Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Մի՛ վախեցեք


Մի՛ վախեցեք

Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք հավաքվում ենք այս երեկո՝ Սուրբ Ծնունդի և սուրբծննդյան տոնի հանդեպ մեր սերն արտահայտելու, որը մենք կիսում ենք։Կա՞ որևէ ավելի լավ բան, քան սուրբծննդյան գեղեցիկ երաժշտությունը և երգերը, ընտանիքի և ընկերների հավաքները, ժպտացող դեմքերը և երեխաների ուրախ խանդավառությունը։ Սուրբ Ծնունդն ունի աստվածային զորություն՝ միասին հավաքելու ընտանիքներ, ընկերներ և հանրություններ։ Մենք անհամբեր սպասում ենք նվերներ փոխանակելուն և տոնական կերակուրը վայելելուն։

Անգլիացի հեղինակ Չարլզ ԴիքենսիՍուրբծննդյան երգը վիպակում Սքրուջի զարմիկը նկատում է տարվա այս սրբազան ժամանակի հրաշքը, մտորելով, որ «Ես միշտ մտածել եմ Սուրբ Ծննդյան օրերի մասին, երբ դրանք գալիս են … որպես լավ՝ բարի, ներող, բարեգութ, հաճելի ժամանակ, որը տարվա երկար օրացույցում ինձ հայտնի միակ ժամանակն է, երբ տղամարդիկ և կանայք, կարծես, համաձայնությամբ արձակում են իրենց … սրտերը և մտածում [այլ] մարդկանց մասին։ … Եվ ուստի … չնայած, որ այն երբեք չի դրել ոսկու կամ արծաթի կտորն իմ գրպանի մեջ, ես հավատում եմ, որ այն տվել է և կտա ինձ օգուտ, և ասում եմ. «Աստված օրհնի՜» (Սուրբծննդյան երգը [1858], 5–6)։

Որպես ծնող և ներկայումս պապիկ, տեսնում եմ Սուրբ Ծննդյան հրաշքը, երբ դիտում եմ, թե ինչպես երեխաներս, իսկ հիմա նրանց երեխաները, տոնում են Փրկիչի ծնունդը և վայելում մեկը մյուսի ընկերակցությունը, երբ մեր ընտանիքը հավաքվում է միասին։ Ես վստահ եմ, որ ինչպես ես, դուք նույնպես դիտել եք այն ուրախությունը և անմեղությունը, որոնցով երեխաներն անհամբեր սպասում և վայելում են այս հատուկ տոնը։ Նրանց ուրախությունը տեսնելը մեզանից յուրաքանչյուրին հիշեցնում է անցյալ ուրախ Սուրբ Ծննդյան տոները։ Դա կրկին Դիքենսն էր, ով նշեց. «Երբեմն լավ է լինել երեխաներ և լավագույնս Սուրբ Ծնունդի ժամանակ, որի զորեղ Հիմնադիրն ինքն իրեն եղել է երեխա» (Սուրբծննդյան երգը, 67)։

Ես մեծացել եմ Լոս-Անջելեսի մոտակայքում, որտեղ մեր տունը շրջապատված էր նարնջենիների պուրակներով։ Ամեն Սուրբ Ծնունդին, երեկոներին, ծնողներս հրավիրում էին մեր տուն ընտանիքի անդամներին, ընկերներին և հարևաններին երգելու սուրբծննդյան երգերը և վայելելու հյուրասիրությունը։ Դա հրաշալի ավանդույթ էր բոլորիս համար, իսկ երգելը, կարծես, շարունակվում էր ժամերով։ Մենք՝ երեխաներս, երգում էինք այնքան, որքան զգում էինք, որ պիտի երգեինք, իսկ հետո անհետանում էինք խաղալու նարնջենիների պուրակում։

Ես ու իմ կինը՝ Քաթին, նույնպես մեծացրեցինք մեր ընտանիքը Հարավային Կալիֆորնիայում, ծովափից ոչ հեռու։ Ամեն տարի մեր երեխաները անհամբեր սպասում էին նավահանգիստը գնալուն՝ ամենամյա սուրբծննդյան նավաշքերթը դիտելու համար։ Զանազան գույների լույսերով շողշողացող հարյուրավոր գեղեցիկ զբոսանավեր պտտվում էին նավահանգիստում, մինչ մենք զարմանքով դիտում էինք։

Այժմ, երբ մենք ապրում ենք Սոլթ Լեյք Սիթիում, Քաթին ու ես՝ Սուրբծննդյան երգը պիեսի տեղական բեմադրությանը մեր երեխաներին և թոռներին տանելը դարձրել ենք ավանդույթ։ Ամեն տարի, դիտելով Էբենեզեր Սքրուջին, թե ինչպես անսիրտ մենակյածը կատարում է իր զարմանահրաշ վերափոխումը դեպի ուրախ, Սուրբ Ծննդյան ուրախությամբ լցված հարևանը, մենք զգում ենք ձգտումը թողնել յուրաքանչուրիս մեջ գտնվող Սքրուջին։ Մենք զգում ենք հուշում աշխատել ավելի լավ, որ հետևենք Փրկիչի օրինակին՝ ցուցաբերելով գթություն բոլորի հանդեպ։

Սուրբ Ծննդյան տոնի փոխակերպող ոգին արմատանում է Հիսուս Քրիստոսի փրկագնող զորության՝ մեր կյանքը դեպի լավը փոխելու մեջ։ Ավելի քան երկու հազար տարի առաջ Բեթլեհեմում տեղի ունեցած Աստծո Որդու ծննդի սիրելի պատմությունը գրանցված է Ղուկասի գրքում։

«Եւ այն օրերումն եղաւ, որ հրաման դուրս եկաւ Օգոստոս կայսերից, որ բոլոր աշխարհ գրուի։ …

«Եւ ամենքը գնում էին գրուելու՝ ամեն մէկն իր քաղաքը։

«Յովսէփն էլ Գալիլեայիցը՝ Նազարէթ քաղաքիցը գնաց Հրէաստան Դաւիթի քաղաքն, որ Բեթլէհէմ է կոչվում, …

«Որ գրուի իր նշանած Մարիամի հետ, որ յղի էր։

«Եւ եղաւ երբոր նորանք այնտեղ էին. Նորա ծնելու օրերը լրացան։

«Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։

«Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։

«Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. Եւ մեծ վախով վախեցան։

«Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի.

«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը։

«Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։

«Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում.

«Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն» (Ղուկաս 2.1, 3–14

Հրեշտակը նկատեց հովիվների վախը, և հայտնվեց նրանց, ասելով. «Մի վախենաք»։ Աստծո ապշեցուցիչ փառքը, որը ճառագայթում էր անակնկալ երկնային սուրհանդակից, իսկապես վախ առաջացրեց նրանց սրտերում։ Սակայն այն լուրը, որի հետ հրեշտակը եկել էր կիսվելու, վախենալու բան չէր։ Նա եկել էր հայտարարելու հրաշքի մասին, բերելու գերագույն բարի լուրը, ասելու նրանց այն, որ մարդկության փրկագնումը բառացիորեն սկսվել էր։ Ոչ մի սուրհանդակ նախկինում կամ այն ժամանակից ի վեր չի փոխանցել ավելի ուրախ ողջույններ։ Աստծո Միածինը սկսում էր Իր մահկանացու բնակությունը. «Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը»։ Սա հիրավի մեծ ուրախության ավետիս էր։

Մեր կյանքում մեզանից յուրաքանչյուրն առճակատում է պահեր, երբ հրեշտակի խոստացած այս մեծ ուրախությունը կարող է թվալ խուսափողական և հեռավոր։ Բոլորս ենթակա ենք կյանքի անցավորությանը և զրկանքներին, ինչպիսիք են՝ հիվանդությունները, անհաջողությունները, դժվարությունները, հիասթափությունները և, ի վերջո, մահը։ Մինչ այսօր շատ մարդիկ օրհնված են ապրելու ֆիզիկական ապահովության մեջ, կան մարդիկ, որ զրկված են դրանից։ Շատերը կյանքի կարիքները բավարարելու համար առճակատում են մեծ դժվարությունների և դրանցից առաջացած ֆիզիկական և էմոցիոնալ ճնշումների։

Եվ այնուամենայնիվ, ի հեճուկս կյանքի զրկանքների, Տիրոջ ուղերձը մեզանից յուրաքանչյուրիս այսօր նույնն է, ինչ այն հովիվներին, ովքեր պահում էին իրենց հոտերն երկու հազար տարի առաջ. «Մի՛ վախեցեք»։ Գուցե հրեշտակի պատգամը ունի ավելի գերագույն առնչություն մեզ հետ այսօր, քան այն ուներ հովիվների հետ այդ առաջին սուրբծննդյան գիշերը։ Գուցե նա նաև ցանկանո՞ւմ էր, որ մենք հասկանայինք, որ Փրկիչի շնորհիվ վախը երբեք չի հաղթանակի, ամրապնդեյինք այն համոզմունքը, որ ծայրաստիճան վախը երբեք չի արդարացվում, հիշեյինք, որ ոչ մի աշխարհիկ խնդիրը չպետք է լինի շարունակական, որ մեզանից ոչ ոք փրկագնումից չի զրկվում։

Ամենահաճելի պարգևը, որը տրվել է Սուրբ Ծնունդի ժամանակ, միշտ կլինի այն, ինչ Փրկիչը տվեց մեզ՝ Իր կատարյալ խաղաղությունը։ Նա ասաց. «Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ» (Հովհաննես 14.27)։ Նույնիսկ այս աշխարհում, որտեղ խաղաղությունը թվում է հեռավոր, Փրկիչի խաղաղության պարգևը կարող է ապրել մեր սրտերում, անկախ մեր հանգամանքներից։ Եթե ընդունենք Փրկիչի հրավերը հետևել Իրեն, երկարատև վախն ընդմիշտ կվտարվի։ Մեր ապագան ապահով է։ Սա «մեծ ուրախութեան [ավետիս է], որ բոլոր ժողովրդին պիտի լինի»։ «Մի վախենար, - հիշեցնում է մեզ Եսայիա մարգարեն․ - որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. Ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. Նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը» (Եսայիա 41.10

Փրկիչի շնորհիվ, ով ծնվել է երկու հազար տարի առաջ Բեթլեհեմում, կա հույս և այնքան ավելի շատ բան․ փրկագնում, ազատում, հաղթանակ և հրճվանք։ «Ամբարիշտները կկործանվեն, արդարները կտիրեն» (“I Heard the Bells on Christmas Day,” Hymns, no. 214)։ Զարմանալի չէ, որ հրեշտակների երգչախումբը հանկարծ հայտնվեց որպես երկնային բացականչության նշան Փրկիչի ծնունդի մասին, երգելով. «Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն»։ Ոչ մի ուղերձ երբևէ չի կարող լինել ավելի հուսադրող։ Ոչ մի ուղերձ մարդկանց հանդեպ երբևէ չի եղել լցված ավելի մեծ բարյացակամությամբ։

Թող այս տոնական օրերը լինեն խաղաղ և ուրախ բոլորիս համար, քանզի «[այդ] օրը [մեզ] Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը»։ Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն։