2011
Ուխտը հավերժական է
Ապրիլ 2011


Ուխտը հավերժական է

Երբ հարցը վերաբերում է որոշումներին, որ ես կայացրել եմ որպես սիրելի Երկնային Հոր հետ ուխտի մաս, կարևոր չէ, թե ինչ է ասում աշխարհը:

Երբ ես դեռահաս էի, մեր Երիտասարդ Կանանց նախագահը յուրաքանչյուր երիտասարդ կնոջ տվեց մի նվեր՝ տաճարի նկարը: Նա մեզ հետ խոսեց ուխտերի և մաքուր կյանքով ապրելու մասին: Այնուհետև նա խրախուսեց մեզ նպատակ դնել՝ մեկ օր տաճար գնալու համար:

Ես սրտանց ընդունեցի այդ քրոջ խորհուրդը և որոշեցի պատրաստվելը դարձնել առաջնահերթություն: Այդ ժամանակ Կոստա Ռիկայում տաճար չկար, սակայն ես գիտեի ինչ է ուխտը, քանի որ նոր էի մկրտվել, և անհամբեր սպասում էի Տիրոջ հետ ավելի շատ ուխտեր կապելու հնարավորությանը:

Այդ ժամանակ իմ ընտանիքից ոչ ոք Եկեղեցու անդամ չէր, այնպես որ ավետարանը չէր ուսուցանվում մեր տանը: Սակայն ես որոշեցի, որ ինքնուրույն կարող եմ սովորել ավետարանի չափանիշները և հետևել դրանց: Իմ պատրաստությունը ներառում էր սեմինարիա հաճախելը, թեև դասերն անցկացվում էին վաղ առավոտյան: Դա նշանակում էր չժամադրվել մինչև 16 տարեկան, և ապրել ողջախոհության օրենքով, որը իհարկե ընդունված չէ իմ հասակակիցների շրջանում: Սակայն ես գիտեի, որ կարող էի անել դա, որովհետև ուխտ էի կապել Տիրոջ հետ:

Սուրբ գրությունները թե ինքնուրույն և թե սեմինարիայում ուսումնասիրելը ամրապնդեց մաքուր, պարկեշտ կյանքով ապրելու իմ վճռականությունը: Հիշում եմ, ես հատկապես ոգեշնչվել էի 2000 քաջարի զինվորներով: Ինչպես ասվում է Ալմա 53.20–21-ում, այդ երիտասարդները «անսահման անվեհեր էին՝ խիզախության մեջ, և նաև՝ ուժի և գործունեության մեջ. բայց ահա, այս բոլորը չէր, նրանք տղաներ էին, որոնք հավատարիմ էին՝ բոլոր դեպքերում, ինչ բան էլ որ նրանց վստահվում էր … նրանք ճշմարտության և լրջամտության տղաներ էին, քանզի նրանց սովորեցվել էր պահել Աստծո պատվիրանները և քայլել ուղիղ՝ նրա առաջ»: Ես ևս ցանկանում էի հավատարիմ լինել նրանում, ինչ ինձ էր վստահվել, ներառյալ՝ իմ մկրտության ուխտերը:

Ուխտերի վերաբերյալ լրացուցիչ հասկացողություն եկավ, երբ ես կանչվեցի ծառայելու Էլ Սալվադոր Սան Սալվադոր Արևելյան Միսիայում: Երբ տաճարում ստացա իմ օժտումը, միտքս եկավ Վարդապետություն և Ուխտեր 82.10 հատվածը. «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք»: Իմ միսիայի ընթացքում ուխտերի գաղափարը, երբ մենք կատարում ենք մեր մասը, իսկ Տերը կատարում է Իր մասը, ինձ ոգեշնչեց լավագույնս կատարել իմ մասը: Այդպիսով, իմ զուգընկերներն ու ես օրհնվեցինք մեր աշխատանքում:

Իմ միսիան եղել է տարիներ առաջ, սակայն իմ ուխտերը պահելով ես շարունակում եմ ուժ ստանալ: Դրանից հետո ես օրհնվել եմ յոթ տարի ծառայելով Սան Հոզե Կոստա Ռիկայի Տաճարում: Ծառայելով որպես տաճարային աշխատող ես հնարավորություն եմ ունեցել մշտապես հիշելու իմ կապած ուխտերը: Ես նման հիշեցումներ եմ ունեցել ծառայելով Երիտասարդ Կանանց կազմակերպությունում, որտեղ փորձել եմ ուսուցանել ուխտերի կարևորությունը, ինչպես իմ ղեկավարներն էին ուսուցանել ինձ:

Մեր ուխտերը միշտ պահելը հեշտ չէ: Օրինակ, շատ մարդիկ հնացած են համարում ողջախոհության օրենքը (կամ որոշ դեպքերում, կրոնական վարքը ընդհանուր առմամբ): Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում ինձ վրա ավելի մեծ ճնշում չեմ զգացել նրանց կողմից, ովքեր չեն կիսում իմ համոզմունքները: Ետ նայելով ես հիշում եմ, թե ինչ զգացողություն ունեցա որպես երիտասարդ կին, երբ մեր ղեկավարը խրախուսեց մեզ պատրաստվել տաճարային ուխտերին և ապրել դրանց համար: Այն ժամանակ կայացրած իմ որոշմումը ես պահում եմ առ այսօր:

Ես կարող եմ հաստատուն մնալ իմ որոշումներում, որովհետև ես որոշումները չեմ կայացրել ինքնուրույն, պարզապես ինձ համար: Այլ դրանք եղել են որոշումներ, որ կայացրել եմ որպես սիրող Երկնային Հոր հետ ուխտի մաս: Կարևոր չէ, թե ինչ է աշխարհն ասում: Ես խոստացել եմ Տիրոջը, որ կհնազանդվեմ Նրա պատվիրաններին: Դա պատվի հարց է: Ուխտերը, որ կապել եմ մկրտության ժամանակ և տաճարում, այսօր նույնքան վավերական են, որքան դրանք կապելու օրը: Աստծո հետ ուխտը հավերժական է:

Հեշտ չէ ապրել այնպես, ինչպես Աստված է մեզ պատվիրել, սակայն ես վկայում եմ, որ դա հնարավոր է: Մեր ուխտերով ապրելու արդյունքում մենք կարող ենք վստահություն և ուժ ձեռք բերել, և կարող ենք վստահ լինել, որ Երկնային Հայրը մեզ երբեք միայնակ չի թողնի: Երբ Նա մեր կողքին է, մենք կարող ենք ամեն ինչ անել (տես Մորոնի 7.33):

Ուխտերը, որ կապել եմ մկրտության ժամանակ և տաճարում, այսօր նույնքան վավերական են, որքան դրանք կապելու օրը:

Նկարազարդումը Սքոթ Գրիրի