2008
Ինչպես տալ
2008թ. Հոկտեմբեր


Եկեք լսենք Մարգարեին

Ինչպես տալ

From “Giving with Joy,” Liahona, Dec. 1996, 11–14.

Նկար
President Henry B. Eyring

Մի ամառային օր էր: Մայրս մահացավ կեսօրին: Հայրս, եղբայրս և ես հիվանդանոցից գնացինք մեր տուն` միայն մենք երեքով էինք: Մենք մեզ համար մի փոքր ուտելիք պատրաստեցինք, ապա զրուցեցինք մեր տուն այցելած մարդկանց հետ: Արդեն մթնշաղ էր, ես հիշում եմ, մենք դեռ չէինք միացրել լույսերը:

Դռան զանգը հնչեց, հայրս բացեց դուռը: Մորաքույր Քեթրինն ու քեռի Բիլն էին: Կարողացա տեսնել, որ քեռի Բիլի ձեռքին բալի պահածո էր: Դեռևս տեսնում եմ մուգ կարմիր բալերը, և բանկայի փայլուն ոսկե կափարիչը: Նա ասաց. «Սա երևի ձեզ դուր կգա: Դուք, հավանաբար, քաղցրեղեն չեք կերել»:

Չէինք կերել: Մենք երեքով նստեցինք խոհանոցի սեղանի շուրջը, բալերը լցրեցինք պնակի մեջ և կերանք, մինչ Քեթրին մորաքույրն ու քեռի Բիլն ափսեներն էին լվանում:

Կարող եմ ասել, որ հրաշալի նվեր տալը և ստանալը միշտ բաղկացած է երեք մասից: Ահա դրանք` ներկայացնեմ բալերի այդ նվերով:

Առաջինը, ես գիտեի, որ քեռի Բիլն ու մորաքույր Քեթրինը զգում էին այն, ինչ ես էի զգում: Նրանք, հավանաբար, զգում էին, որ մենք շատ հոգնած ենք և շատ ուտելիք չէինք կարող պատրաստել: Նրանք հաստատ զգացել էին, որ տան պահածոյացրած բալերը մեզ մի պահ կրկին ընտանեկան ջերմություն կպարգևեին: Ես չեմ կարող հիշել բալերի համը, սակայն իմ մեջ տպավորվել է, որ ինչ-որ մեկը հասկանում էր ինձ ու հոգում իմ մասին:

Երկրորդ, ես զգացի, որ դա անվճար նվեր էր: Ես գիտեի, որ քեռի Բիլը և Քեթրին մորաքույրն ընտրել էին նվերը: Այդ նվերը նրանք ուրախությամբ էին բերել:

Եվ երրորդը, դա զոհաբերությունն է: Ես գիտեի, որ Քեթրին մորաքուրն այդ բալերը պահածոյացրել էր իր ընտանիքի համար: Նրանք, հավանաբար, սիրում էին բալ: Սակայն նա այդ հաճույքից զրկել էր նրանց և այն բերել ինձ: Դա է զոհաբերությունը: Սակայն ես հասկացել եմ այս զարմանալի փաստը` քեռի Բիլն ու Քեթրին մորաքույրը գիտեին, որ իրենք ավելի հաճույք կզգան, եթե ես ուտեմ այդ բալը, քան իրենք:

Հրաշալի նվեր տալը ներառում է երեք տարր` դու զգում ես այն, ինչ ուրիշն է զգում, դու տալիս ես անհատույց, և դու զոհաբերությունը համարում ես անհրաժեշտ պայման:

Հայր Աստվածը տվեց Իր Որդուն, իսկ Հիսուս Քրիստոսը մեզ տվեց Քավությունը` մեզ համար անսահման մեծ և արժեքավոր նվերներ: Հիսուսը պատրաստակամորեն տվեց Իր անհատույց նվերը մեզ բոլորիս: Փրկչի Քավության պարգևն ընդունած մարդու էական գծերից մեկը նվիրաբերելու պատրաստակամությունն է: