2008
«Ընկերներս և ես բամբասելու խնդիր ունենք: Ի՞նչ կարող եմ անել ես՝ ինքս, բամբասելը դադարեցնելու և նրանց ևս այդ հարցում օգնելու համար»:
2008թ. Հոկտեմբեր


Հարցեր և պատասխաններ

«Ընկերներս և ես բամբասելու խնդիր ունենք: Ի՞նչ կարող եմ անել ես՝ ինքս, բամբասելը դադարեցնելու և նրանց ևս այդ հարցում օգնելու համար»:

Դուք կարող եք հաղթահարել բամբասելը հետևելով «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկի հայհոյելը հաղթահարելու խորհրդին. «Օգնեք ձեր շրջապատում գտնվողներին խոսել մաքուր լեզվով՝ ձեր օրինակով և բարեհոգությամբ խրախուսելով նրանց ընտրելու այլ խոսքեր: Քաղաքավարությամբ հեռացեք կամ փոխեք խոսակցության թեման, երբ անվայելուչ լեզու է օգտագործվում:

Եթե դուք հայհոյելու [կամ բամբասելու] սովորություն ունեք, կարող եք թողնել այդ սովորությունը: Սկսեք, փոխվելու որոշում ընդունելով: Աղոթեք օգնության համար: Եթե սկսել եք օգտագործել անվայել բառեր, պահեք ձեզ հանգիստ և այլ կերպ արտահայտեք այն, ինչ ուզում եք ասել»:

Գրքույկը նաև բացատրում է, թե ինչու է կարևոր ուրիշների մասին լավ խոսել. «Ուրիշների մասին խոսեք բարյացակամորեն և դրական, որպեսզի կատարեք Տիրոջ պատվիրանը՝ սիրել միմյանց: Երբ օգտագործում եք լավ լեզու, հրավիրում եք Հոգին՝ լինելու ձեզ հետ» («Լեզու» [2001], 22–23):

Ձեր հաղորդակցության մեջ բարի լինելը Քրիստոսանման է և կօգնի ձեզ ավելի լավ հարաբերություններ ունենալ, և ինքներդ ձեզ ավելի լավ կզգաք:

Ոսկե կանոնը

Բամբասանքը մեր շրջապատում է ամեն օր և դա շատ ցավալի է: Կարող է հրաշալի թվալ ձեր ընկերներին «վերջին նորությունները» տարածելը, բայց մտածեք այն անձնավորության մասին, որի վերաբերյալ խոսում եք: Դուք կասեի՞ք այն, ինչ ասում եք, եթե նա ներկա լիներ: Այդ անձնավորությունը թույլտվություն տվե՞լ է ձեզ մարդկանց պատմել այդ մասին: Մտածեք ի՞նչ կզգայիք դուք, եթե որևէ մեկը բամբասեր ձեր մասին: «Հետևաբար, բոլոր բաները, որ դուք կամենում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույն ձևով դուք արեք նրանց» (3 Նեփի 14.12): Եթե ձեր ընկերները բամբասում են, բարյացակամորեն փոխեք նյութը:

Ջեսիկա Ջ., 16, Արիզոնա, ԱՄՆ

Բամբասանքը բժշկելու դեղ

Բամբասանքի մեջ ներգրավվում են երեք խմբեր՝ մենք ինքներս, նրանք, ովքեր լսում են և այն մարդիկ, ում մասին մենք խոսում ենք: Պարտավորվեք բամբասելը դադարեցնել, իսկ հետո այդպես էլ վարվեք: Ահա բամբասանքը բժշկելու համար մի քանի դեղեր. (1) Փոխեք նյութը, երբ ձեր ընկերները սկսում են բամբասել: (2) Լուռ մնացեք, որպեսզի նրանք խոսելու համար մարդիկ չունենան: (3) Նրանց ազնվորեն ասեք. «Իրար մի բամբասեք» (Հակոբոս Դ.11):

Բաթ Ա., 22, Ֆնոմ Փեն, Կամբոջա

Խուսափեք բացասական դիտողություններից

Բամբասանքը կործանարար ուժ ունի և կարող է վիրավորել մարդկանց զգացմունքները: Երբ մենք բամբասում ենք, մենք դուռ ենք բացում հակառակորդի համար կործանելու ինչ-որ մեկի հեղինակությունը: Այս վատ սովորույթից խույս տալու համար, պետք է խուսափել որևէ բացասական դիտողություն անել որևէ մեկի կյանքի մասին: Երբ լսում ենք այդպիսի բաներ, լինեն դրանք ճիշտ թե սխալ, մենք պետք է փորձենք դադարեցնել դա: Եթե նրանք միևնույն է շարունակում են, մենք պետք է հեռանանք (տես Մատթեոս ԺԲ.36):

Մենք կարող ենք օգնել մեր ընկերներին նրանց խորհուրդ տալով երբեք չմասնակցել այդպիսի զրույցների և հորդորել նրանց, որպես Եկեղեցու անդամների և Քրիստոսի հավատարիմ հետևորդների, միշտ ձգտել պաշտպանել ճշմարտությունը և արդարությունը, միշտ լինել օրինակ և գովել ուրիշներին (տես Հավատո հանգանակ 1.13):

Իսմայիլ Ս., 18, Սան Պաոլո, Բրազիլիա

Մտածեք այս բաների մասին

Բամբասելուց խուսափելու համար, մենք կարող ենք սերտել մի սուրբ գրություն ինչպես օրինակ Ղևտեցոց ԺԹ.18, որը սովորեցնում է մեզ սիրել մեր մերձավորներին ինչպես մեզ և արտասանենք մեր մտքում ամեն անգամ, երբ մոտ ենք բամբասանք սկսելուն: Մենք կարող ենք նաև անգիր սովորել մի երգ, ինչպես օրինակ «Կփորձեմ Հիսուսին նմանվել» (Children’s Songbook, 78–79) և երգել այն մեր մտքում: Մեկ ուրիշ գաղափար կարող է լինել երկու լավ բան ասել այդ մարդու մասին: Այդ ձևով դուք կմոռանաք նրա թերությունները և փոխարենը կնկատեք այդ մարդու լավ կողմերը:

Ռոդորա Մ., 19, Լուզոն, Ֆիլիպիններ

Փնտրեք բարին ուրիշների մեջ

Բամբասանքը հավանաբար դժվար է հաղթահարել: Բայց կարծում եմ, եթե դուք հիշեք սիրել ձեր մերձավորին, դուք գուցե երկու անգամ մտածեք նախքան հետագայում զղջալու պատճառ հանդիսացող դիտողություն անելը: Մենք այն մարդիկ չենք, ովքեր պետք է դատեն ուրիշներին: Կարծում եմ մարդկանց մեջ լավ բաներ փնտրելը կարող է ավելի օգնել, քան բացասական բաներ որոնելը:

Հեյլի Բ., 15, Յուտա, ԱՄՆ

Խիզախություն է պետք

Ոմանք ասում են, որ «մեր բերաններով մենք կառուցում ենք պատեր մեր և մեր սիրելիների միջև»: Հավատում եմ, որպեսզի դադարեցնենք այս, մեզ անհրաժեշտ է մեծ անձնական և հոգևոր խիզախություն: Եթե մենք իսկապես հասկանում ենք ավետարանը, մենք որպես Եկեղեցու անդամներ չպետք է բամբասենք, որովհետև Աստված սովորեցրել է մեզ բացել մեր բերանները ավետարանը հրապարակելու ողջ աշխարհին, ոչ թե քննադատելու կամ բամբասելու ուրիշների մասին:

Վանեսա Պ., 19, Թաիթի, Ֆրանսիական Պոլինեզիա

Աղոթեք առաջնորդության համար

Հիշեք, որ բամբասելը կարող է խորը, երկարատև ազդեցություն ունենալ ուրիշների վրա: Փորձեք և դրեք ձեզ նրանց տեղում և մտածեք, թե ինչ կզգայիք, եթե ուրիշները չարախոսեին ձեր մասին: Այս սովորույթը փոխելը ձեզ համար արդար ցանկություն է: Տերը կօրհնի ձեզ ուժով և սրտի փոփոխությամբ, երբ դուք աղոթքի միջոցով անկեղծորեն ձգտեք Նրա առաջնորդությանը:

Բրիթնի Հ., 12, Յուտա, ԱՄՆ