2008
Ուրախություն գտնենք ճանապարհին
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Ուրախություն գտնենք ճանապարհին

Եկեք սրտանց վայելենք կյանքը, որ ապրում ենք, ուրախություն գտնենք ճանապարհին և մեր սիրով կիսվենք ընկերների և ընտանիքի հետ:

Նկար
Thomas S. Monson

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես խոնարհ կանգնած եմ ձեր առաջ այս առավոտ: Ես խնդրում եմ ձեր հավատն ու աղոթքները ինձ համար, երբ խոսեմ այն ամենի մասին, ինչ եղել է իմ մտքում և զգացել եմ, որ պետք է դրանցով կիսվեմ ձեզ հետ:

Ես սկսում եմ, նշելով մեր երկրային կյանքում ամենաանխուսափելի բաներից մեկի մասին, որըփոփոխությունն է: Մենք բոլորս էլ լսել ենք ծանոթ ասույթը. «Ոչինչ այնքան հաստատուն չէ, որքան փոփոխությունը»:

Մեր կյանքում մենք գործ ենք ունենում փոփոխության հետ: Որոշ փոփոխություններ ողջունելի են, իսկ որոշներն էլ` ոչ: Մեր կյանքում լինում են հանկարծակի փոփոխություններ, ինչպիսիք են` սիրելիի կորուստը, չսպասված հիվանդությունը, մեզ համար թանկարժեք ունեցվածքի կորուստը: Սակայն փոփոխությունների մեծ մասը տեղի է ունենում դանդաղ ու աննկատ:

Այս համաժողովին լրանում է Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելու իմ 45 տարիները: Այն ժամանակ որպես Տասներկուսի երիտասարդ անդամ, ես նայում էի Տասներկուսի և Առաջին Նախագահության 14 բացառիկ տղամարդկանց, որոնք ինձանից մեծ էին: Մեկ առ մեկ այդ տղամարդկանցից յուրաքանչյուրը վերադարձավ տուն: Երբ ութ ամիս առաջ Նախագահ Հինքլին մահացավ, ես հասկացա, որ դարձել եմ ամենատարեց Առաքյալը: 45 տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք աճում էին, այժմ թվում են հիմնավոր:

Այս գալիք շաբաթ Քույր Մոնսոնը և ես կտոնենք մեր ամուսնության 60-րդ տարեդարձը: Ետ նայելով այն ժամանակին, երբ մենք նոր էինք սկսում համատեղ կյանքը, ես տեսնում եմ, թե որքան մեծ փոփոխություններ է կրել մեր կյանքն այն ժամանակից ի վեր: Մեր սիրելի ծնողները, որոնք կանգնած էին մեր կողքին, երբ մենք սկսում էինք մեր համատեղ ճամփորդությունը, մահացել են: Մեր երեք զավակները, որոնք տարիներ շարունակ լիարժեքորեն լցրել են մեր կյանքը, մեծացել են և իրենց ընտանիքներն ունեն: Մեր թոռներից շատերը մեծացել են, և մենք այժմ ունենք չորս ծոռ:

Օրեցօր, րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան, մենք եկել ենք այնտեղից որտեղ գտնվել ենք, այնտեղ` որտեղ գտնում ենք այժմ: Իհարկե, մեր բոլորի կյանքը անցնում է նմանատիպ փոփոխություններով: Իմ և ձեր կյանքի փոփոխությունների միջև տարբերությունը կայանում է լոկ մանրամասների մեջ: Ժամանակը երբեք կանգ չի առնում. այն պետք է հաստատուն առաջ գնա, իսկ առաջ գնալու հետ տեղի են ունենում փոփոխությունները:

Սա մեր մեկ և միակ հնարավորությունն է մահկանացու կյանքում` այստեղ և այժմ: Որքան երկար ենք մենք ապրում, այնքան ավելի շատ ենք գիտակցում, որ այն կարճ է: Հնարավորությունները գալիս են ու գնում: Ես հավատում եմ, որ մեծագույն դասերը, որոնցից սովորում ենք երկրի վրա այս կարճ ճամփորդության ժամանակ այն դասերն են, որոնք օգնում են մեզ տարբերել կարևորն անկարևորից: Ես աղաչում եմ` մի թողեք կարևոր բաներն անցնեն ձեր կողքով, երբ դուք ծրագրում եք անիրական և գոյություն չունեցող ապագայի համար, երբ դուք ժամանակ կունենաք անելու այն ամենը, ինչ ցանկանում եք: Փոխարենը, ուրախություն գտեք այդ ճամփորդության մեջ այժմ:

Ես, ինչպես կինս` Ֆրենսիսն է անվանում ինձ, «շոույի սիրահար» եմ: Ես լիովին վայելում եմ շատ մյուզիքլներ, և իմ սիրելի մյուզիքլներից մեկը ամերիկացի կոմպոզիտոր Մերիդիթ Վիլսոնի Երգի մարդը մյուզիքլն է: Հիմնական կերպարներից մեկը` Պրոֆեսոր Հարոլդ Հիլը, զգուշացնում է այն, ինչի մասին ուզում եմ կիսվել ձեզ հետ: Նա ասում է. «Դուք բավականաչափ վաղվա օրեր եք կուտակում, և դուք բազմաթիվ դատարկ երեկվա օրեր եք հավաքում»: 1

Իմ եղբայրներ և քույրեր, չկա հիշարժան վաղվա օր, եթե մենք ինչ-որ բան չենք անում այսօր:

Ես նախկինում կիսվել եմ ձեզ հետ այս փիլիսոփայության օրինակով: Ես հասկանում եմ, որ կրկնվում եմ: Տարիներ առաջ, Արթուր Գորդոնը գրել էր ազգային ամսագրում, և ես մեջբերում եմ.

«Երբ ես տասներեք տարեկան էի, իսկ եղբայրս` տաս, հայրս խոստացավ մեզ կրկես տանել: Սակայն ճաշի ժամին հեռախոսը զանգեց, որոշ անհապաղ գործեր պահանջում էին, որ նա լիներ քաղաքում: Մենք հուսահատվեցինք: Ապա լսեցինք ինչպես է նա [հեռախոսով] ասում. «Ոչ, չեմ կարող լինել այդտեղ: Դա պետք է սպասի»:

«Երբ նա վերադարձավ սեղանի մոտ, մայրս ժպտաց. «Գիտես, կրկեսը միշտ էլ վերադառնում է», – [ասաց նա:]

«Գիտեմ, – ասաց Հայրը, -բայց մանկությունը՝ ոչ»:2

Եթե դուք երեխաներ ունեք, որոնք մեծացել են և գնացել, հավանաբար, երբեմն ունեցել եք կորստի խայթոց և հասկացել եք, որ չեք գնահատել կյանքի այդ ժամանակահատվածն այնպես, ինչպես հարկն էր: Իհարկե, ետ չենք գնում, այլ միայն առաջ: Անցյալով ապրելու փոխարեն, մենք պետք է առավելագույնը քաղենք այսօրվանից` այստեղ և այժմ, կատարելով այն ամենը, ինչ կարող ենք, որպեսզի հաճելի հիշողություններ փոխանցենք ապագային:

Եթե դեռևս երեխաներ եք մեծացնում, իմացեք, որ փոքր մատնահետքերը, որ հայտնվում են գրեթե նոր մաքրված ամեն մակերեսին, ամբողջ տնով մեկ սփռված խաղալիքները, լվացքի կուտակումները, այդ ամենը շատ շուտով կանհետանա և, ի զարմանս ձեզ, դուք անչափ կկարոտեք դրանք:

Մեր կյանք ստթրեսները գալիս են` անկախ մեր հանգամանքներից: Մենք պետք է լավագույնս հաղթահարենք դրանք: Սակայն չպետք է թողնենք, որ դրանք կանգնեն այն ամենի ճանապարհին, ինչն ամենակարևորն է, իսկ ամենակարևորը գրեթե միշտ մեր շուրջը գտնվող մարդիկ են: Հաճախ մենք ենթադրում ենք, որ նրանք պետք է որ իմանան, թե որքան ենք սիրում նրանց: Սակայն պետք չէ երբեք ենթադրել, մենք պետք է ասենք նրանց: Վիլիամ Շեքսպիրն գրել է. «Նրանք չեն սիրում, եթե չեն ցույց տալիս իրենց սերը»:3 Մենք երբեք չենք զղջա բարի խոսքերի կամ արտահայտած հիացմունքի համար: Փոխարենը, մենք կզղջանք, եթե նման բաները բացակայեն մեզ համար ամենակարևոր մարդկանց հետ մեր հարաբերություններում:

Ուղարկեք այն երկտողը ընկերոջը, որին անտեսում եք, գրկեք ձեր երեխային, փարվեք ձեր ծնողին, ավելի շատ ասեք «Ես սիրում եմ քեզ», միշտ շնորհակալություն հայտնեք: Երբեք թույլ մի տվեք, որ այն խնդիրը, որը պետք է լուծվի, ավելի կարևոր դառնա, քան մարդը, որին պետք է սիրել:Ընկերները հեռանում են, երեխաները մեծանում են, սիրելիները մահանում են: Այնքան հեշտ է սովորական համարել մյուներին մինչև այն օրը, երբ նրանք հեռանում են մեր կյանքից, և մենք մնում ենք «ինչ կլիներ, եթե» կամ «եթե միայն» զգացումներով: Հերիեթ Բիչեր Սթովը ասել է. «Ամենադառը արցունքները թափվում են գերեզմաններին չասված խոսքերի և չավարտված գործերի համար»:4

1960-ականների Վիետնամական Պատերազմի ընթացքում Եկեղեցու անդամ, օդաչու Ջեյ Հեսի ինքնաթիռը խփվեց Հյուսիսային Վիետնամում: Նրա ընտանիքը երկու տարի շարունակ տեղյակ չէր նա կենդանի է, թե մահացած: Հանոյում նրան գերության մեջ պահողները, ի վերջո, թույլ տվեցին նրան գրել տուն, սակայն 25 բառով սահմանափակեցին նրա նամակը: Ի՞նչ կասեիք դուք և ես մեր ընտանիքներին, եթե նման իրավիճակում հայտնվեինք, երբ արդեն երկու տարի է ինչ չենք տեսել նրանց և չգիտենք երբևէ կրկին կտեսնենք նրանց, թե ոչ: Ցանկանալով այնպես գրել, որ իր ընտանիքն իմանա, որ դա իր կողմից է և նաև ցանկանալով նրանց արժեքավոր խորհուրդ տալ, Եղբայր Հեսը գրեց, ես մեջբերում եմ. «Հետևյալ բաները կարևոր են` տաճարային ամուսնություն, միսիա, քոլեջ: Առաջ գնացեք, նպատակներ դրեք, պատմություն գրեք, տարին երկու անգամ լուսանկարվեք»:5

Եկեք սրտանց վայելենք կյանքը, որ ապրում ենք, ուրախություն գտնենք ճանապարհին և մեր սիրով կիսվենք ընկերների և ընտանիքի հետ: Մեկ օր, ամենքիս մոտ էլ կավարտվեն վաղվա օրերը:

Նոր Կտակարանի Հովհաննեսի գրքում,13-րդ գլխի 34-րդ հատվածում Փրկիչը հորդորում է մեզ. «Ինչպես ես ձեզ սիրեցի, … որ դուք էլ իրար սիրեք»:

Ձեզանից ոմանց, միգուցե ծանոթ է Թորնթոն Վայլդերի դասական Մեր քաղաքը դրաման: Եթե ծանոթ եք այդ գործին, կհիշեք Գրովերս Քորներս քաղաքին, որտեղ տեղի է ունենում այդ պատմությունը: Այդ պիեսում Էմիլի Վեբը մահանում է ծննդաբերելիս, և մենք կարդում ենք նրա երիտասարդ ամուսնու, Ջորջի, միայնակ վշտի մասին, որը մնացել էր իրենց չորս տարեկան որդու հետ: Էմիլին չէր ցանկանում մնալ իր խաղաղ հանգրվանում, նա կրկին ցանկանում է ետ բերել իր կյանքի ուրախությունները: Նրան արտոնություն է շնորհվում երկիր վերադառնալու և վերապրելու իր 12-րդ տարեդարձը: Սկզբում, շատ հաճելի է կրկին երիտասարդ լինել, սակայն ոգևորությունն արագ անցնում է: Այդ օրը ոչ մի ուրախություն չի պարգևում, այժմ Էմիլին գիտի ինչ է իրեն սպասվում ապագայում: Անտանելի ցավ է գիտակցելը, թե որքան անտեղյակ էր նա կյանքի իմաստին և հրաշքին, մինչ ապրում էր: Նախքան իր հանգստավայրը վերադառնալը, Էմիլին ողբում է. «Արդյո՞ք մարդկային էակները երբևէ հասկանում են կյանքը, մինչ ապրում են, յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր րոպեն»:

Գիտակցումը, թե ինչն է ամենակարևորը կյանքում, զուգորդվում է մեր օրհնությունների համար երախտագիտությամբ:

Հանրաճանաչ գրողն ասել է. «Լիությունն ու [լիության] պակասը միաժամանակ առկա են մեր կյանքում, որպես զուգահեռ իրականություններ: Դա միշտ մեր գիտակից ընտրությունն է, թե որ գաղտնի պարտեզը մենք ուղղվենք, … երբ մենք չենք փորձում կենտրոնանալ մեր կյանքում գոյություն չունեցող բաների վրա, այլ երախտապարտ ենք առկա լիության համար` սեր, առողջություն, ընտանիք, ընկերներ, աշխատանք, բնության ուրախություններ և անձնական հետաքրքրություններ, դա մեզ երջանկություն է պարգևում, դատարկ պատրանքները անհետանում են, և մենք ունենում ենք դրախտ երկրի վրա»:6

Վարդապետություն և Ուխտերում, բաժին 88, հատված 33, մեզ ասում է. «Քանզի, ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը: Ահա, նա չի ուրախանում այն ամենով, ինչ տրված է իրեն, ոչ էլ ուրախանում է այդ պարգևը տվողով»:

Հնագույն հռոմեական փիլիսոփա Հորացիոսը հորդորել է. «Ձեր որ ժամն էլ որ Աստված օրհնել է, վերցրեք այն երախտապարտ ձեռքով, տարիներով մի հետաձգեք ձեր ուրախությունները, որպեսզի որտեղ էլ գտնվեք, կարողանաք ասել, որ դուք երջանիկ կյանք եք ապրել»:

Տարիներ առաջ ինձ վրա մեծ տպավորություն գործեց Բորղիլ Դալի պատմությունը: Նա ծնվել էր 1890թ. Մինեսոտայում նորվեգացի ծնողներից, և մանուկ հասակից տառապել էր սաստիկ թույլ տեսողությամբ: Նա անչափ շատ էր փափագում մասնակցել ամենօրյա կյանքին, չնայած իր տեսողական արատին, սակայն իր մեծ վճռականության շնորհիվ, նա հաջողությունների հասավ գրեթե իր բոլոր ձեռնարկումներում: Մանկավարժների խորհրդին հակառակ, որոնք գտնում էին, որ նրա տեսողական խնդիրն անչափ լուրջ է, նա գնաց քոլեջ, ստացավ իր բակալավրի կոչումը Մինեսոտայի Համալսարանից: Ավելի ուշ նա սովորեց Կոլումբիայի Համալսարանում և Օսլոյի Համալսարանում:

Ի վերջո, նա դարձավ ութ դպրոցների տնօրեն արևմտյան Մինեսոտայում և Հյուսիսային Դակոտայում: Նա այս խոսքերը գրել է իր հեղինակած 17 գրքերից մեկում. «Ես միայն մեկ աչք ունեի, և այն պատված էր խիտ սպիներով, և ստիպված էի նայել իմ ձախ աչքի մի փոքր անցքից: Ես կարողանում էի տեսնել գիրքը միայն այն շատ մոտ պահելով դեմքիս և լարելով իմ աչքը որքան հնարավոր է դեպի ձախ»:7

Հրաշքով, 1943 թվին, երբ նա 50-ն անց կին էր, մի առաջադիմական մեթոդ մշակվեց, որն ի վերջո վերականգնեց նրա տեսողության մեծ մասը, առանց որի նա ապրել էր այդքան երկար: Նոր և հիասքանչ աշխարհ բացվեց նրա առաջ: Նա մեծ հաճույք էր ստանում փոքր բաներից, որ մեզանից շատերը սովորական են համարում, ինչպես օրինակ, թռչնի թռիչքը դիտելը, լվացվող ապսեի պղպջակի վրա անդրադարձող լույսը նկատելը կամ ամեն գիշեր լուսնային փուլերը հետազոտելը: Նա իր գրքերից մեկն ավարտում է հետևյալ խոսքերով. «Սիրելի … Երկնային Հայր, Շնորհակալություն Քեզ: Շնորհակալություն Քեզ»:8

Բորղիլ Դալը իր տեսողությունը վերականգնվելուց և՛ առաջ և՛ հետո լի էր երախտագիտությամբ իր օրհնությունների համար:

92 տարեկան հասակում մահանալուց երկու տարի առաջ, 1982թ.նրա վերջին գիրքը հրատարակվեց, որի վերնագիրն էր` Իմ ողջ երջանիկ կյանքը: Նրա երախտապարտ մոտեցումը նրան հնարավորություն տվեց գնահատել իր օրհնությունները և լիարժեք ու հարուստ կյանքով ապրել, չնայած նրա ունեցած դժվարություններին:

Նոր Կտակարանում, Ա Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխում, 18-րդ հատվածում Պողոս Առաքյալը մեզ ասում է. «Ամեն բանի մեջ գոհացեք. որովհետև սա է Աստծո կամքը»:

Եկեք հիշենք 10 բորոտների պատմությունը.

«Եվ [Հիսուսը] մի գյուղ մտնելիս, տաս բորոտ մարդիկ պատահեցան նրան, որ հեռվանց կանգնեցին, և իրանց ձայնը բարձրացրին և ասեցին. Հիսուս` Վարդապետ, մեզ ողորմիր:

Եվ երբ որ տեսավ` ասեց նրանց. Գնացեք ձեր անձերը քահանաներին ցույց տվեք. և եղավ, որ նրանք գնալիս` սրբվեցան:

«Եվ նրանցից մեկը, երբ որ տեսավ թե բժշկվեցավ, ետ դառավ` բարձր ձայնով փառավորում էր Աստծուն:

«Եվ իր երեսի վրա ընկավ նրա ոտների առաջին, և գոհանում էր նրանից. և ինքը Սամարացի էր:

«Հիսուսն էլ պատասխանեց և ասեց. Չէ՞ որ տասն էլ սրբվեցան. ապա այն ինը ո՞ւր են:

«Ետ դառնողները չգտնվեցան, որ Աստծուն փառք տան, բացի այս այլազգին»:9

Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերն ասել է. «Ոչնչով մարդը չի վիրավորում Աստծուն կամ ոչ ոքի հանդեպ նրա ցասումը չի բռնկվում, բացի նրանից, ովքեր չեն խոստովանում նրա ձեռքը բոլոր բաներում»:10 Թող որ մենք լինենք նրանց շարքում, ովքեր գոհություն են հայտնում մեր Երկնային Հորը: Եթե դժգոհությունը համարվում է լուրջ մեղքերի թվում, ապա երախտագիտությունը իր տեղն է գրավում ազնվագույն արժանիքների մեջ:

Անկախ մեր կյանք եկող փոփոխություններից, և երախտագիտությունը մեր սրտում, թող որ մենք որքան հնարավոր է լցնենք մեր օրերը այն ամենով, ինչը ամենակարևորն է: Թող որ մենք փայփայենք նրանց, ովքեր թանկ են մեզ համար, և նրանց հանդեպ մեր սերն արտահայտենք խոսքով ու գործով:

Ավարտելով իմ խոսքը, ես թախանձում եմ, որ մենք բոլորս երախտագիտություն արտացոլենք մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի հանդեպ: Նրա փառահեղ ավետարանը պատասխանում է կյանքի մեծագույն հարցերին. Որտեղի՞ց ենք մենք գալիս: Ինչո՞ւ ենք մենք այստեղ: Որտե՞ղ է իմ հոգին գնալու, երբ մահանամ:

Նա սովորեցրեց մեզ ինչպես աղոթել: Նա սովորեցրեց մեզ ինչպես ծառայել: Նա սովորեցրեց մեզ ինչպես ապրել: Նրա կյանքը սիրո ժառանգություն է: Հիվանդին Նա բժշկեց, ընկածին Նա բարձրացրեց, մեղավորին Նա փրկեց:

Ժամանակը եկավ, երբ Նա միայնակ մնաց: Որոշ Առաքյալներ կասկածեցին, մեկը դավաճանեց Նրան: Հռոմեացի զինվորները խոցեցին Նրա կողը: Կատաղի ամբոխը վերցրեց Նրա կյանքը: Դեռևս Գողգոթայի բլրից Նրա կարեկցանքով լի խոսքերն են զրնգում. «Հայր, ներիր դորանց, որովհետև չգիտեն ինչ են անում»:11

Ավելի վաղ, հավանաբար գիտակցելով Իր երկրային առաքելության գագաթնակետը, Նա տխուր ասաց. «Աղվեսները որջեր ունին, և երկնքի թռչունները` բույներ. բայց մարդի Որդին տեղ չունի որ իր գլուխը դնի»:12 «Հյուրանոցում տեղ չկա»13` միակ մերժող արտահայտությունը չէր, այլ առաջինը: Սակայն Նա հրավիրում է ձեզ և ինձ ընդունել Իրեն: «Ահա ես դռան առաջին կանգնած եմ, և թակում եմ. եթե մեկը լսե իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա ինձ հետ»:14

Ո՞վ էր վշտին տեղյակ տառապանքների Մարդը: Ո՞վ է փառքի Թագավորը, բազմությունների այս Տերը: Նա մեր Տերն է: Նա մեր Փրկիչն է: Նա Աստծո Որդին է: Նա է մեր Փրկության Հեղինակը: Նա կանչում է. «Իմ ետևից եկ»:15 Նա հրահանգում է. «Գնա դու էլ այնպես արա»:16 Նա աղերսում է. «Պահիր իմ պատվիրանները»:17

Եկեք հետևենք Նրան: Եկեք ընդունենքՆրա օրինակը: Եկեք հնազանդվենք Նրա խոսքին: Այդպես, մենք Նրան ենք տալիս երախտագիտության աստվածային պարգևը:

Եղբայրներ և քույրեր, իմ անկեղծ աղոթքն է, որ մենք հարմարվենք մեր կյանքի փոփոխություններին, որ մենք գիտակցենք, թե ինչն է ամենակարևորը, որ մենք միշտ մեր երախտագիտությունը հայտնենք, և ուրախություն գտնենք այդ ճամփորդության մեջ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Meredith Willson and Franklin Lacey, The Music Man (1957).

  2. Arthur Gordon, A Touch of Wonder (1974), 77–78.

  3. William Shakespeare, Two Gentlemen of Verona, act 1, scene 2, line 31.

  4. Harriet Beecher Stowe, in Gorton Carruth and Eugene Erlich, comp., The Harper Book of American Quotations (1988), 173.

  5. Անձնական նամակագրությունից:

  6. Sarah Ban Breathnach, in John Cook, comp., The Book of Positive Quotations, 2nd ed. (2007), 342.

  7. Borghild Dahl, I Wanted to See (1944), 1.

  8. I Wanted to See, 210.

  9. Ղուկաս ԺԷ.12-18:

  10. ՎևՈւ 59.21:

  11. Ղուկաս ԻԳ.34:

  12. Մատթեոս Ը.20:

  13. Տես Ղուկաս Բ.7:

  14. Հայտնություն Գ.20:

  15. Մարկոս Բ.14:

  16. Ղուկաս Ժ.37:

  17. ՎևՈւ 11.6: