2012
Հույս Քավության համար
Ապրիլ 2012


Մինչև նոր հանդիպում

Հույս Քավության համար

Բրիգամ Յանգ Համալսարանում 2008թ. նոյեմբերի 4-ին տրված ելույթից: Անգլերեն լեզվով ամբողջական տեքստը կարող եք գտնել speeches.byu.edu կայքում:

Նկար
Եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էդգլի

Հույսը պետք է հիմնվի ոչ միայն գիտելիքի և վկայության, այլ նաև Քավության անձնականացման վրա:

Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր կորցրել էին իրենց հույսը: Ապաշխարությունը, նրանց կարծիքով, նրանց չէր հասնի, իսկ ներումը անհնար էր թվում նրանց: Նման մարդիկ չեն հասկանում Քավության մաքրող զորությունը: Կամ, եթե հասկանում են, չեն անձնականացնում Գեթսեմանում և խաչի վրա Հիսուս Քրիստոսի տառապանքների նշանակությունը: Բոլորիս համար մեր կյանքը մաքրելու հույսը կորցնելը նշանակում է մերժել մեզ համար Նրա տառապանքների խորությունը, զորությունը և աստիճանը:

Մի քանի տարի առաջ ես մի հանձնարարություն ունեի: Ես պետք է հարցազրույց անցկացնեի 21-ամյա մի տղամարդու հետ՝ պարզելու համար միսիայում ծառայելու նրա արժանավորությունը: Բարձրագույն Իշխանությունները սովորաբար հարցազրույց չեն անցկացնում ապագա միսիոներներների հետ: Այնպես որ, դա անսովոր էր: Կարդալով տեղեկությունը, որը պետք է իմանայի հարցազրույցը անցկացնելու համար, սիրտս ցավեց: Այդ տղան կատարել էր լուրջ մեղսագործություլուրջ: Ես զարմանում էի, թե ինչու ինձ խնդրեցին այցելել մեկին, որը նման անցյալ ուներ, իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, ես չէի երաշխավորի նրան միսիոներական աշխատանքի համար:

Համաժողովի շաբաթ օրվա երեկոյան նիստից հետո, ես վերադարձա նախագահի գրասենյակ հարցազրույցի համար: Երբ ես սպասում էի, մի գեղեցիկ երիտասարդ հիանալի արտաքինով ներս մտավ: Ես մտածում էի, թե ինչպես ներողություն խնդրեմ, քանի որ ակհայտ էր, որ այդ երիտասարդը ցանկանում էր խոսել ինձ հետ, իսկ ես հանդիպում ունեի այն տղայի հետ, որը մեծ խնդիրներ ուներ: Նա էր այդ երիտասարդը, որին ես սպասում էի:

Գրասենյակում, որտեղ միայն մենք էինք, ես միայն մեկ հարց տվեցի. «Ինչո՞ւ եմ ես հարցազրույց անցկացնում քեզ հետ»:

Նա պատմեց իր անցյալը: Երբ վերջացրեց, սկսեց բացատրել, թե ինչպիսի քայլերի և անձնական տառապանքների միջով է անցել: Նա խոսեց Քավության և Քավության անսահման զորության մասին: Նա բերեց իր վկայությունը և արտահայտեց իր սերը Փրկչի հանդեպ: Այնուհետև նա ասաց. «Ես հավատում եմ, որ Փրկչի անձնական տառապանքները Գեթսեմանում և Նրա զոհաբերությունը խաչի վրա բավական են, որպեսզի փրկեն ինձ նման մարդուն»:

Հուզված նրա խոնարհությամբ և Հոգու ազդեցության ներքո, ես ասացի. «Ես պատրաստվում եմ երաշխավորել քեզ որպես Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչ»: Ապա ես ասացի. «Ես միայն մեկ բան եմ խնդրելու քեզ: Ես ուզում եմ, որ դու լինես ողջ Եկեղեցու լավագույն միսիոները: Միայն դա»:

Երեք կամ չորս ամիս անց Քույր Էդգլին և ես ելույթ էինք ունենում միսիոներների ուսուցման կենտրոնում: Հավաքի վերջում ես հանդիպեցի միսիոներների հետ, որտեղ տեսա ծանոթ դեմքով մի երիտասարդի:

Նա հարցրեց. «Դուք հիշո՞ւմ եք ինձ»:

Մի փոքր ամաչելով, ես ասացի. «Կներեք: Ես գիտեմ, որ պետք է ճանաչեմ, սակայն չեմ հիշում»:

Նա ասաց. «Թույլ տվեք ասել, թե ով եմ ես: Ես լավագույն միսիոներն եմ միսիոներների ուսուցման կենտրոնում»: Եվ ես հավատացի նրան:

Այդ երիտասարդ տղամարդու հույսը հիմնված էր ոչ միայն Քավության գիտելիքի և վկայության վրա, այլ նաև այդ պարգևը անձնականացնելու հնարավորության վրա: Նա հասկացել էր, որ դա նրա համար էր՝ անձնապես: Նա գիտեր, թե ինչպիսին է Քավության զորությունը և դրա տված հույսը, երբ ամեն-ինչ, կարծես, կորցված է կամ անհույս: