Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
«Թող Երկիրն ընդունի իր թագավորին»


«Թող Երկիրն ընդունի իր թագավորին»

2022 թվականի Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

4 դեկտեմբերի 2022 թ․, կիրակի

Բացենք մեր սրտերը ընդունելու համար

Ոգեշնչված երաժշտության խաղաղությունն ու ջերմությունը պարզապես լցնում են մեր հոգիները:

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ

1943 թվականի դեկտեմբերն էր և աշխարհը ներքաշված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Բոլորը մտահոգված էին հեռու ափերում գտնվող սիրելիների համար, իսկ տան հոգսերին գումարվում էին փողի և սննդի պակասը: Քանի որ ընտանեկան միջոցները խնամքով վերահսկվում էին, հայրիկիս` իննամյա Հարոլդ Հիլլամի համար ապշեցուցիչ էր, որ գնացքի մի հրաշք հավաքածու նվեր ստացավ: Բայց դա հին գնացք չէր. այդ գնացքը ամբողջապես ինքնուրույն էր շարժվում գծերի երկայնքով: Հրելու կարիք չկար: Անհնար էր թվում, որ այդպիսի հրաշալի նվերը կարող էր իրական լինել: Օ՜, ինչպես էր Հարոլդը փայփայում այդ գնացքը:

Մի քանի տարի անց, երբ Սուրբ ծնունդը մոտենում էր, աշխարհը դուրս էր գալիս պատերազմից: Այնուամենայնիվ, փոքրիկ Սենտ Էնթոնիում (Այդահո) տնտեսական պայմանները չէին բարելավվել, իսկ հայրիկիս ընտանիքի համար դրանք իրականում վատթարացել էին: Հարոլդի հայրը ծանր հիվանդ էր, գրեթե մահվան եզրին: Այդ Սուրբ Ծնունդին ոչ ոքի համար նվերներ չէին լինելու, այդ թվում Հարոլդի և նրա կրտսեր եղբոր՝ Առնոլդի համար։

Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ Հարոլդի հայրը մոտեցավ նրան և կամացուկ ասաց. «Հարոլդ, կկամենայի՞ր տալ քո գնացքը Առնոլդին, որպեսզի նա Սուրբ ծննդյան նվեր ունենա այս տարի»:

Մի՞թե նա ճիշտ լսեց իր հայրիկի հարցը: Իր սիրելի գնա՞ցքը: Դա բոլոր խնդրանքների խնդրանքն էր:

Սուրբ Ծնունդի առավոտը եկավ, և Առնոլդը հրճվանքով քրքջաց, երբ ճիշտ Հարոլդի գնացքի նման մի գնացք ստացավ :

Առնոլդը շուտով նկատեց, որ Հարոլդը այլևս չի խաղում իր գնացքով: Ի վերջո Առնոլդը հասկացավ, որ իր սիրելի նվերը ոչ թե ուղղակի նման էր Հարոլդի գնացքին`դա Հարոլդի գնացքն էր : Երբ Առնոլդը հասկացավ նվերի նշանակությունը, այդ գնացքը դարձավ անգին:

Ինձ համար ընտանիքի այդ պատմությունն ինքնին նվեր է, և ոչ թե այն պատճառով, որ այն ինձ հիշեցնում է իմ սիրելի հայրիկին և նրա պաշտելի եղբորը: Նույնիսկ ամենակարևորը, այն ինձ հիշեցնում է Աստծո Սիրելի Որդու զոհաբերությունն ու սերը` Նրա, ում ծնունդը տոնում ենք:

Հիսուս Քրիստոսն էր և Նա է Սուրբ ծննդյան մեր առաջին ու հավերժական պարգևը: Ես վկայում եմ այս ճշմարտության մասին, որ Նա ծնվե՛ց և ապրեց ու մահացավ մեզ համար և Նա դեռ ապրո՛ւմ է:

Որքա՜ն օրհնված ենք մենք, որ այսպիսի ուրախալի պարգևի ընդունողներն ենք: Իմ սիրելի Սուրբ ծննդյան երգի բառերով. «Ուրախություն աշխարհին, Տերն է եկել. Թող երկիրն ընդունի իր թագավորին»։1

Երեց Նիլ Մաքսվելն ուսուցանել է. «Հաշվի առնելով այն ամենը, ինչ Աստված տվել է մեզ, մենք պարտավոր ենք բավական լավ լինել ընդունելու հարցում, բայց մենք լավ չենք: Մենք, որ մեզ համարում ենք բավական ինքնաբավ և անկախ, հաճախ անհարմար, նույնիսկ դժվար ենք համարում ընդունելը:

[Սակայն] Աստծո պարգևները, ի տարբերություն տոնական նվերների, հավերժական են և անմահ` հաստատելով շարունակվող Սուրբ ծնունդ, որը երբե՛ք չի վերջանում»:2

Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք համարժեքորեն ընդունում այդպիսի սքանչելի նվերը: Ինչպե՞ս ենք մենք ընտրում մեր Փրկչի ամենօրյա պարգևը, Նրա սերը և Նրա անսահման Քավությունը:

Եկեք հեռանանք եղյամապատ պատուհաններից և նկարազարդ փայտիկներով կոնֆետներից և սովորենք մանուկ Փրկչին առաջինը ընդունողների խոնարհ դերերից և սանդալավոր ներբաններից:

Ընդունեք Նրա սրբությունը

Մինչ Փրկչի ծնունդը մոտենում էր, Մարիամը և Հովսեփը Բեթլեհեմի եռուզեռի միջով իրենց ճամփան էին բացում, բայց իջևանատները լիքն էին: Մի՞թե ոչ մեկը տեղ չուներ նրանց համար: Մի՞թե չկար մեկը, որ հանգստի տեղ տար նրանց: Մարիամը գիտեր, որ կրում է պարգևը, բայց ոչ մեկը տեղ չուներ ընդունելու այն` ընդունելու Նրան:

Մենք իրականում չենք կարող իմանալ, թե Մարիամն ու Հովսեփը ինչ էին զգում այս հարցի վերաբերյալ, բայց ես միշտ պատկերացրել եմ նրանց առաջ շարժվելիս՝ հանդարտ ուժով և վստահությամբ: Ընդունելով հրեշտակի «մի վախենար» հրավերը,3 և այժմ պատրաստվելով Հիսուսի ծննդին, նրանք կարողացան մի կողմ թողնել բոլոր ակնկալիքները հարմարավետ կացարանի վերաբերյալ և փոխարենը տեղավորվել մի խաղաղ, համեստ ախոռում: Բայց այն, ինչ պետք է որ համարվեր դատարկ մի վայր, այդպես չէր մնալու: Տերը շուտով սրբությամբ էր լցնելու այդ դատարկությունը:

Ինչպես Ղուկաս 2.7 հայտնի հատվածում է ասվում. «Եվ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով և մսուրի մեջ դրավ. որովհետև այն իջևանումը տեղ չկար նորանց համար»:

Մեր Փրկիչը՝ կյանքի այդ փառահեղ պարգևը, հույսը և խոստումը, եկավ աշխարհ:

Կարո՞ղ ենք մենք տեղ պատրաստել մեր սրտերում՝ ընդունելու Նրան և թույլ տալու, որ Նրա սրբությունը լցնի մեր դատարկ տեղերը: Արդյո՞ք Մարիամի և Հովսեփի նման մենք քաջություն կունենանք վստահել Նրան, երբեմն, նույնիսկ դժվարին հանգամանքներում: Ուղղորդումը, նույնիսկ հրաշքները, որոնք գալիս են մեր կյանք, հավանաբար չեն լինի եռուզեռի մեջ, բեմերում կամ մարզադաշտերում, այլ այն հանգիստ վայրերում, որտեղ մենք ապրում և աշխատում ենք, որտեղ մենք գնում ենք օգնության: Որտեղ էլ որ առաջանան մեր համեստ կարիքները, մենք կարող ենք և կստանանք պատասխաններ մեր շշուկաձայն աղոթքներին:

Ընդունեք գործելու Նրա հրավերը

Միթե՞ սքանչելի չէ, որ Աստծո Գառան առաջին ընդունողներից մի քանիսը հովիվներ էին:

Գիշերը պատել էր Երկիրը, երբ ապշահար հովիվները հավաքվեցին լույսի փայլուն պրիզմայի ներքո, երբ երկինքն ու երկիրը բախվեցին Փրկչի ծննդյան արտասովոր իրադարձության ժամանակ:

«Եվ հրեշտակն ասաց նորանց, մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում: …

«Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:4

Մենք հիանում ենք, որ այդ նվիրված հովիվները չհապաղեցին ընդունել, այլ շտապեցին հանդիպել իրենց Թագավորին: Նրանցից մենք սովորում ենք, որ ընդունելը գործողություն ցույց տվող բառ է: Ղուկասը պատմում է մեզ, որ հովիվները «շտապելով եկան և գտան … երեխային մսուրի մեջ դրած»:5

Շատ դեպքերում Տիրոջ կողմից մեր ստացած փոքրիկ տպավորությունները չեն ընդունվում, որովհետև հստակորեն չեն համընկնում մեր օրացույցին, մեր ծրագրերին կամ մեր ժամանակացույցին: Սուրբ ծննդյան պատմությունը հիշեցնում է մեզ, որ նմանվենք այդ նվիրված հովիվներին, որոնք չհապաղեցին անել այն, ինչ պետք էր` ընդունելու իրենց Թագավորին:

Այժմ, նկատեցի՞ք, թե ինչպես է Ղուկասը Սուրբ Ծննդյան պատմության մեջ մի ուրախալի հուշում մտցրել, որ Նրան ընդունելը Նրա մասին կիսվելն է, բացատրելով. «Եւ երբոր տեսան [Հիսուսին] իմացրին [ամենուրեք] այն բանն, որ այս երեխայի համար ասուեցաւ նորանց»:6 Այդ հովիվները ստացան այս ուղերձը երկնքից, գնացին շտապելով ու անմիջապես և այնուհետև դարձան երկնքի սուրհանդակներ` հռչակելով իրենց «ուրախությունն աշխարհին», և հրավիրեցին բոլորին «ընդունել [իրենց] Թագավորին»:7

Ընդունեք տոկուն հավատքով

Այժմ մեր ուշադրությունը դարձնենք Մոգերին: Մոգերը Հիսուս Քրիստոսի մեծագույն որոնողների շարքում են: Նրանք ջանասիրաբար իրենց կյանքն անցկացրին` հետևելով երկնային դրսևորումներին, և երբ այն տեղի ունեցավ, նրանք թողեցին տան հարմարավետությունը, աշխատանքները, ընտանիքները և ընկերներին, որպեսզի հետևեն աստղին և գտնեն իրենց Թագավորին:

Ի տարբերություն հովիվների՝ նրանց ճամփորդությունը շարունակական էր և ժամանակ էր պահանջում: Նրանք ստիպված էին փնտրել և խնդրել, սպասել ու գնալ, իսկ հետո անել դա կրկին, մինչև տեսան փոքր երեխային իր մոր՝ Մարիամի հետ: Նրանք շատ արժեքավոր ընծաներ մատուցեցին, և գետնին ընկնելով՝ երկրպագեցին Նրան:8

Ես հաճախ եմ խորհել. արդյո՞ք Քրիստոսին ընդունելիս մենք ջանասիրաբար փնտրում ենք Նրան, և արդյոք թույլ ենք տալիս, որ Նա առաջնորդի մեր ճամփորդությունը դեպի անհայտ վայրեր ու մարդիկ: Ինչպե՞ս կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը մեր նվերների և երկրպագության միջոցով:

Օրհնված են ընդունողները

Այսպիսով, ահա այն` Սուրբ ծննդյան հիասքանչ պատմությունը:

Իմ սիրելի՜ ընկերներ, օրհնված են ընդունողները։ Նույնքան սիրելի, որքան հայրիկիս գնացք-նվերը և ժամանակի ու գանձերի քնքուշ նվերները, որոնք տրվում են ընտանիքների կողմից ամենուրեք, այդ նվերները դժգունանում են համեմատած Սուրբ ծննդյան իսկական նվերի՝ Հիսուս Քրիստոսի հետ:

«Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը»:9

Մտածեք այդ սուրբ գրության մասին այս հավերժական ճշմարտության լույսի ներքո. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չկորչի այլ յաւիտենական կեանքն ունենայ»:10

Ես սիրում եմ այդ խոստումը. ով այդ սուրբ գիշերը իսկապես կընդունի Քրիստոսի պարգևը, կունենա հավիտենական կյանք:

Այսպիսով մենք տեսնում ենք, որ Քրիստոսին լիովին ընդունելու մեր ամենօրյա ջանքերի միջոցով մենք կդառնանք ինչպես մեր մարգարե, նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է հրավիրել մեզ դառնալ՝ «մի ժողովուրդ, որն ունակ է, պատրաստ և արժանի՝ ընդունելու Տիրոջը, երբ Նա կրկին գա, մի ժողովուրդ, որն արդեն ընտրել է Հիսուս Քրիստոսին»:11

Որքա՜ն փառահեղ է պատկերացնել այդ օրը, երբ միասին մենք կրկին կհռչակենք. «Ուրախություն աշխարհին, Տերը եկել է, թող երկիրը [և մեզանից յուրաքանչյուրն ու ամեն մեկը]» ընդունի իր Թագավորին»:12 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։