Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 5. Հիսուս Քրիստոսի անսահման քավությունը


Դաս 5

Հիսուս Քրիստոսի անսահման քավությունը

Նախաբան

Հիսուս Քրիստոսի Քավությունը՝ ամենամեծ իրադարձությունը, որ երբևէ տեղի է ունեցել, հնարավոր է դարձնում, որ ողջ մարդկության մեղքերը ներվեն և նրանք ապրեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ողջ հավերժության մեջ։ Քավության միջոցով բոլորը հարություն կառնեն և կվերադառնան Աստծո ներկայության մեջ, որպեսզի դատվեն: Քանի որ Քավությունը պահանջում էր, որ Հիսուս Քրիստոսը բազմաթիվ տառապանքներ տաներ, Նա ունի կատարյալ կարեկցանք մեզանից յուրաքանչյուրի հանդեպ։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Մոսիա 3․5–11, Ալմա 34․8–12

Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր կատարել անսահման Քավություն

Ցուցադրեք և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի (1920–2007) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Ես ցանկանում եմ խոսել ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամեծ իրադարձության մասին։ Այդ եզակի իրադարձությունը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական Քավությունն է։ Դա ամենաանսահման գործողությունն է, որը երբևէ տեղի է ունեցել» (“The Atonement: Our Greatest Hope,” Ensign, Nov. 2001, 18).

Հրավիրեք երկու կամ երեք ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 34․8-12 հատվածները, մինչ դասարանը կընդգծի կարևոր բառերն ու արտահայտությունները, որոնք լուսաբանում են, թե ինչու է Քավությունը համարվում պատմության ամենամեծ իրադարձությունը։

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի Քավությունը ամենամեծ իրադարձությունը, որը երբևէ պետք է տեղի ունենար։ (Շեշտեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման է և հավերժական՝ դարձնելով փրկությունը հնարավոր ողջ մարդկության համար։)

Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերով կիսվելու մասին.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Ադամին, Եվային և նրանց բոլոր ժառանգներին փրկագնելու համար պահանջվում էր անսահման զոհաբերություն։ … Համաձայն հավերժական օրենքի այդ քավությունը պահանջում էր անձնական զոհաբերություն անմահ էակի կողմից, ով ենթակա չէր մահվան: Սակայն Նա պետք է մահանար և կրկին հետ վերցներ Իր սեփական մարմինը: Փրկիչը միակն էր, որ կարող էր իրագործել սա: Իր մորից Նա ժառանգել էր մահանալու զորությունը: Իր Հորից Նա ժառանգել էր զորություն մահվան վրա» (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 34)։

  • Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը միակը, ով կարող էր փրկագնել ողջ մարդկությանը։ (Նա անմահ արարած էր, ով ենթակա չէր մահվան։)

  • Ի՞նչ առումներով է Հիսուս Քրիստոսի Քավությունը անսահման և հավերժական։

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, ցուցադրեք Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

«[Հիսուս Քրիստոսի] Քավությունն անսահման է` առանց վերջի: Այն նաև անսահման էր, որպեսզի ամբողջ մարդկությունը կարողանար փրկվել երբեք չվերջացող մահից: Այն անսահման էր Նրա վիթխարի տառապանքների առումով: … Այն անսահման էր իր մասշտաբով, այն կատարվում էր մեկ անգամ` բոլորի համար: Եվ Քավության ողորմությունը տարածվում է ոչ միայն անսահման քանակությամբ մարդկանց վրա, այլ նաև Նրա կողմից ստեղծված անսահման քանակությամբ աշխարհների վրա: Այն անսահման էր մարդկային ցանկացած չափորոշիչից կամ մահկանացու ըմբռնումից վեր» (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 35):

Բացատրեք, որ իր թագավորության վերջում Բենիամին թագավորն ուսուցանեց իր ժողովրդին, որ հրեշտակը հայտնել էր իրեն «մեծ ուրախության ավետիքը», որի շնորհիվ մարդիկ կկարողանային «լցվել ուրախությամբ» (Մոսիա 3․2–4)։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 3․5-11 հատվածները, մինչ դասարանը կհետևի, որոնելով Բենիամին թագավորի նկարագրած «ավետիքը»։

  • Ձեր կարծիքով, այս հատվածների որ ուղերձները կարող էին Բենիամին թագավորի ժողովրդին լցնել ուրախությամբ։ (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք, որ Հիսուս Քրիստոսը փրկությունը հնարավոր է դարձնում։)

  • Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են նկարագրում գինը, որը Հիսուս Քրիստոսը վճարեց մեր փրկության համար։

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեյմս Ի․ Թալմիջի (1862–1933) հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեյմս Ի. Թալմիջ

«Քրիստոսի չարչարանքը պարտեզում անիմանալի է սահմանափակ մտքի համար` դրա թե ուժգնությունը և թե նպատակը: … Նա տառապեց և հառաչեց այնպիսի մի բեռի տակ, որը ոչ մի այլ արարած, ով ապրել է երկրի վրա, չէր կարող երբևէ հնարավոր համարել: Դա զուտ ֆիզիկական ցավ կամ մտավոր տառապանք չէր, որը ստիպեց Նրան տանել նման տանջանք, որի հետևանքով արյուն հոսեց յուրաքանչյուր ծակոտիից, այլ հոգու այնպիսի հոգևոր տառապանք, որը միայն Աստված կարող էր տանել: Ոչ մի ուրիշ մարդ, որքան էլ մեծ լիներ նրա ֆիզիկական ուժը կամ հոգու տոկունությունը, չէր կարողանա տանել այդ տառապանքը» (Jesus the Christ, 3rd ed. [1916], 613)։

  • Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ խորհում եք մեզ համար Հիսուս Քրիստոսի տարած մեծ տառապանքի մասին։

2 Նեփի 9․6–12, 20–22

Հիսուս Քրիստոսը հաղթահարեց թե ֆիզիկական, թե հոգևոր մահը

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե չլիներ Քավությունը։ Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ իրավիճակում կլիներ մարդկությունը, եթե չլիներ Քավությունը, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 2 Նեփի 9․6–9 հատվածները։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպիսին կլիներ մեր ճակատագիրը առանց Քավության։

  • Համաձայն Հակոբ մարգարեի խոսքերի, ի՞նչ կպատահեր մեր մարմինների հետ, եթե չլիներ Քավությունը: Ի՞նչ կպատահեր մեր հոգիների հետ:

Հիշեցրեք ուսանողներին, որ ավետարանի գլխավոր ուղերձն այն է, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք ստիպված չենք լինի արժանանալու այդ սարսափելի ճակատագրին։

Հրավիրեք երկու ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 9․10-12, 20-22 հատվածները, մինչ դասարանը կհետևի, որոնելով միջոցները, որոնք ազատում են մեզ հոգևոր և ֆիզիկական մահից։

  • Ի՞նչ միջոցներ էին պատրաստված հոգևոր և ֆիզիկական մահից մեզ փրկելու համար: (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ վարդապետությունը. Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը հաղթահարեց ֆիզիկական և հոգևոր մահվան ազդեցությունները։)

  • Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները Հարության օրհնությունների մասին: (Մեր ֆիզիկական մարմինները և մեր հոգիները հավերժորեն կվերամիավորվեն։ Մենք ետ կբերվենք Աստծո ներկայության մեջ, որպեսզի դատվենք:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Իր Քավության և Հարության միջոցով Հիսուս Քրիստոսը հաղթահարեց Անկման բոլոր գործոնները։ Ֆիզիկական մահը կլինի ժամանակավոր, և նույնիսկ հոգևոր մահը կունենա ավարտ, քանի որ մենք բոլորս ետ կբերվենք Աստծո ներկայության մեջ, առնվազն ժամանակավորապես, որպեսզի դատվենք» («Հիսուս Քրիստոսի Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 112)։

  • Ե՞րբ եք դուք զգացել երախտագիտություն, որ Հիսուս Քրիստոսը հաղթել է ֆիզիկական և հոգևոր մահը:

Մոսիա 3․11, 16, 15․7–9, Ալմա 7․11–13, Մորոնի 8․8–12, Վարդապետություն և Ուխտեր 137․7–9

Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը փրկագնում է առաջարկում ողջ մարդկությանը

Հիշեցրեք ուսանողներին, որ Անկման պատճառով առաջ եկած ֆիզիկական և հոգևոր մահից բոլոր մարդկանց ազատելուց բացի Հիսուս Քրիստոսը կարող է ազատել մեզ հոգևոր մահից, որն առաջ է գալիս մեր սեփական մեղքերի պատճառով: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Մոսիա 15․7-9 հատվածները, մինչ դասարանը կփնտրի, թե ինչպես է Քրիստոսը հնարավոր դարձնում, որ մենք փրկագնվենք մեր մեղքերից։

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպես է Քրիստոսը հնարավոր դարձնում, որ մենք փրկագնվենք մեր մեղքերից։ (Շեշտեք հետևյալ վարդապետությունը. Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը քանդեց մահվան կապանքները և Իր վրա վերցրեց մեր անօրինությունները՝ բավարարելով արդարադատության պահանջները և զորություն ձեռք բերելով բարեխոսելու մեզ համար։)

  • Ի՞նչ է նշանակում բարեխոսել բառը: (Բարեխոսելը երկու կողմերի միջև միջամտության գործողությունն է՝ օգնելու նրանց հարթել տարաձայնությունները։ Այս դեպքում Հիսուսը բարեխոս էր հանդիսանում մեր և Աստծո միջև, որպեսզի վերականգներ ընդհատված հարաբերությունները, որոնց պատճառ էին հանդիսացել մեր մեղքերը։)

Բացատրեք, որ Մորմոնի Գիրքն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը փրկում փոքր երեխաներին և մարդկանց, ովքեր մահացել են առանց ավետարանը ստանալու կամ մկրտվելու։

Թող դասարանի մի մասը մտքում կարդա Մոսիա 3․16 հատվածը և հղում կատարի Մորոնի 8․8-12-ին։ Թող դասարանի մյուս մասը մտքում կարդա Մոսիա 3․11 հատվածը և հղում կատարի Վարդապետություն և Ուխտեր 137․7-9-ին։

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում երեխաների փրկության մասին, ովքեր մահանում են նախքան մկրտվելը։

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում նրանց փրկության մասին, ովքեր «մահացել են՝ չիմանալով Աստծո կամքը» (Մոսիա 3.11):

Ասացեք ուսանողներին, որ Քավության միջոցով Փրկիչը ձեռք բերեց կատարյալ կարեկցանք՝ հասկանալու մեզ և օգնելու մեզ մահկանացու կյանքի դժվարությունների միջով անցնելիս։ Ուսանողներին խնդրեք ուսումնասիրել Ալմա 7․11–13 հատվածները, փնտրելով այն բառերը, որոնք նկարագրում են մահկանացու կյանքի դժվարությունները, որոնց միջով անցավ Հիսուս Քրիստոսը որպես Քավության մի մաս: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, գրատախտակին գրեք հետևյալ բառերը. ցավեր, չարչարանքներ, գայթակղություններ, հիվանդություններ, մահ, թուլություններ (թույլ կողմեր կամ անկարողություն) և մեղքեր։ Շեշտեք «ամեն տեսակի» արտահայտությունը Ալմա 7․11-ում և խնդրեք ուսանողներին կիսվել գրատախտակին գրված տարբեր պայմանների օրինակներով։

Շեշտեք, որ «վեր կառնի իր վրա» արտահայտությունը մի քանի անգամ կրկնվում է 11-13 հատվածներում։ (Նշում․ Կրկնությունները նկատելը սուրբ գրություններն ուսումնասիրելու հմտություն է, որը դուք կարող եք շեշտել այստեղ: Սուրբգրքյան կրկնությունները նկատելը կարող է օգնել ուսանողներին գտնել շեշտադրումների գլխավոր կետերը։)

  • Համաձայն 11-12 հատվածների, ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը «վեր կառնի իր վրա» մեր ցավերը, հիվանդությունները, թուլություններըև գրատախտակին գրված մյուս պայմանները։ (Օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը. Փրկիչն Իր վրա վերցրեց մեր ցավերը, հիվանդություններն ու թուլությունները, որպեսզի Նա կարողանա օգնել մեզ, երբ մենք հանդիպենք մահկանացու կյանքի դժվարություններին:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ես վկայում եմ, որ Փրկիչի Քավությունը մեր վրայից վեր է առնում ոչ միայն մեր մեղքերի ծանրությունը, այլ նաև մեր հուսախաբությունների և վշտերի ծանրությունը, մեր սրտի ցավերը և մեր հուսահատությունները [Ալմա 7․11-12]: Ի սկզբանե նման օգնության ակնկալիքը զարգանալու համար մեզ տալու էր և պատճառ, և ուղի՝ դրդելով մեզ վայր դնել մեր բեռները և վեր բարձրացնել մեր փրկությունը» (“Broken Things to Mend,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 70–71)։

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչի Քավությանը վստահելը ազդել ձեր գործողությունների և հավերժական հեռանկարի վրա։

  • Ինչպե՞ս կարող է Ալմա 7․11–13 հատվածների ճշմարտությունների ըմբռնումն օգնել մեզ դժվարությունների ժամանակ:

Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառություններով, երբ նրանք զգացել են Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը իրենց կյանքում (զգուշացրեք նրանց, որ չկիսվեն որևէ բանով, ինչը շատ սուրբ է կամ անձնական):

Հրավիրեք ուսանողներին գրի առնել, թե ինչ կարող են անել՝ Փրկիչի Քավության բուժող և ուժեղացնող զորությունը իրենց կյանքում ավելի լավ կիրառելու համար: Խրախուսեք նրանց գործել ըստ իրենց զգացածի:

Ուսանողի ընթերցարան