեն Հոր և Որդու մասին վկայությամբ:

Խորհելու հարցեր․ Ի՞նչ ազդեցություն է թողել որևէ ուսուցիչ, որը, օգտագործելով սուրբ գրությունները, օգնել է ձեզ ավելի լավ ճանաչել Փրկչին: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ուսուցանելիս ավելի շատ ապավինեք սուրբ գրություններին և մարգարեների խոսքերին: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, ճանաչել և սիրել Աստծո խոսքը:

Սուրբ գրություններից․ Ղուկաս 4․14–21, Ալմա 31․5, Հելաման 3․29–30, 3 Նեփի 23

Փրկիչն օգնեց մարդկանց փնտրել, ճանաչել և հասկանալ ճշմարտությունը

Մի անգամ մի օրինագետ Հիսուսին հարցրեց. «Վարդապետ, ի՞նչ գործեմ որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: Ի պատասխան՝ Փրկիչը հարց տվողին ուղղորդեց դեպի սուրբ գրությունները. «Օրենքումն ի՞նչ է գրուած, ի՞նչպես ես կարդում»: Դրա արդյունքում այդ մարդը ոչ միայն պատասխանեց՝ «Սիրիր քո Տէր Աստուծուն ․․․ Եւ քո ընկերին», այլ նաև տվեց ստուգիչ հարցը․ «Եւ իմ ընկերն ո՞վ է»: Փրկիչը պատասխանեց այս հարցին երեք մարդկանց մասին առակով, որոնք տեսան կարիքի մեջ գտնվող ճամփորդող մի ընկերոջ: Երեքից միայն մեկը՝ սամարացին, որին հրեաներն ատում էին հենց այն պատճառով, թե որտեղից էր նա, կանգ առավ օգնելու։ Այնուհետև Հիսուսը հրավիրեց այդ օրինագետին պատասխանել իր հարցին. «Հիմա այն երեքից ո՞րն է երեւում քեզ՝ թէ ընկեր է եղել այն աւազակների ձեռք ընկած մարդին» (տես Ղուկաս 10․25–37

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը ուսուցանել նման ձևով՝ հարցերին պատասխանելով փնտրելու, խորհելու և բացահայտելու հրավերներով: Պատասխանի մի մասն այն է, որ Տերը գնահատում է ճշմարտությունը փնտրելու ջանքերը: «Որոնեցէք եւ կգտնէք», Նա կրկին ու կրկին հրավիրել է (տես, օրինակ՝ Մատթեոս 7․7, Ղուկաս 11․9, Վարդապետություն և Ուխտեր 4․7)։ Նա հատուցում է որոնողին՝ հավատքի և համբերության համար:

Փրկչի նման, դուք կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, ճանաչել և հասկանալ ճշմարտությունը: Օրինակ՝ սուրբ գրությունները լի են ավետարանի ճշմարտություններով, բայց երբեմն դրանք գտնելու համար գիտակցված ջանք է պահանջվում: Երբ դուք միասին սովորում եք սուրբ գրություններից, կանգ առեք և հարցրեք նրանց, ում ուսուցանում եք, թե ավետարանի ո՞ր ճշմարտություններն են նրանք նկատում: Օգնեք նրանց տեսնել, թե ինչպես են այս ճշմարտությունները առնչվում Երկնային Հոր փրկության ծրագրին: Երբեմն հավերժական ճշմարտությունները նշված են սուրբ գրություններում, իսկ երբեմն՝ դրանք լուսաբանված են այն մարդկանց պատմություններում և կյանքում, որոնց մասին մենք կարդում ենք: Կարող է նաև օգտակար լինել միասին ուսումնասիրել ձեր կարդացած հատվածների պատմական նախադրյալները, ինչպես նաև հատվածների նշանակությունը և այն, թե որքանով են դրանք կիրառելի այսօր մեզ համար:

Խորհելու հարցեր․ Ինչպե՞ս եք դուք բացահայտում հավերժական ճշմարտությունները սուրբ գրություններում կամ մարգարեների խոսքերում: Ինչպե՞ս են այդ ճշմարտությունները օրհնում ձեր կյանքը: Ի՞նչ եղանակներով կարող եք օգնել սովորողներին ճանաչել և հասկանալ այն ճշմարտությունները, որոնք իմաստալի կլինեն նրանց համար և կմոտեցնեն Աստծուն:

Սուրբ գրություններից․ Հովհաննես 5․39, 1 Նեփի 15․14, Վարդապետություն և Ուխտեր 42․12

Նկար
ուսանողները պարապում են

Մենք կարող ենք օգնել նրանց, ում ուսուցանում ենք, ինքնուրույն գտնել և ճանաչել ճշմարտությունը:

Փրկիչն ուսուցանեց ճշմարտություններ, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք

Մի հանգստյան օր Փրկիչը և Իր աշակերտները քաղցած էին և արտերի միջով անցնելիս սկսեցին ուտել հացահատիկը: Փարիսեցիները, միշտ ցանկանալով ընդգծել Մովսեսի օրենքի նուրբ կետերը, մատնանշեցին, որ հացահատիկ հավաքելը աշխատելու մի ձև էր, որն արգելված էր հանգստյան օրը (տես Մարկոս 2.23–24): Մորմոնի Գրքի Հակոբ մարգարեի արտահայտությունն օգտագործելով ասենք, որ փարիսեցիները «նշանակետից այն կողմ նայեցին» (Հակոբ 4.14): Այլ կերպ ասած, նրանք այնքան կենտրոնացած էին պատվիրանների ավանդական մեկնաբանությունների վրա, որ բաց թողեցին այդ պատվիրանների աստվածային նպատակը, որն է՝ մեզ ավելի մոտեցնել Աստծուն: Իրականում, փարիսեցիները նույնիսկ չհասկացան, որ Մեկը, ով պատվիրել էր պատվել հանգստության օրը, կանգնած էր իրենց առջև:

Փրկիչն օգտվեց այդ հնարավորությունից՝ վկայելով Իր աստվածային ինքնության մասին և ուսուցանելով, թե ինչու է հանգստության օրը կարևոր: Այն ստեղծվել է մեզ համար որպես Շաբաթի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին երկրպագելու օր (տես Մարկոս 2.27–28): Նման ճշմարտություններն օգնում են մեզ հասկանալ, որ Աստծո պատվիրաններն ավելին են ենթադրում, քան պարզապես մեր արտաքին վարքագիծն ի ցույց դնելը: Դրանք մեր սրտերը փոխելու և լիովին դարձի գալու համար են։

Ուշադիր մտածեք այն վարդապետության և սկզբունքների մասին, որոնց վրա որոշել եք կենտրոնանալ: Թեև սուրբ գրություններում կան շատ ճշմարտություններ, որոնք կարելի է քննարկել, սակայն ավելի լավ է կենտրոնանալ ավետարանի ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս: Պարզ ու առանցքային ճշմարտությունները, որոնք Փրկիչը ուսուցանել է, և որոնց մասին օրինակ է բերել, մեծագույն զորությամբ կարող են փոխել մեր կյանքը. ճշմարտություններ Նրա Քավության, փրկության ծրագրի, Աստծուն և մեր մերձավորին սիրելու և այլ պատվիրանների մասին: Հրավիրեք Հոգուն վկայել այս ճշմարտությունների մասին՝ արմատավորելով դրանք նրանց սրտերի մեջ, ում ուսուցանում եք:

Խորհելու հարցեր․ Որո՞նք են ավետարանի մի քանի ճշմարտությունները, որոնք օգնել են ձեզ մեծապես դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը և ունենալ ավելի մեծ հավատք Նրա հանդեպ: Ինչպե՞ս է ուսուցիչը օգնել ձեզ կենտրոնանալ ավետարանի ամենակարևոր ճշմարտությունների վրա: Ի՞նչ կարող եք ուսուցանել, որը կօգնի ուրիշներին խորապես դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Սուրբ գրություններից․ 2 Նեփի 25․26, 3 Նեփի 11․34–41, Վարդապետություն և Ուխտեր 19․31–32, 68․25–28, 133․57, Մովսես 6․57–62

Փրկիչն օգնեց մարդկանց անձնական համապատասխանություն գտնել Իր վարդապետության մեջ

«Սա ընդունում է մեղաւորներին եւ նորանց հետ ուտում», - բողոքում էին փարիսեցիները Հիսուսից՝ ակնարկելով, որ դա պատշաճ վարքագիծ չէ հոգևոր ուսուցչի համար (Ղուկաս 15.2): Հիսուսը տեսավ, որ սա հնարավորություն էր՝ նրանց որոշ հիմնարար հոգևոր ճշմարտություններ սովորեցնելու համար։ Նա ինչպե՞ս կաներ դա: Նա ինչպե՞ս կօգներ փարիսեցիներին տեսնել, որ ոչ թե Իր, այլ նրանց սրտերն էին անմաքուր և բժշկման կարիք ունեին: Նա ինչպե՞ս կօգտագործեր Իր վարդապետությունը՝ ցույց տալով նրանց, որ իրենց մտածելակերպն ու վարքը պետք է փոխվեր:

Նա դա արեց՝ նրանց հետ խոսելով հոտից մոլորված ոչխարի և կորած մետաղադրամի մասին: Նա խոսեց ապստամբ որդու մասին, որը ներում էր խնդրում, և ավագ եղբոր մասին, որը հրաժարվեց ընդունել նրան կամ ուտել նրա հետ։ Այդ առակներից յուրաքանչյուրը պարունակում էր ճշմարտություններ, որոնք առնչվում էին ուրիշների հանդեպ փարիսեցիների վերաբերմունքին՝ ուսուցանելով նրանց, որ յուրաքանչյուր մարդ մեծ արժեք ունի (տես Ղուկաս 15): Իր առակներում Փրկիչը չի ասել փարիսեցիներին կամ մեզանից որևէ մեկին, թե ինքներս մեզ ում նմանեցնենք: Երբեմն՝ մենք անհանգիստ հայր ենք: Երբեմն՝ մենք նախանձող եղբայր ենք: Հաճախ մենք կորած ոչխարն ենք կամ՝ հիմար որդին: Բայց ինչպիսին էլ որ լինեն մեր հանգամանքները, Իր առակների միջոցով Փրկիչը մեզ հրավիրում է համապատասխանություն գտնել Իր ուսմունքներում՝ բացահայտելով, թե Ինքն ինչ է ցանկանում, որ մենք սովորենք, և մեզ ինչ կարող է անհրաժեշտ լինել մեր մտածելակերպն ու վարքագիծը փոխելու համար:

Գուցե նկատել եք, որ որոշ սովորողներ չեն հասկանում, թե ինչու են որոշ ճշմարտություններ կարևոր իրենց համար: Երբ դուք մտածեք նրանց կարիքների մասին, ում ուսուցանում եք, մտածեք, թե սուրբ գրությունների ճշմարտությունները ինչպես կարող են իմաստալի և օգտակար լինել նրանց հանգամանքներում: Եղանակներից մեկը, որով դուք կարող եք օգնել սովորողներին տեսնել իրենց հայտնաբերած ճշմարտությունների համապատասխանությունը, նմանատիպ հարցեր տալն է․ «Ինչպե՞ս դա կօգնի քեզ այն հարցում, որին առնչվում ես այս պահին»: «Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ դա»: «Այս գիտելիքն ինչպե՞ս է փոխում ձեր կյանքը»։ Լսեք նրանց, ում սովորեցնում եք: Թույլ տվեք նրանց հարցեր տալ: Խրախուսեք նրանց կապ գտնել Փրկչի ուսմունքների և իրենց կյանքի միջև: Կարող եք նաև կիսվել, թե ինչպես եք ձեր կյանքում կիրառել այն ուսմունքները, որոնք դուք ուսուցանում եք։ Դա կհրավիրի Հոգուն, որ սովորողներին ուսուցանի անհատապես, թե ինչպես կարող է վարդապետությունը փոխել իրենց կյանքը:

Խորհելու հարցեր. Ի՞նչն է ավետարանի ճշմարտությունները ձեզ համար իմաստալի և օգտակար դարձնում: Ի՞նչն է օգնում ձեզ գտնել անձնական համապատասխանություն, երբ ուսումնասիրում եք ավետարանը: Ի՞նչ եք անում, որպեսզի կենտրոնանաք ճշմարտությունների վրա, որոնք արդիական են նրանց համար, ում ուսուցանում եք:

Սուրբ գրություններից․ 1 Նեփի 19․23, 2 Նեփի 32․3, Վարդապետություն և Ուխտեր 43․7–9

Սովորածը կիրառելու եղանակներ

  • Գնահատեք, թե ինչ եք ուսուցանում, որպեսզի համոզվեք, որ դուք ուսուցանում եք ճշմարիտ վարդապետությունը։ Այս հարցերը կարող են օգնել.

    • Արդյո՞ք այն, ինչ ես ծրագրում եմ ուսուցանել, հիմնված է սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեների խոսքերի վրա:

    • Արդյո՞ք բազմաթիվ մարգարեներ են ուսուցանել դա: Ի՞նչ են ուսուցանում Եկեղեցու ներկայիս ղեկավարները դրա մասին:

    • Ինչպե՞ս դա կօգնի ուրիշներին կառուցել հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարել և առաջ ընթանալ ուխտի ուղով:

    • Արդյո՞ք դա համապատասխանում է Սուրբ Հոգու հուշումներին, թե՞ ես հոգևորապես անհանգիստ եմ դրա վերաբերյալ:

  • Ամեն օր ուսումնասիրեք Աստծո խոսքը՝ ինքներդ ձեզ համար ճշմարիտ վարդապետություն սովորելով:

  • Երբ ուսուցանում եք, խնդրեք սովորողներին կարդալ սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեների խոսքերը:

  • Ուսուցանեք սովորողներին, թե ինչպես օգտագործել ծանոթագրությունները, Սուրբ գրքերի ուղեցույցը և այլ աղբյուրներ, երբ նրանք ուսումնասիրում են սուրբ գրությունները:

  • Հրավիրեք սովորողներին ճշմարտություններ գտնել սուրբ գրության հատվածում կամ պատմության մեջ:

  • Վկայություն բերեք այն մասին, թե ինչպես եք իմացել, որ վարդապետությունը ճշմարիտ է:

  • Օգտագործեք պատմություններ կամ փոխաբերություններ, որպեսզի օգնեք սովորողներին ավելի խորը հասկանալ ավետարանի ճշմարտությունները: