Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Մեծ ուրախության ավետիք


Մեծ ուրախության ավետիք

2022 թ․ Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո

Կիրակի, 4 դեկտեմբերի 2022 թ․

Շնորհավո՜ր Սուրբ ծնունդ Շնորհակալություն բոլոր նրանց, ում ուղերձները, երաժշտությունն ու ծառայությունը հռչակել են այս Սուրբ ծննդյան «մեծ ուրախության ավետիսը»:

Սուրբ ծննդյան այս օրերին միլիոնավոր մարդիկ նշում են Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Ամբողջ աշխարհը պետք է նշի այն։ Երկրի վրա երբևէ ապրած մարդկանց մեջ ամենավեհ կյանքը Նրանն է եղել և այժմ Նրանն է։

I.

Նույնիսկ աշխարհիկ առումով Հիսուս Նազովրեցու մահկանացու կյանքն ավելի մեծ ազդեցություն է ունեցել այս աշխարհի և նրա պատմության վրա, քան երբևէ ապրած որևէ մարդու կյանք: Հազարավոր տարիների ընթացքում Նա եղել է մարգարեների և բանաստեղծների հիմնական թեման: Արևմտյան աշխարհի բարձր արվեստն ու երաժշտությունը նվիրվել են Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի և առաքելության տոնակատարությանը: Փիլիսոփաներն ու աստվածաբանները իրենց կյանքը նվիրել են Նրա ուսմունքների ուսումնասիրությանը։ Այդ ուսմունքները ոգեշնչել ու ծնել են գթության անհամար գործեր, Քրիստոսի մաքուր սիրո դրսևորումներ:

Տեր Հիսուս Քրիստոսի կյանքին և Նրա ուսմունքներին ավելի շատ հուշարձաններ կան նվիրված, քան որևէ այլ մարդու։ Դրանց թվում են, իհարկե, մեծ տաճարները, որոնցով պարուրված է Եվրոպայի և Ամերիկա մայրցամաքների բնապատկերը, որոնցից շատերի կառուցումը դարից ավել է տևել: Վերջին տվյալներով, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ունի 171 նվիրագործված և գործող տաճարներ, ևս 129-ը՝ վերակառուցման, կառուցման և նախագծման փուլում, ինչպես նաև այն տաճարները, որոնց մասին նոր է հայտարարել նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հոկտեմբերի մեր վերջին գերագույն համաժողովին։ Տիրոջ այս տները գտնվում են բոլոր մայրցամաքներում, աշխարհի 74 երկրներում։ Այնտեղ մենք մեր կյանքը նվիրում ենք Հիսուս Քրիստոսին հետևելուն:

Միլիոնավոր մարդիկ տվել են իրենց կյանքը, և, որ ավելի կարևոր է, միլիոնավոր մարդիկ կառուցել են իրենց կյանքը՝ Իսրայելի Տեր Աստծո, Եհովայի, Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի օրինակով: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին առանց չափազանցնելու այդ մասին հայտարարել է հետևյալը. «Նրա անզուգական օրինակը բարության և խաղաղության ամենամեծ զորությունն [է] ամբողջ աշխարհում»։1

II.

Մենք կարող ենք կարևոր նպատակ և խորհրդանիշ տեսնել Աստծո Միածին Որդու ծննդյան երկնային հայտարարության մեջ: Նոր Կտակարանի պատմություններից մենք իմանում ենք, որ արևելյան կիսագնդում մանուկ Քրիստոսի ծննդյան մասին հայտարարվել է երեք տարբեր խմբերի մարդկանց, որոնք շատ տարբեր բնութագրեր ունեին: Նրանք, ովքեր ստացան ծննդյան մասին երկնային հայտարարությունը, շատ խոնարհ էին, շատ սուրբ և շատ իմաստուն:

Առաջին հերթին այդ մասին ասվեց Բեթլեհեմի սարերում ապրող հովիվներին: Հրեշտակը երկնային երգչախումբի հետ հայտարարեց՝ «ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու … Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը»:2 Հովիվները հավանաբար ընտրված էին այս ավետիսը ստանալու համար, քանի որ նրանք հեզ էին և խոնարհ: Այսպիսով, նրանք առանձնահատուկ ընկալունակությամբ ընդունեցին երկնային պատգամը, որը դրսևորվեց նորածնին այցելելով: Ապա սուրբ գրությունը հայտնում է, որ նրանք «երբ տեսան, ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր երեխայի մասին»:3 Նրանց գործը՝ հովվությունը և նրանց պահած գառները, երկուսն էլ այն օրինակներն էին, որոնք Փրկիչն օգտագործում էր ուսուցանելիս: Ավելացնենք, որ երբ Հիսուսը եկավ Հովհաննես Մկրտչի մոտ Իր ծառայության սկզբում, այդ մարգարեն հայտարարեց. «Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը»։4

Մեսիայի ծննդյան մասին երկրորդ հայտարարությունն արվել է Երուսաղեմի տաճարում` երկու սուրբ աշխատողների, որոնց աստվածահաճո կյանքն արժանի էր դարձրել նրանց՝ ստանալու Սուրբ Հոգու վկայությունը: Երբ Մարիամն ու Հովսեփը մանուկ Հիսուսին բերեցին տաճար՝ անդրանիկների համար նախատեսված զոհաբերության համար, Սիմեոնն ու Աննան՝ երկուսն էլ վկայեցին, որ Նա Մեսիան էր: Սուրբ գրությունն ասում է, որ Սիմեոնն իր գիրկն առավ երեխային և օրհնեց Աստծուն, որ թույլ տվեց իրեն տեսնել Աստծո «փրկությունը», ասելով՝ «լույս՝ հեթանոսներին լուսավորելու, և փառք Իսրայելին՝ քո ժողովրդին»: Եվ Աննա «մարգարեուհին», «ևս նույն ժամին եկավ. Տիրոջը գոհություն էր հայտնում և մանկան մասին խոսում բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում»։5

Երրորդ խումբը նույնպես իմացավ այս ուշագրավ ծննդյան մասին։ Աստվածաշունչը, թեթևակի բարելավված Ջոզեֆ Սմիթի կողմից, հայտնում է, որ «արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, ասելով․ «Որտե՞ղ է այն երեխան, որը ծնվել է՝ հրեաների Մեսիան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում ու եկանք նրան երկրպագելու»։6

Նրանց հարցումից մենք չենք կարող կասկածել, որ նրանք առաջնորդվել են Տիրոջ կողմից՝ Իր սուրբ նպատակների համար: Աստվածաշունչն ուսուցանում է, որ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե չունի Աստծո Հոգին»։7 Այս մոգերը այլ երկրից և մշակույթից էին, ուստի, նրանց տրված վկայությունը հիշեցում է, որ Մեսիան ծնվել էր բոլոր մարդկանց համար: Բացի այդ՝ մեկ այլ նպատակ ևս կարող էր լինել։ Մոգերի մատուցած ոսկու և մյուս ընծաների արժեքը հավանաբար օգնեց Մարիամին և Հովսեփին նախաձեռնել իրենց հապճեպ ճամփորդությունը դեպի Եգիպտոս և մնալ այնտեղ՝ փրկելու մանուկ Քրիստոսին, երբ Հերովդես թագավորի չար հրամանի պատճառով Նրա կյանքին վտանգ էր սպառնում:8

Հետաքրքիր չէ՞ արդյոք, որ Քրիստոսի ծննդյան հրաշալի իրադարձությունը և այդ իրադարձության կարևորությունը հայտնի դարձան միայն շատ խոնարհներին, շատ սուրբերին և շատ իմաստուններին: Ինչպես երեց Ջեյմս Ի. Թալմիջն է ուսուցանել Jesus the Christ [Հիսուս Քրիստոսը] գրքում. «Իսկապես, Աստված Իր համար վկաներ բարձրացրեց՝ մարդկանց բոլոր դասերին և պայմաններին համապատասխան. հրեշտակների վկայությունը՝ աղքատների և խոնարհների համար, մոգերի վկայությունը՝ Հրեաստանի ամբարտավան թագավորի և գոռոզ քահանաների համար»։9

Սիմեոնին և Աննային հիշելը կոգեշնչի մեզ նմանվել նրանց և Սուրբ ծննդյան այս օրերին ավելացնել նաև մեր վկայությունը՝ սրբազան ծննդի և դրա նպատակի մասին։

III.

Մեզ համար Քրիստոսի ծննդյան տոնակատարության մեջ ոչ մի նոր բան չկա։ Ուղերձը հավերժական է և ծանոթ: Այն ուսուցանվել էր Ադամին: Այն քարոզվել էր Իսրայելի զավակներին: Այն բացահայտվել էր հայր Լեքիի հետնորդներին: Կրկին ու կրկին մարգարեները հայտարարել են Հիսուս Քրիստոսի ուսմունքների և քավության հիմնական ճշմարտությունները: Կրկին ու կրկին նրանք հայտարարել են Նրա առաքելության մասին և ուսուցանել են Նրա պատվիրանը, որ Աստծո զավակները սիրեն ու ծառայեն Աստծուն և միմյանց: Դարեր շարունակ կրկնվող այս հայտարարությունները ամենակարևոր ուղերձն են ողջ հավերժության մեջ: Նրանց համար, ովքեր հետևում են Քրիստոսին, այս հայտարարությունները վերանայման ենթակա չեն: Դրանք պետք է նորոգվեն յուրաքանչյուրիս կյանքում:

Սուրբ ծնունդը մեր մեջ արթնացնում է սիրո և բարեկամության մեր սովորական կապերն էլ ավելի ընդլայնելու ցանկություն: «Երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» երկնային հայտարարությունը10 չի սահմանափակվում միայն մարդկանցով, ում հանդեպ մենք արդեն ունենք սիրո և կապվածության զգացումներ: Այն տարածում է հաճությունը դեպի ծանոթները, անծանոթները, նույնիսկ թշնամիները։ Սուրբ ծնունդը նաև ներելու ժամանակ է, ժամանակ՝ հին վերքերը բուժելու և խաթարված հարաբերությունները վերականգնելու համար:

Սուրբ ծնունդը մի ժամանակ է՝ վերացնելու ամբարտավանությունն ու սադրանքը, զսպելու քննադատությունը, համբերատարություն դրսևորելու և մարդկանց տարբերությունները չընդգծելու: Մենք մղում ունենք ընկերակցելու բոլոր մարդկանց՝ թե՛ նրանց, ովքեր մեր հավատքից են, և թե՛ նրանց, ովքեր մեր հավատքից չեն, պահելով այն պատվիրանը, որը Աստված Մովսես մարգարեի միջոցով տվել էր Իսրայելի զավակներին.

«Եթե մի օտարական ձեր երկրում, ձեզ մոտ պանդխտանալու լինի, չնեղեք նրան։

Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար»:11

Սուրբ ծնունդը հիշելու ժամանակ է, որ մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք, ով տվել է Իր Միածին Որդուն, որպեսզի բոլորը փրկագնվեն մահից, և ով փրկության ու վեհացման օրհնություններ է շնորհել ողջ մարդկությանը՝ միևնույն պայմաններով:

Որպես Քրիստոսի հետևորդներ, մենք պետք է լինենք ամենաընկերասերը և ամենաուշադիրը բոլոր մարդկանցից՝ ամենուրեք: Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին բարի և ուշադիր լինել բոլորի հանդեպ: Մենք, իհարկե, պետք է խուսափենք այնպիսի շփումներից և միջոցառումներից, որոնք վտանգում են մեր վարքը կամ թուլացնում մեր հավատքն ու երկրպագության ոգին։ Բայց դա չպետք է մեզ հետ պահի համագործակցելուց բոլոր համոզմունքների տեր մարդկանց հետ՝ թե՛ հավատացյալների և թե՛ անհավատների:

Մի քանի տասնամյակ առաջ նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ասել է այս խոսքերը.

«Հին օրերի հովիվները փնտրում էին մանուկ Հիսուսին: Իսկ մենք փնտրում ենք Հիսուս Քրիստոսին՝ մեր Ավագ Եղբորը, մեր Միջնորդին Հոր մոտ, մեր Քավչին, մեր փրկության Հեղինակին, Նրան, ով սկզբում Հոր հետ էր, Նա, ով Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը և հոժարակամ մահացավ, որպեսզի մենք հավերժ ապրենք: Սա է Հիսուսը, որին մենք փնտրում ենք»։12

Վերջին օրերի սրբերը եզակի հնարավորություն ունեն տոնելու Հիսուս Քրիստոսի փրկարար ուղերձը ողջ տարվա ընթացքում: Մենք ունենք Սուրբ Հոգու պարգևը, որի առաքելությունն է՝ վկայել Հոր և Որդու մասին։13 Մենք Երկնային Հոր զավակներն ենք, ով հայտարարել է․ «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:14 Եվ մարգարեները մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, ով Իսրայելի Տեր Աստվածն է, հռչակել են Նրա ավետարանը:

«Նա եկավ աշխարհ, այսինքն՝ Հիսուսը, աշխարհի համար խաչվելու, և աշխարհի մեղքերը կրելու, աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար.

Որ նրա միջոցով կարողանան փրկվել բոլորը, ում Հայրը դրել է նրա զորության ներքո և նրանով արարել է.

Ով փառավորում է Հորը և փրկում է իր ձեռքի բոլոր գործերը»։15

Ուստի, Նրա վերականգնված եկեղեցում մենք հայտարարում ենք, որ «Քրիստոսի քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով ավետարանի օրենքներին և արարողություններին»։16 Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: