Սուրբ գրություններ
Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս 1


Ջոզեֆ Սմիթ–Մատթեոս

Քաղվածք Աստվածաշնչի թարգմանությունից, ինչպես հայտնվել է Ջոզեֆ Սմիթ Մարգարեին 1831թ. Մատթեոս ԻԳ.39 և ԻԴ գլուխը:

Գլուխ 1

Հիսուսը կանխավ պատմում է Երուսաղեմի մոտալուտ կործանումը – Նա խոսում է նաև Մարդու Որդու երկրորդ գալստյան և ամբարիշտների կործանման մասին:

1 Քանզի ասում եմ ձեզ, որ այսուհետև դուք ինձ չեք տեսնի և չեք իմանա, որ ես եմ նա, որի մասին գրվել է մարգարեների կողմից, մինչև որ չասեք. Օրհնյալ է նա, ով գալիս է Տիրոջ անունով, երկնքի ամպերի մեջ, և բոլոր սուրբ հրեշտակներն իր հետ: Այդ ժամանակ նրա աշակերտները հասկացան, որ նա կրկին երկիր պիտի գա, նրանից հետո, երբ կփառավորվի և կթագադրվի Աստծո աջ կողմում:

2 Եվ Հիսուսը դուրս եկավ և հեռանում էր տաճարից. և նրա աշակերտները նրա մոտ եկան, որ լսեն նրանից՝ ասելով. Վարդապետ, ցույց տուր մեզ տաճարի կառույցի մասին, քանզի դու ասացիր,– Այն կքանդվի և ավերված կթողնվի ձեզ:

3 Հիսուսն էլ ասաց նրանց. Չե՞ք տեսնում այդ ամենը, և չե՞ք հասկանում դրանք: Ճշմարիտ ասում եմ ձեզ. քարը քարին չի թողնվի այս տաճարի վրա, որ չքանդվի:

4 Եվ Հիսուսը թողեց նրանց, և բարձրացավ Ձիթենյաց սարը: Եվ երբ որ նա Ձիթենյաց սարի վրա նստած էր, աշակերտներն առանձին եկան նրա մոտ՝ ասելով. Ասա մեզ, ե՞րբ պիտի լինեն այս բաները, որոնք դու ասացիր տաճարի և հրեաների կործանման վերաբերյալ. և ո՞րն է նշանը քո գալստյան և աշխարհի վերջի, կամ ամբարիշտների կործանման, որն աշխարհի վերջն է:

5 Հիսուսն էլ պատասխանեց և ասաց նրանց. Զգույշ կացեք, որ ոչ ոք ձեզ չխաբի.

6 Քանզի շատերը կգան իմ անունով՝ ասելով,– Ես եմ Քրիստոսը,– և շատերին կմոլորեցնեն.

7 Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն, և ձեզ կսպանեն, և իմ անվան համար բոլոր ազգերից ատված կլինեք.

8 Եվ այն ժամանակ շատերը կգայթակղվեն, և իրար կմատնեն և իրար կատեն.

9 Եվ շատ կեղծ մարգարեներ կբարձրանան, ու շատերին կմոլորեցնեն.

10 Եվ անօրինության շատանալու պատճառով, շատերի սերը կսառչի.

11 Բայց ով որ կմնա հաստատուն և չի հաղթվի, նա կփրկվի:

12 Ուստի, երբ դուք տեսնեք ավերածության պղծությունը, որը խոսվել է Դանիել մարգարեի կողմից, Երուսաղեմի կործանման վերաբերյալ, այն ժամանակ դուք կանգնած կլինեք սուրբ վայրում. ով որ կարդում է, թող հասկանա:

13 Այն ժամանակ, նրանք, ովքեր Հրեաստանում են, թող փախչեն սարերը.

14 Թող նա, ով կտուրի վրա է փախչի և ետ չդառնա իր տնից որևէ բան վերցնելու.

15 Ոչ էլ թող նա, ով դաշտում է ետ վերադառնա իր հագուստը վերցնելու.

16 Եվ վա՜յ նրանց այն օրերին, ովքեր երեխայով են, և նրանց, ովքեր կուրծք են տալիս.

17 Դրա համար, աղոթեք Տիրոջը, որ ձեր փախուստը չլինի ձմռանը, ոչ էլ Հանգստության օրը.

18 Քանզի այն ժամանակ, այն օրերին, մեծ նեղություն կլինի հրեաների համար, և Երուսաղեմի բնակիչների համար, այնպիսին, որի նմանն առաջ երբեք Աստծո կողմից չի ուղարկվել Իսրայելի վրա, նրանց թագավորության սկզբից մինչև այժմ. ո՛չ, ոչ էլ երբևէ կրկին կուղարկվի Իսրայելի վրա:

19 Բոլոր բաները, որոնք պատահել են նրանց, միայն այն ցավերի սկիզբն է, որոնք պիտի գան նրանց վրա:

20 Եվ եթե այդ օրերը չկարճացվեն, նրանցից ոչ մի մարմին չի փրկվի. բայց հանուն ընտրվածների, ուխտի համաձայն, այդ օրերը պիտի կարճացվեն:

21 Ահա, այս բաները ես ձեզ ասացի հրեաների վերաբերյալ. և բացի այդ, այն օրերի նեղություններից հետո, որոնք պիտի գան Երուսաղեմի վրա, եթե որևէ մեկը ձեզ ասի. Ահա, այստեղ է Քրիստոսը, կամ այնտեղ, չհավատաք նրան.

22 Քանզի այդ օրերին կեղծ քրիստոսներ և նաև կեղծ մարգարեներ կբարձրանան, և մեծ նշաններ ու զարմանալիքներ ցույց կտան, այնպես որ, եթե հնարավոր լինի, նրանք կմոլորեցնեն նույնիսկ ընտրվածներին, որոնք ընտրված են՝ ուխտի համաձայն:

23 Ահա, ես ասում եմ ձեզ այս բաները հանուն ընտրվածների. և դուք նաև կլսեք պատերազմների ու պատերազմների համբավների մասին. տեսեք, որ դուք չշփոթվեք. քանզի այն ամենը, ինչ ձեզ ասացի, պիտի իրականանա. բայց դեռ վերջը չէ:

24 Ահա, ես ասացի ձեզ նախապես.

25 Ուստի, եթե նրանք ձեզ ասեն. Ահա, նա անապատում է. դուք չգնաք. Ահա, նա գաղտնի սենյակներում է. չհավատա՛ք.

26 Որովհետև, ինչպես առավոտյան լույսը դուրս է գալիս արևելքից, և ճառագայթում է նույնիսկ մինչև արևմուտք, և ծածկում ողջ երկիրը, այդպես կլինի նաև Մարդու Որդու գալուստը:

27 Եվ արդ, ես ձեզ ցույց եմ տալիս մի առակ: Ահա, որտեղ որ դիակն է, այնտեղ կհավաքվեն արծիվները. այդպես էլ իմ ընտրվածներն աշխարհի չորս կողմերից կհավաքվեն:

28 Եվ նրանք կլսեն պատերազմներ և պատերազմների համբավներ:

29 Ահա, ես ասում եմ հանուն իմ ընտրյալների. քանզի ազգ ազգի դեմ կբարձրանա, և թագավորություն՝ թագավորության դեմ. կլինեն սովեր, ժանտախտներ և երկրաշարժեր տարբեր տեղերում:

30 Եվ բացի այդ, անօրինության շատանալու պատճառով, մարդկանց սերը կսառչի. բայց նա, ով չի հաղթվի, նույնը կփրկվի:

31 Եվ բացի այդ, Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ողջ աշխարհում, որպես վկայություն բոլոր ազգերի համար, և այն ժամանակ կգա վերջը, կամ ամբարիշտների կործանումը.

32 Եվ մեկ անգամ ևս, ավերածության պղծությունը, որը խոսվել է Դանիել մարգարեի կողմից, պիտի իրականանա:

33 Եվ շուտով այն օրերի նեղությունից հետո, արևը կխավարեցվի և լուսինն իր լույսը չի տա, և աստղերը վայր կընկնեն երկնքից, և երկնքի զորությունները կշարժվեն:

34 Ճշմարիտ ասում եմ ձեզ, այն սերունդը, որի ժամանակ այդ բաները ցույց կտրվեն, չի անցնի, մինչև որ բոլոր բաները, որոնք ձեզ ասացի, չկատարվեն:

35 Թեև կգան օրեր, որ երկինքն ու երկիրը կանցնեն. սակայն, իմ խոսքերը չեն անցնի, այլ բոլորը կկատարվեն:

36 Եվ, ինչպես ասացի նախկինում, այն օրերի նեղությունից և երկինքների զորությունները շարժվելուց հետո, այն ժամանակ երկնքում կհայտնվի Մարդու Որդու նշանը, և այն ժամանակ երկրի բոլոր ազգերը կսգան. և նրանք կտեսնեն Մարդու Որդուն երկնքի ամպերի մեջ զորությունով ու մեծ փառքով գալիս.

37 Եվ ով որ գանձում է իմ խոսքը, չի մոլորվի, քանզի Մարդու Որդին պիտի գա և իր հրեշտակներին պիտի ուղարկի իր առաջից, փողի մեծ հնչումով, և նրանք կհավաքեն մնացած իր ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի մի ծայրից մյուսը:

38 Արդ, սովորեք թզենու առակից,– Երբ նրա ճյուղերը դեռ նուրբ են, և այն տերևներ է արձակում, դուք իմանում եք, որ ամառը մոտ է՝ առ ձեռն.

39 Այդպես էլ իմ ընտրյալները, երբ տեսնեն բոլոր այս բաները, նրանք կիմանան, որ նա մոտ է, այսինքն՝ դռան շեմին.

40 Սակայն այդ օրվա և ժամի մասին, ոչ ոք չգիտի. ո՛չ, ոչ էլ Աստծո հրեշտակները երկնքում, այլ միայն իմ Հայրը:

41 Բայց ինչպես որ Նոյի օրերում էր, այդպես էլ պիտի լինի Մարդու Որդու գալստյան ժամանակ.

42 Քանզի նրանց հետ կլինի այնպես, ինչպես ջրհեղեղին նախորդող օրերին. որովհետև, մինչև այն օրը, երբ Նոյը մտավ տապանը, նրանք ուտում էին և խմում, կին էին առնում և մարդի գնում.

43 Եվ չիմացան, մինչև որ ջրհեղեղը չեկավ, և նրանց բոլորին տարավ. այդպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը:

44 Այն ժամանակ կկատարվի այն, ինչ գրված է, որ վերջին օրերին երկուսը կլինեն դաշտում, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի.

45 Երկուսը ջաղացում կաղան, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի.

46 Եվ ինչ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլոր մարդկանց. արդ, արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե որ ժամին է ձեր Տերը գալու:

47 Բայց իմացեք սա, որ եթե բարի տանուտերը գիտենար, թե որ ժամին կգա գողը, նա արթուն կմնար, և թույլ չէր տա, որ իր տունը ծակեին, այլ պատրաստ կլիներ:

48 Դրա համար, դուք էլ պատրաստ եղեք, քանզի այն ժամին, որ չեք կարծում, Մարդու Որդին կգա:

49 Ուրեմն, ո՞վ է հավատարիմ և իմաստուն ծառան, որի տերը նրան կառավարիչ է դրել իր տնեցիների վրա, որ նրանց կերակուր տա իր ժամանակին:

50 Օրհնյալ է այն ծառան, որին իր տերը, երբ գա, կգտնի այդպես անելիս. և ճշմարիտ ասում եմ ձեզ, նա նրան կառավարիչ կդնի իր ողջ ունեցվածքի վրա:

51 Բայց եթե այդ չար ծառան ասի իր սրտում. տերս ուշացնում է իր գալը,

52 Եվ սկսի ծեծել իր ծառայակիցներին, և կեր ու խում անի հարբեցողների հետ,

53 Այդ ծառայի տերը կգա մի օր, երբ նա չի սպասում նրան, և մի ժամի, որից նա տեղյակ չէ,

54 Եվ նրան կտոր-կտոր կանի, և նրան կնշանակի իր բաժինը կեղծավորների հետ. այնտեղ կլինի լացը և ատամների կրճտոցը:

55 Եվ այդպես է գալիս ամբարիշտների վերջը, համաձայն Մովսեսի մարգարեության, որն ասում է. Նրանք կկտրվեն մարդկանց միջից. սակայն երկրի վերջը դեռ չի եկել, բայց շատ մոտ է: