2016
Մի՛ կրակիր
April 2016


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Մի՛ կրակիր

Անանուն

Նկար
police officer on a bridge

Ես ու Բոբը նստած էինք մեր ոստիկանական մեքենայում՝ սպասելով փողոցով ներքև շարժվելու հրամանին: Մենք արդեն երկու ժամ հետևում էինք ավտոմեքենային, երբ ոստիկանության ռադիոն տագնապի ազդանշան տվեց:

«Զինված կողոպուտ», - հաղորդեց ազդանշանը: «Երկու տղամարդ, երկուսն էլ զինված: Նրանց հենց նոր տեսել են նարնջագույն մեքենայով: Ականատեսներն ասում են, որ տղամարդիկ դաժան են և կրակելու պատրաստ»:

Այս տարածքում վերջերս տեղի էին ունեցել բազմաթիվ զինված կողոպուտներ, սակայն կողոպտիչներին մի քանի անգամ հաջողվել էր փախչել, չնայած մեր լավագույն ջանքերին: Այս մտքերն էին անցնում իմ գլխով, երբ տեսա, թե ինչպես փողոցի մթության մեջ երկու կերպարանք դուրս եկան մի տնից և ցատկեցին նարնջագույն մեքենայի մեջ: Հիմա նրանք ընթանում էին մեր առջևից:

«Լրացուցիչ օգնություն եմ խնդրում», - ասացի ես: «Կասկածյալները մեր տարածքից ուղևորվում են դեպի հյուսիս»:

Մեզ օգնության հասած քաղաքացիական հագուստով խուզարկուները սովորական ավտոմեքենայով գնում էին նարնջագույն ավտոմեքենայի առջից, իսկ ես ու Բոբը հետևում էինք նրանց: Երբ երեք ավտոմեքենաները կամրջի վրա էին, մեր լրացուցիչ խումբը հանկարծ թեքվեց և կամրջի լայնքով արգելակելով՝ փակեց նարնջագույն մեքենայի ճանապարհը, իսկ մենք կանգ առանք դրա ետևում՝ շրջափակելով մեր կասկածյալներին: Համարյա անմիջապես մեքենան կանգ առավ և երկու կերպարանքները կորան տեսադաշտից:

«Մեքենայից դու՛րս եկեք՝ ձեռքերը գլխին դրած»: Հրամայեցի ես, երբ դուրս եկա իմ մեքենայից: Ոչ ոք չարձագանքեց:

Ուժերս լարած և կրակելու պատրաստ, ես նորից հրամայեցի. «Մեքենայից դու՛րս եկեք՝ ձեռքերը գլխին դրած: Հենց հիմա»:

Հանկարծ վարորդը բարձրացավ և շրջվեց դեպի ինձ: Ես տեսա, թե ինչպես մի նիկելապատ առարկա փայլեց նրա ձեռքում:

Ոստիկանի իմ պատրաստվածությունը և սթափ միտքը թելադրեցին ինձ, որ քաշեմ ձգանը իմ կյանքը փրկելու համար: Չնայած լարվածությանը, ես մի ձայն լսեցի: Այն հանգիստ էր, բայց հրամայական և ազդու: «Մի՛ կրակիր»։

Ես ակնկալում էի, որ ինձ վրա կկրակեն ցանկացած պահի, բայց սպասում էի, որ ինչ-որ մեկը մեքենայից առաջինը կրակ բացի: Փոխարենը, վարորդը բարձրացրեց իր ձեռքերը և գլխից վերև պահեց այն, ինչը զենքի էր նման, և իջեցրեց ձեռքերը իր փեշի մեջ:

«Չշարժվե՜լ»: Ասացի ես, երբ շտապեցի դեպի մեքենան: «Մի՜ շարժվիր»։

Այդ պահը նման էր հեռուստատեսային ծրագրի, մինչև որ ես գիտակցեցի, որ մեքենայում քարացած հանցագործները, փաստորեն, երկու վախվորած երիտասարդ աղջիկներ էին: Այն, ինչը ես զենքի տեղ էի ընդունել, ամրագոտու մի փոքրիկ ճարմանդ էր:

Շուտով իմացանք, որ աղջիկները ավտոմեքենան ժամանակավոր տվել էին իրենց ընկերներին: Նրանք գաղափար չունեին, թե ինչպիսի մարդիկ էին նրանք:

«Կարծում էի, քեզ կխփեն, Քոլ», Բոբն ասաց ինձ ավելի ուշ: «Ես համարյա կրակ էի բացել: Ես չգիտեմ, ինչու չարեցի»:

Երկու խուզարկուները նույնպես ասացին նույն բանը, բայց ոչ մեկը, ինձնից բացի չէր լսել ձայնը: Ես գիտեմ, որ միայն երկնային ուժը կարող էր փրկել այդ երկու աղջիկներին մահից, իսկ չորս ոստիկանական սպաներին՝ ողբերգական սխալ կատարելուց: Այս փորձությունը ինձ մի ամուր գիտելիք տվեց, որ մեր Երկնային Հայրը կարող է և կմիջամտի ի օգուտ մեզ: