2008
«Ուրեմն գնացեք»
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


«Ուրեմն գնացեք»

Մենք բոլորս էլ կարող ենք մասնակցել միսիոներական աշխատանքին: Սա Տիրոջ աշխատանքն է, և Նա կօգնի մեզ կատարել այն:

Նկար
Silvia H. Allred

Տերն ուսուցանել է, որ «եթե մարդը ջրից և հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:1 Հետևաբար, մկրտությունը կարևոր է մեր փրկության համար:

Հարություն առած Փրկիչը երկինք համբարձվելուց առաջ հրահանգեց Իր աշակերտներին. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նորանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը … նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի` պահեն»:2

Վերականգնման ժամանակ, Նա կրկնեց Իր պատվիրանը. «Ուստի, դուք կանչված եք ապաշխարություն աղաղակելու այս ժողովրդին»:3

Տիրոջ Եկեղեցին պատասխանատվություն ունի քարոզելու ավետարանն աշխարհին: Սա է միսիոներական աշխատանքի հիմքը, և մեր միսիոներների պարտականությունն է` «հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը, օգնելով նրանց ստանալ վերականգնված ավետարանը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ համբերելու միջոցով»:4

Ես կուզենայի խոսել և վկայել նորադարձների, ապագա սերունդների և միսիոներների կյանքի վրա միսիոներական աշխատանքի նշանակալի ազդեցության և օրհնությունների մասին, և թե ինչպես կարող ենք մենք մասնակցել միսիոներական աշխատանքին:

Երբ ես 14 տարեկան էի, մի օգոստոսյան գեղեցիկ առավոտ Երեց Փրինան և Երեց Փերքինսը թակեցին մեր դուռը: Նրանք սկսեցին ուսուցանել մեր ընտանիքին Աստծո ճշմարիտ էության մասին: Հաջորդ այցելությունների ժամանակ նրանք ուսուցանեցին մեզ` ինչպես պետք է աղոթել: Նրանք նաև ուսուցանեցին մեզ Վերականգնման և փրկության ծրագրի մասին: Երրորդ թե չորրորդ այցելությունից հետո, իմ ընտանիքի մեծ մասն այլևս չցանկացավ լսել միսիոներներին, բացի 17-ամյա քրոջիցս` Դինայից և ինձանից: Մենք երկուսս էլ զգացինք Սուրբ Հոգու վկայությունը մեր սրտում և հոգևոր հաստատում ստացանք, որ ուղերձը ճշմարիտ է:

Մենք գնեցինք Մորմոնի Գրքի օրինակը և սկսեցինք կարդալ այն: Ամեն օր, դպրոցից հետո, մենք շտապում էինք տուն` գիրքն առաջինը վերցնելու համար: Մինչ նա, ով առաջինն էր տուն հասել, կարդում էր այն, մյուսն անհամբեր սպասում էր մինչև ճաշի ժամը, շտապ ճաշում էր, քանի որ իր կարդալու հերթն էր մինչև քնելը: Դա ոգևորիչ ժամանակ էր: Մենք սկսեցինք հաճախել եկեղեցի և շուտով խնդրեցինք, որ մկրտվենք: Մեր հայրը պատրաստակամորեն տվեց իր թույլատվությունը, սակայն մայրս տատանվում էր, և մեկ ամիս պահանջվեց համոզելու նրան, որ ստորագրի թույլտվության թուղթը: Մեր մկրտության օրը նա և մեր մյուս քույրերն ու եղբայրներն առաջին անգամ եկան եկեղեցի: Նա զգաց Հոգին: Մեր վկայությունները լսելուց հետո նա մոտեցավ միսիոներներին և խնդրեց նրանց` ուսուցանել իրեն: Մի քանի շաբաթ անց, Մայրը և մեր փոքր քույրն ու եղբայրները մկրտվեցին: Իմ կյանքը հավերժ փոխվեց և Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձավ ազդեցիկ ուժ իմ կյանքում:

Խոսքերը չեն կարող ներկայացնել խորը երախտագիտությունը Տիրոջ և մեր տուն ուղարկած Նրա միսիոներների հանդեպ: Տերն օրհնել էր ինձ վերականգնված ավետարանի գիտելիքով, և ես զգում էի այդ գիտելիքով մյուսների հետ կիսվելու հրատապությունը: Ես ցանկանում էի միսիոներ լինել:

Ամիսների ընթացքում, ես և քույրս, Դինան, կանչվեցինք որպես տեղական միսիոներներ Սան Սալվադորում: Այդ կոչումը մեզ հնարավորություն տվեց գնալ դռնից-դուռ, կիսվել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ավետիսով և շատ մարդկանց բերել դեպի մկրտության ջրերը: Իր ժամանակին մենք երկուսս էլ լիաժամկետ միսիա ծառայեցինք Կենտրոնական Ամերիկայի Միսիայում:

Իմ միսիան մեծ աղդեցություն ունեցավ իմ կյանքում: Ես սովորեցի ավելի շատ ապավինել Տիրոջը, փնտրել Հոգու առաջնորդությունը և անսահման սեր զգալ Աստծո զավակների հանդեպ: Սուրբ գրությունների իմ գիտելիքն ու վարդապետությունների իմ հասկացողությունն աճեց: Ինչպես նաև մեծացավ հնազանդ լինելու և ճշգրտորեն պատվիրանները պահելու ցանկությունս: Փրկչի և Նրա անսահման Քավության մասին վկայությունն ամրապնդվեց: Իմ միսիոներական փորձառությունը դարձավ իմ էության մասը: Միսիոներական աշխատանքը դարձավ տենչանքը: Այն ազդեց իմ և իմ ընտանիքի կյանքի վրա առավել, քան որևէ ուրիշ բան:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալ խոսքերով է նկարագրել միսիայի ազդեցությունն իր կյանքի վրա. «47 տարի անց իմ միսիան ինձ համար ամեն ինչ է: Հնարավոր է այս 47 տարիների ընթացքում մի օր է եղել, որ չեմ մտածել իմ միսիայի մասին. չգիտեմ, թե որ օրն է դա եղել»:5

Մի քանի տարի առաջ, իմ թոռ Քրիսչանի ութ տարին էր լրանում, և նա մեծ ակնկալիքով էր ծրագրում իր մկրտության ծառայությունը: Նա հարցրել էր իր մորը, թե կարող եմ արդյոք ես ելույթ ունենալ այդ օրը և կիսվել իմ դարձի գալու պատմությամբ: Երբ ես հարցրեցի, թե ինչու է ցանկանում, որ ես խոսեմ, նա պատասխանեց. «Տատի՛կ, դա այնքան կարևոր է: Դու հասկանո՞ւմ ես, որ եթե դու չընդունեիր ավետարանը, ես չէի մկրտվի: Ես նույնիսկ չէի լինի այն, ինչ կամ»:

Չգիտեմ արդյո՞ք միսիոներները գիտակցում են իրենց աշխատանքի հեռու գնացող ազդեցությունը: Իմ ընտանիքում մինչ այժմ ավետարանի օրհնություններն ազդել են չորս սերունդների վրա: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասում էր, որ «երբ մենք փրկում ենք աղջկան, մենք փրկում ենք սերունդներ»:6 Ես ամուսնացել եմ տաճարում և ունեցել եմ ութ զավակ: Նրանք բոլորն էլ Եկեղեցու հավատարիմ անդամներ են, տաճարում օժտում ստացած: Նրանցից վեցն այժմ ամուսնացած են և ունեն իրենց երեխաները: Այժմ մենք 34 հոգի ենք: Եվ դա դեռ ամբողջը չէ: Ամուսինս և ես ծառայել ենք միսիայում, մեր երկու որդիներն ու վեց դուստրերը նույնպես միսիա են ծառայել: Ընդհանուր առմամբ, մենք օգնել ենք շատ երկրների հարյուրավոր մարդկանց ընդունել ավետարանը: Այդ նորադարձներից և նրանց երեխաներից շատերը նույնպես միսիաներ են ծառայել:

Միսիոներական աշխատանքը Եկեղեցու կենարար արյունն է: Դրանից ավելի մեծ և ավելի կարևոր աշխատանք չկա: Այն օրհնում է բոլոր նրանց կյանքը, ովքեր մասնակցում են դրան: Այն կշարունակի օրհնել ապագա սերունդներին:

Դուք հնարավոր է հարցնեք ինքներդ ձեզ` ինչպե՞ս կարող եմ ես աջակցել միսիոներական աշխատանքին: Ինչպե՞ս կարող եմ ես դրա մասնակիցը դառնալ: Երկու հիմնարար ճշմարտություն կա, որ պետք է պահել մտքում, երբ սկսում եք այդ աշխատանքը: Նախ, հստակ գիտակցեք, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և ցանկանում է, որ նրանք փրկվեն: Վարդապետություն և Ուխտեր 18.13-ում կարդում ենք. «Եվ որքան մեծ է նրա ուրախությունն այն հոգու համար, որն ապաշխարում է»: Երկրորդ, Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին մեր ուղերձն ամենակարևոր նվերն է, որ դուք պետք է տաք:

Ինչպես ներկայացված է «Քարոզիր իմ ավետարանը» ուղեցույցում, միսիոներական աշխատանքը բաղկացած է չորս մասից` գտնել ունկնդիր, ուսուցանել և մկրտել, ընկերակցել նոր անդամներին և ուսուցանել ոչ ակտիվ անդամներին:7 Եկեղեցու յուրաքանչյուր անդամ` լինի երեխա, երիտասարդ թե մեծահասակ, կարող է աջակցել այդ ամբողջ աշխատանքին կամ դրա ցանկացած փուլին:

Սկսեք լավ հարևան և ընկեր լինելով: Արդարակեցության և բարության օրինակ եղեք: Թող ձեր ժպիտը սեր, խաղաղություն և երջանկություն ճառագի: Ավետարանակենտրոն կյանքով ապրեք:

Այնուհետև, ավելի որոշակիացրեք ձեր միսիոներական ջանքերը: Թույլ տվեք մի քանի միտք առաջարկել: Հնարավոր է դրանցից երկուսը կամ երեքը օգտակար լինեն ձեզ համար.

  • Եթե տանը երեխաներ ունեք, օգնեք նրանց պատրաստվել միսիոներական ծառայությանը:

  • Ինքներդ պատրաստվեք միսիոներական ծառայությանը:

  • Հրավիրեք որևէ ընտանիքի և ընկերների լսել միսիոներներին կամ հաճախել մեր եկեղեցու ժողովներին և միջոցառումներին:

  • Միսիոներներին ընկերակցեք ունկնդիրների տուն այցելելիս կամ միսիոներներին հրավիրեք ուսուցանելու ոչ անդամներին ձեր տանը:

  • Մարդկանց հրավիրեք ձեր տուն` ընտանեկան երեկոյի:

  • Մարդկանց հրավիրեք ընտանեկան պատմության կենտրոն կամ օգնեք նրանց կատարել ընտանիքի պատմության հետազոտություն:

  • Միսիոներներին անուններ տրամադրեք: Անդամները կարող են անուններ տրամադրելու մեծագույն և լավագույն միջոցը լինել:

  • Ձեր համոզմունքներով և վկայությամբ կիսվեք ոչ անդամ ընկերների և ընտանիքի հետ:

  • Հնարավորություններ փնտրեք օգնելու մյուսներին:

  • Ընկերություն արեք ունկնդիրների և նորադարձների հետ:

  • Ձեր լավագույն ջանքերը ներդրեք գտնելու նրանց, ովքեր ճշմարտություն են փնտրում:

  • Եթե ունեք ընտանիքի անդամներ կամ ընկերներ միսիայում, նրանց սիրո և քաջալերանքի նամակներ ուղարկեք և աղոթեք նրանց համար:

Դուք ձեր աշխատանքի պտուղների ուրախությունը կքաղեք: Միսիոներական աշխատանքի հանդեպ ավելի մեծ խանդավառությունը կամրապնդի ձեր ողջ ծուխը կամ ճյուղը: Ամբողջ Եկեղեցին կզգա ձեր աշխատանքի ազդեցությունը:

Երբ մեր դուստրը` Մարջին, երկրորդ դասարանում էր սովորում, նա իր լավագույն ընկերուհուն հրավիրեց Երեխաների Միություն: Նրանք երկուսն էլ հանձնարարված մասեր ունեին հաղորդության ժողովի ելույթի համար: Նրա ընկերուհու հայրը նախկինում մերժել էր միսիոներներին, իսկ երբ Մարջին գնաց նրանց տուն Եկեղեցու մի քանի բրոշյուրներով, նա ուշադիր լսեց նրա պարզ բացատրությունները և Ջոզեֆ Սմիթի և Առաջին Տեսիլքի մասին նրա վկայությունը: Նա ոչ միայն թույլ տվեց,որ իր դուստրը շարունակի հաճախել Երեխաների Միություն, այլև նրան թույլատրեց մասնակցել միսիոներների դասերին և մկրտվել: Նա և կինը ներկա գտնվեցին մկրտության ծառայությանը:

Մենք բոլորս էլ կարող ենք մասնակցել միսիոներական աշխատանքին: Սա Տիրոջ աշխատանքն է, և Նա կօգնի մեզ կատարել այն: Նրա ավետարանը պետք է գնա բոլոր ազգերին, և մենք կարող ենք գործիքներ լինել Նրա ձեռքում` օրհնելու մյուսների կյանքը` կիսվելով Նրա ճշմարտությամբ: Այդ գործում մենք մեծապես կօրհնվենք:

Մենք սիրող Երկնային Հոր զավակներն ենք: Նա ուղարկել է Իր Որդուն բացելու ճանապարհը, որպեսզի մենք կարողանանք հավերժ ապրել Նրա հետ: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Հովհաննես Գ.5

  2. Մատթեոս ԻԸ.19–20

  3. ՎևՈւ 18.14

  4. Քարոզիր իմ ավետարանը (2004), 1:

  5. Jeffrey R. Holland, “The Atonement” (seminar for new mission presidents, June 26, 2007), 1:

  6. Gordon B. Hinckley, “Our Responsibility to Our Young Women,” Ensign, Sept. 1988, 10:

  7. Տես Քարոզիր իմ ավետարանը, 219: