2008
Դուք բավականաչափ գիտեք
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Դուք բավականաչափ գիտեք

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ մենք լույսի և ճշմարտության ահռելի հոգևոր պահեստարաններ ունենք: … Մեր դժվարության օրերին մենք ընտրում ենք հավատքի ուղին:

Նկար
Elder Neil L. Andersen

Ես ձեզ հետ միասին ուրախանում եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ: Երբ Նախագահ Մոնսոնը կիսվեց հինգ տաճարների հիանալի նորությամբ, ես մտածեցի, թե ինչպես ենք մենք աշխարհով մեկ, ամեն մայրցամաքին, խոշոր քաղաքներում և փոքր գյուղերում, մհավատացյալների մի մեծ ընտանիք կազմում: Միասին մենք սկսել ենք մեր երթը դեպի հավերժական կյանք: Սա ճանապարհորդությունների ճանապարհորդությունն է: Մենք առաջ ենք մղվում, մեզ վրա վերցնելով «Քրիստոսի անունը, վճռականություն ունենալով ծառայելու նրան մինչև վերջ»:1

Թեև հոգևոր զորությամբ և հաստատումով շատ փորձառություններ կան, որ նման են այսօրվա մեր փորձառությանը, կան նաև օրեր, երբ մենք մեզ անհամապատասխան և անպատրաստ ենք զգում, երբ կասկածն ու շփոթմունքը մտնում են մեր հոգիները, երբ մենք դժվարությամբ ենք գտնում մեր հոգևոր հետքերը: Որպես Քրիստոսի աշակերտներ մեր հաղթանակի մասը կայանում է նրանում, թե ինչ ենք մենք անում, երբ այդ զգացմունքները վրա են հասնում:

Մոտ 40 տարի առաջ, ես խորհում էի միսիայի մասին, և ինձ շատ անհամապատասխան և անպատրաստ էի զգում: Ես հիշում եմ, ինչպես էի աղոթում. «Երկնային Հայր, ինչպե՞ս ես կարող եմ ծառայել միսիայում, երբ այսքան քիչ գիտեմ»: Ես հավատում էի Եկեղեցուն, սակայն զգում էի, որ իմ հոգևոր գիտելիքը շատ սահմանափակ էր: Երբ աղոթում էի, մի զգացում ունեցա. «Դու ամեն ինչ չգիտես, սակայն բավականաչափ գիտես»: Այս հավաստիացումը ինձ խիզախություն պարգևեց, որպեսզի կատարեի հաջորդ քայլը՝ դեպի միսիայի դաշտ:

Մեր հոգևոր ճանապարհորդությունը ողջ կյանքի ընթացք է: Մենք չգիտենք ամեն ինչ ամենասկզբից կամ անգամ ճանապարհի ընթացքում: Մեր դարձը տեղի է ունենում քայլ առ քայլ, տող առ տող: Մենք սկզբում կառուցում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի հիմքը: Մենք փայփայում ենք ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի սկզբունքները և արարողությունները: Մենք որդեգրում ենք աղոթելու, հնազանդ լինելու պատրաստակամություն և անընդմեջ Մորմոնի Գրքի վկան լինելու մշտական վճռականությունը: (Մորմոնի Գիրքը հոգևոր հզոր սնուցում է:)

Այդ ժամանակ մենք կայուն ենք մնում և համբերատար, անցնելով մահկանացու մեր ճանապարհը: Երբեմն, Տիրոջ պատասխանը կլինի. «Դու չգիտես ամեն ինչ, սակայն գիտես բավական»: Բավական, որպեսզի պահես պատվիրանները և անես ճիշտը: Հիշեք Նեփիի խոսքերը. «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. Սակայն ես չգիտեմ բոլոր բաները»: 2

Մեկ անգամ ես այցելեցի մի միսիա հարավային Եվրոպայում: Ես ժամանեցի այն օրը, երբ մի նոր միսիոներ պատրաստվում էր վերադառնալ տուն իր իսկ խնդրանքով: Նա ձեռքին ուներ հաջորդ օրը մեկնելու իր տոմսը:

Մենք միասին նստեցինք միսիայի նախագահի տանը: Միսիոներն ինձ պատմեց իր դժվար մանկության, անկանոն սովորելու և մեկ ընտանիքից մյուսը տեղափոխվելու մասին: Նա անկեղծորեն պատմում էր նոր լեզու սովորելու իր անընդունակության մասին: Ապա նա ավելացրեց. «Եղբայր Անդերսեն, ես անգամ չգիտեմ, թե արդյոք Աստված սիրում է ինձ»: Երբ նա ասաց այդ խոսքերը, ես հաստատուն և ուժեղ զգացում ունեցա իմ հոգում. «Նա գիտի, որ ես սիրում եմ իրեն: Նա գիտի դա»:

Ես թույլ տվեցի, որ նա շարունակեր մի քանի րոպե ևս, ապա ասացի. «Երեց, ես հասկանում եմ այն, ինչի մասին դու խոսեցիր, սակայն պետք է ուղղեմ մի բան. Դու գիտես, որ Աստված սիրում է քեզ: Դու գիտես դա»:

Երբ ես ասացի այս խոսքերը, նույն Հոգին, որը խոսեց ինձ հետ, խոսեց նրա հետ: Նա կախեց գլուխը և սկսեց լաց լինել: « Եղբայր Անդերսեն, – ասաց նա, – Ես գիտեմ, որ Աստված սիրում է ինձ, ես գիտեմ դա»: Նա ամեն ինչ չգիտեր, սակայն գիտեր բավական: Նա գիտեր, որ Աստված սիրում էր իրեն: Հոգևոր գիտելիքի այդ անգին հատվածը բավական էր, որ իր կասկածները վերածվեին հավատքի: Նա ուժ գտավ մնալու միսիայում:

Եղբայրներ և քույրեր, մենք բոլորս հոգևոր զորության, ոգեշնչման և հայտնության պահեր ենք ունենում: Մենք պետք է դրանք խորը պահենք մեր հոգիների խորքում: Այդպես մենք մեր հոգևոր տունը պատրաստում ենք անձնական դժվարության պահերի համար: Հիսուսն ասել է, որ նստացնեք դա ձեր սրտերում, որ անեք այն բաները, որը Նա պետք է սովորեցնի և պատվիրի ձեզ: 3

Մի քանի տարի առաջ իմ ընկերոջ երիտասարդ դուստրը զոհվեց դժբախտ պատահարի արդյունքում: Հույսերն ու երազանքները փշրվեցին: Ընկերս անտանելի վիշտ էր կրում: Նա սկսեց կասկածի տակ դնել այն, ինչին հավատում էր: Իմ ընկերոջ մայրը ինձ նամակ գրեց և խնդրեց նրան օրհնություն տալ: Երբ ես ձեռքերս դրեցի նրա գլխին: Ինձ մոտ առաջացած զգացումը հետևյալն էր. Հավատքը միայն զգացում չէ, այն որոշում է: Նա պետք է ընտրեր հավատքը:

Իմ ընկերը ամեն ինչ չգիտեր, սակայն նա գիտեր բավական: Նա ընտրեց հավատքի ու հնազանդության ուղին: Նա ծնկի իջավ: Նրա հոգևոր հավասարակշռությունը վերականգնվեց:

Այդ ժամանակից անցել է մի քանի տարի: Վերջերս ես նամակ ստացա նրա որդուց, որն այժմ միսիայում է ծառայում: Այն լի էր համոզմունքով և վկայությամբ: Երբ ես կարդում էի նրա սքանչելի նամակը, տեսնում էի, թե ինչպես շատ դժվար պահին հավատքով կատարած հոր ընտրությունը խորապես օրհնել է հաջորդ սերնդին:

Խնդիրները, դժվարությունները, հարցերը, կասկածները՝ սրանք մեր մահկանացու կյանքի մասերն են: Սակայն մենք մենակ չենք: Որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ մենք լույսի և ճշմարտության ահռելի հոգևոր պահեստարաններ ունենք: Վախն ու հավատքը չեն կարող համագոյատևել մեր սրտերում միևնույն ժամանակ: Հիսուսն ասել է. «Մի վախենար, բայց միայն հավատա»:4

Տարիների ընթացքում մենք կրկին ու կրկին կատարում ենք այս կարևոր հոգևոր քայլերը: Մենք սկսում ենք տեսնել, որ «նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»:5 Մեր հարցերն ու կասկածները փարատվում են, կամ ավելի քիչ են մտահոգում մեզ: Մեր հավատքը դառնում է պարզ և մաքուր: Մենք իմանում ենք այն, ինչ արդեն գիտենք:

Հիսուսն ասել է. «Եթե … չլինիք երեխաների նման, չեք մտնիլ երկնքի արքայությունը»:6

Հեդլի Փիվն այժմ յոթ տարեկան է: Հեդլին ծնվել է շատ լուրջ լսողական թերությունով, որը պահանջում է լուրջ վիրահատություն լսողությունը միայն մասամբ վերադարձնելու համար: Նրա ծնողներն առանց հոգնելու շարունակում էին սովորեցնել նրան խոսել: Հեդլին ու նրա ընտանիքը աշխատում էին ոգևորությամբ հարմարվել խլության նրա խնդրին:

Մի անգամ, երբ Հեդլին չորս տարեկան էր, նա իր մոր հետ կանգնած էր մթերային խանութի հերթում: Նա ետ նայեց և տեսավ մի փոքր տղայի, որ նստած էր հաշմանդամի սայլակի վրա: Նա նկատեց, որ տղան ոտքեր չուներ:

Թեև Հեդլին սովորում էր խոսել, նա դժվարությամբ էր տիրապետում իր ձայնի բարձրությանը: Բարձր ձայնով նա հարցրեց մորը, թե ինչու փոքր տղան ոտքեր չունի:

Նրա մայրը հանգիստ և պարզ բացատրեց Հեդլիին, որ «Երկնային Հայրը Իր բոլոր զավակներին տարբեր է ստեղծում»: «Լավ», – պատասխանեց Հեդլին:

Ապա անսպասելիորեն Հեդլին շրջվեց դեպի փոքր տղան ու ասաց. «Դու գիտե՞ս, որ երբ Երկնային Հայրը ինձ ստեղծեց, իմ ականջները չէին աշխատում: Դա ինձ առանձնահատուկ է դարձնում: Նա քեզ առանց ոտքերի է ստեղծել, և դա քեզ առանձնահատուկ է դարձնում: Երբ Հիսուսը գա, ես կկարողանամ լսել, իսկ դուք ոտքեր կունենաս: Հիսուսն ամեն ինչ լավ կդարձնի»:

«Եթե … չլինիք երեխաների նման, չեք մտնիլ երկնքի արքայությունը»:7

Հեդլին բավականաչափ գիտեր:

Հիսուսը Քրիստոսն է: Նա հարություն է առել: Նա մեր Փրկիչն ու Քավիչն է: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Նրա քահանայությունը վերականգնվեց երկրի վրա , և Նրա մարգարեն այսօր Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն է: Ես սա վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղյուրներ

  1. Մորոնի 6.3

  2. 1 Նեփի 11.17

  3. Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն: Ղուկաս 14.28:

  4. Մարկոս Ե.36

  5. ՎևՈւ 50.24

  6. Մատթեոս ԺԸ.3