2012
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Ապրիլ 2012


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ահա երկու օրինակ:

«Սեմինարիայի օրհնությունները», էջ 20. Նախորոք կարդացեք հոդվածը և որոշեք, թե ինչպես լավագույնս կարելի է կիրառել ուղերձը ձեր ընտանիքում: Եթե դուք սեմինարիայի տարիքի դեռահաս երեխաներ ունեք, սկսեք նրանց հարցնելով, թե ինչու է սեմինարիան կարևոր նրանց համար: Այնուհետև կարդացեք «Ստանալով խոստացված օրհնությունները» բաժինը: Քաջալերեք փոքր երեխաներին պատրաստվել սեմինարիա հաճախելուն, երբ մեծանան: Եթե դուք չունեք սեմինարիայի տարիքի պատանիներ, դուք կարող եք կարդալ հոդվածը և այնուհետև քննարկել սեմինարիայի կարևորությունը այսօրվա երիտասարդության համար:

«Բոլորը ճանաչում են Բլեքին», էջ 42: Որպես բացող օրհներգ կարող եք երգել «Գործիր շիտակ» (Hymns, no. 237): Կարդացեք կամ պատմեք Բլեքի պատմությունը: Խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել իրենց փորձառությամբ, երբ նրանք պետք է դժվար ընտրություն կատարեին տարբեր ճանապարհների միջև, և թե ինչ հետևանքներ ունեցան իրենց որոշման արդյունքում: Ավարտեք, կարդալով մի հատված Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ելույթից:

Պարզ, հանդարտ ու անմոռանալի

Դա մի անմոռանալի ընտանեկան տնային երեկո էր մեր երկու փոքրիկ դուստրերի՝ 6 տարեկան Անժելիկայի և 4 տարեկան Բեթանիի հետ: Իմ ամուսինն ու ես ընկանք մեր աթոռների վրա՝ հոգնած և չիմանալով, թե որտեղից սկսենք: Ուստի, մեր աղջիկները օգտվեցին ընտանեկան երեկոն վարելու հնարավորությունից և մեզ յուրաքանչյուրիս հանձնարարություններ տվեցին: Իմ ամուսինը պետք է վարեր երեկոն, Բեթանին՝ վարեր երաժշտությունը, ես՝ կազմակերպեի խաղը, իսկ Անժելիկան՝ դաս մատուցեր:

Բեթանին ընտրեց «Ուզում եմ տեսնել տաճարը» (Children’s Songbook, 95) օրհներգը, և մենք միասին երգեցինք այն: Հայրիկն ասաց բացիչ աղոթքը: Այնուհետև Անժելիկան վերցրեց ամենաթարմ Լիահոնան և ընտրեց մի հոդված երեխաների բաժնից: Նա դպրոցում կարդալ է սովորում, ուստի նա մեզ համար կարդաց հոդվածը: Մեր տանը հանդարտ զգացողություն էր տիրում: Հոգին վկայեց, որ այն, ինչ նա կարդում էր, ճիշտ էր:

Մենք ինչ-որ խաղեր խաղացինք միասին, և ես ասացի փակիչ աղոթքը: Մինչ ես աղոթում էի, ես անդադար շնորհակալություն էի հայտնում Երկնային Հորը Իր Հոգու և սիրո համար, և նաև այս փոքրիկ հոգիներով մեր տունը օրհնելու համար: Իմ ամուսինն ու ես գիտենք, որ մեր պարտավորությունն է հոգալ նրանց համար և սովորեցնել նրանց ավետարանը: Ընտանեկան տնային երեկո անցկացնելը այդ պարտավորության մի մասն է կազմում:

Սիլվի Պուսսեն, Ռեյունիոն