2020
Ինչպես ես բժշկում գտա սեռական բռնությունից
Հոկտեմբեր 2020


Ինչպես ես բժշկում գտա սեռական բռնությունից

Ես մղձավանջի միջով եմ անցել։ Սակայն ավելի ուշ հասկացել եմ, որ իմ ամենամութ պահերին ես կարող էի ապավինել իմ Փրկիչին։

Նկար
silhouette of girl

Լուսանկար Getty Images-ից, օգտագործվել է պատկերազարդման նպատակով, մոդելների օգնությամբ

Իմ մղձավանջը սկսվեց, երբ ես ընդամենը յոթ տարեկան էի, և մայրս նորից ամուսնացավ։ Մեզ իսկապես դուր էր գալիս իմ նոր խորթ հայրը։ Նա բարի էր և համապատասխան մեր ընտանիքին։ Նրա կողքին ես ինձ իսկապես ապահով էի զգում։ Ամեն բան լավ էր, մինչև մի օր, երբ մյուսները զբաղված էին, նա ինձ սեռական բռնության ենթարկեց։

Ես չէի հասկանում, թե նա ինչ արեց ինձ հետ։ Ես վախեցած էի, շփոթված և շատ էի ամաչում։ Սակայն չափազանց վախենում էի խոսել այդ մասին որևէ մեկի հետ։ Կարծում էի, որ այն կտապալեր մեր ընտանիքի նոր գտած երջանկությունը, և որ ոչ ոք միևնույնն է ինձ չէր հավատա։ Ուստի, ես որոշեցի լռել։

Նա ընդամենը մեկ անգամ այդպես վարվեց ինձ հետ, սակայն բռնության ծանր հիշողությունը մշտապես ուղեկցում էր ինձ։ Ի վերջո, ես այնքան էի վախենում, որ մեկը կնկատեր իմ ցավը և կբացահայտեր իմ գաղտնիքը, որ ես փորձեցի թաքցնել ճշմարտությունը՝ ընկերանալով իմ խորթ հոր հետ։ Նա հատկապես շատ բարի էր իմ նկատմամբ, և ես իսկապես սկսեցի նորից հավանել նրան։

Սակայն շուտով ամեն ինչ ավելի սարսափելի դարձավ։ Երբ մայրս սկսեց աշխատել գիշերային ժամերին, խորթ հայրս սկսեց մշտապես բռնության ենթարկել ինձ։ Ես ինձ շատ անօգնական էի զգում։ Ես ուզում էի բարձրաձայնել այդ ամենի մասին, սակայն իմ խորթ հայրը վայելում էր շրջապատի համակրանքը, և ես մտածեցի, որ բոլորը կկանգնեին նրա կողքին։ Ուստի, գիշերը, երբ մենակ էի, ես խնդրում էի Աստծուն օգնել ինձ պահելու իմ գաղտնիքը։

Բարձրաձայնել

Մի օր բռնությունը, ի վերջո, դադարեց։ Ես գաղափար չունեի, թե ինչու։ Չնայած, նա այլևս ինձ ցավ չէր պատճառում, ես ինձ միշտ անմաքուր էի զգում և ամաչում էի։ Ես ատում էի ինքս ինձ։ Երբեմն ես նույնիսկ մտածում էի, որ մահը ավելի հեշտ կլիներ, քան իմ իրականությունը։ Ես դեռևս ուզում էի բարձրաձայնել, սակայն վախենում էի, թե ինչ արձագանք կստանար ճշմարտությունը։

Ապա մի կիրակի օր եկեղեցում, երբ ես 14 տարեկան էի, լսեցի մի դաս մեծ որոշումներ կայացնելու վերաբերյալ։ Իմ ուսուցիչը խրախուսեց մեզ ծոմ պահել, աղոթել և խոստացավ, որ Աստված կզորացներ մեզ անելու ճիշտ բաներ։ Եկեղեցուց հետո ես շարունակեցի մտածել նրա ասածների շուրջ։ Եթե ես խնդրեի, արդյո՞ք Աստված իսկապես կօգներ ինձ խոսել այդ ամենի մասին։

Հաջորդ օրը ես ծոմ պահեցի քաջություն ունենալու համար, որպեսզի մայրիկին պատմեի բռնության մասին։ Ես չէի կարողանում կենտրոնանալ դասերի ժամանակ, քանի որ մտածում էի լոկ մի բանի մասին․ ինչպե՞ս կարձագանքեր մայրս։ Երբ տուն հասա, ես ինձ շատ հիվանդ էի զգում։ Ես նորից աղոթեցի ուժ ստանալու համար, սակայն պատրաստ չէի զգում ասելու նրան։

Այդ երեկո ես մոտեցա մայրիկին, երբ նա ընթրիք էր պատրաստում։ Ես չգիտեի, թե ինչ ասել, սակայն, երբ նայեցի նրա աչքերին, ես քաջություն գտա պարզապես սկսելու խոսել։ Հենց սկսեցի, տարիների ընթացքում թաքցրածը դուրս հորդեց։

Ես ու մայրս պարզապես նստեցինք բազմոցին ու միասին լաց եղանք։ Դրանից հետո մենք կապվեցինք մեր ճյուղի նախագահի հետ և զանգեցինք ոստիկանություն։ Իմ խորթ հայրը պատասխանատվության ենթարկվեց ինձ հետ պատահածի համար և ինձ տրվեց անհրաժեշտ պաշտպանություն․ ես էլ երբեք չեմ տեսնի նրան։

Նկար
actor portraying Jesus

Բժշկման ուղին

Այդ ընթացքում դժվար էր իշխանավորներին իմ փորձառության մասին վերապատմելը և ընկերների հարցերին պատասխանելը, թե որտեղ էր իմ խորթ հայրը, սակայն իմ ընտանիքի աջակցությամբ ես այլևս միայնակ չէի։ Միասին մենք նոր ընտանեկան նշանաբան ենք ընտրել․ «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4․13)։ Մեր ազգականները նույնպես առաջարկեցին իրենց սերն ու աջակցությունը և ժամանակի ընթացքում մենք սկսեցինք միասին բժշկվել։

Ես և մայրս երկուսով հաճախում էինք մասնագիտացված խորհրդատուի մոտ, որը մեծ օգնություն էր։ Իմ խորհրդատուն ճիշտ այն էր, ինչի կարիքը ես ունեի։ Նա օգնեց ինձ հասկանալ իմ զգացած բոլոր էմոցիաները և օգնեց ինձ ազատվել վատ հիշողություններից։ Ես երբեք չէի հասկացել, թե որքան մեծ էր իմ ցավը, մինչև որ սկսեցի ազատվել դրանից։

Ես չէի կարծում, որ ցավը կանհետանար պարզապես այն պատճառով, որ ես խոսել էի դրա մասին, սակայն ես նաև չէի պատկերացնում, թե որքան ժամանակ (և համբերություն) կպահանջվեր բժշկվելու համար։ Երկար ժամանակ ես ինձ անարժան էի զգում։ Ես պիտի կրկին սովորեի սիրել ինձ։

Ես գտել էի մեծ խաղաղություն, մինչ դարձել էի դեպի իմ Փրկիչը և Երկնային Հայրը։ Գիտակցելով, որ Նրանք հստակ գիտեին, թե ես ինչ էի զգացել, ես ուժ և հույս էի ստանում։ Ես ապավինեցի նրանց ամենամութ պահերին։ Ժամանակի ընթացքում հիշողությունները սկսեցին մարել և ես իսկապես խաղաղություն զգացի Փրկիչի սիրո միջոցով։

Բժշկման գործընթացի ամենախոստումնալի պահը գիտակցելն էր, որ ես ունենալու էի փայլուն ապագա։ Երբ բռնության էի ենթարկվում, չէի էլ կարող նույնիսկ պատկերացնել, որ նորմալ կյանք կունենամ։ Ես ինձ լրիվ կոտրված էի զգում։ Սակայն օգնության և բժշկման միջոցով ես գտա բաներ, որոնց շնորհիվ կարողացա առաջ նայել։ Ես սկեցի պատմել իմ պատմությունը ուրիշ աղջիկների, որոնց նույնպես ցավ էին պատճառել, և ես նույնիսկ որոշեցի միսիա ծառայել։ Ուրիշների հետ իմ վկայությամբ կիսվելն ինձ ուժ տվեց։

Ես չեմ սահմանափակում իմ կյանքն այն ամենով, ինչ խորթ հայրս արեց ինձ հետ։ Նա ընդմիշտ փոխեց իմ կյանքը, սակայն ես ընտրում եմ օգտագործել իմ փորձառությունը ուրիշներին օգնելու համար։ Ես շարունակում եմ որոշ դժվար օրեր ունենալ, սակայն այդ ամենի մեջ Տերը զորացրել է ինձ, և ես գիտեմ, որ Նա կշարունակի օգնել ինձ։ Ես զոհից վերածվել եմ վերապրածի։