Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Արդարների համար Սուրբ ծնունդը նշանակում է, որ ամեն ինչ լավ է լինելու


Արդարների համար Սուրբ ծնունդը նշանակում է, որ ամեն ինչ լավ է լինելու

2022 թ․ Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

4 դեկտեմբերի, 2022 թ․, կիրակի

Ես շնորհակալ եմ նախագահ Նելսոնից և Առաջին Նախագահությունից՝ այս երեկո ելույթ ունենալու հնարավորության համար։ Մեր ընտանիքը տոնել է Սուրբ ծննդյան ավանդույթները մեր երկրում, ինչպես նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և Բրազիլիայում։ Որտեղ էլ որ ապրենք, բոլորիս համար, ովքեր հավատում և հետևում են Հիսուս Քրիստոսին, մի գեղեցիկ ճշմարտություն մնում է նույնը. մենք ուրախանում ենք, որ Նա, ով կանչվել էր ի սկզբանե, Նա, ում սպասել էին դարեր ի վեր, Նա, ով Հոր Միածինն էր, Նա եկավ՝ ժամանակների գագաթնակետին՝ ամենախոնարհ պայմաններում, Նա եկավ։ Եվ քանի որ Նա եկավ, միլիարդավոր մարդիկ, որոնք ապրել են այս երկրի վրա, նորից կապրեն և, եթե ընտրեն, կարող են ժառանգել հավերժական կյանքը՝ Աստծո բոլոր պարգևներից մեծագույնը։

Սուրբ ծննդյան տոներին Նրա ծնունդի գեղեցիկ պատմությունից մենք կարող ենք շատ դասեր քաղել։

Ահա այն դասը, որով ես կկիսվեմ ձեզ հետ այս երեկո. ողջ անհանգստությամբ և անորոշությամբ, դժվարություններով և հոգսերով հանդերձ, որոնք հետևում են մեզ այստեղ մեր մահկանացու կյանքում, նրանց համար, ովքեր արդար են, ովքեր հավատում և վստահում են Տիրոջը, ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու։

Մտածեք այս գեղեցիկ օրինակների մասին։

Եղիսաբեթ անունով մի արդար կին և նրա ամուսինը՝ Զաքարիան, իրենց ծերության օրերում տխուր էին, որ չէին օրհնվել զավակներով։ Սակայն նրանք հավատարիմ էին և վստահում էին Տիրոջը։

Թեև սուրբ գրություններում արձանագրված չէ, թե ինչ էին զգում և միմյանց ասում Զաքարիան ու Եղիսաբեթը, Աշխարհի Փրկիչը երաժշտական դրաման օգնում է մեզ խորհել, թե ինչ կարող էր լինել նրանց սրտում։ Զաքարիան ասում է Եղիսաբեթին. «Մենք չենք ընտրվել երեխաներ ունենալու համար։ Բայց մենք, այնուամենայնիվ, վստահում ենք Տիրոջը»։ Եվ հետո նրանք երգում են. «Ես Աստծուն կնվիրվեմ հավիտյան, բայց ոչ իմ կամքը կատարելու համար։ … Եթե դա չլինի, նրան հավիտյան նվիրվելը նշանակում է, որ ես կսպասեմ, կնայեմ և կտեսնեմ։ … Ես թույլ կտամ, … որ Նա առաջնորդի ինձ… մինչև իմ ժամերը, մինչև իմ օրերը, մինչև իմ տարիները անցնեն»։1

Այնուհետև մի հրաշք կատարվեց։ Սուրբ գրություններում գրված է, որ տաճարում Գաբրիել հրեշտակը հայտնվեց Զաքարիային։ Հրեշտակը հայտարարեց․ «Եղիսաբեթը քեզ մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես։ … Ինքն էլ … նրա առաջից պիտի գնա … որպեսզի Տիրոջն ընդունելու պատրաստ ժողովուրդ կազմի»։2

Զաքարիան ասաց․ «Ես ծեր եմ, կնոջս տարիքն էլ անցել է»։3

Գաբրիելը պատասխանեց․ «Քանի որ չհավատացիր իմ այս խոսքերին», «համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այս բաները … իրականանան»։4

Մտածեք, թե ինչ զգացողություններ կարող էին համակել Եղիսաբեթին և Զաքարիային։ Տարիներ շարունակ նրանք աղոթել էին զավակներ ունենալու համար, սակայն ոչ մի զավակ չէր տրվել նրանց։ Նրանք շարունակել էին պահել պատվիրանները և ապավինել Տիրոջը։ Ապա, մի հրեշտակ հայտնվեց Զաքարիային, որից հետո նա չէր կարողանում խոսել։ Գուցե նա սկսեց խորհել Տիրոջ առջև իր արժանավորության մասին։ Սակայն ժամանակին երեխան ծնվեց։ Զաքարիան կրկին կարողացավ խոսել։ Եվ այդ երեխան դարձավ Հովհաննես մարգարեն, որը ճանապարհ հարթեց Փրկչի համար։ Որքան էլ անորոշություններ և դժվարություններ լինեն, արդարների համար, ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու։

Սուրբ ծննդյան հաջորդ պատմության մեջ մենք հանդիպում ենք սիրելի Մարիամին, որն ընտրվել էր՝ լինելու Աստծո Որդու մայրը։ Եվ այնուամենայնիվ, նրա կյանքում կա անհանգստություն և անորոշություն։ Գաբրիելը հայտնվեց Մարիամին՝ պատմելով նրա ազնվական կոչման մասին։ Մարիամը հարցրեց. «Այդ ինչպե՞ս կլինի. չէ՞ որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում»։5 Գաբրիելը բացատրեց, որ Սուրբ Հոգու զորությունը կգա նրա վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի նրան, և նա կհղիանա Աստծու Որդով, և Նրա անունը կլինի Հիսուս։

Մտածեք, թե նա ինչպիսի ուրախություն և երջանկություն է զգացել, երբ նրան այցելել է Աստծո հրեշտակը։ Ինչպիսի խոնարհությամբ էր նա մտածում երկար սպասված Մեսիայի մայրը լինելու մասին։ Սակայն, երբ նա ասաց Հովսեփին այդ մասին, ամեն ինչ հարթ չընթացավ։ Հովսեփը արդար մարդ էր և չէր ուզում ամոթալի վիճակում դնել Մարիամին, բայց նա վստահ չէր, թե որն է ճիշտ ճանապարհը, որին պետք է հետևեր։ Մինչ նա անհանգիստ ու անորոշ վիճակում էր, մի հրեշտակ հայտնվեց նրան երազում․ «Հովսե՛փ, … մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է»։ Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։6

Անշուշտ, մենք կարող ենք հասկանալ, որ Մարիամը անհանգիստ և անորոշ վիճակում էր՝ մտածելով, թե ինչպես կկատարվի այս ամենազարմանալի օրհնությունը։ Հովսեփը նույնպես անհանգիստ էր ու մտահոգ։ Սակայն այժմ պարզ էր, որ նրանք միասին պետք է անցնեին այդ ճանապարհը։ Որքան մեծ է եղել Մարիամի ուրախությունը, երբ իմացել է, որ Հովսեփին հրեշտակ է հայտնվել։ Որքան մեծ է եղել Հովսեփի ուրախությունը, երբ իմացել է, որ դա Աստծո կամքն էր։ Որքան էլ անորոշություններ և դժվարություններ ի հայտ գան, արդարների համար, ի վերջո, ամեն ինչ լավ է լինում։

Բայց, ինչպես գիտենք, դեռ դժվարություններ էին սպասվում նրանց, իսկ դժվարություններ միշտ էլ լինում են։ Մինչ Մարիամի ծննդաբերության ժամանակը մոտենում էր, հռոմեացիները Հովսեփից պահանջեցին վերադառնալ Բեթլեհեմ քաղաք։ Մարիամն ու Հովսեփը որոշեցին, որ պետք է միասին գնան։ Մենք բոլորս սիրում ենք Սուրբ ծննդյան այս գեղեցիկ պատմությունը։ Բեթլեհեմ հասնելով՝ իջևանատանը տեղ չգտնվեց։ Որքան մեծ է եղել Հովսեփի անհանգստությունը։ Ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Ինչո՞ւ պետք է Մարիամը՝ բոլոր կանանցից ընտրյալը, Բարձրյալի Որդուն ախոռում ծնի։ Արդյո՞ք ծնունդը կանցնի առանց դժվարությունների կամ բարդությունների։

Ամեն բան կարող էր թվալ այնքան զարմանալի, այնքան անարդար։ Բայց երեխան ծնվեց․ Նա առողջ էր։ Ինչպես պատմվում է Սուրբ ծննդյան գեղեցիկ երգում, «Հեռու ախոռի մեջ, մսուրում պառկած, Մանուկ Տեր Հիսուսն էր անուշիկ քնած»։7

Գիշերը չավարտված՝ դաշտում մի հրեշտակ հայտնվեց հովիվներին՝ ավետելով նրանց մեծ ուրախություն։ Եվ հրեշտակները երգեցին․ «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։8

Հովիվները գնացին Բեթլեհեմ՝ գտնելու մանուկ Հիսուսին։ Եվ երբ նրանք գտան մանուկ Քրիստոսին, ինչպիսի մխիթարություն և հաստատում զգացին Հովսեփն ու Մարիամը, երբ նրանք հասկացան, որ իրենց շրջապատող դժվարությունները նպատակ ունեին։ Հրեշտակները հայտարարել էին Նրա գալուստը և Նրա ազնվական առաքելությունը։ Որքան էլ անորոշություններ և դժվարություններ ի հայտ գան, արդարների համար, ի վերջո, ամեն ինչ լավ է լինում։

Նոր աշխարհամասում ևս, դժվարությունները, անորոշությունները և մտահոգությունները նույնպես արդարների ուղեկիցներն էին։ Սամուել մարգարեն մարգարեացել էր, որ Փրկչի ծնունդը կլինի հինգ տարի հետո, և նշանը կլինի՝ մի ամբողջ գիշեր առանց խավարի։ Երբ հասավ այդ օրը, աներևակայելի մի ծրագիր ի հայտ եկավ։ «Անհավատների կողմից, [ովքեր հայտարարում էին, որ ժամանակն անցել է,] նշանակվեց մի օր, որ բոլոր նրանք, ովքեր հավատում էին [Փրկչի գալուստին,] պետք է մահվան դատապարտվեին, եթե չլիներ նշանը»։9 Անհավատները ծաղրում էին հավատացյալներին․ «Ձեր հավատքն այս բանի վերաբերյալ զուր է»։10 Պատկերացրեք արդարների անհանգիստ և մտահոգ վիճակը։ Սուրբ գրություններն ասում են, որ Նեփին «վար խոնարհվեց գետնին, և ուժգնորեն աղաղակեց առ Աստված իր ժողովրդի համար»։11 Եվ մինչ Նեփին աղոթում էր, «Տիրոջ ձայնը եկավ նրան՝ ասելով. Բարձրացրու գլուխդ և ուրախացիր. քանզի ահա, ժամանակը մոտ է, և այս գիշեր նշանը պիտի տրվի, և էգուց ես գալիս եմ աշխարհ»։12

Սուրբ գրությունները հայտարարում են, «Այն խոսքերը, որ եկան Նեփիին, իրագործվեցին, … քանզի ահա, արևի մայր մտնելուց խավար չեղավ․ … [Եվ] բոլոր ժողովուրդը … այնքան սաստիկ ապշած էին, որ նրանք ընկան գետնին։ … [Եվ] բոլոր այդ գիշերը խավար չեղավ, այլ այնպես լույս էր, կարծես կեսօր լիներ։ … Եվ նրանք գիտեին, որ դա այն օրն էր, որ Տերը պիտի ծնվեր»։13

Բոլոր դժվարություններով և անորոշություններով հանդերձ, արդարների համար՝ նրանց համար, ովքեր ապավինում են Աստծուն, ի վերջո, լինի դա այս կյանքում, թե երբ մենք ծնկի կիջնենք Նրա ոտքերի մոտ, ամեն ինչ լավ կլինի։14

Երբ մտածում եմ Փրկչի ծննդյան սուրբ ժամանակի մասին, մի հարց է ծագում․ ինչո՞ւ Տերը սպասեց մինչև վերջին գիշերը, որպեսզի ասի Նեփիին, որ Ինքը ծնվելու է վաղը։ Նա կարող էր ասել նրան շաբաթներ կամ ամիսներ առաջ։ Ինչո՞ւ Նա թույլ տվեց Եղիսաբեթին և Զաքարիային ծերանալ առանց երեխաների՝ նախքան հաստատելը, որ Հովհաննես մարգարեն ծնվելու է նրանցից։ Եվ ինչո՞ւ Մարիամը պետք է մտահոգվեր իրեն սպասվող իրադարձությունների համար, իսկ Հովսեփը կասկածի տակ դներ իր դերը բոլոր պատմությունների պատմության մեջ։ Մսուրի, հովիվների ու հրեշտակների դերը ինչո՞ւ էր անհայտ, քանի դեռ իրադարձությունները տեղի չէին ունեցել։

Նախամահկանացու աշխարհում Տերը հայտարարել է. «Եվ դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»։15 Իսկ Առակաց գրքում ասվում է․ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները»։16

Մեր անորոշ ժամանակներում, մեր նեղության ու դժվարության օրերին, մեր պայքարում եկեք հավատարիմ լինենք։ Հիսուսը եկավ այդ սուրբ գիշերը։ Նա է աշխարհի Փրկիչը, Խաղաղության Իշխանը, թագավորների Թագավորը։ Նա ապրում է, և բոլոր ժամանակների հույսերն ու վախերը փարատվում են [Նրա] միջոցով այս գիշեր։17 Ես վկայում եմ, որ քանի որ մենք արդար ենք, վշտի, դժվարության և անորոշության մեր բոլոր արցունքները կփարատվեն հենց Նրա՝ Աստծո սիրելի Որդու միջոցով։ «Տերը եկավ, Երկիրն ցնծաց»։18 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։