Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 12․ Հոգևոր վերածննդի մեր կարիքը


Դաս 12

Հոգևոր վերածննդի մեր կարիքը

Նախաբան

Մորմոնի Գրքից մենք սովորում ենք, որ «բնական մարդը Աստծո մի թշնամի է» (Մոսիա 3․19)։ Այս դասի ընթացքում ուսանողները ուսուցանվում են, որ ապաշխարելու և առ Հիսուս Քրիստոսը հավատք գործադրելու միջոցով մենք կարող ենք հաղթել բնական մարդուն, «վերստին ծնվել» և ունենալ սրտի զորեղ փոփոխություն: Այս փոփոխությունը անհրաժեշտ է Աստծո արքայություն մտնելու համար։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Մոսիա 3․19, 16․2–5, Ալմա 41․10–11

Հանել բնական մարդուն

Գրատախտակին գրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը (“To ‘the Rising Generation,’” New Era, June 1986, 5)․

«Դուք չեք կարող անել սխալ բան և լավ զգալ։ Դա հնարավոր չէ»: (Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն)

  • Ինչո՞ւ է անհնար երջանիկ լինելը, երբ սխալ ընտրություններ ենք կատարում։

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Ալմա 41․10-11 հատվածները, մինչ դասարանը փնտրում է ամբարշտության հետևանքները։ (Շեշտեք հետևյալ ճշմարտությունը. Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել:)

  • Ի՞նչ մոլորություններ է օգտագործում սատանան, որպեսզի համոզի մեզ, որ պատվիրանները խախտելը երջանկություն է բերում։

  • Ըստ հատված 11-ի, ի՞նչ է նշանակում լինել «բնական վիճակում»։ (Լինել «մարմնական վիճակում», «դառը մաղձի և անօրինության կապանքների մեջ» և «առանց Աստծո աշխարհում»։)

  • Ինչպե՞ս են Ալմա 41․10–11 հատվածներն օգնում բացատրել, թե ինչու մեղք գործելը չի բերի երջանկություն։ (Դա Աստծո էությանը հակառակ մի վիճակ է, իսկ «Աստծո էությունը» «երջանկության էությունն է»:)

Հիշեցրեք ուսանողներին, որ մենք բոլորս էլ ժառանգել ենք Ադամի Անկման հետևանքները: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մոսիա 16․2-5 հատվածները, մինչ դասարանը փնտրում է բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են մարդկության ընկած վիճակը։

  • Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ է օգտագործում Աբինադին, որպեսզի նկարագրի մարդկության ընկած վիճակը։

  • Ի՞նչ կարևորություն ունի «համառել» բառը հատված 5-ում: (Նշում․ Հիմնաբառերը նկատելը սուրբ գրություններն ուսումնասիրելու կարևոր հմտություն է, որը դուք կարող եք շեշտել այստեղ:)

  • Ի՞նչն է մեզ համար հնարավոր դարձնում մեր մեղավոր և ընկած վիճակից փրկագնվելը։

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 3․19 հատվածը և նշել, թե ինչպես կարող ենք հաղթահարել մեր ընկած վիճակը։

  • Ի՞նչ է նշանակում «ենթարկվել Սուրբ Հոգու հորդորներին»:

  • Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի «հանենք բնական մարդուն»։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք հետևում ենք Սուրբ Հոգու հուշումներին և ապավինում Քավության զորությանը, մենք կարող ենք հանել մեր միջից բնական մարդուն:)

Հրավիրեք ուսանողներին խորհել իրենց տեսած փաստերի շուրջ, որոնք ցույց են տալիս, որ Փրկիչը կարող է փոխել մեզ և դարձնել ավելի լավ մարդ, քան մենք երբևէ կարող ենք ինքնուրույն դառնալ: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

Հանձնարարեք ուսանողներին լուռ խորհել հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչ կարող եք դուք անել, որ ավելի լիարժեք ձևով ենթարկվեք «Սուրբ Հոգու հորդորներին»:

  • Մոսիա 3.19-ում թվարկված երեխայի ո՞ր հատկանիշը զարգացնելու կարիքը դուք ամենաշատն ունեք:

Մոսիա 5․1–5, 7–8, 27․24–26

Վերստին ծնվել

Խնդրեք ուսանողներին թվարկել մարդկանց անուններ Մորմոնի Գրքից, որոնց էությունը փոխվել էր Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ։

Հիշեցրեք ուսանողներին, որ Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները ինչ-որ ժամանակ եղել են Զարահեմլայի անհավատների մեջ, ովքեր հալածում էին Եկեղեցու անդամներին (տես Մոսիա 27․8)։ Հրեշտակի այցելությունից հետո Ալման ուժասպառ էր եղել և չէր կարողանում խոսել։ Երեք օր անց Ալմայի ուժերը վերականգնվեցին և նա վկայեց հրաշալի փոփոխության մասին, որը նա զգացել էր իր մեջ (տես Մոսիա 27․11–24

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մոսիա 27․24-26 հատվածները, մինչ դասարանը փնտրում է, թե ինչպես է Ալման նկարագրել այդ հրաշալի փոփոխությունը։

  • Ո՞ր բառերը և արտահայտություններն են այս հատվածներում նկարագրում, թե ինչ է նշանակում վերստին ծնվել։

  • Ինչպե՞ս է հատված 26-ը օգնում բացատրել, թե ինչու մենք պետք է վերստին ծնվենք։ (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են այս ճշմարտությունը. Միայն Քրիստոսում նոր արարածներ դառնալու միջոցով մենք կարող ենք ժառանգել Աստծո արքայությունը։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք հոգևորապես վերածնվում ենք, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 5․1-5, 8 հատվածները: Խնդրեք դասարանին փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Բենիամին թագավորի ժողովուրդը հոգևոր վերածնունդ էր ապրել:

  • Խնդրեք դասարանին փնտրել բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Բենիամին թագավորի ժողովուրդը հոգևոր վերածնունդ էր ապրել: (Հնարավոր պատասխաններ․ նրանք այլևս հակված չէին գործելու չարիք, նրանք ցանկանում էին շարունակ գործել բարիք, նրանց մտքերը լուսավորվել էին և նրանք լցվել էին ուրախությամբ և կամենում էին ուխտեր կապել Տիրոջ հետ:)

  • Համաձայն 2 և 4 հատվածների, ի՞նչ է պահանջվում «սրտի զորեղ փոփոխություն» ստանալու համար։ (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և ստանանք Սուրբ Հոգին, մենք կարող ենք ունենալ սրտի զորեղ փոփոխություն:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը. Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ այն, մինչ դասարանը փնտրում է, թե ինչպես է Երեց Բեդնարը նկարագրում սրտի զորեղ փոփոխությունը։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ուզում եմ նկատեք, որ [Մոսիա 5-ում] նկարագրված փոփոխությունը հզոր է, ոչ թե փոքր․ դա հոգևոր վերածնունդ է և հիմնավոր փոփոխություն մեր զգացումների և ցանկությունների մեջ, մեր մտածածի և անելիքի, և ով լինելու մեջ։ Իսկապես, Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը պահանջում է հիմնավոր և մշտական փոփոխություն մեր իսկ էության մեջ, որը հնարավոր է, եթե մենք վստահում ենք «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին» (2 Նեփի 2․8)» («Դուք պետք է վերստին ծնվեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 20):

  • Ի՞նչը գրավեց ձեր ուշադրությունը, երբ կարդացիք սրտի զորեղ փոփոխության Երեց Բեդնարի նկարագրությունը։

Հրավիրեք ուսանողներին քննարկել, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի շարունակենք սրտի զորեղ փոփոխություն ունենալ։

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 5․7 հատվածը և ուշադրություն դարձնել, թե ինչպես են փոխվում մեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ, երբ մենք վերստին ծնվում ենք։

  • Ի՞նչ առումով ենք մենք դառնում Հիսուս Քրիստոսի զավակները:

Հրավիրեք ուսանողներին մտածել «Քրիստոսի զավակները» դառնալու կարևորության մասին, և հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես սա պետք է մղի մեզ դեպի վերածնվելը։

Ալմա 5․14, 26–27, Եթեր 12․27

Հոգևոր վերածնունդը պահանջում է ժամանակ և ջանքեր

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը, մինչ դասարանը կլսի, թե ինչպես է նա նկարագրում սրտի փոփոխություն ստանալու գործընթացը․

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Հնարավոր է հարցնեք․ «Ինչո՞ւ այդ փոփոխությունն ավելի արագ չի կատարվում ինձ հետ»։ Դուք պետք է հիշեք, որ Բենիամին թագավորի ժողովրդի նշանավոր օրինակը, Ալման և սուրբ գրությունների ուրիշ մի քանի մարդիկ հենց այդպիսին են՝ նշանավոր և ոչ սովորական։ Մեզանից շատերի համար փոփոխություններն ավելի շուտ աստիճանական են և տեղի են ունենում ժամանակի ընթացքում։ Վերստին ծնվելը, ի տարբերություն մեր ֆիզիկական ծննդի, ավելի շուտ ընթացք է, քան իրադարձություն։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելը մահկանացու կյանքի առանցքային նպատակն է:

Միևնույն ժամանակ եկեք անփույթ ջանքերով չարդարացնենք մեզ։ Եկեք չբավարարվենք՝ չարիք գործելու ինչ-որ հակվածություն պահելով: Եկեք արժանավորությամբ ճաշակենք հաղորդությունից ամեն շաբաթ և շարունակենք մոտենալ Սուրբ Հոգուն՝ արմատախիլ անելով մեր միջի անմաքրության վերջին մոլախոտերը։ Ես վկայում եմ, որ եթե դուք շարունակեք մնալ հոգևոր վերածննդի ճանապարհին, Հիսուս Քրիստոսի քավիչ շնորհը կհեռացնի ձեր մեղքերը և այդ մեղքերի բծերը․ գայթակղությունները կկորցնեն իրենց տեսքը և Քրիստոսի միջոցով դուք կդառնաք սուրբ, ինչպես որ Նա և մեր Հայրն են սուրբ» («Վերստին ծնված», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 78)։

  • Համաձայն Երեց Քրիստոֆերսոնի, ինչո՞ւ է վերստին ծնվելն ավելի շուտ ընթացք, քան իրադարձություն:

  • Ինչպե՞ս է հոգևոր վերածննդի գործընթացն օգնում մեզ դառնալ սուրբ, ինչպես Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ (Օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի շնորհով մենք կարող ենք ներվել և օգնություն ստանալ՝ շարունակելու հոգևոր վերածննդի ուղին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ շնորհի իմաստը, խորհեք Աստվածաշնչի բառարանի այս հատվածով կիսվելու մասին․

«Տիրոջ շնորհի միջոցով է, որ անհատները, Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ հավատքի և իրենց մեղքերն ապաշխարելու միջոցով, ստանում են ուժ և օգնություն՝ անելու բարի գործեր, ինչը, այլապես, չէին կարողանա անել, եթե ինքնուրույն մնային: Այդ շնորհը զորություն է, որը թույլ է տալիս տղամարդկանց և կանանց ակնկալել հավիտենական կյանք և վեհացում նրանից հետո, երբ գործադրել են իրենց լավագույն ջանքերը» (Աստվածաշնչի բառարան, «Ողորմածություն»

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 5․14, 26–27 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ուսուցանեց Ալման նրանց, ովքեր արդեն իսկ սկսել էին հոգևոր վերածննդի գործընթացը և ունեցել էին սրտի փոփոխություն։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կպատասխանեին Ալմայի հարցերին:

  • Ըստ հատված 27-ի, մենք ի՞նչ պիտի անենք սրտի փոփոխություն ստանալուց հետո։ (Մենք պետք է շարունակենք անարատ քայլել Աստծո առաջ, լինել խոնարհ և ձգտել ներում ստանալ մեր մեղքերի համար։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Ալման ուսուցանել, որ խոնարհ լինելը այդքան կարևոր դեր է խաղում մեր սրտի փոփոխությունը պահպանելու համար։

Ասացեք ուսանողներին, որ Տերն ուսուցանել է Եթերին, թե ինչու է խոնարհության զորությունը այդքան կարևոր, երբ մենք ցանկանում ենք սրտի փոփոխություն ունենալ։ Հիշեցրեք ուսանողներին, որ սուրբգրքյան սկզբունքներում հաճախ օգտագործվում են եթե և ապա բառերը, և հրավիրեք նրանց լուռ վերանայել Եթեր 12․27 հատվածը, փնտրելով «եթե-ապա» սկզբունքներ։ Երբ ուսանողները նշեն հետևյալ սկզբունքները, քննարկեք դրանք․ Եթե մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը, նա ցույց կտա մեզ մեր թուլությունը: Եթե մենք խոնարհեցնենք մեզ և գործադրենք հավատք առ Տերը, Նա մեր թույլ կողմերը կդարձնի ուժեղ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար ճանաչել մեր թուլությունները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «իմ շնորհը բավարար է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև» արտահայտությունը:

Ցուցադրեք Յոթանասունից Երեց Բրլուս Ս․ Հեյֆենի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Երեց Բրյուս Ս․ Հեյֆեն

«Եթե դուք ձեր կյանքում խնդիրներ ունեք, մի կարծեք, թե ինչ-որ բան սխալ եք անում։ Այդ խնդիրների հետ կապված պայքարը կյանքի նպատակի հենց հիմքն է։ Երբ մենք մոտենանք Աստծուն, Նա մեզ ցույց կտա մեր թուլությունները և դրանց միջոցով մեզ կդարձնի ավելի իմաստուն և ուժեղ։ Եթե դուք ավելի շատ թուլություններ եք տեսնում ձեր մեջ, դա պարզապես կարող է նշանակել, որ դուք ավելի եք մոտեցել Աստծուն, այլ ոչ թե հեռացել» (“The Atonement: All for All,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 97)։

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խուսափենք հիասթափությունից, երբ տեսնում ենք մեր թուլությունները:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսի շնորհը կօգնի մեզ հաղթահարել մեր թուլությունները, երբ մենք ջանանք հոգևորապես վերածնվել։

Ուսանողի ընթերցարան