2011
Իմ խաչկարով պոնիները
Ապրիլ 2011


Իմ խաչկարով պոնիները

Սանդրա Ջենինգս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ

Ես ունեմ խաչկարով ասեղնագործած երկու պոնիների նկար, որի վրա աշխատել եմ մոտ մեկ տարի: Այն գրեթե ավարտել էի, երբ հասկացա, որ պոնիներից մեկի գույնը սխալ էի ընտրել: Քանի որ ձիու մաշկը կարող էր այդ գույն լինել, ես չէի նկատել իմ սխալը, մինչև որ տեսա՝ կտավի վրա պոնիի գույնը չէր համընկնում իր կողքի գույների հետ:

Ես հուսահատված էի: Այդ ամբողջ ժամանակը ես ծախսել էի, աշխատելով նկարի վրա, և սխալ գույնով արված խաչկարերը հանելը շատ ընկճող էր: Արցունքն աչքերիս ես նկարը գցեցի աղբամանը:

Ես նստեցի սեղանի առաջ, որտեղ պահում էի իմ կարելու պարագաները, տխրելով իմ կորցրած գեղեցիկ պոնիի նկարի համար և փորձելով անցնել մյուս գործերին: Սակայն չկարողացա աշխատել, ես պարզապես չկարողացա հրաժարվել մի գործից, որի վրա այդքան տքնաջան աշխատել էի: Ես բացեցի աղբամանը և հանեցի պոնիով կտավը: Ես սխալ գույնի թելի մի հանգույց գտա և զգուշորեն այն կտրեցի, ապա նկարը շրջելով ես սկսեցի դուրս քաշել թելը:

Երբեմն թելը հանելը արագ էր ստացվում, երբեմն էլ այն գտնելը այդքան էլ հեշտ չէր: Ես վստահ չէի, թե ինչպես պետք է քանդեմ իմ արած կարերը: Երբեմն ստիպված էի լինում ամեն անգամ մեկ կար կտրել: Որդիս տեսնելով դա ապշեց, որ այդքան շատ աշխատանք եմ կատարում իմ սխալը ուղղելու համար: Վերջիվերջո, դա միայն խաչկարով նկար էր:

Կարերը հանելիս ես սկեցի մտածել ապաշխարության մասին, և թե որքան դժվար էր ուղղել իմ կատարած սխալները: Իսկական ապաշխարությունը պահանջում է ուժգին ցանկություն, աշխատանք և տառապանք, սակայն դրա համար արժե ջանք գործադրել:

Երբ արդեն վերականգնում էի պոնին, ինձ հիշեցվեց, որ ապաշխարությունը թույլ է տալիս, որ Հիսուսի Քավությունը հեռացնի մեղքի բիծը իմ կյանքից և օգնի ինձ վերստին սկսել: Իմ տան պատից կախված իմ «ապաշխարության պոնիները» մեղմ, սակայն կենդանի հիշեցում են, որ պետք է ճիշտ գործեմ, անհաջողություն կրելիս երբեք անձնատուր չլինեմ, և հիշեմ, որ ապաշխարության միջոցով Քավությունը կվերականգնի տարբերությունը: