Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Մեծահոգին


Մեծահոգին

Արդյո՞ք սա հրաշալի ժամանակաշրջան չէ, որ կարող ենք վայելել այս գեղեցիկ երեկոն մեր սիրելի մարգարե՝ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի ներկայության ներքո։

Սուրբ Ծնունդը տարվա այն բացառիկ տոներից է, երբ մենք նոր աչքերով ենք նայում մարդկանց, երբ մեր սրտերն ավելի ենք բացում մեզ շրջապատող գեղեցկության հանդեպ և վերաբերվում ենք ուրիշներին մի փոքր ավելի բարությամբ և կարեկցանքով։

Մեծահասակ տարիքում, եթե բախտներս բերի, երբեմն, մի պահ կարող ենք հիշել մեր մանկությունը։

Այն միտքը, որ մեզ համար թանկ մարդիկ հատուկ բան են անում մեզ համար և մեր ոգևորությունը, որ մենք ենք մի հատուկ բան պատրաստում նրանց համար, ջերմացնում է մեր սրտերը և լցնում այն սիրով ու սպասումով։ Դրան ավելացնելով փայլփլուն լույսերը, հիասքանչ զարդարանքը, Քրիստոսի ծննդյան վսեմ տեսարանները, զարմանալի չէ, որ Սուրբ Ծնունդը տարվա այդքան սիրելի տոն է։

Իսկ հետո, անշուշտ, առկա է երաժշտությունը։ Ոչինչ չի ընդգծում տոնի խորը իմաստը և նուրբ ոգին, որքան Սուրբ Ծննդյան տաղերգերը։ Անկախ նրանից, թե մեղեդիներն ուրախ, խոհուն կամ հիշողություններ արթնացնող են, Սուրբ Ծննդյան մեջ կա մի բան, որը ծնում է փառահեղ երաժշտություն։ Այդ սքանչելի տոնական մեղեդիները վեհացնում են մեր հոգիները և հիշեցնում մեզ մեր ուրախանալու պատճառը։

Մեծ հաջողություն է այն, որ այսօր մենք հնարավորություն ունենք լսելու Տաճարային Հրապարակի Նվագախմբի և Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի կողմից կատարված աստվածային երաժշտությունը։

Այս խմբի կողմից հնչեցրած երաժշտությունն այնքան վսեմ է, որ կարծես երկնքի հրեշտակներն են երբեմն թիկն տալիս՝ լսելու և, նույնիսկ, նրանց հետ երգելու համար։

Զանգակների տաղերգը

Երգչախումբը նոր երգեց Սուրբ Ծննդյան ամենագեղեցիկ մեղեդիներից մեկը, որը երբևէ գրվել է՝ դյութից «Զանգակների տաղերգը», որը 1921թ-ին առաջին անգամ ներկայացվել է Միացյալ Նահանգներում։

Ի սկզբանե այն Սուրբ Ծննդյան տաղերգ չէր։ Այն ծնունդ է առել ուկրաինական ժողովրդական բազմադարյա երգի հիման վրա, որը հայտնի էր «Շեդրիկ» վերնագրով և հաճախ թարգմանվում էր «Մեծահոգին»։

Սովորաբար, ուկրաինական ընտանիքներում այդ երգը երգում էին նոր տարվա սկզբին։ Բնօրինակի բառերն այն մասին էին, որ մի ծիծեռնակ թռչում էր ընտանիքներով և կանխագուշակում այն սքանչելի ու լավ հաջողությունը, որը սպասվում էր գալիք տարում։1

Ինձ դուր է գալիս այդ պատմությունը։

Ինձ դուր է գալիս հույսի և լավատեսության ուղերձը, որն այն փոխանցում է։

Արդյո՞ք այդ ուղերձը Սուրբ Ծննդյան մասին չէ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը կարող է խավարին թվալ, երբ իրադարձություններն այնքան էլ ճիշտ չեն զարգանում, երբ մեր սրտերը լցված են հիասթափությամբ և անհանգստությամբ, նույնիսկ տխրության և վշտի մեջ գտնվելով, մենք երգում ենք «ուրախություն աշխարհին» և «բարի կամք մարդկանց հանդեպ»2 տողերը՝ ի շնորհիվ Քրիստոսի, ով եկավ, որ «լույս տա խավարում գտնվողներին»։3

Առատաձեռն լինելու ժամանակաշրջանը

Ապա որքան տեղին է, որ սիրված տաղերգը, որը մենք նոր լսեցինք, ի սկզբանե վերնագրված է եղել՝ «Մեծահոգին»։ Ի վերջո՝ Սուրբ Ծնունդը մեծահոգի լինելու ժամանակաշրջան է։

Երբեմն, այդ ոգով ոգեշնչված, մենք ժամեր ենք անցկացնում մեր ընկերների և ընտանիքների համար կատարյալ ընծա ընտրելով։ Մենք ձգտում ենք ավելի օգտակար և ուրախ լինել։ Մենք ցանկանում ենք ավելի շատ ժամանակ անցկացնել մեր սիրելիների հետ։ Մենք ավելի շատ ենք հետաքրքրվում կարիքի մեջ գտնվող մարդկանցով և հաճախ ավելի շատ ենք ջանում օգնել նրանց։ Այդ բոլորն անկատար, բայց սրտանց արձագանքն է Փրկչի առատաձեռնության, ում ծնունդը մենք ձգտում ենք հիշել։

Սակայն, մենք բոլորս գիտենք, որ շատ հաճախ Սուրբ Ծննդյան ոգին կարող է խամրել և նույնիսկ կորել՝ գնումների, հաշիվների և ծանրաբեռնված գրաֆիկների խելահեղ տեմպերի և ճնշումների ներքո։

Ես չեմ ցանկանում հակատոնական տրամադրություն արթնացնել, քանի որ Սուրբ Ծննդյան իմ ամենաթանկ հիշողություններից են՝ ընծաներ փոխանակելը, ամբոխի մեջ խառնվելը և փոքր ու մեծ ուրախ միջոցառումներին մասնակցելը, որոնք տարվա այս ժամանակաշրջանում համախմբում են մարդկանց։

Այո՛, կան բազում պատճառներ այդ միջոցառումները սիրելու համար։ Բայց, անշուշտ, գոյություն ունի ավելին։

Հետևաբար, հորդորում եմ բոլորին, որ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ մեզանից յուրաքանչյուրն իր հոգում գտնի հանգիստ ու խաղաղ մի անկյուն և իր անկեղծ երախտագիտությունը հայտնի «Մեծահոգիին»։

Եկեք մտածենք մեր Երկնային Հոր՝ կարեկից, սիրելի և անսահման ողորմածության մասին։

Երբ գնենք ընծաներ ու փոխանակենք դրանք իրար հետ, թող որ նաև ժամանակ գտնենք և լուռ խորհենք այն առատաձեռն ընծաների մասին, որոնք Աստված տեղատարափի նման տեղացել է մեր՝ Իր զավակների գլխին։

Երախտագիտության պարգևը

Կարծում եմ, որ ամեն ինչում մարդիկ իրենց բնույթով համարում են, որ կարգն է այդպես, նույնիսկ՝ մեծ արժեք ներկայացնող բաներում։ Դա այն դասն է, որը մենք սովորում ենք տաս բորոտների պատմությունից Հիսուսի ժամանակներում։ Անհաղթահարելի հիվանդությունից չարչարված, որի պատճառով նրանք առանձնացել էին ընկերներից, ընտանիքի անդամներից և կյանքից, այդ տառապող բորոտներն աղաչեցին և բուժում ստացան Աստծո Որդուց։

Ինչպես արդեն գիտեք, այդ փառահեղ հրաշքից հետո բորոտներից ինը հեռացան՝ ուրախանալով իրենց լավ հաջողությունից։

Միայն մեկը վերադարձավ։

Տասից միայն մեկը ժամանակ հատկացրեց երախտագիտություն հայտնելու համար։ Տասից միայն մեկը «երբոր տեսաւ թէ բժշկուեցաւ, ետ դառաւ՝ բարձր ձայնով փառաւորում էր Աստուծուն։ Եւ իր երեսի վերայ ընկաւ նորա ոտների առաջին, եւ գոհանում էր նորանից»։4

Անկեղծ երախտագիտության նման խոնարհ արտահայտումներն այնքան հազվադեպ են այսօր, որքան այդ պատմության մեջ։ Բայց երբ դրանք տեղի են ունենում, դրանք դիպչում են մեր սրտերին և ոգեշնչում մեզ՝ հաշվելու մեր իսկ օրհնությունները։

Այդպիսի մի օրինակ էր ծառայում մի մարդ, ով ապրում էր Աֆրիկայում։ Հաշմանդամ լինելու պատճառով այդ մարդը երբեք չէր քայլել։ Նա ստիպված է եղել իր ժամանակի մեծ մասն անցկացնել իր ծնողների տանը։ Նա չէր կարողանում աշխատել, չէր կարողանում իր ընկերների հետ դուրս գալ, նույնիսկ չէր կարողանում հասարակ բաներ անել, որոնք մենք համարում ենք սովորական։

Ապա, նա մի ուշագրավ բան լսեց։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին անվասայլակներ էր բերում իր տնից ոչ հեռու տեղի ունեցող մի իրադարձության համար։

Նա խնդրեց ընկերոջը տանել իրեն այնտեղ, որտեղ նա տեսավ, թե ինչպես մի քանի տասնյակ տղամարդիկ, կանայք և երեխաներ նստեցին նոր, շքեղ անվասայլակների վրա։

Օ՜, որքան շատ էր նա ցանկանում նստել դրանցից մեկի վրա։ Նրա կյանքը մեծապես կփոխվեր, եթե նա կարողանար շարժվել իր ուժի օգնությամբ։

Նա հերթ կանգնեց, մինչև ի վերջո իր հերթը հասավ։

Երկու մարդ դրեցին նրան անվասայլակի մեջ և իր կյանքում առաջին անգամ նա կարողացավ ազատ շարժվել։

Սկզբում նա անվստահ էր շարժվում։ Բայց երբ վարժվեց անվասայլակին, սկսեց ավելի խիզախորեն շարժվել առաջ։

Նա շրջվեց, պտտվեց և արագ քշեց այն։ Նա խանդավառությամբ երկու ձեռքերով ողջունեց ընկերոջը, երբ արագ վարելով անցավ ընկերոջը։

Նա սլացավ։

Նրա դեմքը միայն ուրախություն էր արտահայտում։

Սակայն որոշ ժամանակ անց նա անվասայլակը դանդաղ մոտեցրեց մյուսներին և տխուր դեմքով պատրաստվեց դուրս գալ անվասայլակից։

«Ի՞նչ ես անում»,- հարցրեց ընկերը։

Այդ մարդը ժպտաց և թոթովեց ուսերը։ «Այժմ ուրիշի հերթն է փորձելու»,- ասաց նա։

Եկեղեցու մարդասիրական օգնության ծառայող միսիոները ծնկի եկավ նրա մոտ ու ասաց․ «Այս անվասայլակը քոնն է»։

Այդ մարդը չէր կարողանում հավատալ դրան։ Նա կարծում էր, որ այդ միջոցառումը միայն նրա համար էր, որ ցույց տրվեր, թե ինչպես են վարում անվասայլակը։

«Այն իսկապե՞ս իմն է»,-հարցրեց նա։

«Այո։»

«Սակայն ես գումար չունեմ։»

«Դա քոնն է։ Դա մի ընծա է այն մարդկանցից, ովքեր սիրում են քեզ։»

Երբ ի վերջո հասկացավ, թե ինչ է կատարվում, այդ խոնարհ մարդը նայեց իր ընկերոջը։

Նայեց այդ միսիոներին։

Նա փորձեց թաքցնել արցունքները՝ սակայն ապարդյուն։ Եվ արտասվելիս նա հուզմունքից բացահայտ ուրախությամբ ծիծաղեց։

Նրա ընկերն ու միսիոներն արտասվեցին նրա հետ։

«Շնորհակալություն»,- ասաց նա շշուկով։

Նա գրկեց նրանց երկուսին, տեղավորվեց իր անվասայլակի մեջ և ուրախությունից բացականչելով ժպիտը դեմքին հեռացավ։

«Ես կարող եմ սլանալ»,- բացականչեց նա մայթեզրին ետ ու առաջ քշելով։

Այդ մարդն ուներ երախտագիտության զգացում։

Աստծո շնորհը

Արդյո՞ք մենք ունեցել ենք այդպիսի մաքուր, անսահման երախտագիտության զգացում։ Իմ աղոթքն է, որ Սուրբ Ծննդյան այս տոնին և ողջ տարվա ընթացքում մենք հիշենք Մեծահոգիին՝ մեր Աստծուն, մեր Հորը, մեր սիրելի Հովվին և Խորհրդականին։

Քանի որ Նա է նվիրատուն։

Նա է Մեծահոգին։

Երբ մենք՝ Նրա զավակները, նրանից հաց ենք աղերսում, նա մեզ քար չի տալիս։5 Փոխարենը՝ նա մեզ շնորհում է վսեմ ու թանկարժեք ընծաներ, որոնք գերազանցում են լիովին հասկանալու և նույնիսկ պատկերացնելու մեր ունակությունը։ Նա մեզ տալիս է․

  • Խաղաղություն

  • Ուրախություն

  • Լիություն

  • Պաշտպանություն

  • Սնունդ

  • Բարեհաճություն

  • Հույս

  • Վստահություն

  • Սեր

  • Փրկություն

  • Հավերժական կյանք

Սուրբ Ծննդյան այս շրջանում մենք տոնում ենք մեծագույն ընծան, որի շնորհիվ մյուս ընծաները հնարավոր են դարձել՝ Բեթլեհեմի մանուկի ծնունդը։ Նրա շնորհիվ «գերեզմանը հաղթանակ չունի, և մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսում։ Նա է լույսն ու կյանքն աշխարհի. այո, լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել»։6

Ես ուրախությամբ գոհություն եմ հայտնում Աստծուն Իր առատաձեռնության համար։

Նա փրկում է մեզ մենությունից, դատարկության և անարժեքության զգացումից։

Նա բացում է մեր աչքերն ու ականջները։ Նա փոխակերպում է խավարը լույսի, վիշտը՝ հույսի, իսկ մենությունը՝ սիրո։

Նա մեզ ազատում է անցյալի գերությունից ու եսասիրությունից և նպատակի զգացում ու օրհնություններով լի ապագա է հարթում մեզ համար։

Այդ Նա է, ում մենք պետք է երկրպագենք։

Դա է մեր Աստվածը։

Դա է Մեծահոգին։

Դա Նա է, ով այնքան կատարելապես սիրեց Իր զավակներին, որ Իր Միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հետևողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։7

Ի շնորհիվ Հիսուս Քրիստոսի մենք այլևս չենք շրջելու որպես օտարական։ Մենք կհառենք արդարների հետ, երբ Նա վերադառնա։ Եվ Նրա կատարյալ կյանքի ու հավերժական զոհաբերության շնորհիվ, մի օր մենք կկանգնենք երկնքի հրեշտակների հետ և նրանց հետ միասին կստանանք հավերժական ընծան։8

Հույսով եմ, որ Սուրբ Ծննդյան այս տոներին, մենք կհիշենք մեր մեծահոգի Երկնային Հորը և մեր խորին ու սրտանց շնորհակալությունը կհայտնենք մեր Ամենակարող Աստծուն, ով իր բոլոր զավակներին անսահմանափակ օրհնություններ է տվել։ Դա է բոլորին ուղղված իմ խոնարհ, անկեղծ աղոթքն ու սրտաբուխ օրհնությունն այս Սուրբ Ծննդյան տոների և ապագայի համար, մեր սիրելի Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես “‘Carol of the Bells’ Wasn’t Originally a Christmas Song,” Science Blog, դեկ. 2004, www3.scienceblog.com/community/older/2004/7/20046906.shtml, տես նաև Օլենա Կորչովա, “Carol of the Bells: Back to the Origins,” The Ukrainian Week, դեկ. 17, 2012, ukrainianweek.com։

  2. Ղուկաս 2․14

  3. Ղուկաս 1․79

  4. Տես Ղուկաս 17․11–19։

  5. Տես Մատթեոս 7․9։

  6. Մոսիա 16․8–9։

  7. Տես Հովհաննես 3․16։

  8. Տես «Եկեք ուրախանանք» Օրհներգ, հմր. 32։ Թեև նախատեսված չէ լինելու Սուրբ Ծննդյան երգ, «Եկեք ուրախանանք» օրհներգի մեջ ընդգրկված են Մեծահոգիի կողմից խոստացված օրհնություններից մի քանիսը, որոնք, կարծես թե, համապատասխանում են տարվա այս ժամանակաշրջանին։

    «Եկեք ուրախանանք այս օրը փրկության,

    Էլ չենք շրջելու որպես օտարական,

    Բարի լուր է հասել մեզ ու ողջ մարդկության,

    Եվ շուտով կհնչի ժամը քավության,

    Երբ ինչ խոստացված էր, Սրբերը կստանան,

    Եվ կլինի այնպես, որ չձանձրանան,

    Երկիրը կթվա պարտեզ եդեմական,

    Եվ բոլոր հրեաները տուն կդառնան։

    Մենք կսիրենք իրար ու չենք վիճի երբեք,

    Չար գործ էլ չենք անի և կլինենք մեկ,

    Եվ մինչ անաստվածները դողդողում են հեզ,

    Փրկչի գալու օրը եկենք մենք հսկենք,

    Երբ ինչ խոստացված էր, Սրբերը կստանան,

    Եվ կլինի այնպես, որ չձանձրանան,

    Երկիրը կթվա պարտեզ եդեմական,

    Եվ բոլոր հրեաները տուն կդառնան։

    Մենք հավատքով Աստծու խոսքին կվստահենք,

    Մեզ վերջին մութ, խառնակ օրերից փրկել,

    Եվ երբ պատիժներն ու վարձերն ավարտենք,

    Կելնենք, երբ տեսնենք Հիսուսն է եկել,

    Ինչ որ խոստացված է, Սրբերը կստանան,

    Հրեշտակների պես թագեր կունենան,

    Երկիրը կթվա պարտեզ եդեմական,

    Հիսուսն ու իր մարդիկ ընդմիշտ կմիանան»։