2012
Քավությունը և մահկանացու ճամփորդությունը
Ապրիլ 2012


Քավությունը և մահկանացու ճամփորդությունը

Բրիգամ Յանգի Համալսարանում 2001թ. հոկտեմբերի 23-ի հոգևոր ժողովի ուղերձից: Անգլերենով ամբողջ ուղերձը տեսնելու համար այցելեք speeches.byu.edu:

Քավության հնարավորություն տվող զորությունը ամրացնում է մեզ անելու և լինելու ավելի լավը և ծառայելու մեր իսկ սեփական ցանկությունից և բնատուր կարողությունից առավել:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Փրկչի ավետարանի գլխավոր նպատակը հակիրճ ձևով ամփոփել է Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը (1873-1970): «Ավետարանի նպատակն է … դարձնել վատ մարդկանց լավը, լավ մարդկանց ավելի լավը և փոխել մարդկային էությունը»:1 Այսպիսով, մահկանացու ճամփորդության նպատակն է դեպի լավը և ավելի լավ զարգանալը և սրտի զորեղ փոփոխության փորձառություն ունենալը՝ մեր ընկած էությունների փոփոխության կայացումը (տես Մոսիա 5:2):

Մորմոնի Գիրքը մեր ուսումնական ձեռնարկն է, մինչ մենք քայլում ենք վատից լավ և ավելի լավ ճանապարհով և ձգտում ենք, որ մեր սրտերը փոխվեն: Բենիամին թագավորը սովորեցնում է մահկանացու ճանապարհի և Քավության դերի մասին՝ հաջողությամբ առաջ ընթանալով այդ ճանապարհով. «Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է Ադամի անկումից ի վեր և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ» (Մոսիա 3.19, ընդգծումներն ավելացված են):

Ես ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել դեպի երկու արտահայտությունները: Առաջինը՝ «հանի բնական մարդուն»: Վատից լավը դառնալու ճանապարհը բնական տղամարդուն կամ կնոջը մեզանից յուրաքանչյուրի միջից հանելու գործընթացն է: Մահկանացու վիճակում մենք բոլորս փորձվում ենք մարմնի կողմից: Այն տարրերը, որոնցից ստեղծվել են մեր մարմինները, իրենց էությամբ ընկած են և հավիտյան ենթակա են մեղքին, ապականությանը և մահվան: Բայց մենք կարող ենք զարգացնել մարմնի ցանկությունները և գայթակղությունները հաղթահարելու մեր ունակությունը «Քրիստոսի քավությամբ»: Երբ մենք սխալներ ենք գործում, օրինազանցելով և մեղանչելով, մենք կարող ենք ապաշխարել և դառնալ մաքուր Հիսուս Քրիստոսի Քավության փրկող զորության միջոցով:

Երկրորդը՝ «դառնա սուրբ»: Այս արտահայտությունը նկարագրում է շարունակությունը և կյանքի ճանապարհորդության երկրորդ կողմը՝ դարձնելու «լավ մարդուն ավելի լավը» կամ, այլ կերպ ասած, դառնալու սրբին ավելի նման: Ճանապարհորդության երկրորդ մասը, լավից ավելի լավին գնալու այս գործընթացը, մի թեմա է, որի մասին մենք չենք սովորում կամ սովորեցնում բավականաչափ հաճախ, ոչ էլ բավականաչափ հասկանում ենք:

Ես կասկածում եմ, որ շատ Եկեղեցու անդամներ ավելի շատ ծանոթ են Քավության զորության փրկող ու մաքրող էությանը, քան ամրացնող ու հնարավորություն տվող զորությանը: Մի բան է իմանալը, որ Հիսուս Քրիստոսը եկել է աշխարհ մեզ համար մեռնելու, որը Քրիստոսի վարդապետության էությունն ու հիմքն է: Բայց մենք նաև պետք է երախտապարտ լինենք, որ Տերը ցանկանում է Իր Քավությամբ և Սուրբ Հոգու զորությամբ ապրել մեր մեջ, ոչ միայն մեզ առաջնորդելով, այլ նաև մեզ հնարավորություններ ընձեռելով:

Մեզանից շատերը գիտեն, որ երբ մենք սխալ բաներ ենք անում, մենք օգնության կարիք ունենք մեղքի ազդեցությունները մեր կյանքում հաղթահարելու համար: Փրկիչը վճարել է գինը և հնարավոր է դարձրել մեզ համար դառնալու մաքուր Իր փրկող զորության միջոցով: Մեզանից շատերը պարզորոշ կերպով հասկանում են, որ Քավությունը մեղավորների համար է: Ես այնքան էլ վստահ չեմ, այնուամենայնիվ, որ մենք գիտենք և հասկանում ենք, որ Քավությունը նաև սրբերի համար է, լավ տղամարդկանց և կանանց համար, ովքեր հնազանդ են, արժանի ու բարեխիղճ և ովքեր ձգտում են դառնալ ավելի լավը և ծառայել ավելի հավատարմորեն: Մենք միգուցե սխալմամբ կարծենք, որ պետք է կատարենք լավից ավելի լավը դառնալու ճանապարհորդությունը և դառնանք սուրբ բոլորովին ինքնուրույն, իսկական վճռականության, կամքի ուժի, անձնական կարգապահության միջոցով և մեր, բնականաբար, սահմանափակ ունակություններով:

Փրկչի ավետարանը նրա համար չէ, որ մենք պարզապես մեր կյանքում վատից խուսափենք, այն նաև գլխավորապես լավը անելու և դառնալու մասին է: Եվ Քավությունը օգնություն է ապահովում մեզ՝ հաղթահարելու ու կանխելու վատը և անելու ու դառնալու լավը: Փրկչի կողմից օգնությունը հնարավոր է ստանալ մահկանացու ողջ ճանապարհորդության ընթցքում՝ վատից լավը և ավելի լավը դառնալու և մեր էությունը փոխելու համար:

Ես չեմ ենթադրում, որ Քավության փրկող և հնարավորություն տվող զորությունները իրարից բաժանելի և առանձին են: Ավելի ճիշտ, Քավության այս երկու կարևոր մասերը կապակցված են և լրացնում են իրար, երկուսն էլ պետք է գործեն կյանքի ճամփորդության բոլոր փուլերում: Եվ մեր բոլորի համար հավերժորեն կարևոր է հասկանալը, որ մահկանացու ճամփորդության այս երկու կարևոր տարրերն էլ՝ բնական մարդուն հանելն ու սուրբ դառնալը, վատը հաղթահարելն ու լավը դառնալը, իրականացվում են Քավության զորության շնորհիվ: Սեփական կամքի ուժը, անձնական վճռականությունը և մղումը, արդյունավետ ծրագրումն ու նպատակներ դնելը կարևոր են, բայց, ի վերջո, բավարար չեն մեզ համար այս մահկանացու ճամփորդությունը հաղթական ավարտելու համար: Իրոք, մենք պետք է մեր հույսը դնենք «Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի» վրա (2 Նեփի 2.8):

Շնորհը և հնարավորություն տվող Քավության զորությունը

Աստվածաշնչի բառարանում մենք սովորում ենք, որ շնորհ բառը հաճախ օգտագործվում է սուրբ գրություններում հնարավորություն տվող զորության իմաստով.

«[Շնորհը] բառ է, որ հաճախ է հանդիպում Նոր Կտակարանում, հատկապես Պողոսի գրվածքներում: Բառի հիմնական իմաստն է աստվածային օգնություն կամ զորություն, տրված Հիսուս Քրիստոսի լիառատ գթության և սիրո միջոցով:

Տեր Հիսուսի շնորհի միջոցով է, որը հնարավոր է դարձել Նրա քավող զոհաբերությամբ, որ մարդկությունը կբարձրացվի անմահություն, ամեն անձնավորություն ստանալով իր մարմինը գերեզմանից՝ հավիտենական կյանքի պայմաններում: Նմանապես Տիրոջ շնորհի միջոցով է, որ անհատները Հիսուս Քրիստոսի քավության հանդեպ հավատքի և իրենց մեղքերի ապաշխարության միջոցով ստանում են ուժ և օգնություն՝ կատարելու լավ գործեր, որոնք նրանք այլապես չէին կարողանա կատարել, եթե ունենային միայն իրենց սեփական միջոցները: Այս շնորհը հնարավորության զորություն է, որը տղամարդկանց և կանանց թույլ է տալիս ձեռք բերել հավերժական կյանք և վեհացում՝ իրենց լավագույն ջանքերը գործադրելուց հետո»:2

Շնորհը աստվածայն աջակցություն կամ երկնային օգնություն է, որի կարիքը մեզանից յուրաքանչյուրը մեծապես ունի, որպեսզի որակավորվի սելեստիալ արքյության համար: Այսպիսով, Քավության հնարավորություն տվող զորությունը ամրացնում է մեզ անելու և լինելու լավը, և ծառայելու մեր իսկ սեփական ցանկությունից և բնատուր կարողությունից առավել:

Իմ անձնական սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ ես հաճախ եմ խորհում «հնարավորություն տվող զորության» մասին, երբ հանդիպում եմ շնորհ բառին: Խորհեք, օրինակ, այս հատվածի շուրջ, որին մենք բոլորս ծանոթ ենք. «Մենք գիտենք, որ շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23): Ես կարծում եմ, որ մենք կարող ենք շատ ավելին սովորել Քավության այս արժեքավոր գաղափարի վերաբերյալ, եթե ուսումնասիրենք «հնարավորություն տվող և ամրացնող զորությունը» ամեն անգամ, երբ մենք գտնում ենք շնորհ բառը սուրբ գրություններում:

Օրինակներ և հետևություններ

Մահկանացու ճամփորդությունն է՝ գնալ վատից լավը և ավելի լավը և հասնել մեր բուն էության փոփոխությանը: Մորմոնի Գիրքը լի է աշակերտների և մարգարեների օրինակներով, ովքերմ այդ ճամփորդությունը կատարելիս, գիտեին, հասկանում էին և փոխակերպվել էին Քավության հնարավորություն տվող զորությամբ: Որքան մենք ավելի լավ հասկանանք այս սուրբ զորությունը, ավետարանի մեր հեռանկարը այնքան կմեծանա և կհարստանա: Այսպիսի հեռանկարը կփոխի մեզ զգալի կերպով:

Նեփին օրինակ է հանդիսանում մեկի, ով գիտեր, հասկանում էր և հույսը դնում էր Փրկչի հնարավորություն տվող զորության վրա: Հիշենք, որ Լեքիի որդիները վերադարձան Երուսաղեմ Իսմայելին ու նրա գերդաստանին խնդրելու աջակցել իրենց գործում: Լամանն ու այլոք այդ խմբում, ովքեր ճամփորդում էին Նեփիի հետ՝ Երուսաղեմից վերադառնալով անապատ, ապստամբեցին, և Նեփին հորդորեց իր եղբայրներին հավատք ունենալ: Իրենց ճամփորդության հենց այդ պահին էր, որ Նեփիի եղբայրները կապեցին նրան պարաններով և ծրագրեցին նրա կործանումը: Խնդրում եմ, ուշադրություն դարձնել Նեփիի աղոթքին. «Ո՜վ Տեր, համաձայն իմ հավատքի, որը քո հանդեպ է, ազատիր ինձ իմ եղբայրների ձեռքից. այո, տուր ինձ այնքան ուժ, որ կարողանամ կտրել այս կապերը, որոնցով ես կապված եմ» (1 Նեփի 7.17, շեշտոդրումն ավելացված է):

Դուք գիտե՞ք, թե ես ինչի համար կաղոթեի, եթե կապված լինեի իմ եղբայրների կողմից: «Խնդրում եմ, հանիր ինձ այս անելանելի վիճակից ՀԵՆՑ ՀԻՄԱ»: Հատկապես հետաքրքիր է ինձ համար, որ Նեփին չաղոթեց, որ իր իրավիճակը փոխվի: Այլ նա աղոթեց ուժի համար, որ կարողանա փոխել իր պայմանները: Եվ ես կարծում եմ, որ նա աղոթեց հենց այս ձևով, քանի որ նա գիտեր, հասկանում էր և ուներ Քավության հնարավորություն տվող զորության փորձառությունը:

Ես չեմ կարծում, որ պարանները, որոնցով կապված էր Նեփին, ուղղակի հրաշքով ընկան նրա ձեռքերից ու դաստակներից: Ես կարծում եմ, որ նա օրհնվեց հաստատակամությամբ և անձնական ուժով իր բնատուր կարողությունից առավել, որ նա այնուհետև «Տիրոջ ուժով» (Մոսիա 9.17) աշխատեց և ոլորեց ու քաշքշեց պարանները, և ի վերջո բառիս բուն իմաստով նան հնարավորություն ունեցավ քանդելու կապերը:

Այս տեսարանի հետևանքը մեզանից յուրաքանչյուրի համար պարզ է: Մինչ ես և դուք հասկանում և գործադրում ենք Քավության հնարավորություն տվող զորությունը մեր սեփական կյանքում, մենք կաղոթենք և կփնտրենք ուժ՝ փոխելու մեր պայմանները, և ոչ թե կաղոթենք, որ մեր պայմանները փոխվեն: Մենք կդառնանք գործակալներ, ովքեր ներգործում են, և ոչ թե՝ որոնց վրա ներգործում են (տես 2 Նեփի 2.14):

Խորհեք Մորմոնի Գրքի օրինակի շուրջ, երբ Ալման և նրա ժողովուրդը հալածվում էին Ամուղոնի կողմից: Տիրոջ ձայնը եկավ այս լավ ժողովրդին իրենց չարչարանքի մեջ և ասաց.

«Ես նաև կթեթևացնեմ բեռները, որոնք դրվել են ձեր ուսերին, որպեսզի դուք մինչև անգամ չզգաք դրանք ձեր մեջքին: …

Եվ արդ, եղավ այնպես, որ բեռները, որոնք դրվել էին Ալմայի ու նրա եղբայրների վրա, թեթևացան. այո, Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին (Մոսիա 24.14–15, շեշտադրումն ավելացված է):

Ի՞նչը փոխվեց այս տեսարանում: Բեռները չէ, որ փոխվեցին. հալածանքների հետ կապված խնդիրներն ու դժվարությունները անմիջապես չհեռացվեցին մարդկանցից: Սակայն Ալման ու նրա հետևորդները ամրացվեցին, և նրանց կարողության և ուժի մեծացումը դարձրեցին նրանց կրած բեռը ավելի թեթև: Այս լավ մարդիկ զորացվեցին Քավությամբ՝ ներգործելով որպես գործակալներ և ազդեցություն ունենալով իրենց պայմանների վրա: Եվ «Տիրոջ ուժով» Ալման ու նրա ժողովուրդը այնուհետև առաջնորդվեցին դեպի ապահովություն Զարահեմլայի երկրում:

Դուք արդարացիորեն կարող եք մտածել. «Ի՞նչն է Ալմայի և նրա ժողովրդի իրադրությունը դարձնում Քավության հնարավորություն տվող զորության օրինակ»: Պատասխանը գտնվում է Մոսիա 3.19 և Մոսիա 24.15–ում:

«Եվ հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը» (Մոսիա 3.19, շեշտադրումն ավելացված է):

Մինչ մենք առաջ ենք գնում, մահկանացու ճամփորդության ընթացքում վատից լավը և ավելի լավը դառնալով, մինչ մենք հանում ենք բնական տղամարդուն կամ կնոջը մեզանից յուրաքանչյուրի միջից, և մինչ մենք ձգտում ենք դառնալ սրբեր և փոխել հենց մեր էությունները, այդ ժամանակ, այս հատվածում մանրամասնորեն տրված հատկանիշները, կնկարագրեն այն անձնավորությանը, որին ձգտում ենք դուք և ես: Մենք կդառնանք ավելի նման երեխայի, ավելի ենթարկվող, ավելի համբերատար, և ավելի հոժար ենթարկվելու:

Այժմ համեմատեք այս առանձնահատկությունները Մոսիա 3.19-ում նրանց հետ, որոնք օգտագործված են Ալմային ու նրա ժողովրդին նկարագրելու համար. «Եվ նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին» (Մոսիա 24.15, շեշտադրումն ավելացված է):

Ես զուգահեռներ եմ տեսնում այս հատվածներում նկարագրված հատկանիշների միջև, որոնք ուշադրություն են գրավում և նշում, որ Ալմայի լավ ժողովուրդը դառնում էր ավելի լավը Տեր Քրիստոսի Քավության հնարավորություն տվող զորության միջոցով:

Հիշենք Ալմայի և Ամուղեկի պատմությունը, որը գտնվում է Ալմա 14-ում: Այստեղ շատ հավատարիմ Սրբեր մատնվել էին մահվան կրակի միջոցով, և Տիրոջ այս երկու ծառաները բանտարկվել ու ծեծվել էին: Խորհեք այս խնդրանքի շուրջ, որը մատուցվել էր Ալմայի կողմից, մինչ նա աղոթում էր բանտում. «Ո՜վ Տեր, տուր մեզ ուժ ըստ մեր հավատքի, որը Քրիստոսում է, մինչև իսկ ի ազատում» (Ալմա 14.26, շեշտադրումն ավելացված է):

Այստեղ կրկին տեսնում ենք Ալմայի հասկացողությունն ու վստահությունը Քավության հնարավորություն տվող զորության հետ կապված, որը արտահայտվում է նրա խնդրանքում: Եվ ուշադրություն դարձնենք այս աղոթքի վրա.

«Եվ նրանք [Ալման և Ամուղեկը] կտրեցին պարանները, որոնցով նրանք կապված էին, և երբ մարդիկ տեսան այս, նրանք սկսեցին փախչել, քանզի կործանման վախը եկել էր նրանց վրա: …

Եվ Ալման ու Ամուղեկը բանտից դուրս եկան, և նրանք վնասված չէին. քանզի Տերը շնորհել էր նրանց զորություն ըստ նրանց հավատքի, որը Քրիստոսում էր» (Ալմա 14.26, 28, շեշտադրումն ավելացված է):

Եվս մեկ անգամ հնարավորություն տվող զորությունը ակնհայտ է, երբ լավ մարդիկ պայքարում են չարի դեմ և ձգտում դառնալ նույնիսկ ավելի լավը և ծառայել ավելի արդյունավետ՝ «Տիրոջ ուժով»:

Մորմոնի Գրքից մեկ այլ օրինակ ուսուցողական է: Ալմա 31-ումԱլման գլխավորում է մի առաքելություն՝ ուղղելու ուրացած Զորամացիներին, ովքեր, իրենց Ռամեումփթոմը կառուցելուց հետո մատուցում էին սահմանված և հպարտ աղոթք:

Ուշադրություն դարձրեք Ալմայի անձնական աղոթքում ամրության համար խնդրանքին. «Ո՜վ Տեր, խնդրում եմ շնորհիր ինձ, որ ես կարողանամ ուժ ունենալ, որ ես կարողանամ համբերությամբ տանել այս չարչարանքները, որոնք պիտի գան ինձ վրա, այս ժողովրդի անօրինության պատճառով» (Ալմա 31.31, շեշտադրումն ավելացված է):

Ալման նաև աղոթում է, որ իր միսիոներ զուգընկերները ստանան նմանատիպ օրհնություն. «Շնորհիր նրանց, որ նրանք կարողանան ուժ ունենալ, որ նրանք կարողանան կրել իրենց չարչարանքները, որոնք պիտի գան նրանց վրա այս խողովրդի անօրինությունների պատճառով» (Ալմա 31.33, շեշտադրումն ավելացված է):

Ալման չէր աղոթում, որ իր չարչարանքները վերցվեին: Նա գիտեր, որ ինքը Տիրոջ գործակալն էր, և նա աղոթեց զորության համար, որ ներգործեր և ազդեր իր իրավիճակի վրա:

Այս օրինակի գլխավոր կետը գտնվում է Ալմա 31-ի վերջին հատվածում. «[Տերը] ուժ տվեց նրանց, որ նրանք չտանեին ոչ մի ձևի չարչարանքներ, այլ, որ դրանք կուլ գնային Քրիստոսի ուրախության մեջ: Արդ, դա եղավ Ալմայի աղոթքի համաձայն. և դա եղավ, որովհետև նա աղոթեց հավատքով» (հատված 38, շեշտադրումն ավելացված է):

Չարչարանքները չհեռացվեցին: Սակայն Ալման և նրա զուգընկերները դարձվեցին ուժեղ և օրհնվեցին Քավության հնարավորություն տվող զորության միջոցով, «որ նրանք չտանեին ոչ մի ձևի չարչարանքներ, այլ, որ դրանք կուլ գնային Քրիստոսի ուրախության մեջ»: Ինչ զարմանահրաշ օրհնություն: Եվ ինչ դաս, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի:

Հնարավորություն տվող զորության օրինակներ գտնվում են ոչ միայն սուրբ գրություններում: Դանիել Վ. Ջոնեսը ծնվել էր 1830թ. Միսսուրիում, և նա միացել էր Եկեղեցուն Կայիֆոռնիայում 1851թ.: 1856թ. նա մասնակցել էր ձեռնասայլակների խմբերին փրկելու ջանքերին, որ ծանր դրության մեջ էին գտնվում Վայոմինգում ուժեղ ձյունամրրիկի պատճառով: Երբ փրկարար ջոկատը գտավ տառապյալ Սրբերին, մատուցեց նրանց հնարավոր անհապաղ աջակցությունը և կատարեց պատրաստություններ, որ հիվանդներին ու տկարներին տեղափոխեին Սոլթ Լեյք Սիթի, Դանիելն ու մի քանի այլ երիտասարդ տղամարդիկ առաջարկեցին մնալ ու պաշտպանել խմբի ունեցվածքը: Ուտելիքն ու պարենը, որ թողել էին Դանիելի ու նրա գործընկերների հետ, աղքատիկ էին ու արագ սպառվող: Դանիել Ջոնեսի անձնական օրագրի հետևյալ մեջբերումը նկարագրում է իրադարձությունները, որոնք հաջորդեցին այս դեպքերին.

«Որսի կենդանիները շուտով դարձան այնքան սակավաթիվ, որ մենք ոչինչ չէինք կարողանում որսալ: Մենք կերանք ամբողջ աղքատիկ միսը. այն ուտողը կարող էր սովածանալ: Ի վերջո, այդ բոլորը վերջացավ, ոչինչ այժմ չէր մնացել բացի կաշվից: Մենք դրանցով փորձարկում կատարեցինք: Շատ բաներ եփեցինք ու կերանք առանց որևէ համեմունքի և ամբողջ խումբը դրանից հիվանդացավ: …

Ամեն ինչ մռայլ էր թվում, քանի որ ոչինչ չէր մնացել, բացի աղքատիկ հում կաշիներից, որոնք հանվել էին սովամահ եղած անասունների վրայից: Մենք խնդրեցինք Տիրոջը հայտնել մեզ, թե ինչ անել: Եղբայրները չէին տրտնջում, այլ վստահում էին Աստծուն: … Վերջապես ես ներշնչվեցի, թե ինչպես պատրաստել այն և խմբին խորհուրդ տվեցի, թե ինչպես եփել այն. նրանք պետք է խանձեին և քերելով մաքրեին կաշին: Դրա նպատակն էր վերացնել և մաքրել վատ համը, որ եռացնելուց էր ստացել: Քերելուց, շատ ջրով մեկ ժամ եփելուց հետո, ջուրը թափել, որը հանել էր ամբողջ կպչուն մասսան, այնուհետև լվանալ և քերել կաշին ամբողջովին՝ լվանալով սառը ջրով, այնուհետև եփել մինչև դոնդողակ դառնալը և թողնել այն սառչի, և այնուհետև ուտել այն մի փոքր շաքարավազ ցանելով դրա վրա: Սա բավականաչափ մեծ դժվարություն էր, սակայն մեր հնարավորությունները խիստ սահմանափակ էին և սա սովամահ լինելուց ավելի լավ էր:

Մենք խնդրեցինք Տիրոջը օրհնել մեր ստամոքսները և դրանք հարմարեցնել այս ուտելիքին: … Այժմ ուտելու հնարավորություն ունենալը թվում է, թե կօգներ վայելել ճաշկերույթը: Մենք երեք օր ոչինչ չէինք կերել մինչև այս երկրորդ փորձը: Մենք վայելեցինք այս հոյակապ ուտելիքը մոտավորապես վեց շաբաթ»:3

Այդ պայմաններում ես հավանաբար կաղոթեի, որ ինչ-որ ուրիշ բան ունենայի ուտելու. «Երկնային Հայր, խնդրում եմ, ուղարկիր ինձ գոմեշ»: Հավանաբար իմ մտքով չէր անցնի աղոթել, որ իմ ստամոքսը ամրանար և հարմարվեր այն ուտելիքին, որը մենք ունեինք: Ի՞նչ գիտեր Դանիել Վ. Ջոնեսը: Նա գիտեր Հիսուս Քրիստոսի Քավության հնարավորություն տվող զորության մասին: Նա չաղոթեց, որ իր պայմանները փոխվեին: Նա աղոթեց, որ ինքը ուժեղանար, որ հարմարվեր իր պայմաններին: Ճիշտ ինչպես Ալման ու իր ժողովուրդը, Ամուղեկը և Նեփին զորացվեցին, Դանիել Վ. Ջոնեսը ունեցավ հոգևոր խորաթափանցություն իմանալու, թե ինչ խնդրի այդ աղոթքում:

Քրիստոսի Քավության հնարավորություն տվող զորությունը զորացնում է մեզ անելու բաներ, որոնք մենք երբեք չէինք կարող անել ինքնուրույն: Երբեմն ինձ հետաքրքիր է,թե մեր վերջին օրերի հեշտ աշխարհում, մեր միկրոալիքային վառարանի, բջջային հեռախոսների, օդորակիչներով մեքենաների և հարմարավետ տների մեր աշխարհում մենք երբևէ կսովորենք ընդունել մեր ամենօրյա կախվածությունը Քավության հնարավորություն տվող զորությունից:

Քույր Բեդնարը բացառիկ հավատարիմ և գիտակ կին է, և ես սովորել եմ կարևոր դասեր ամրացնող զորության վերաբերյալ նրա լուռ օրինակից: Ես դիտել եմ նրա հաստատակամությունը սաստիկ ու շարունակական առավոտյան հիվանդության ընթացքում, բառացիորեն հիվանդ ամբողջ օրը, ամեն օր, ութ ամիս շարունակ, իր երեք հղիություններից յուրաքանչյուրի ժամանակ: Միասին մենք աղոթել ենք, որ նա օրհնվի, բայց այդ խնդիրը երբեք չէր վերցվում: Դրա փոխարեն նա հնարավորություն ունեցավ ֆիզիկապես անելու այն, ինչ նա չէր կարող անել իր սեփական ուժերով: Տարիներ շարունակ ես նաև դիտել եմ, թե ինչպես է նա մեծարվել տանելով ծաղր և քամահրանք, որ եկել են աշխարհիկ հասարակության կողմից, երբ Վերջին Օրերի Սուրբ կինը ականջ է դնում մարգարեական խորհրդին և դարձնում է ընտանիքը և երեխաների համար հոգ տանելը իր ամենաբարձր առաջնահերթությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում և հարգանքի տուրք եմ մատուցում Սյուզանին, որ օգնեց ինձ սովորել այսպիսի անգնահատելի դասեր:

Փրկիչը գիտի և հասկանում է

Ալմայի 7-րդ գլխում մենք սովորում ենք, թե ինչպես և ինչու է Փրկիչը կարողանում ապահովել հնարավորություն տվող զորություն.

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:

Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.11–12, շեշտադրումն ավելացված են):

Փրկիչը տառապել է ոչ միայն մեր անօրինությունների համար, այլ նաև անհավասարության, անարդարության, ցավի, տառապանքի և էմոցիոնալ անհանգստության համար, որ շատ հաճախ անհանգստացնում են մեզ: Չկա ֆիզիկական ցավ, հոգու տառապանք, հոգու ցավ, թուլություն կամ տկարություն, որ դուք և ես երբևէ կունենանք մեր մահկանացու ճամփորդության ընթացքում, որի փորձառությունը Փրկիչը առաջինը ունեցած չլինի: Դուք և ես թուլության պահին կարող ենք գոչել. «Ոչ ոք չի հասկանում: Ոչ ոք չգիտի»: Ոչ մի մարդկային արարած հավանաբար չգիտի: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանզի Նա զգացել ու տարել է մեր բեռները նախքան մեր իսկ տանելը: Եվ քանի որ Նա վճարել է կատարյալ գինը և տարել է այդ բեռը, Նա ունի կատարյալ կարեկցանք և կարող է մեկնել մեզ Իր ողորմած ձեռքը մեր կյանքի բազմաթիվ իրադրություններում: Նա կարող է հասնել, դիպչել, պաշտպանել, բառացիորեն վազել դեպի մեզ և ամրացնել մեզ լինելու ավելին, քան մենք երբևէ կարող ենք լինել, և օգնել մեզ անելու այն, ինչը մենք երբեք չէինք կարողանա անել, եթե մեր հույսը դնեինք միայն մեր իսկ զորության վրա:

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:

Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձանից սովորեցեք. որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս ԺԱ.28–30):

Ես հայտարարում եմ իմ վկայությունը և երախտագիտությունը Տեր Հիսուս Քրիստոսի անսահման ու հավերժական զոհաբերության համար: Ես գիտեմ, որ Փրկիչն ապրում է: Ես զգացել եմ և Նրա փրկող զորությունը, և Նրա հնարավորություն տվող զորությունը, և ես վկայում եմ, որ այս զորությունները իրական են և հասանելի մեզանից յուրաքանչյուրի համար: Իսկապես, «Տիրոջ ուժով» մենք կարող ենք անել և հաղթահարել բոլոր բաները, մինչ մենք առաջ ենք գնում մահկանացու մեր ճամփորդության մեջ:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Տես Franklin D. Richards, in Conference Report, Oct. 1965, 136–37; see also David O. McKay, in Conference Report, Apr. 1954, 26:

  2. Bible Dictionary, “Grace”; emphasis added.

  3. Daniel W. Jones, Forty Years among the Indians (n.d.), 57–58.

Օ՜ ,Իմ Հայր, Սայմոն Դյուվեյ

Նկարազարդումը՝ Ջեֆ Վորդի

Նկարազարդումը՝ Ջեֆ Վորդի

Հատված Ահա իմ ձեռքերը, կտավից, Ջեֆ Վորդ