Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Օ, եկեք, պաշտենք Նրան և ծրագիրը


Օ, եկեք, պաշտենք Նրան և ծրագիրը

Ձեզանից շատերի նման, իմ սիրելի ամուսինը՝ Քրեգը և ես շատ ենք սիրում Սուրբ Ծննդյան սրբազան երաժշտությունը: Եթե մենք մեր սիրելի երգերի մի ցուցակ կազմենք, անկասկած ամենավերևում կլիներ «Եկեք, բոլոր հավատարիմներ» երգը: Այն «ուրախալի» և «հաղթական» է, խոսքերը մեզ կանչում են «գալ», «տեսնել», և «պաշտել» մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին՝ «հրեշտակների թագավորին»: 1 Ես համոզված եմ, որ երբ նախամահկանացու ոգիներն իմացան փրկության ծրագրի մասին, մենք ոչ միայն տեսանք և պաշտեցինք, այլ նաև աղաղակեցինք ուրախությունից, երբ Նա կամավոր և խոնարհաբար առաջարկեց Իրեն որպես աշխարհի Փրկիչ:2 Չորս ամենախորիմաստ խոսքերով, որ երբևէ արտաբերվել են, Նա հեզորեն ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր»: 3

Պետրոս Առաքյալի նման Նախագահ Մոնսոնը հաճախ հորդորել է մեզ. «Միշտ պատրաստ եղէք պատասխան տալու … որ [մեր] մէջ եղած հույսի համար պատճառ հարցնէ»:4 Մինչ ես կիսվեմ Սուրբ Ծննդյան մի քանի հիշողություններով, հուսով եմ, դուք կհասկանաք պատճառը, թե ինչո՞ւես հույս ունեմ Փրկչի հանդեպ, Աստծո [մեր Երկնային Հոր հանդեպ, ով] այնպես սիրեց աշխարհը, որ տվեց Իր միածին Որդուն», 5 և Հոր կատարյալ և փառահեղ երջանկության ծրագրի հանդեպ:

Սուրբ Ծննդյան հիշողություն 1

Երբ ես 14 տարեկան էի, մեր ընտանիքն ապրում էր Նոր Զելանդիայում: Հայրս 30 անց երիտասարդ տղամարդ էր, երբ կանչվեց՝ ծառայելու այնտեղ որպես միսիայի նախագահ:

Եկավ Սուրբ Ծննդյան ժամանակը և իմ հինգ եղբայրներն ու քույրերն ու ես դեռ փորձում էինք հարմարվել մեր օջախից հեռու գտնվող նոր տանը: Դա ինձ համար մարտահրավեր էր՝ մի խակ դեռահասի համար՝ հեռու լինել տնից, ընկերներից և ընտանիքից: Ես ընկճված էի, կարոտելով ծանոթ տեսարանները, հնչյունները և Սուրբ Ծննդյան տոնական մթնոլորտը՝ երաժշտությունը, լույսերը, Սուրբ Ծննդյան տոնածառը, հնչյունները, իսկա ամենաշատը՝ ընտանիքին: Ես կարոտում էի իմ սիրելի զարմիկներին, հորաքույրերին և հորեղբայրներին, ովքեր, գիտեի, շուտով հավաքվելու էին Պապիկ Քեյըրի տանը Սոլթ Լեյք Սիթիում ՝ Քեյըրների ընտանիքի Սուրբ Ծննդյան ամենամյա երեկույթին:

1966թ. Սուրբ Ծննդյան նախօրեն էր: Ես դժկամությամբ միացա միսիայի տանը իմ ընտանիքի և միսիոներների տնային ընտանեկան երեկոյին, համոզված լինելով, որ այդ հավաքույթը լավագույն դեպքում մի շատ խղճուկ փոխարինում էր լինելու Քեյըրների ընտանիքի երեկույթին, որն ես շատ կարոտել էի: Ես չեմ կարող լիովին հիշել, թե որ պահին զանգեց հեռախոսը, բայց այդ հեռախոսազանգը վայրկենապես փոխեց զգացումները իմ դեռահաս սրտում`լցնելով ինձ կարեկցանքով իմ սիրելի հայրիկի հանդեպ և խղճի խայթով իմ քիչ առաջ այդքան եսակենտրոն լինելու համար:

Զանգը իմ հորեղբայր Ջոից էր, ով տեղեկացրեց, որ մեր սիրելի, անեսասեր, աշխատասեր, ուխտերը պահող Քեյըր Պապիկը հենց նոր կաթված էր ստացել և անգիտակից պառկած էր հիվանդանոցում: Հիշողությունները ողողեցին միտքս՝ տեսախցիկը կրող, երաժշտասեր, զվարթ այդ հայրապետի մասին, ում մենք բոլորս այնքան հարազատորեն սիրում էինք: Հայրս նկատելիորեն ցնցված էր, երբ վերադարձավ հեռախոսազրույցից, բայց նա իրեն հավաքեց, ուղղեց իր ուսերը, և բերեց իր խանդավառ վկայությունը Հոր ծրագրի և Փրկչի հանդեպ իր հավատքի մասին, ով կենսական դեր ուներ դրանում: Նրա վկայությունը հուզեց իմ ցավող սիրտը:

Դժբախտաբար Պապիկը չապաքինվեց: Նա արագ կյանքից հեռացավ՝ հենց հաջորդ օրը: Դա Սուրբ Ծննդյան օրն էր Նոր Զելանդիայում, բայց Սուրբ Ծննդյան նախօրեն և Պապիկի սիրած օրը Սոլթ Լեյք Սիթիում: Նրա հեռանալը շատ մոտ և շատ հարազատ մեկին կորցնելու իմ առաջին փորձառությունն էր: Չնայած ես սգում էի նրա կորուստը, ես օրհնված էի և մխիթարված երջանկության փառահեղ ծրագրի իմ գիտելիքով: Ես համոզված էի, որ կրկին տեսնելու էի Պապիկին, եթե ապրեի այնպես, ինչպես նա էր ապրել: Չեմ կարծում, որ լիովին հասկանում էի այդ պահին իմ կյանքի, այն կենսական դերը, որ Փրկիչն ու Նրա քավող զոհաբերությունն էր խաղում, հնարավոր դարձնելով ինձ համար վերամիավորվելը սիրելիների հետ մի օր: Բայց ես բավականաչափ գիտեի՝ ծրագրով ուրախանալու համար: Ես գիտեի բավականաչափ՝ պաշտելու Նրան, ում ծնունդը մենք տոնում էինք:

Այդ Սուրբ Ծնունդից այսքան երկար ժամանակ անց ես ավելի շատ բան եմ սովորել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին: Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Աստծո Որդին … եկավ այստեղ որպես Միածին Որդի՝ կատարելու առաքելություն, լինելու որպես մորթված մի Գառ աշխարհի հիմնադրումից առաջ, իրականացնելու ողջ մարդկության փրկությունը: Տալով Իր կյանքը, Նա բացեց դուռը … և սովորեցրեց ճանապարհը, որով մենք կարող ենք ձեռք բերել հավերժական կյանք: … Ահա, թե ով էր Հիսուսը ողջ Իր փառահեղությամբ»:6

Սուրբ Ծննդյան հիշողություն 2

Սուրբ Ծննդյան մեկ այլ ցավոտ հիշողություն տեղի ունեցավ 1984թ., առաջացնելով իմ մեջ երախտագիտություն ՝ Փրկչի և փրկության փառահեղ ծրագրի համար, որի արդյունքում նշանակալիորեն աճեցի: Ես 32 տարեկան էի, ամուսնացած էի իմ սիրելի, հավատարիմ ամուսնու հետ և երեքից տաս տարեկան չորս փոքրիկ փայփայված երեխաների մայր էի: Սուրբ Ծնունդից վեց շաբաթ առաջ մենք նորություն ստացանք բժշկից, որը ցնցեց մեր ներաշխարհը, երբ լսեցինք քաղցկեղ ախտորոշումը: Ես և Քրեգը նայեցինք միմյանց՝ չհավատալով, երկուսով էլ հազիվ զսպելով արցունքները՝ մտահոգված, թե ինչ էր բերելու ապագան: Այնուամենայնիվ, հաջորդ զգացումը եկավ՝ քաղցր «խաղաղութիւնը … որ ամեն մտքից վեր է» 7 Հիսուս Քրիստոսի և Հոր ծրագրի հանդեպ մեր հավատքի շնորհիվ:

Չնայած այդ ժամանակ Քրեգը մեր ծխում ծառայում էր որպես եպիսկոպոս, մենք որոշեցինք կիսվել այդ լուրով միայն մեր ընտանիքի հետ, որպեսզի երեխաներին հեռու պահեինք այդ ամենից: Մինչև Սուրբ Ծնունդը ընկած այդ վեց շաբաթների ընթացքում ես գրեթե ամեն օր ձյան և սառույցի վրայով վարում էի մեքենան դեպի հիվանդանոց՝ ամբուլատոր բուժումների համար, մինչ մեր անձնազոհ մայրերն ու քույրերը հերթով օգնում էին մեզ տանը: Դրանք փորձության ժամանակներ էին, բայց երբ ես մտքով վերադառնում եմ այդ Սուրբ Ծնունդին, չեմ գտնում համապատասխան խոսքեր նկարագրելու համար մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության և «մեծ Ստեղծողի …ողորմած ծրագրի» հանդեպ իմ երախտագիտության խորությունը:8

Երբ հասկանում ես, գուցե ավելի լավ, քան երբևէ նախկինում, թե որքան փխրուն է կյանքը, Երկնային Հոր երջանկության ծրագիրը դառնում է ավելի անհատական, քան նախկինում: Սուրբ Ծնունդը տարբեր էր այդ տարի: Թեև այդքան շատ էի սիրում այն ամենը, ինչ կապված էր Սուրբ Ծննդյան հետ, այն ամենը, որ, թվում էր, միակ նշանակությունն ունեին, դա իմ հավերժական ամուսնությունն էր, իմ ընտանիքը և իմ հավատքն ու վկայությունը իմ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ծրագրի հանդեպ:

Մի օր, երբ ես հանգստանում էի տանը, մտահոգված մեր չորս փոքր երեխաների ապագայով, թերթում էի «Friend» ամսագրի էջերը, և աչքս ընկավ մի երաժշտական ստեղծագործություն: Ես նստեցի դաշնամուրի կողքին և արտասվելով երգեցի և զգացի, թե ինչպես երգի ուղերձը ներթափանցեց փափկած սիրտս: Ես գիտեի, որ պետք է սովորեցնեի այդ երգը ոչ միայն մեր ծխի Երեխաների Միության հարյուրավոր երեխաների, որտեղ ես ծառայում էի որպես Երեխաների Միության երաժշտության ղեկավար, այլ ամենակարևորը՝ այն թանկարժեք չորս երեխաներին, ովքեր ապրում էին մեր տանը:

Ինչպե՞ս կարող էր Երկնային Հայրը պատմել աշխարհին սիրո և քնքշանքի մասին:

Նա ուղարկեց Իր Որդուն, նորածին մի մանկան՝ խաղաղությամբ և սրբությամբ:

Ինչպե՞ս կարող էր Հայրը ցույց տալ աշխարհին, արահետը, որ պետք է գնանք:

Նա ուղարկեց Իր Որդուն՝ քայլելու մարդկանց հետ երկրի վրա, որ նրանք իմանան:

Ինչպե՞ս կարող էր Հայրը պատմել աշխարհին զոհաբերության, մահվան մասին:

Նա ուղարկեց Իր Որդուն՝ մեռնելու մեզ համար և հարություն առնելու կենդանի շնչով:

Ի՞նչ է խնդրում մեզանից Հայրը: Ի՞նչ են ասում սուրբ գրքերը:

Հավատք ունեցեք, հույս ունեցեք, ապրեք Նրա Որդու պես, օգնեք մյուսներին իրենց ճանապարհին:

Ի՞նչ է Նա խնդրում: Ապրեք Նրա Որդու պես: 9

Այս ոգեշնչված երգը տվեց ինձ մտքի մի առկայծում, թե ինչպես ես կարող էի ցույց տալ իմ Երկնային Հորը իմ երախտագիտությունը Նրա Որդու և Նրա ծրագրի համար: Ես զգացի, որ եթե նույնիսկ ինձ չտրվեր մեր երեխաներին մինչև հասունություն մեծացնելու արտոնությունը, բայց եթե նրանք սկսեին հասկանալ և իմանալ ու ապրել այն պարզ բայց խորը վարդապետությամբ, որը պարունակվում էր այդ սրբազան երգի մեջ, նրանք կարող էին դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները:

Այդ տարի մեր տանը հատուկ ոգի էր թևածում՝ օրհնելով մեզ խաղաղությամբ և սիրով միմյանց հանդեպ, որը ես երբեք չեմ մոռանա: Ինձ թվում էր, կարծես, մեր երեխաներին առանձնահատուկ զգացում էր տրված սրբության վերաբերյալ այդ Սուրբ Ծննդյան ընթացքում: Երբեք նախկինում և այդ ժամանակից սկսած երբևէ նրանք չէին բեմադրել Սուրբ Ծնունդն այդպիսի ակնածանքով, երկյուղածությամբ և սիրով, որը վեր էր նրանց մատղաշ տարիքից: Մինչ մենք լարված էինք զգում՝ մեր հանգամանքների պատճառով, կարծես, ավելի մեծ սրությամբ էինք զգում հոգևոր տպավորությունները, երբ խորհում էինք և շնորհակալություն հայտնում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի պարգևի և մեր Երկնային Հոր փրկության փառահեղ ծրագրի համար:

Ես հաճախ եմ զարմանում, թե ինչպես մարդիկ կարող են ապրել առանց հույսի, որը գալիս է փրկության ծրագրի և այդ ծրագրում Փրկչի Քավության կենտրոնական դերի ըմբռնումից: Ես երախտապարտորեն ավելացնում եմ իմ վկայությունը մեր սիրելի մարգարե Թոմաս  Ս. Մոնսոնի վկայությանը, ով հզորությամբ վկայել է «Նրա մասին, ով ազատել է մեզանից յուրաքանչյուրին անվերջ մահից, այսինքն Հիսուս Քրիստոսի, ես վկայում եմ, որ Նա ճշմարտության ուսուցիչն է, բայց Նա ավելին է, քան ուսուցիչը: Նա Օրինակն է կատարյալ կյանքի, բայց Նա ավելին է, քան օրինակը: Նա մեծ Բժիշկն է, բայց Նա ավելին է, քան բժիշկը: Նա, ով փրկեց մարդկության «կորած գումարտակին» տառացիորեն աշխարհի Փրկիչն է, Աստծո Որդին, Խաղաղության Իշխանը, Իսրայելի Սուրբը, այսինքն՝ հարություն առած Տերը, ով հայտարարեց. «Ես եմ առաջինը և վերջինը, Ես եմ նա, ով ապրում է, Ես եմ Նա, ով սպանվեց, Ես եմ ձեր բարեխոսը Հոր մոտ» [ՎևՈւ 110.4]»։10

Երբ մտածում ենք Նրա աներևակայելի տառապանքի մասին, անկասկած հինգ ամենատխուր խոսքերը, որոնք նա երբևէ արտասանել է՝ սրանք են. «Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ»:11 Երբ ժամանակները դժվարին են, մենք կարող ենք կատարել ընտրություն՝ Նրանից հեռանալ և միայնակ մաքառել մեր չարչարանքների մեջ, կամ մենք կարող ենք դառնալ դեպի Նա և Հոր ծրագիրը, գտնելով, որ մենք չենք տանի «ոչ մի ձևի չարչարանքներ, այլ որ դրանք կուլ կգնային Քրիստոսի ուրախության մեջ»: 12 Մեզանից յուրաքանչյուրի համար իմ աղոթքն է ընդունել Սուրբ Ծննդյան օրհներգի սրբազան խոսքերը. «Եկեք պաշտենք Նրան» և մեր Երկնային Հորը՝ Նրա փառահեղ և կատարյալ ծրագրի համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: